Հա
20/08/2018 - 10:40

Իրանն ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու ձեւը գտել է. ինչ պէտք է իմանան հայ զբօսաշրջիկները

Թեհրանը մտադիր է օգնել երկրի զբօսաշրջութեան զարգացմանը եւ պոտենցիալ հիւրերին ազատել բոլոր մտավախութիւններից։

«alikonline.ir» - Թեհրանը մտադիր է օգնել երկրի զբօսաշրջութեան զարգացմանը եւ պոտենցիալ հիւրերին ազատել բոլոր մտավախութիւններից։ Գրում է «Sputnik» Արմենիան:

Օտարերկրացիների, այդ թւում` Հայաստանից մեկնող զբօսաշրջիկների անձնագրերում այլեւս կնիք չեն դնի Իրան մուտք գործելիս։ Ինչպէս յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, «Մեհր» գործակալութեանն այդ մասին յայտնել է Իրանի մշակութային ժառանգութեան եւ զբօսաշրջութեան կազմակերպութեան ղեկավար Ալի Ասղար Մունեսանը։

Նշւում է, որ նման միջոցներ են կիրառւելու Իրանի նկատմամբ կիրառւող ամերիկեան պատժամիջոցների պատճառով։ Իրանի իշխանութիւններն այդ ձեւով ուզում են աջակցել երկրում զբօսաշրջային ոլորտի զարգացմանը եւ պոտենցիալ հիւրերին ազատել բոլոր մտավախութիւններից։

Օրինագծին արդէն հաւանութիւն է տւել Մունեսանը, ինչպէս նաեւ Իրանի արդիւնաբերութեան եւ առեւտրի նախարարութիւնը, ԱԳՆ-ն եւ ոստիկանութիւնը։ Նախաձեռնութիւնը կուսումնասիրւի Իրանի կառավարութիւնում։

«Իրանի միգրացիոն ոստիկանութեան ներկայացրած վիճակագրութիւնը ցոյց է տալիս, որ Իրան այցելած զբօսաշրջիկների թիւն ընթացիկ տարւայ առաջին չորս ամիսների ընթացքում աճել է 38 տոկոսով։ Միեւնոյն ժամանակ եւրոպացի զբօսաշրջիկների թիւը մի փոքր նւազել է, ինչն ազդել է չորս եւ հինգ աստղանի հիւրանոցների աշխատանքի վրա»,- ասել է Մունեսանը։

Պաշտօնեաները կարծում են, որ այդ միտումը ժամանակաւոր է եւ կը վերանայ, երբ Իրանն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։