Հա
25/08/2018

«The Guardian». «Լոնդոնում հաշւել են, որ առանց գործարքի «Brexit»-ի դէպքում պետբիւջէն աւելի քան 100 մլրդ. դոլարի վնաս կը կրի»

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը հանդէս է եկել նախազգուշացմամբ, որ առանց Բրիւսէլի հետ հետագայ համագործակցութեան վերաբերեալ համաձայնագրի Եւրոմիութիւնից երկրի դուրս գալը 80 մլրդ. ֆունտ ստեռլինգի (102.5 մլրդ. դոլար) չափով ճեղքւածք կառաջացնի Միացեալ Թագաւորութեան պետական բիւջէում:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը հանդէս է եկել նախազգուշացմամբ, որ առանց Բրիւսէլի հետ հետագայ համագործակցութեան վերաբերեալ համաձայնագրի Եւրոմիութիւնից երկրի դուրս գալը 80 մլրդ. ֆունտ ստեռլինգի (102.5 մլրդ. դոլար) չափով ճեղքւածք կառաջացնի Միացեալ Թագաւորութեան պետական բիւջէում: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, օգոստոսի 23-ին յայտնել է «The Guardian» թերթը:

Խորհրդարանի գանձապահական կոմիտէի նախագահ Նիկի Մորգանին ֆիննախի ղեկավարի հասցէագրած նամակում պնդւում է, որ Բրիւսէլի հետ բանակցութիւնների ձախողման դէպքում Մեծ Բրիտանիայի տնտեսական աճին հարւածը առաջիկայ տասնամեակում կը պահանջի յաւելեալ 80 մլրդ. ֆունտի ներգրաւում: 

«Գանձատան կանցլերը հաստատել է, որ կառավարութիւնը աղետալի հարւած է կանխատեսում մեր տնտեսութեանը եւ կենսամակարդակին «Brexit»-ի շուրջ գործարքի բացակայութեան դէպքում»,- ասել է Մորգանը:

Միացեալ Թագաւորութեան «Brexit«-ի հարցերով նախարար Դոմինիկ Ռաաբը նախօրեակին յայտնել է, որ Մեծ Բրիտանիայի իշխանութիւնները մտադիր են յաւելեալ 3 մլրդ. ֆունտ յատկացնել Եւրոմիութիւնից երկրի դուրս գալուն այն դէպքում, եթէ Լոնդոնին չյաջողւի համաձայնութեան գալ ԵՄ-ի հետ փոխշահաւէտ պայմանների շուրջ: Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան միակողմանի միջոցներ կը ձեռնակի իր ինստիտուտների կայուն աշխատանքն ապահովելու համար, եթէ «Brexit»-ի շուրջ բանակցութիւնների արդիւնքում համաձայնագիր չկնքւի Եւրոմիութեան հետ հետագայ համագործակցութեան վերաբերեալ: «Մեր գլխաւոր նպատակն Է՝ աջակցել ֆինանսաւորման հոսքերի անարգել ու անխափան շարժին, բիզնեսի, տրանսպորտի, ենթակառուցւածքի աշխատանքին, հետազօտութիւնների եւ օգնութեան ծրագրերին: Գործարքի բացակայութեան դէպքում որոշ դէպքերում դա նշանակում է միակողմանի միջոցների ձեռնարկում»,- յաւելել է Ռաաբը:

Ընդսմին բրիտանացի նախարարը կարծում է, որ «լաւ գործարքը հասանելի է, այն շարունակում է մնալ Մեծ Բրիտանիայի կառավարութեան գլխաւոր ու կարեւորագոյն գերակայութիւնը»:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրիւսէլի միջեւ բանակցութիւնները Բելգիայի մայրաքաղաքում սկսւել են 2017 թւականի յունիսի 19-ին, այն բանից գրեթէ մէկ տարի անց, երբ Միացեալ Թագաւորութիւնում այս հարցի շուրջ անցկացւած հանրաքւէում 51.9 տոկոս արդիւնքով յաղթանակ տարան եւրոինտեգրացման հակառակորդները: Երկխօսութիւնը պէտք է շարունակւի մինչեւ 2018 թւականի նոյեմբեր, ինչից յետոյ կողմերը կէս տարի կունենան ձեռք բերւած պայմանաւորւածութիւններն ազգային խորհրդարաններում վաւերացնելու համար: Բուն «Brexit»-ը պէտք է իրագործւի 2019 թւականի մարտի 29-ին, ինչից յետոյ կը սկսւի անցումային շրջանը, որը կը տեւի մինչեւ 2020 թւականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։