Print this page
09/09/2018

«Ո՞րն է Հայաստանի եկամտաբեր ընկերութիւնը». Ռուբէն Վարդանեանը Փաշինեանին կոչ արեց անցնել թւերի լեզւի

Բիզնեսը սիրում է կայունութիւն, կանխատեսելիութիւն եւ հանգստութիւն: Այս մասին, երէկ՝ սեպտեմբերի 8-ին, Մոսկւայում հայ գործարարների եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հանդիպման ժամանակ նշել է յայտնի գործարար Ռուբէն Վարդանեանը: 

«alikonline.ir» - Բիզնեսը սիրում է կայունութիւն, կանխատեսելիութիւն եւ հանգստութիւն: Այս մասին, երէկ՝ սեպտեմբերի 8-ին, Մոսկւայում հայ գործարարների եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հանդիպման ժամանակ նշել է յայտնի գործարար Ռուբէն Վարդանեանը: Գրում է «news.am»-ը:

Նա մի շարք հարցեր է բարձրացրել Փաշինեանի առջեւ՝ նշելով. «Ինչ պէտք է անել, որ Հայաստանում լինի կայունութիւն, հանդարտութիւն, կանխատեսելիութիւն, փոխգործակցութիւն տարբեր խմբերի միջեւ: Մենք չէինք ցանկանայ, ու Հայաստանում, Աստւած չանի, անկայութիւնուն լինի, եւ քաղաքական ռիսկեր առաջանան:

Երկրորդ, բիզնեսի համար կարեւոր է, թէ որքան է շահութաբերութիւնը: Այսօր մենք մրցունակ չենք Վրաստանի ու անգամ Բելառուսի համեմատ: Ո՞րն է Հայաստանի եկամտաբեր ընկերութիւնը: Ես այս հարցը տւել եմ բոլոր նախորդ վարչապետներին: Ինչ եկամտաբերութիւն ունեն այս կամ այն ոլորտի ընկերութիւնները: Ասենք կարո՞ղ էք ասել, որ այս ոլորտում աշխատող ընկերութիւնը ունի այսքան եկամտաբերութիւն: Հայաստանում բոլոր հարկերը վճարելուց յետոյ պէտք է գործարարն աւելի շատ գումար աշխատի, քան աւելի անվտանգ ու աւելի բարձր վարկանիշ ունեցող երկրում»:

Ռուբէն Վարդանեանը կոչ արեց անցնել թւերի լեզւի, որ գործարարները հասկանան, թէ որ ոլորտում կարող են ներդրում անել, որքան կը լինի վերադարձելիութիւնը, ինչպիսին կը լինեն հարկերը. «Հայաստանում խնդիր է այն, որ եթէ անգամ ամէն ինչ օրէնքով ես անում, ներդրւած գումարը յետ բերելու ռիսկերը շատ բարձր են: Օրինակ բանկային ոլորտում դրանք 6 տոկոսով ցածր են, քան Վրաստանում:

Ինչպէս անել, որ ձենռնտու լինի ներդրում անելը Հայաստանում: Վրաստանում 6 հարկատեսակ է, Հայաստանում՝ 18: Ի՞նչ էք անում, որ Հայաստանում էլ լինի 6 հարկատեսակ: Հայաստանում յարգանքի բացակայութիւնը ներդրողի նկատմամբ ֆանտաստիկ է»,- յայտարարել է գործարարը: Նա նաեւ հարցրել է, թէ ինչ է անում Հայաստանի իշխանութիւնն ու կառավարութիւնը սփիւռքի համար, այդ թւում Ռուսաստանի:

Անդրադառնալով եկամտաբերութեան վերաբերեալ հարցին, Նիկոլ Փաշինեանը նշել է, որ Հայաստանում անգամ մինչեւ հիմա չգիտեն, թէ մէկ կգ. կարտոֆիլի ինքնարժէքն ինչքան է:

«Դուք ասում էք Հայաստանը Վրաստանի հետ մրցունակութեան խնդիր ունի, դրա պատճառներից մէկն այն է, որ Վրաստանում գուցէ կոռուպցիայի մակարդակը էնպիսին չի եղել, ինչպէս Հայաստանում: Մենք չենք ասում, որ ամենախելօքն ենք, ոչ մէկիդ աջակցութեան կարիքը չունենք, բոլոր հարցերը կը լուծենք: Հիմա եթէ ՀՀ կառավարութիւնը չի կարողանում ասել, թէ որն է ՀՀ-ում ամենաշահութաբեր բիզնեսը, էդ հարցում էլ դուք օգնէք, դուք ասէք, թէ որն է: Ի վերջոյ, այդ հաշւարկը պէտք է հիմնւած լինի հրապարակային թւերի վրայ: Ես զարմանում եմ, որ դուք այդքան ներւ էք ունեցել 5-6 վարչապետի նոյն հարցը տւել էք ու արձանագրել, որ նրանք դա չգիտեն: Դուք շատ լաւ թիմ ունէք, պարոն Վարդանեան, ասէք, թող հաշւեն, տան կառավարութեանը, ես էլ թուղթը գրպանումս պահեմ, որ յաջորդ անգամ հարցնելուց հանեմ, ասեմ, եկամտաբերութիւնն այսքան է»:

Ռուբէն Վարդանեանն արձագանգեց, որ իրենք պատրաստ են օգնել այդ հարցում:

Ինչ վերաբերում է կառավարման համակարգի արդիւնաւէտութեանը, Փաշինեանն ասել է. «Ինչո՞ւ Հայաստանում պէտք է 17 նախարարութիւն լինի, ինչով են նրանք զբաղւած իրենց բազմաթիւ աշխատակիցներով: Մեր երկրում պէտք է նախարարութիւններ էլ փակւեն, պետք է միաւորւեն, պէտք է հակամարգն օպտիմալանայ: Օրինակ, Տրանսպորտի նախարարութեան կառուցւածքը քննարկելիս, պարզւում է Հայաստանում կար առաջարկ նաւավարի հաստիքներ բացել»:

ՀՀ վարչապետը նաեւ նկատել է, որ հիմա Հայաստանում բարեփոխւում է հարկային օրէնսգիրքը, աւելի պարզեցւում է, կը նւազեցւի եկամտային հարկը, փոքր բիզնեսի համար որոշ հարկեր ընդհանրապէս կը հանւեն:

«Բանկային համակարգում վարկային տոկոսադրոյքների նւազման գործընթաց ունենք եւ շուտով սոցիալական բնակարանաշինութիւն ենք սկսելու, որտեղ հիփոթեքային աննախադէպ ցածր տոկոսադրոյք է լինելու: Հայաստանում երբեք 5.5 տոկոս վարկ չի եղել, իսկ այսօր երիտասարդ ընտանիքներին կարող են նման հիփոթեքային վարկ տալ»:

Փաշինեանն անդրադարձել է նաեւ Ռուսաստանում հայ համայնքի խնդրին՝ նշելով, որ նախկինում Հայաստանի կլանային պատերազմները տեղափոխւել են համայնքային մակարդակ, սփիւռքի մակարդակ. «Ինչպէս Հայաստանում են եղել խմբաւորումներ, այդպէս էլ սփիւռքում են ձեւաւորւել խմբաւորումներ: Հիմա այդպէս չէ»:

Յարակից լուրեր