Հա

Ազգային

23/04/2012 - 10:29

ՆՈՐԱ ԱՐԻՍԵԱՆ

Դեր Զորը հայերի համար պատմական եւ յուզական տեսանկիւնից մեծ նշանակութիւն ունեցող մի քաղաք է համարւում, սակայն արդեօք որքանո՞վ ծանօթ ենք այդ քաղաքին:

alt

Սոյն ուսումնասիրութիւնը, որ հիմնւած է մի շարք սիրիական պատմական եւ ուսումնասիրական աղբիւրների վրայ, մեծապէս օգնում է՝ ծանօթանալու Դեր Զորի շրջանին՝ պատմական անւանումից սկսած մինչեւ քաղաքի կազմաւորումը, բնակչութիւնը եւ հնագիտական վայրերը:

Ընդհանրապէս, արաբ կամ սիրիացի հետազօտողները Դեր Զորի շրջանի մասին որպէս սկզբնաղբիւր՝ հիմնւել են օտար ճանապարհորդների նամակների եւ տեղեկագրերի վրայ:
Այս իմաստով իւրայատուկ տեղ են գրաւում անգլիացի ճանապարհորդ Լէյդի Անն Բլենտի յուշերը, ուր նա նկարագրում է բեդեւի (անապատաբնակ) ցեղախմբերին՝ Ալ Անեզա, Շըմմար, Ալ Հադիդի եւ այլն:
Նկարագրելով Դեր Զորը՝ նա գրել է. «Դեր Զորը բնակեցւած էր արաբ գիւղացիներով, որոնք քաղաքի հիմնադիրներն էին, մի մասն էլ եկել էր Մուսուլից եւ Ուրֆայից: Նրանք ապրում էին ալանեզա ցեղից անկախ, սակայն նեղւում էին թուրքերի միջամտութիւնից: Նրանք պաշտպանեցին քաղաքը»: Ապա Դեր Զորն անցաւ փաշաների փուլ, Հալէպի կառավարչի իշխանութեան տակ, որը յայտարարեց, թէ Եփրատի վերին հոսանքի բաժինը Օսմանեան կայսրութեան մաս է կազմում:

Դեր Զորի անւանումը

Դեր Զորի քաղաքի ամենահարազատ նկարագրութիւնը ԺԳ դարի արաբ աշխարհագրագէտ Եաքութ Համուիի յիշատակութիւնն է:
Դեր Զորի անւանման մասին ուսումնասիրութիւնների ընթացքում թելադրւում է դիմել անպայման Եաքութ Համուիի բացատրութեանը: Նա իր «Երկրների հանրագիտարան» աշխատութեան մէջ Դեր Զորին ակնարկելով՝ առաջին անգամ յիշատակել է Դեր Ար-ռումման (նուռի վայր) անւանումը:
Վայրը բացատրելու համար՝ ասում է. «Մեծ քաղաք՝ անապատային շուկաներով, Ռաագայի եւ Խաբուր գետի միջեւ, որտեղից անցնում են Իրաքից Շամ եկող քարաւանները»:
Միւս կողմից՝ ըստ «Արաբական հանրագիտարան»-ի՝ մինչեւ 1864 թւականը Դեր Զորը ճանաչւած էր միայն Ադ Դեր անունով: Արաբերէն «դեր» (դէյր) բառը նշանակում է վանք, հետեւաբար՝ «Դեր» կոչւել է մի արհեստական բլրի մէջտեղում գոյութիւն ունեցող հոգեւորականների վանքի պատճառով:
Հետագայում, երբ օսմանցիները քաղաքն ընտրեցին որպէս սանջակի վարչական կենտրոն, «Ազ-Զոր» բառը աւելացրեցին՝ նկատի առնելով, որ «Զոր» նշանակում է խիտ ծառեր՝ Եփրատ գետի եզերքի պարտէզների եւ ծառերի առկայութեան պատճառով:
Այլ բացատրութեամբ՝ «դեր» բառը ստանում է վայր իմաստը: Հետեւաբար՝ ըստ պատմական տւեալների՝ քաղաքն ունեցել է տարբեր պատմական անւանումներ. օրինակ՝ «Դեր ար ռաբբան» (վարդապետների վայր), «Դեր առ ռումման» (նուռի վայր)՝ նռնենիների առատութեան պատճառով, իսկ անապատի բնակիչները շրջանը կոչել էին «Դեր աշ-շուար», այսինքն՝ բանաստեղծների վայր (շուար, եզակին՝ շաէր, արաբերէնով նշանակում է բանաստեղծ), քաղաքում բազմաթիւ բանաստեղծների գոյութեան պատճառով. նրանցից յայտնի է բանաստեղծ Մուհամմադ Ֆուրաթին:
Կայ մի այլ տեսակէտ եւս, թէ Դեր Զոր բառը առնւել է ասորի Դեր Զաուր անւանումից, որը ճանաչւած էր որպէս փոքր վանք: Հետագայում դրա վրայ կառուցւեց Դեր Աթիքը (հին վայր):
Սակայն, օսմանեան վարչական բարենորոգումների ժամանակ կոչւում էր «Դեր Ալ Ռահբա»՝ մօտակայ քաղաք Մայադինի Ռահբա Մալէք Բէն Թաուքի համաձայն: Իսկ 1864 թւականին, օսմանեան երկրորդ վարչական բարենորոգումների ժամանակ, Դեր Զորը դարձաւ Մութասարիֆէթի Դեր Զոր, անջատւած Հալէպից եւ կապւած՝ Պոլսին: Ապա այն դարձաւ Լիուա Զոր, իսկ 30-ականներից մինչ օրս՝ Դեր Զոր նահանգ:
Դեր Զորի անւանման մասին շրջանառութեան մէջ են դրւած տարբեր տեսակէտներ եւ բացատրութիւններ, որոնք ներկայացնում ենք կից սիւնակում.
-Օմայէթների ժամանակաշրջանում կոչւում էր Դեր Հաթլիֆ, իսկ 10-րդ դարում այն կոչւեց Ադ-Դեր:
-Մի շարք եւրոպացի ճանապարհորդներ այն կոչել էին Դեր Ասաֆիր (թռչունների վայր)՝ այդտեղ բազմաթիւ թռչունների գոյութեան պատճառով:
-Դեր Զորը անւանւել է նաեւ Աջուջ (արաբերէն «աջաջ» նշանակում է մրրիկ)՝ յաճախակի մրրիկի պատճառով:
-Շատերը ենթադրում են, թէ «Զոր» թուրքերէն բառ է եւ նշանակում է դժւարութիւն, մինչ Զոր արաբերէն նշանակում է անտառ:
-Օսմանցիները այն կոչել են որպէս բարդ բառ «Դեր Զոր»՝ հետեւեալ բացատրութեամբ. «Դեր» նշանակում է վայր կամ տուն (արաբերէն՝ դար), սակայն բեդեւիների մօտ ընդունւած էր «Դիրա», որը նշանակում է վայր: «Զոր»-ը ունի տարբեր բացատրութիւններ.
-Վայր, որտեղ գետը թեքւում է հակառակ ուղղութեամբ:
-«Զոր» բայից, որը նշանակում է ծուռ կամ կոր՝ մատնանշելով գետի կորութիւնը:
-Սերած՝ «Զայիրա» բառից, որը նշանակում է ջրէ ու եղէգէ անտառ:
Դեր Զորն ունեցել է տարբեր անւանումներ. օրինակ՝ Ազորա քաղաքի անունից:
Սակայն, լեզւագէտները «Դեր» բառին տալիս են հետեւեալ բացատրութիւնը.
-Աղօթատեղի:
-Արամէական «Ժդերտա» կամ «Ժդերա» քաղաքի անւանման աղաւաղւած ձեւ, հետագայում՝ «Դերտա» կամ «Դերա», որի վայրը համընկնում է Դեր Զորին:
Դերա կամ Դիրա, այսինքն՝ վայր:
Իսկ «Զոր» բառը նշանակում է.
-Խիտ ծառեր կամ անտառ:
-Դաշտավայր՝ նկատի ունենալով Եփրատի դաշտավայրը:
-Խմբի տէր՝ մատնանշելով այն քաղաքը, որ տիրել էր շրջանին: Դեր Զոր քաղաքը գտնւում է մի այնպիսի վայրում, որտեղից տարբեր քաղաքակրթութիւններ են անցել: Այս անւանումը տրւած է Օսմանեան պետութեան որով, երբ շրջանը Հալէպից անջատւեց 1865 թւականին:
Անհրաժեշտ է յիշել, թէ հռոմէական ժամանակաշրջանում Եփրատ գետի վրայ հին ու մեծ քաղաք Դեր Զորը կոչւում էր Ազորա անունով, իսկ յոյները այն կոչում էին Ազուարա:
Անւանման զանազան բացատրութիւնները յանգում են այն եզրակացութեան, թէ Դեր Զոր բառը երեւան է եկել ԺԹ դարում:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։