Հա

Ազգային

22/04/2012

ԱՐՄԷՆ ԱՅՒԱԶԵԱՆ
Քաղաքական գիտութիւնների դոկտոր

Հայաստանի Հանրապետութիւնը երկարատեւ ու չլուծւող հակամարտութեան մէջ է Թուրքիայի հետ: Ուստի՝ Թուրքիայի քաղաքական համակարգն ու պետական գաղափարախօսութիւնը համարժէքօրէն գնահատելու հարցը խիստ կարեւոր է հայկական պետութեան միջազգային ճիշտ դիրքաւորման ու գրագէտ արտաքին քաղաքականութեան կառուցման համար:

Օսմանեան կայսրութեան փլատակների վրայ առաջացած Թուրքիայի Հանրապետութիւնը Արեւմուտքում աւանդականօրէն ներկայացւում է որպէս մահմեդական աշխարհիկ ժողովրդավարական պետութիւն: Իրականութիւնից շատ հեռու այս մտակաղապարը մշտապէս տիրաժաւորւում է արեւմտեան լրատւամիջոցներում, յաճախակի հնչեցւում ամերիկացի ու եւրոպացի պետական այրերի շուրթերից: Ցաւօք՝ Հայաստանի Հանրապետութիւնը ցայժմ չի համարձակւել արդի թուրք պետականութեանը տալ իր սեփական հայեցակարգային գնահատականն ու լռելեայն հաշտւել է միջազգային վերոյիշեալ անստոյգ մեկնութեան հետ:
Իրականում, Հայոց Ցեղասպանութեան հետեւանքներից մէկը եղաւ այն, որ Եւրոպայի մերձակայքում ստեղծւեց առաջին ֆաշիստական պետութիւնը՝ Թուրքիայի Հանրապետութիւնը, որն իր հիմնական բնորոշ գծերով նոյնանում էր աւելի ուշ Իտալիայում, Գերմանիայում, Եւրոպայի մի շարք այլ պետութիւններում առաջացած ֆաշիզմին ու նացիզմին: Առանձնացնենք թուրքական ֆաշիզմի վեց հիմնական յատկանիշերը.
1- Թուրքական ազգայնամոլութիւնն (շովինիզմը) ու ցեղասպան քաղաքականութիւնը: Մուստաֆա Քեմալը (Աթաթուրքը) ինքը Երիտթուրքերի «Իթթիհադ վա թերաքքի» («Միութիւն եւ առաջադիմութիւն») կուսակցութեան ղեկավար կազմի անդամ է եղել: Գալով իշխանութեան՝ նա եւ քեմալականները ոչ միայն շարունակեցին Հայոց Ցեղասպանութիւնը, այլեւ մի ամբողջ ժողովրդի բնաջնջման արդէն փորձւած քաղաքականութիւնն ուղղեցին յոյների եւ այլ փոքրամասնութիւնների դէմ: Արեւելեան Հայաստանում քեմալականները ոչնչացրել են հայերի, Զմիւռնիայում՝ յոյների եւ հայերի, մերձսեւծովեան շրջաններում՝ շուրջ կէս միլիոն պոնտացի յոյների (1919-1923 թթ.): Թուրքիայում թւով երկրորդ էթնոսի՝ քուրդերի, քաղաքական եւ մշակութային ճնշումները, բռնի տեղահանութիւնները զանգւածային ոչնչացումը սկսւեցին անմիջապէս Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ ու շարունակւում են մինչեւ այսօր:
Թուրքական ազգայնամոլութիւնն օրէնսդրօրէն ամրացւել է 1937 թ. Սահմանադրութեան մէջ՝ առաւել բարեհունչ «ազգայնականութիւն» (միլլիէթջիք) անւան տակ, որն անթաքոյց նպատակ է դնում ձուլելու ոչ- թուրք էթնոսներին ու իրաւականօրէն նոյնացնում է նրանց թուրքերի հետ: Ու թէեւ հետագայում թուրքական «ազգայնականութեան» հայեցակարգն այլեւայլ մեկնութիւներ է ստացել, նրա ազգայնամոլական բնոյթն ու էութիւնը մնացել են անփոփոխ:
Ժամանակակից ցեղասպանագիտութիւնը գնահատւում է ցեղասպանութեան ժխտումը՝ որպէս ցեղասպան քաղաքականութեան շարունակութիւն: Ցեղասպանագէտների միջազգային ընկերակցութեան նախագահ Գրեգորի Սթենթոնն ընդգծում է. «Ժխտումը ցեղասպանութեան վերջին փուլն է, որը տուժող խմբին հոգեբանօրէն ու մշակութային առումով ոչնչացնելու, այդ խմբի անդամներին, նոյնիսկ իրենց հարազատների մասին յիշողութիւնից զրկելու շարունակական փորձ է: Հէնց դա է Թուրքիայի կառավարութիւնն այսօր անում ամբողջ աշխարհի հայերի նկատմամբ»: Ողջակիզումը վերապրած Նոբէլեան մրցանակակիր Էլի Վիզերը Հայոց Ցեղասպանութիւնը քողարկելու Թուրքիայի արշաւը որակում է որպէս «կրկնակի սպանութիւն, քանի որ դրանով Թուրքիան ձգտում է սպանել տեղի ունեցած վայրագութիւնների մասին յիշողութիւնը»: Ճիշտ այսպիսի եւ առաւել խիստ գնահատականներ պէտք է տան թուրքական ժխտողականութեանը ՀՀ իշխանութիւնները, որ մինչ այսօր, աւաղ, չեն արել՝ բոլորովին անհասկանալի պատճառներով:
Արդի ժողովրդավարական Գերմանիայում անհնարին է պատկերացնել, որ որեւէ փողոց կամ հաստատութիւն անւանակոչւի ի պատիւ Երրորդ Ռայխի պարագլուխներից որեւէ մէկի: Մինչդեռ, ժողովրդավարական Թուրքիայում Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչները՝ Երիտթուրքերի ղեկավարները հերոսացւած են: Այսպէս՝ ոճրագործ Թալէաթ փաշայի անունով են կոչւում մի ամբողջ թաղամաս, մի քանի պողոտայ եւ փողոց՝ Ստամբուլում, զբօսայգիներ՝ Անկարայում եւ Էդիրնէում, տարրական դպրոցներ՝ Ստամբուլում, Անկարայում եւ Իզմիրում, աւագ դպրոց՝ Կոնիայում...
«Ժողովրդավարական» Թուրքիայում գործւում է Քրէական օրէնսգրքի չարահամբաւ 301-րդ յօդւածը («թուրքական ինքնագիտակցութեանը վիրաւորանք հասցնելը», 2008 թւականից՝ «թուրք ազգին վիրաւորանք հասցնելը»), որն օրէնսդրօրէն արգելում է, ի թիւս այլոց ու յատկապէս, Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը:
2- Ամբողջատիրութիւն: Ընդհուպ մինչեւ 1940-ական թւականների երկրորդ կէսը Թուրքիան միակուսակցական պետութիւն էր: Սակայն, այսօր էլ «ժողովրդավարական» Թուրքիայում պարբերաբար արգելանք է դրւում այս կամ այն կուսակցութեան գործունէութեան վրայ, իսկ նրա առաջնորդները յայտնւում են բանտերում՝ քաղաքական շինծու մեղադրանքներով:
3-Պետականապաշտ կապիտալիզմ (էտատիզմ): 1937 թւականին թուրքական Սահմանադրութիւնն հաստատեց պետութեան կարգաւորող դերը ոչ միայն տնտեսութեան, այլեւ՝ գաղափարախօսութեան մէջ:
4- Հակակոմունիզմ: Աթաթուրքը, անտեսելով Խորհրդային Միութեան հետ իր բարեկամութիւնը, մոլի հակակոմունիստ էր: 1923 թւականից ի վեր, Թուրքիայի Կոմունիստական կուսակցութիւնն արգելւել է:
5-Առաջնորդամոլութիւն եւ անձի պաշտամունք: Թուրքիայում Աթաթուրքի պաշտամունքը մինչ օրս ուժի մէջ է: Աթաթուրքի արձանները դրւած են իւրաքանչիւր քաղաքում, նրա դիմանկարները կախւած են պետական ու վարչական բոլոր հաստատութիւններում: Նրա գործունէութեան ու կենսագրութեան քննադատութիւնը քրէականացւած է: Աթաթուրք ազգանւան կրումը նոյնպէս արգելւած է:
6-Ռազմամոլութիւն եւ ագրեսիա: Թուրքիան աշխարհի ամենառազմականացւած պետութիւններից է. թուրքական բանակն իր թւաքանակով ութերորդն է աշխարհում եւ երկրորդը՝ ՆԱՏՕ-ում (ԱՄՆ-ից յետոյ): Զինւորականութեան վճռորոշ ազդեցութիւնը Թուրքիայի ներքին քաղաքականութեան վրայ:
Թուրքիայի Հանրապետութիւնը բազմիցս է ռազմական ուժ կիրառել կամ սպառնացել այն կիրառել հարեւան երկրների՝ Սիրիայի, Կիպրոսի, Յունաստանի, Իրաքի, Հայաստանի դէմ: Թուրքիան բռնագրաւած է պահում Կիպրոսի հիւսիսային մասը, Սիրիայի Ալեքսանդրէթի սանջակը, Հայաստանի արեւմտեան մասը: Թուրքական բանակը կանոնաւոր ներխուժումներ է իրականացնում հիւսիսային Իրաք:
1920 թ. հէնց քեմալականների հարւածների տակ ընկաւ Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը: Ընդորում, Քեազիմ Կարաբեքիր փաշան Մուստաֆա Քեմալից ստացել էր հետեւեալ բառացի հրամանը՝ «Բարոյապէս եւ ֆիզիկապէս ոչնչացրու Հայաստանը»: ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապէս յետոյ՝ Թուրքիայի քաղաքականութիւնը Հայաստանի Երրորդ Հանրապետութեան դէմ դարձեալ ընդունեց բացայայտ թշնամական դիրքորոշում, ներառեալ՝ երկարամեայ ցամաքային շրջափակումը, Հայոց Ցեղասպանութեան ժխտումը, դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելուց հրաժարումը, Ադրբեջանի Հայաստանի դէմ նոր ռազմական արկածախնդրութիւն ձեռնարկելու նախապատրաստութիւններին ցուցաբերւող լիակատար ու բազմակողմանի աջակցութիւնը եւ այլն:
Թուրքիայում ֆաշիզմի առաջացումն ու հետագայ վերակառուցային փոխակերպումները համարժէք գնահատական չստացան ո՛չ խորհրդային ու արեւմտեան պատմագրութիւններում, ո՛չ միջազգային իրաւական ու քաղաքական վաւերագրերում: Այս փաստը, սակայն, որեւէ մէկի չպէտք է մոլորեցնի:
Եթէ համաշխարհային հանրութիւնը (ասել կուզի՝ մեծ տէրութիւնները) համարժէք բնութագրութիւն չի տւել թուրքական արդի պետականութեան մոլեռանդ էութեանը, ապա դա ընդամէնը նշանակում է, որ այդպիսի գնահատականով այն հետաքրքրւած չի եղել:
Թուրքիան վերականգնելու այն փորձերը, որոնք նրան պատասխանատւութեան չեն կանչում, մասնաւորապէս՝ տարածքային եւ այլ փոխհատուցումներ յօգուտ Հայաստանի չեն նախատեսում, յղի են նոր ցեղասպանութիւններ ծնելու վտանգով: Սա է այն հիմնական եզրակացութիւնը, որ համաշխարհային հանրութիւնը դեռ պէտք է անի:

«Լուսակն» ամսագիր

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։