Հա

Ազգային

22/04/2012

Քրիստոնէական արժէքները՝ Հայոց Առաքելական Ս. Եկեղեցւոյ աւանդոյթների շրջածիրում
Ստորեւ ներկայացնում ենք Տ. Սեպուհ արք. Սարգսեանի «Հոգեյոյզ ցոլքեր» գրքից մի բաժին:

 

(Շարունակութիւն ապրիլի 15-ի համարից)

Քրիստոսի առաքեալներն ու նրանց անմիջական եւ հետագայ սերունդները Յարութեան հաւատքով գործեցին ու իրենց կեանքով եղան այդ հաւատքի մէկական վկաները: Նոյն այդ հաւատքի ճառագայթող լոյսով լուսաւորւած՝ ապրեց նաեւ հայ ժողովուրդը, որի ամբողջ պատմութիւնը եղաւ Քրիստոսի Յարութեան կենդանի վկայութիւնը: Այո՛, աշխարհի վրայ գտնւող ազգերից թերեւս անկեղծագոյնը եղաւ հայ ազգն իր հաւատքի մէջ. որեւէ մի ազգից աւելի ջերմեռանդութեամբ, թերեւս, երգեց «Փառք հրաշափառ Յարութեան Քո, Տէ՛ր» երգը, եւ որեւէ մի հաւաքականութիւնից աւելի՝ հարազատութեամբ ջանադիր եղաւ նոյն հաւատքի սերնդից սերունդ փոխանցմանը, եւ դա՝ երբեմն ի գին մեծ զոհողութեան ու նահատակութեան:

Յարութեան, այլ խօսքով՝ անմահութեան տեսիլքով իր կեանքն իմաստաւորող ժողովրդի համար չկայ մահ: Ժամանակաւոր տառապանքներն ու հալածանքները վաղանցուկ են եւ երբեմն էլ խթան՝ աւելիով կառչելու յաւիտենական կեանքի Աւետաբերին՝ Յիսուսին: Հայ ժողովուրդն առաջին իսկ օրից Քրիստոսի անձի մէջ տեսաւ ու շօշափեց աստւածային յայտնութեան այնպիսի մարմնացում, որը, վստահաբար, ո՛չ միայն գերիվեր էր մահից, այլեւ մահով իսկ նոր կեանք էր տալիս: Այս հաւատքով սպառազինւած՝ մեր ժողովուրդն իր երկիրն ու ողջ կեանքը վերածեց յարութեան յաղթական երգի:
Գտնւեցին մարդիկ, ովքեր այդ դրախտանման երկիրը կամեցան դժոխքի վերածել, իսկ կեանքը՝ գողգոթայի, սակայն նրանք մոռացել էին մէկ բան, մոռացել էին, որ անմահութեան տեսիլքով իր գողգոթան ապրող ժողովրդի համար մահ չկայ, այլ կայ միայն ու միայն յարութիւն: Այո՛, 1915-ին, դրանից առաջ ու յետոյ, հայ քրիստոնեայ ժողովուրդը, իր հաւատակիցներից շատերի մեղսակցութեամբ, ենթարկւեց անպատմելի կոտորածների, սպանդի, տեղահանութեան, այլ խօսքով՝ ցեղասպանութեան եւ Սիրիայի ու Միջագետքի անապատները նոր օրերի գողգոթաների վերածւեցին:
Սակայն, այդ գողգոթաներին յաջորդեց կենսաբեր յարութիւնը: Դեր Զորը եղաւ զոհասեղան, որի վրայ մեր ժողովուրդն ինքը պատարագւեց, այս անգամ՝ գերագոյն պատարագեալի փոխարէն՝ դրանով իսկ իր կեանքը նոյնացնելով Նրա կեանքի հետ, որպէսզի Նրա հետ դառնայ ժառանգորդը յաւիտենականութեան:
Չեն մեռնում այն ժողովուրդները, որոնք իրենց կեանքի աւիշն ստանում են Նազովրեցի Վարդապետի Հրաշափառ Յարութիւնից, այլ խօսքով՝ երբ հաւատքով արտայայտիչն են լինում այն կեանքի, որի համար Աստւածորդին երկնքից իջաւ: Այդ կեանքը մահւամբ իսկ մահը յաղթելու կեանքն է: Այո, «եթէ ցորենի հատիկը հողի մէջ չընկնի եւ չմեռնի, ինքը կը մնայ որպէս առանձին հատիկ, իսկ երբ մեռնի, բազմաթիւ հատիկներ կը տայ» (ՅՈՎՀ. ԺԲ 24):
Հայ ժողովուրդը կարողացաւ մեռնել՝ ապրելու սիրոյն, կարողացաւ սեփական մահւամբ իսկ իր գերեզմանը վերածել կեանքի աղբիւրի, իր գողգոթայի ճանապարհը կերպարանափոխել յաղթական ընթացքի եւ բղաւել իրեն գերեզմանել փորձողների երեսն ի վար. «Որտե՞ղ է քո յաղթանակը, մահ, որտե՞ղ է քո խայթոցը, դժոխք» (ՕՍԷԷ. ԺԳ 14):
Այո՛, այս օրերին, երբ համայն քրիստոնեայ աշխարհը ցնծութեամբ ու փառաբանանքի ամենագեղեցիկ երգերով գովաբանում է մեր Փրկչի Հրաշափառ Սուրբ Յարութիւնը, պէտք է մենք նոյնպէս, իբրեւ հայ քրիստոնեաներ, մեր հոգում մէկ անգամ եւս վերակենդանացնենք այդ հաւատքը, որպէսզի Յարութեան աւետիսը լինի աւելի կենդանի, կենսաւորող ու կենսապարգեւ:

(Շար. 2 եւ վերջ)

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։