Հա

Ազգային

19/04/2012

alt

Օսմանեան կայսրութեան ձեւաւորման եւ զարգացման պատմութիւնը սերտօրէն կապւած է նրա ռազմական կառոյցի ձեւաւորման ու զարգացման հետ: Օսմանցի թուրքերը մշտական նւաճողական պատերազմներ էին վարում, սակայն սկզբնական շրջանում բաւարար քանակութեամբ ռազմական ուժ չունէին, քանզի փոքրամասնութիւն էին կազմում իրենց գրաւած տարածքներում:

Քրիստոնեայ հպատակների ռազմական ուժը գործածելու եւ իրենց ռազմուժի շարունակ աճող կարիքները հոգալու նպատակով՝ սուլթանական իշխանութիւնները հպատակ քրիստոնեայ բնակչութեան հանդէպ սկսեցին կիրառել մարդահարկ՝ դեւշիրմէ (մանկահաւաք, մանկաժողով): Բացի այդ՝ ռազմագերիների հանդէպ կիրառւում էր նաեւ փենջէք կոչւող հարկատեսակը, որի միջոցով հպատակ ժողովուրդներից իւրաքանչիւր հինգ հոգուց մէկը յանձնւում էր Օսմանեան կայսրութեանը՝ բանակի շարքերը համալրելու համար:
Սուլթանական իշխանութիւնները պարբերաբար բռնութեամբ հաւաքագրում էին պնդակազմ ու առողջ մանկահասակ տղաներին եւ պատանիների, որոնց կրօնափոխ անելուց յետոյ՝ ուղարկում էին աջեմի (անփորձ, օտար) զօրամիաւորում: Այնտեղ նրանք ձեռք էին բերում ռազմական գիտելիքներ, փորձառութիւն, իսկ առաւել ուժեղ եւ ռազմունակ երիտասարդներն ընդգրկւում էին ենիչերիական զօրամիաւորումում:
Ենիչերիական զօրագնդերը ստեղծւել են 1361-1363 թթ. Սուլթան Մուրադ l-ի օրօք եւ հիմնականում կազմւած են եղել բռնի մահմեդականացւած քրիստոնեաներից: Նրանցից էին նշանաւոր ծովակալ Հալիլ փաշան, զօրավար եւ պետական գործիչ Սուլէյման փաշա Էրմենին, Դամադ Աբրահամ փաշան եւ այլք:
Թէեւ շարիաթի սկզբունքներին դէմ էր անհաւատների մուտքը «հաւատքի բանակ», սակայն օսմանեան իշխանութիւնները, իրենց պետական շահերից ելնելով, յաճախ անտեսել են կրօնական նորմերը: Հայերը, որպէս վարձկաններ, ծառայել են նաեւ օսմանեան ռազմա-ծովային նաւատորմում:
Դարեր շարունակ բանակին սպասարկող հայ արհեստաւորների մեծ խումբ է եղել կայսրութեան ցամաքային ուժերում եւ ռազմա-ծովային նաւատորմում: Շատ բարձր է գնահատւել յատկապէս հայ զինագործների, թամբագործների, դերձակների եւ այլ արհեստաւորների դերը՝ օսմանեան բանակում:
Օսմանեան ռազմական նաւատորմի ատաղձագործ վարպետները հիմնականում հաւաքագրւում էին հայերից եւ յոյներից: Կայսրութեան ծովակալութեան դարբնապետութեան պաշտօնը 17-19 դդ. յանձնւած էր Դեմիրջիբաշեան ընտանիքին: Իսկ կայսրութեան վառօդարանները շուրջ մէկ դար համալրում ու վերահսկում էր նշանաւոր Տատեան ամիրայական տոհմը: Օսմանեան բանակի հիմնական մատակարարները հայ վաճառականներն էին, ովքեր դարեր շարունակ հոգում էին բանակի կարիքներն ու պարէնի պաշարների համալրումը:
Հայերը երկրի տարբեր ոլորտներում ծառայելուց բացի՝ բարձր պաշտօններ են զբաղեցրել նաեւ ռազմական (պատերազմի) եւ նաւատորմի նախարարութիւններում: Նրանցից շատերը ստացել են զինւորական բարձր կոչումներ:
1839 թւականի նոյեմբերի 9-ին Սուլթան Աբդուլմաջիդ Ա-ն Գիւլհանէի արքայական պալատում հռչակեց օսմանեան բարենորոգումների առաջին հրովարտակը՝ Հաթթը Շերիֆը, որը յայտնի է Թանզիմաթ անունով:
Թանզիմաթի ընձեռած հնարաւորութիւնների եւ թուրք բժիշկների սակաւութեան պատճառով՝ Եւրոպայի համալսարաններում կրթութիւն ստացած հայ բժիշկներն սկսեցին ծառայել օսմանեան բանակում: 1841 թւականից ոչ-մահմեդականներին հնարաւորութիւն տրւեց սովորել Կայսերական զինւորական բժշկական վարժարանում, որը հիմնադրւել էր 1838 թւականի Սուլթան Մահմուդ Բ-ի արքունի բժիշկ Մանուէլ Շաշեանի նախաձեռնութեամբ: Հայ զինւորական բժիշկներից շատերը դասաւանդել են ԿԶԲՎ-ում, նրանց նախաձեռնութեամբ հիմնւել է Կայսերական բժշկական ընկերութիւնը: Հայ զինւորական բժիշկներից շատերը կայսրութեանն իրենց մատուցած ծառայութիւնների համար արժանացել են փաշայի եւ բէյի տիտղոսների:
Զինւորական բժիշկներից բացի՝ օսմանեան բանակի տարբեր ստորաբաժանումներում ստւար թիւ են կազմել նաեւ հայ դեղագործներն ու անասնաբոյժները: Թանզիմաթից յետոյ եւս Բարձր Դուռը հրաժարւեց քրիստոնեաներին համատարած զինւորագրելու գաղափարից եւ շարունակեց գանձել զինւորագրութեան հարկը՝ նախ իեանէի ասքերիէ (օժանդակութիւն բանակին), ապա՝ բեդելի ասքերիէ (զինւորագրութեան փոխարէն): Թէպէտ, երբ օսմանեան բանակը երկրի արեւելեան նահանգներում պայքարում էր քուրդ ինքնիշխան ցեղապետերի դէմ, 1847 թւականին հայերը կարճ ժամանակով զինւորական ծառայութեան կանչւեցին կառավարութեան կողմից:
1864 թւականին բացւեց Հարբիէի Զինւորական վարժարանը: Սուլթան Աբդուլազիզի հրամանով՝ հինգ հայ երիտասարդներ ընդունւեցին վարժարան, սակայն նրանց չթոյլատրւեց հարիւրապետից բարձ աստիճան ստանալ:
Սահմանադրութեան վերահռչակումից յետոյ՝ հայերը երկրի միւս քրիստոնեաների հետ միասին Օսմանեան խորհրդարանում պահանջեցին զինւորագրւել եւ հաւասար իրաւունքով ծառայել օսմանեան բանակում: 1910 թւականին Օսմանեան խորհրդարանի կողմից ընդունւած օրէնքով երկրի բոլոր ազգերն ենթակայ էին զինւորագրութեան: 1910 թւականի օգոստոսին եւ սեպտեմբերին հրատարակւած զօրակոչի հրամանները հայ երիտասարդներն ընդունեցին մեծ ոգեւորութեամբ: Բազում հայ երիտասարդներ ընդունւեցին Հարբիէի վարժարան եւ ցուցաբերեցին իրենց կարողութիւնները՝ զինւորական ասպարէզում: Շատերը ստացան զինւորական բարձր աստիճաններ: Հայ զինւորականները թէ՛ Բալկանեան, ե՛ւ թէ Առաջին աշխարհամարտի ժամանակ աչքի ընկան մարտունակութեամբ եւ բազում քաջագործութիւններով:
1914 թւականի օգոստոսի 1-ին սկսւեց Առաջին աշխարհամարտը: Օսմանեան բանակ զօրակոչւեցին 18-45 տարեկան բոլոր տղամարդիկ, այդ թւում նաեւ՝ շուրջ 60.000 հայ տղամարդիկ, ովքեր միացան մինչ այդ արդէն Օսմանեան բանակում «Կանոնագիր ոչ-իսլամներու զինւորագրութեան» ծառայող հայ զինւորականութեանը:
Չնայած բանակում հայ զինւորների համար ստեղծւած ծանր պայմաններին՝ նրանք բարձր պատասխանատւութեամբ յանձն առան կատարել իրենց պարտականութիւնները: Հայ զինւորները Կարնոյ ճակատում գերի ընկնելու վտանգից փրկեցին ռազմական նախարար Էնւեր փաշային, որն այդ առիթով գովեստի խօսք ու շնորհակալագիր յղեց Կ. Պոլսի հայոց պատրիարք Զաւէն Տէր-Եղիայեանին:
1915 թւականի փետրւարի 12-ին նոյն Էնւեր փաշայի հրամանով սկսւեց օսմանեան բանակի հայ զինւորականութեան զինաթափումը, որից յետոյ նրանցից կազմւեցին ամելէ թաբուրիները (բանւորական գումարտակներ) եւ համալ թաբուրիները (բեռնափոխադրող գումարտակներ): Նոյն ժամանակ սկսւեցին հայ սպաների մեկուսացումն ու ձերբակալութիւնները: Դրան յաջորդեց ռազմական նախարար Էնւերի օսմանեան բանակում ծառայող, հայ զինւորներին ոչնչացնելու մասին հրամանը: Ռազմաճակատում գտնւող հազարաւոր հայ զինւորականներ եւ բանակի մատակարարներ թիկունքում անօրինակ դաժանութեամբ սպանւեցին իրենց թուրք զինակիցների կողմից:
Պատերազմի առաջին օրերից զինւորական հիւանդանոցներում ծառայող հայ բժիշկներից շատերն ընկան պատերազմի դաշտում: Ոմանք մահացան իրենց պարտականութիւնները կատարելիս՝ բծաւոր տիֆով վարակւած թուրք զինւորներին խնամելու ժամանակ, իսկ շատերն էլ սպանւեցին պարզապէս հայ լինելու պատճառով: Ու եթէ նրանց մի մասի կեանքն էլ խնայւեց, ապա դրա հիմնական պատճառը ռազմաճակատում թուրք բժիշկների պակասն էր:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տասնեակ հազարաւոր հայ երիտասարդների զինւորագրումը եւ նրանց ծառայութիւնն Օսմանեան բանակում մէկ անգամ եւս ապացուցում է թուրքական ժխտողականութեան պնդումների սնանկութիւնը, թէ իբր հայերը յարել են օտարերկրեայ բանակներին՝ դրանով իսկ վտանգ ստեղծելով օսմանեան բանակի թիկունքում:
Հայ զինւորականութեան զինաթափումն ու ոչնչացումը կայսրութեան հայ բնակչութեան դէմ իրագործւած ցեղասպանութեան առաջին փուլը հանդիսացաւ: Օսմանեան կառավարութիւնը, հետեւողականօրէն ոչնչացնելով արեւմտահայութեան մարտունակ ուժերը, հնարաւորութիւն ստացաւ՝ հեշտութեամբ ու առանց լուրջ խոչընդոտների իրականացնելու հայ բնակչութեան նախապէս ծրագրւած տեղահանութիւնն ու բնաջնջումը:

«ArmAr.am»

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։