Հա

Ազգային

18/04/2012

«tert.am» - Աշխարհահռչակ ռեժիսոր Ստիւէն Սփիլբերգի հիմնած «Շոա» հիմնադրամ-ինստիտուտը կը թւայնացնի եւ կարխիւացնի Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած անձանց վկայութիւնները: Ծրագիրը կիրականացւի Հարաւային Կալիֆորնիայի հայկական ուսումնասիրութիւնների խորհրդի հետ համատեղ:
«Այս վկայութիւնները կան, քանի որ վերապրածները ցանկացել են պատմել աշխարհին, թէ ինչ է տեղի ունեցել իրենց հետ: Այդ ձայներն ու նկարները ոչ միայն ապացուցում են տեղի ունեցած վայրագութիւնները, այլեւ ցոյց են տալիս, թէ մարդկութեան դէմ նման յանցագործութիւններն ինչպիսի անհանդուրժողականութիւն են ծնում, երբ մնում են անպատիժ»,- ասել է «Շոա» հիմնադրամի գործադիր տնօրէն Ստիւէն Սմիթը:

1994 թւականին Ստիւէն Սփիլբերգի կողմից ստեղծւած հիմնադրամը թւայնացրել է հրէական Հոլոկոստը վերապրածների աւելի քան 52 հազար վկայութիւն:
Հիմնադրամն այժմ աշխատանքներ է սկսել Մայքըլ Յակոբեանի հետ 400 ֆիլմ թւայնացնելու համար:
Ռեժիսոր Կառլա Կարապետեանը, ով աշխատել է Յակոբեանի հետ, կարեւորել է նախաձեռնութիւնը՝ ասելով, որ դա հնարաւորութիւն կը տայ աշխարհի տարբեր համալսարաններում ուսումնասիրել Ցեղասպանութեան փաստը:
«Սա առաջին անգամ է, որ Հայոց Ցեղասպանութեան մասին հարցազրոյցները հասանելի կը լինեն, եւ աշխարհի տարբեր համալսարաններ հնարաւորութիւն կունենան օգտւել դրանցից: Դա կարեւոր է՝ հանրութեանը ցոյց տալու վերապրողների եւ վկաների պատմութիւնները: Ցեղասպանութիւնը հասկանալու համար՝ պէտք է համեմատենք դրանք, եւ միայն այդ ճանապարհով մենք կը կարողանանք կանխել դրանք»,- ասել է նա:
2010 թւականին, մահից մէկ ամիս առաջ, «Daily News»-ի հետ հարցազրոյցում Մայքըլ Յակոբեանը նշել էր, որ իր ֆիլմերի որոշ հատւածներում ահռելի ապացոյցներ կան այն մասին, թէ ինչ է կատարւել իրականում Օսմանեան կայսրութիւնում:
Մայքըլ Յակոբեանի ֆիլմերի թւայնացման գործընթացը կաւարտւի երկու տարւայ ընթացքում,- տեղեկացրել է Հարաւային Կալիֆորնիայի Հայկական ուսումնասիրութիւնների խորհրդի ղեկավար Ջերրի Փափազեանը:
«Այս նախագիծը ցոյց կը տայ, թէ ով ենք մենք եւ ինչ է կատարւել մեր նախնիների հետ: Մեր կարգախօսը հետեւեալն է՝ թոյլ չտալ, որ նրանց ձայները մոռացւեն»,- ասել է նա:
«Շոա» հիմնադրամ-ինստիտուտը նաեւ աշխատում է արխիւացնել Ռուանդայի, Կամբոջիայի եւ Բոսնիայի ջարդերի վկայութիւնները:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։