Հա

Ազգային

15/04/2012 - 11:31

Քրիստոնէական արժէքները՝ Հայոց Առաքելական Ս. Եկեղեցւոյ աւանդոյթների շրջածիրում

Ստորեւ ներկայացնում ենք Տ. Սեպուհ արք. Սարգսեանի «Հոգեյոյզ ցոլքեր» գրքից մի բաժին:
Յարութեան տեսիլքով

«Ինչո՞ւ էք ողջին մեռելների մէջ փնտրում: Նա այստեղ չէ. յարութիւն առաւ: Յիշեցէք, ինչ որ ասաց ձեզ, երբ տակաւին ձեզ հետ Գալիլիայում էր գտնւում»:
(ՂՈՒԿԱՍ ԻԴ 6)

Այս հրեշտակաբարբառ խօսքերը յուսադրիչ զգացումով լցրեցին սրտերն այն կանանց, ովքեր միաշաբաթւայ վաղ առաւօտեան գերեզման էին եկել խնկերով՝ իրենց վերջին պարտականութիւնը կատարելու, տակաւին երկու օր առաջ խաչի ճանապարհով մեռած ու թաղւած Նազովրեցի Վարդապետի հանդէպ: Նրանք վերջին օրերին, իրենց տառապանքի, ցաւի ու վշտի մէջ, մի պահ մոռացել էին Վարդապետի խօսքերը, թէ՝ «Մարդու Որդին պէտք է յանձնւէր մեղաւոր մարդկանց ձեռքը, խաչւէր եւ երրորդ օրը յարութիւն առնէր» (ՂՈՒԿ. ԻԴ 7) ու եկել էին, համաձայն իրենց սովորութեան, յարգանքի իրենց բաժինը մատուցելու Նրան: Ինչ զարմանք, սակայն, իրենց առջեւ գտնում են դատարկ գերեզմանը: Վրդովւած ու ահաբեկւած վիճակում իրենց յայտնւում են երկու հրեշտակներ, որոնք, թերեւս կէս յանդիմանական ու կէս մխիթարական, ասում են նրանց.«Ինչո՞ւ էք ողջին մեռելների մէջ փնտրում: Նա այստեղ չէ, յարութիւն առաւ: Յիշեցէք, ինչ որ ասաց ձեզ, երբ տակաւին ձեզ հետ Գալիլիայում էր գտնւում»: Կանայք վերյիշելով այն խօսքերը, որ Քրիստոսն ասել էր, թէ Ինքը, թէեւ մեռնելու ու թաղւելու է, սակայն երրորդ օրը յարութիւն է առնելու, խանդավառութեամբ վերադառնում են առաքեալների մօտ ու պատմում իրենց տեսածն ու լսածը. «Տէրը յարութիւն է առել»:

Այո՛, Տէրը յարութիւն էր առել ճշմարտապէս ու վաւերականօրէն: Պետրոս առաքեալը եւս իր հերթին փութում է գերեզման եւ ստուգում կատարւածը: Այնուհետեւ բոլոր առաքեալներն ու նրանց հետեւորդներն սկսում են շեփորահարել Քրիստոսի Յարութիւնը, այլ խօսքով՝ մահւամբ մահը յաղթելու եւ նրանով իսկ նոր կեանք պարգեւելու գերագոյն աւետիսը: Առաքեալներն ու իրենց հետեւորդները, ովքեր տեսան, զգացին ու ապրեցին նաեւ ներկայութիւնն իրենց յարուցեալ Վարդապետի, սկսեցին քարոզել ու վկայել այդ մասին: Յարութեամբ Քրիստոսը հաստատեց Իր խօսքը, թէ նրանց հետ է եւ նրանց միջոցով բոլոր միւսների հետ, ովքեր հետեւորդներն ու վկայողներն են լինելու այդ յարութեան:
Քրիստոսի յայտնած եւ ուսուցանած մեծագոյն ու յաւերժական ճշմարտութիւններից մէկը եղաւ կեանքով Իրեն բացատրելու, կեանքով Իր վարդապետութիւնն ուսուցանելու եւ կեանքով առաջնորդ լինելու աստւածակերպ իրողութիւնը: Չխօսեց սիրոյ մասին, այլ սէրը գործով ու կեանքով արտայայտեց. վկան՝ իր հրաշագործութիւնները: Չփիլիստփայեց չարչարանքի, խաչի եւ մահւան մասին, այլ Իր կեանքով ապրեց, կրեց ու արտայայտեց դրանք եւ դրանով իսկ մարդկանց վերջալոյս թւացող խաչի Իր կեանքը դարձաւ արշալոյսը նոր կեանքի, որով ողողւեց համայն աշխարհը:
Քրիստոսի Յարութիւնը հիմնաքարն է քրիստոնէական հաւատքի: Դա կենտրոնական առանցքն է նաեւ քրիստոնեայի կեանքի: Պօղոս առաքեալն ասում է. «Եթէ քո բերանով խոստովանես, թէ Յիսուս Տէր է, եւ քո սրտում հաւատաս, թէ Աստւած նրան յարութիւն տւեց մեռելներից, կը փրկւես» (ՀՌՈՄ. Ժ 9), որովհետեւ Քրիստոսի Յարութիւնը հանդիսացաւ Իր մշտատեւ ներկայութեան երաշխիքը՝ քրիստոնեայի կեանքում: Այդ պատճառով՝ առաքեալներն այն դարձրին իրենց քարոզչութեան առանցքը: Քրիստոսի Յարութիւնը ենթադրում է յաղթանակ՝ մահւան հանդէպ եւ յուսադրիչ սկիզբ նոր կեանքի: Քրիստոսի Յարութիւնը եղաւ խթանող զգացում, որով քրիստոնեան առաջնորդւեց անմահութեան, յաւերժական կեանք, այն կեանքը, որի համար իսկ աշխարհ էր եկել. «Ես եկայ, որպէսզի կեանք ունենան, եւ կեանքը լինի առաւել լեցուն» (ՅՈՎՀ. Ժ 10):
Քրիստոսը իրական յարութեամբ՝ մարդկութեանը ժառանգորդ դարձրեց յաւիտենական կեանքի, որովհետեւ, ասում է Պօղոս առաքեալը, «ինչպէս Ադամից ծնւածները բոլորն էլ մեռնում են, այնպէս էլ Քրիստոսից ծնւածները բոլորըն էր կենդանանալու են» (Ա ԿՈՐՆԹ. ԺԵ 22): Քրիստոսի Յարութեան հաւատքով մարդու նայւածքն ուղղւում է դէպի վեր, դէպի երկնայինն ու յաւիտենականը: Յարութեան տեսիլքով ապրող հողեղէն էակը ժառանգակիցն է դառնում ոգեղէն էութեան:

(Շար. 1)

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։