Հա

Ազգային

14/04/2012 - 12:40

alt«Yerkirmedia.am»- Մելիքանիստ գիւղի՝ Տողի պատմութիւնը կրակների միջով է անցնում ու լեռնաշխարհի հերոսներով անմահանում: Արցախցին լաւ գիտի պատերազմի ու խաղաղութեան գինը, իսկ խոնարհ հերոսների մասին անգամ փոքրիկներին է յայտնի:
Ամէն տարի ապրիլի 5-ը Տողի Վիգէն Գրիգորեանի անունը կրող միջնակարգ դպրոցում հայրենասիրութեան դաս է անցկացւում՝ Լեռնային Ղարաբաղի առաջին խորհրդարանի պատգամաւորի, Արցախեան շարժման նախաձեռնողի եւ ընդյատակեայ պայքարի կազմակերպչի, ՀՅԴ արցախեան կառոյցի ղեկավարի, Տող գիւղի գումարտակի շտաբի հրամանատարի մասին: Վիգէնին ճանաչողները նրան յիշում են որպէս համեստ, բայց եռանդուն ու անսպառ մարդու, որը 24 ժամ «հոլի պէս պտտւում էր»:

Մտաւորականների ընտանիքում էր ծնւել Վիգէնը, մանկուց առանձնայատուկ վերաբերմունք ունէր հայ գրականութեան հանդէպ. անսահմանօրէն Շիրազ էր սիրում: Բարձրագոյն կրթութիւն ստանալուց յետոյ՝ երիտասարդ բանասէրը հարազատ դպրոցում նախ ուսուցիչ, ապա տնօրէն է նշանակւում: Մի քանի տարի անց դպրոցում թողնում է գրիչն ու գրականութիւնը. զինւորական համազգեստն ու ժամանակի թելադրանքն այլ տեսք տւեցին նրան: Զարգացող իրադարձութիւնները Վիգէնին ստիպեցին ստեղծել «Վրէժ» հայրենասիրական պաշտպանական ջոկատը. «Վրէժ»-ը դարձաւ նաեւ նրա մարտական անունը:
alt«91 թւականի մայիս-յունիս ամիսներին անչափ քիչ զէնք ունէինք, միայն երկու աւտոմատ կար մեր գիւղում: Մէկն՝ իմ ձեռքին, միւսը՝ Արմէնի: Դրա համար էլ գնում էինք հայաթափւած գիւղերն ազատագրելու՝ 10 հոգով: Յետոյ բոլորը դարձան հրամանատարներ: Մեր Արմէնին Չաուշ ենք ասում, ոչ թէ արտաքինով է նման, այլ՝ գործերով»,- ասում էր Վիգէն Գրիգորեանը:
Վիգէնն առասպելներից էր եկել ու հաւատում էր Արցախեան պատերազմի յաղթանակին: Նրա հայրենասիրութիւնը երբեմն խենթութեան էր հասնում:
«Քիչ էինք եւ մեծ ուժերի դէմ էինք գնում: Մեր մասին նոյնիսկ «Ժամանակ» տեղեկատւական ծրագիրը հաղորդեց՝ ասելով, որ այս ակտը կազմակերպել են Գետաշէնի վրիժառուները: Եկել են, Հադրութում նման ակտ են իրականացրել: Օգտւելով առիթից՝ մենք էլ ազատագրւած գիւղերում թողնում էինք գրութիւններ՝ Եղէգնաձորի, Հոկտեմբերեանի, Իջեւանի տղաներ: Դա ահուսարսափ էր առաջացնում թշնամու շրջանում»,- յիշում էր նա:
Մի քանի անգամ մահն աչքի առաջ ունենալով՝ չէր վախենում ու վստահ էր՝ թշնամու գնդակն իրեն չի դիպչի: Յաղթելու վճռականութեամբ գնաց նաեւ վերջին մարտի՝ «Կաւաքի» բարձունքի համար: Առաւօտեան շտաբի հերթապահին զեկուցեց. -«Բարձունքը նւաճւած է՝ առանց զոհի ու վիրաւորի: Այսօր ոչ մի մայր լաց չի լինելու»:
Մինչդեռ, 1993 թւականի ապրիլի 5-ի կէսօրին «Վրէժ» Վիգէնն ընկաւ Յաղթանակի ճանապարհին՝ հարազատների, ընկերների ու տողեցիների յիշողութեան մէջ թողնելով Վիգէնի կեանքի պատմութիւնը. սովորական պատմութիւն՝ անսովոր մարդու մասին:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։