Հա

Ազգային

12/04/2012 - 11:41

«Նեմեսիս»-ի գործողութեան 90-ամեակի ձեռնարկի իր խօսքում Յակոբ Բագրատունին հաստատեց.
«Մէկուկէս միլիոն նահատակների կտակի գործադրութիւնը դեռ չի ամբողջացել»

alt«Ազդակ» - Կազմակերպութեամբ ՀՅԴ «Սարդարապատ» կոմիտէի քարոզչական յանձնախմբի, մարտի 16-ի երեկոյեան, Բէյրութի «Յովհաննէս Պօղոսեան» թատերասրահում կայացաւ «Նեմեսիս»-ի գործողութեան 90-ամեակին նւիրւած մի ձեռնարկ՝ «Արդարադատ հարւածող բազուկների ուղիով» կարգախօսով:
Յունական դիցաբանութեան արդարադատ հարւածող աստւածուհու՝ Նեմեսիսին վերագրւող համանուն՝ «Նեմեսիս»-ի գործողութեան 90-ամեակին նւիրւած այս ձեռնարկին ներկայ էր երիտասարդ թէ երէց ազգայինների խուռներամ մի բազմութիւն:

Լիբանանեան ու հայաստանեան քայլերգերի յոտնկայս ունկնդրութիւնից յետոյ՝ ցուցադրւեց մի կարճատեւ տեսաերիզ, ուր հատւածներ կային ՀՅԴ ղեկավար գործիչ նահատակ Սարգիս Զէյթլեանի խօսքերից:
Յատուկ այս առիթով «Նեմեսիս» երգով ելոյթ ունեցաւ ազգային-յեղափոխական երգերի մեկնաբան Գառնիկ Սարգսեանը:
Օրւայ բանախօսն էր Հայկական պատգամաւորական բլոկի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամաւոր Յակոբ Բագրատունին, որը Ցեղասպանութեան յուշագրութիւններին վերագրելով իր խօսքը՝ նշեց. «Գրաւեալ Արեւմտահայաստանի Էրզրումի Խոտորջուր գիւղից Մարալ Հանըմը տեղահանութեան ու տարագրութեան Սամոսադից Ուրֆա ճանապարհին բազմահարիւր կանանցից բաղկացած մի խմբի հետ հանդիպում է հայութեան փորձանք, պատուհաս Ջեմալ փաշային ու գթութիւն է հայցում՝ մի պահ խաբւելով Ջեմալի այն երեւոյթից, թէ ինքը դէմ է հայութեան դէմ կազմակերպւող ջարդերին: Սակայն, Ջեմալը յոխորտում է՝ ասելով. «Օձի էգն ու որձը չի լինում, հայ կանայք աւելի վտանգաւոր են, քան՝ տղամարդիկ», ու հրահանգում է շարունակել արեան բաղնիքը: Մարալ Հանըմը ձեռքերը երկինք բարձրացրած՝ ասում է. «Փաշա՜, փաշա՜, քեզանից մեծ Աստւած կայ. մեր զաւակները մեռած չեն. նրանք Ռուսաստանում են գտնւում եւ դու մի օր պատասխան պէտք է տաս նրանց»: Մարալ Հանըմի եւ իր նմանների արգանդից ծնւած զաւակներն էին՝ Ջեմալին Թբիլիսիում զգետնած խոտորջուրցի Ստեփան Ծաղիկեանը, Պետրոս Տէր-Պօղոսեանն ու Արտաշէս Գէորգեանը:

alt

Նրանց զաւակներն էին՝ Թալէաթին պատուհասող Սողոմոն Թեհլիրեանը, Ջիւանշիրին պատուհասող Միսաք Թոռլաքեանը, Սաիդ Հալիմ փաշայի, Ջեմալ Ազմիի, Բհաէդդին Շաքիրի ու Խան Խոյսկիին պատուհասող Արշաւիր Շիրակեանը եւ Արամ Երկանեանն ու Թուրքմենստանում կռւի դաշտում այն հայ զինւորները, որոնք զգետնեցին Էնւերին:
Նոյն այդ մայրերի զաւակներն էին՝ Հրաչ Փափազեանը, Լիպարիտ Նազարեանցը, Շահան Նաթալին, Վահրամ Զաքարեանը, Յազօրը (Յակոբ Զօրեան), Յարութիւն Յարութիւնեանը, Երւանդ Ֆընտըքեանը եւ Արշակ Մուշեղեանը, որոնք ծրագրեցին ու պատրաստեցին ոճրագործների ահաբեկումը:
Մարալ Հանըմի ու Հանըմների, աննկուն կամքի տէր հայ կանայք, հայութիւնն ու պատիւը ամէն բանից վեր համարող հայ մայրերի արիւնոտ արգանդից ծնւած հերոսացած զաւակների հիմնած Հ. Յ. Դաշնակցութիւնը, Ցեղասպանութիւնից յետոյ, գիտակցելով, որ միջազգային քաղաքական առեւտուրը արդարութիւն չի բերում հայ ժողովրդին, անկախ Հայաստանում առաջին անգամ գումարւած ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովում, 1919 թւականին, որոշում է պատժել Ցեղասպանութեան պատասխանատուներին՝ Արմէն Գարոյին վստահելով «Նեմեսիս»-ի գործողութեան ծրագրման պատասխանատւութիւնը:
Իսկ դեռ 1892 թւականին Թբիլիսիում գումարւած իր առաջին Ընդհանուր ժողովում ծրագրի «Միջոցներ» գլխի տակ ՀՅԴ-ն որոշեց կռիւ մղել եւ ահաբեկել կառավարութեան պաշտօնեաներին, մատնիչներին, դաւաճաններին, վաշխառուներին եւ ամէն տեսակ հարստահարիչներին: Այլ խօսքով՝ Դաշնակցութիւնը, իր ծագման առաջին իսկ օրից, որպէս պաշտպան հայ ժողովրդի բովանդակ շահերի, իր գաղափարական, քաղաքական, կազմակերպական, հասարակական թէ ազգային գործունէութեան զուգահեռ, հիմնական միջոց է համարել հայ ժողովրդի թշնամիներին պատժելու սկզբունքը: Թշնամիներ, որոնք վնասում են հայութեան գոյութեանը, գոյատեւմանը, ինքնուրոյնութեանը, ազատ ու անկախ ապրելու նրա իրաւունքին ու նրա կամքն ազատօրէն արտայայտելու տենչին:
«Նեմեսիս»-ի գործողութեան 90-ամեակին ճակատաբաց կերպով ու բարձր արժանապատւութեամբ կարող ենք յայտարարել, թէ կտակն էր նահատակների, որ գործադրւեց: Կտակը նահատակների, որոնք ընկան՝ մերժելու համար ստրկութիւնը, կրօնափոխութիւնը, թուրքացումը, ազգուրացութիւնը, խօսքի ու մտքի ազատութեան բռնադատումը, արժանապատւութեան ոտնահարումը, հողի ու ունեցւածքի հարստահարումը, իր հողի վրայ հայ ծնւելու, հայ ապրելու եւ հայ մեռնելու արդար իրաւունքի ոտնահարումը, հայերէն խօսելու եւ հայերէնով իր եկեղեցում աղօթելու պարտաւորութեան խլումը: Այդ նահատակներն ընկան՝ մերժելով հանգիստ կեանք խոստացող, սակայն ազգուրացութիւն պահանջող թուրքին եւ նրա մեղսակից օտարազգի ուժերի կամքը, այն հաւատքով, որ գալիք սերունդները տէր կը կանգնեն հայ մշակոյթի իրաւունքներին, կը պաշտպանեն հայկականութիւնը, Հայաստանն ու հայութիւնը եւ արդարահատոյց կը լինեն թուրքերից»,- ընդգծեց Յ. Բագրատունին:
«Նեմեսիս»-ի 90-ամեակին եթէ երբեք կարող ենք մասամբ գոհացած լինել, որ Ցեղասպանութեան ուղղակի պատասխանատուները պատժւած են եւ Մարալ Հանըմի ու մէկուկէս միլիոն նահատակների կտակը գործադրւած, սակայն այդ կտակի գործադրութիւնը դեռ շատ հեռու է ամբողջական լինելուց: Ճիշտ է, արդար պէտք է լինել, որ Ցեղասպանութիւնից յետոյ Հայաստանի անկախութեան հռչակումը, Հայաստանի խորհրդայնացմամբ շուրջ 30,000 քառ. կմ. տարածութեամբ Հայաստանի գոյատեւումն ու հակառակ ազատութեանց բացակայութեան՝ զանազան մարզերում արձանագրւած զարգացումը եւ հայութեան ֆիզիկական ու միատեղ գոյութեան պահպանումը, Հայաստանի երկրորդ անկախացումը եւ Արցախի անկախացումը, Ցեղասպանութեան ճանաչման հոլովոյթը եւ սփիւռքեան գաղթօջախների հայապահպանման քայլերը հարւածներ են թուրքական երազների թէ ծրագրերի դէմ, սակայն մեր նահատակների կտակի մի մեծ բաժինը դեռ կարօտում է իրականացմանը,- շեշտեց Յ. Բագրատունին եւ շարունակեց՝ ասելով. «Այո՛, մենք ազգովի դեռ հեռու ենք նահատակների կտակի ամբողջական իրականացումից: Ու, դժբախտաբար, թէ՛ Հայաստանում, եւ թէ՛ Սփիւռքում, օրէցօր աւելի ենք հեռանում դրա իրականացումից: Այն, ինչ որ թուրքը սրով ու զէնքով, բռնաբարումով եւ հարստահարութեամբ փորձեց առնել ու ձախողեց, մենք այսօր ժողովրդավարութեան, ազատ մտածողութեան, արդիականութեան, փոփոխութեանց հետ քայլ պահելու, բարեկարգութեան, ներողամտութեան, մարդկային իրաւունքների, թափանցիկութեան թէ նորարարութեան, տնտեսական թէ նիւթական բարւոքութեան, հաստատութենականութեան թէ մեր միջավայրերի հետ մերւելու, իրար հասկանալու, նոյնիսկ մեր դատը օտարին ծանօթացնելու մեր մշակոյթը տարածելու դղրդահունչ, բայց յաճախ սին խորագրերի տակ, երբեմն կամայ թէ ակամայ՝ գործադրում ենք թուրքի ծրագիրը՝ առանց հայի Հայաստանի եւ առանց հայկականութեան հայ մարդու պահպանման»:
Յ. Բագրատունին ընդգծեց՝ ասելով. «Ի՞նչ էր ուզում թուրքը, ինչի՞ էր միտում նա, ի՞նչ արեցինք մենք, ի՞նչ էր մեր պատասխանը եւ ի՞նչ ենք անում այսօր: Ի՞նչ էր կտակը մեր նահատակների, ի՞նչ են պահանջում դեռ նրանք մեզանից: Այո՛, անկախ Հայաստանն ու հերոս Արցախը մէկական պատնէշներ են թուրքի ծրագրի դէմ: Մէկական պատնէշներ են Սփիւռքի գաղթօջախներում ապրող իւրաքանչիւր հայ ընտանիք, հայ եկեղեցի, հայ դպրոց, հայ կին, հայ երիտասարդ ու հայ մանուկ: Նրանք հայ նահատակների կտակը գործադրողներ են՝ անտարակոյս: Բայց, կան նաեւ տկարներ, քծնողներ, մոլորւողներ, թուրքին հաւատացող քաղաքագէտներ, հայութեանը համաշխարհային գիւղում մի փոքր կէտ համարող նորելուկ իմաստակներ…»:
«Ճիշտ այստեղ է, որ կայանում է «Նեմեսիս»-ի դասը: Այսօրւայ հրամայականը՝ դէմ կանգնել թուրքական ամէն տեսակ ծրագրերի:
Մենք մեր նահատակներից ժառանգել ենք մի այլ կտակ, պայքար՝ արդարութեան համար, պատիժ ոճրագործին, ապրել ու ապրեցնել Հայաստանն ու հայութեանը: Հայ մայրերի ու հայրերի կտակն է դա:
Յարգե՛նք այս կտակը: Ջահը ձեր մօտն է, երիտասարդներ. վառ պահեցէք այն: Ձեր պայքարը թող տկարութիւն չճանաչի: Ձեր կրակով հրդեհեցէք ամէն տկարութիւն, թումբ կանգնեցրէ՛ք ամէն մոլորեցնող երեւոյթի դէմ ու պայքարը շարունակեցէք: Պայքար՝ հայ մնալու,մոլեգնօրէն հայ մնալու եւ միա՛յն հայ մնալու: Ու այդպէս՝ ինքնաբերաբար թուրքը կը պարտւի եւ նահատակների կտակը կիրականացւի: Օ՛ն, ուրեմն, հերթը ձերն է»,- եզրափակեց Յ. Բագրատունին:
Ապա գեղարւեստական ծրագրով Դալար Այնէճեանը մեներգեց «Զարթի՛ր, որդեակ» եւ այլ երգեր, գիտառի ընկերակցութեամբ իր եղբօր՝ Միհրան Այնէճեանի:
Նախքան այդ՝ յատուկ այս առիթով Մարգար Թումայեանի պատրաստութեամբ եւ Լորիկ Սապունճեան-Ծատուրեանի ընթերցմամբ մի տեսաերիզ ներկայացւեց «Նեմեսիս»-ի գործողութեան մասին:
Ձեռնարկը փակւեց «Մշակ բանւոր» քայլերգով:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։