Հա

Ազգային

07/04/2012

«Այսօր խաւարն անգիտութեան
հալածեցաւ երրեակ լուսովն. եւ քեզ
ծագեաց լոյս գիտութեան յարուցեալն
ի մեռելոց Քրիստոս. օրհնեա ի ձայն ցնծութեան զաստւած քո Սիովն»:
Շարական

altՈրքա՜ն գեղեցիկ ու ներշնչող են Քրիստոսի Հրաշափառ Յարութեանը նւիրւած մեր եկեղեցու շարականները, տաղերն ու գանձերը, որոնցով ոչ միայն փառաբանւում ու գովաբանւում է Քրիստոսի Հրաշափառ Յարութիւնը, այլեւ մեր գիտակցութեան մէջ ամրապնդւում եւ վերականգնւում այդ Յարութիւնից մեզ փոխանցւող աստւածայայտ ճշմարտութիւնն ու ճշմարիտ կեանքի խորհուրդը:
Ողջ քրիստոնեայ աշխարհը, ամէն տարի, յարաճուն հաւատքով, վառ եւ յուսավառ ապրումներով ոգեկոչում եւ ապրում է իր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Յարութեան խորհուրդը եւ նոյն Յարութեան հաւատքով գօտեպինդ՝ ստեղծագործում եւ իր ողջ կեանքը վկայութեան անդաստանի է վերածում. վկայութիւն՝ յարութեան եւ յարուցեալ կեանքի:

Մեռելներից յարութիւն առած Քրիստոսը եղաւ «Լոյս գիտութեան», որով փարատւեց անգիտութեան խաւարը: Արդէն աւետարանչի բառերով՝ Նա աշխարհ էր եկել՝ որպէս լոյս լուսաւորելու աշխարհը. «Կեանքը նրանով սկիզբ առաւ: Եւ կեանքը մարդկանց համար լոյսն է, որ փայլում է խաւարի մէջ» (Յվ. 1:4):
Իր տնօրինական առաքելութեան ընթացքում Քրիստոսը յայտարարեց, որ ինքն աշխարհ է եկել որպէս լոյս. «Ես եմ աշխարհի լոյսը: Ով որ ինձ հետեւի, խաւարի մէջ չի քայլի, այլ կունենայ այն լոյսը, որ առաջնորդում է դէպի կեանք» (Յվ. 8:12):
Արդարեւ, եբրայեցի ժողովուրդը չկարողացաւ այդ լոյսն ընկալել, որովհետեւ խաւարը աւելի սիրեց. եւ իր խաւարացեալ մտքով փորձեց լոյսը խափանել ու մի պահ կարողացաւ իր գործակալներով ձերբակալել, դատապարտել ու խաչի մահով ժամանակաւորապէս թաղել նրան խաւար փոսում. սակայն նա չէր կարող պատկերացնել, որ այդ խաւար փոսը երեք օր յետոյ պիտի վերածւէր կենսայորդ լոյսով ողողւած մի նոր վայրի, որը այնուհետեւ պիտի լինէր ողջ քրիստոնեայ աշխարհը լուսաւորող յաւերժաբոյր լուսաւորեալ ջահ:
Այդ խաւար փոսը կերպարանափոխւեց լուսոյ փարոսի, որը գիտութեան լոյսով նոր իմաստ պիտի տար Քրիստոսի Հրաշափառ Յարութեան խորհրդին. այդ նոր իմաստը ճշմարիտ գիտութեան խորհուրդն էր եւ այդ ճշմարտութիւնը ուրիշ բան չէր, եթէ ոչ նոյնինքն Քրիստոսը. «Ես եմ ճանապարհը, ճշմարտութիւնը եւ կեանքը» (Յվ. 14:6):
Քրիստոսի Հրաշափառ Յարութիւնը քրիստոնեայ հաւատացեալ մարդու կեանքը վերածում է լուսաւոր փարոսի ու անյաղթահարելի իրականութեան, որով նա փրկութեան է արժանանում: Առաքեալը յիշեցնում է, որ Աստւած՝ մեր Յարուցեալ Փրկիչը,«ուզում է, որ բոլոր մարդիկ փրկւեն եւ հասնեն ճշմարտութեան ճանաչման» (Ա ՏՄ. 2:4):Ճշմարտութիւնը մարդուս ազատում է շրջապատի որոգայթից. Քրիստոսը յիշեցնում է իր ունկնդիրներին՝ «Եթէ հաւատարիմ մնաք իմ ուսուցումներին, ճշմարտապէս իմ աշակերտները կը լինէք, կը ճանաչէք ճշմարտութիւնը եւ ճշմարտութիւնը կազատի ձեզ» (Յվ. 8:31):
Ճշմարտութեան, յաւիտենական ճշմարտութեան գաղափարը հինկտակարանեան մտածողութեան մէջ միշտ առնչւած է եղել յաւիտենական Աստծու գաղափարի հետ: Դաւիթ մարգարէն խնդրում է Աստծուց, որ նրան սովորեցնի եւ առաջնորդի, որպէսզի անխախտ մնայ իր ճշմարտութեան մէջ. «Սովորեցրու ինձ եւ առաջնորդի՛ր, որ անխախտ մնամ քո ճշմարտութեան մէջ, որովհետեւ դու ես իմ Աստւածը, իմ Փրկիչը, եւ ես տեւաբար քեզ եմ վստահել» (Սղ. 24:5): Դաւիթն աղերսում է, որ նրան ճշմարտութեան մէջ պահի, քանի գիտի, որ ճշմարտութիւնը պաշտպանելու է նրան, «ճշմարտութիւնը որպէս զրահ պիտի շրջապատի եւ պաշտպանի քեզ» (Սղ. 90:5):
Ճշմարտութիւնը յաւիտենական է եւ երաշխիք է խաղաղ ու աստւածահաճ կեանքի. «Քաղցր է Տէրը, նրա ողորմութիւնը յաւերժ է. նրա ճշմարտութիւնը՝ սերնդից սերունդ» (Սղ. 99:5). Դաւիթ մարգարէն ասում է «Քո խօսքը, Տէ՛ր, յաւիտեան երկնքում է: Սերնդից սերունդ մնում է քո ճշմարտութիւնը» (Սղ. 118.89-90):
Քրիստոսի Հրաշաբոյր Յարութիւնը մեզ առաջնորդում է մտածելու կեանքի, ճշմարիտ կեանքի, դէպի ճշմարտութիւն գնացող կեանքի խորհրդի մասին: «Ես եմ Յարութիւնը եւ Կեանքը: Ով որ հաւատում է ինձ՝ թէպէտեւ մեռնի՝ կապրի» (Յվ. 14:25): Յարութիւնը Քրիստոսի կեանքն իսկ է եւ միաժամանակ երաշխիք յաւիտենականութեան:
Արդեօք Քրիստոսի հետեւողներից կա՞յ մի ազգ, որ հայից աւելի խորապէս եւ էապէս հաւատացած լինի Յարութեան խորհրդի. աշխարհում կա՞յ մի ազգ, որ հայի նման հարազատօրէն ու աներկբայ հաւատով ընթացած լինի իր Տիրոջ կեանքի ճանապարհով: Այո՛, հայը հաւատաց ու այդ հաւատով ամրապինդ՝ իր ողջ երկիրը վերածեց բաց աղօթարանների, իր հոգին՝ մշտատեւ տաճարի եւ իր մտքի ստեղծագործութիւնները՝ Յարուցեալի փառաբանանքի:
Հայը իր ողջ կեանքում հետամուտ եղաւ իր կեանքից փարատելու անգիտութեան խաւարը՝ ի խնդիր Լոյսի, ճշմարիտ Լոյսի գիտութեան: Ճշմարիտ Լոյսի գիտութեամբ զրահաւորւած՝ նա քայլեց Դեր Զորի, Միջագետքի արեւակէզ աւազների վրայով, մահը տեսաւ, սակայն իր աչքերում միշտ նոր կեանքի յոյսը վառ մնաց: Դեր Զորի աւազը դասագրքի վերածեց՝ իր երեխային ա, բ, գ-ն սովորեցնելու համար: Եփրատ գետի ջուրը վկան եղաւ իր արժանապատւութեան, ընտանեկան սրբութեան պահպանման:
Յարութեան իր անխորտակելի հաւատը եղաւ անպարտելի Սարդարապատ ու Մայիսեան վարդահեղեղ արշալոյսը հայի յարութեան: Նոյն այդ հաւատով այսօր հայը նայում է իր պատմութեանը, ներկային եւ ըստ այնմ դիտում ապագան: Յարութեան խորհրդով զրահաւորւած՝ հայը նայում է իր այսօրւայ ազատ ու անկախ Հայրենիքին եւ նրանով ամրապինդ՝ իր պահանջատիրական պայքարի մէջ աւելի վճռական ու յուսավառ տեսիլքով է խանդավառ:
Քրիստոսի Հրաշափառ Յարութեան խորհրդից շողարձակւող լոյսը հարկ է, որ մուտք գործի իւրաքանչիւր հայի տունը՝ այն պարսպապատելով Յարութեան հաւատով, մեսրոպաստեղծ հայոց լեզւի մարգարտաբոյր ա, բ, գով, Վարդանների, Ղեւոնդների, Անդրանիկների, Գէորգ Չաւուշների, Սերոբ Աղբիւրների, արցախեան մերօրեայ հերոսների պայքարի, աննահանջ պայքարի ոգով եւ վերջապէս Յարուցեալ Փրկչի մարդկութեան կտակ թողած մեծագոյն պատւէրի՝ սիրոյ կեանքով, որովհետեւ սէրը սանդուխքն է Երկնքի Արքայութեան եւ միաժամանակ պատւանդանը՝ աստւածահաստատ ընտանիքի:
Յաւերժաբոյր սիրոյ զգացումով ողջունում ենք մեր ժողովրդի բոլոր զաւակներին, շնորհաւորում ենք բոլորին մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Յարութեան տօնի առիթով եւ բոլորին ցանկանում աստւածահաճ սիրով օծուն կեանք: Թող միշտ լուսապայծառ Յարութեան ծիածանով պայծառափայլեն Հայաստանը, Արցախը, Ջաւախքը եւ հայասփիւռք աշխարհների երկնակամարները՝ վասն յաւերժութեան ազգիս հայոց:
Քրիստոս յարեաւ ի մեռելոց:
Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի. ամէն:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Ապրիլ 2012

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։