Հա

Ազգային

07/04/2012

Սպահանի հայոց թեմի առաջնորդի Ս. Զատկւայ պատգամը

Յարութիւնը՝ խորհրդանիշ մեղքերի քաւութեան

«Քրիստոս յարութիւն առաւ մեռելներից եւ այսուհետեւ չի մեռնի, ու մահն այլեւս չի կարող տիրել նրան» (Հռ. 6:9):

altՍ. Յարութեան տօնն է այսօր:
Գարուն է, բուրումնաւէտ ու ծաղկազարդեալ կեանքով լեցուն:
Նոր կեանք է բուրում ամենուրեք:
Այս օրերում դարձեալ երկինք եւ երկիր, հրեշտակներ եւ մարդիկ ուրախանում են եւ ամբողջ աշխարհի հաւատացեալները ցնծութեամբ են տօնում Տիրոջ Հրաշափառ Յարութիւնը:
Հայց. Առաքելական Եկեղեցու սրբազան բեմերից դարձեալ հնչում է նոր կեանքի, յոյսի ու լոյսի մեծ աւետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:
Մեր մտածումներն ու զգացումները կենտրոնանում են թափուր... կոյս տապանի, բայց մանաւանդ լոյս գերեզմանի վրայ, որտեղ «Կոյս վիմից» բացւեց մեծ արշալոյսը, պայծառ առաւօտը փրկութեան, անվախճան կեանքի:

Անցնող քառասուն օրերի պահեցողութեան ընթացքում անդրադարձանք մեր մեղքերի ծանրութեանը եւ փորձեցինք զղջումով, խոստովանութեամբ եւ ապաշխարութեամբ արդարանալ եւ արժանի լինել՝ մասնակցելու Յարուցեալի հետ երանական ուրախութեանը:
Քրիստոսը Նոր ուխտի առաջին պահեցողը եւ հիմնադիրը եղաւ: Իր մկրտութիւնից յետոյ Նա «հոգով անապատ առաջնորդւեց ու քառասուն օր փորձւեց սատանայից: Չկերաւ եւ չխմեց այն օրերում» (Ղուկ. 4:1): Սա մի աստւածային արարք էր, որ կատարւեց մարդու փրկութեան համար: Այո՛, Քրիստոսը ծոմապահութիւն կատարեց, ոչ թէ որովհետեւ մեղք էր գործել եւ հետեւաբար՝ կարիք ունէր ապաշխարութեան, այլ դա կատարեց մարդկութեան փրկութեան համար: Այսպէս՝ մեր շարականների մէջ կարդում ենք. «Այսօր երկրորդ Ադամը (Քրիստոս) պահեցողութիւն անելով, քաւեց (արգելւած) պտուղն ուտողների պարտքը»:
Մարդը երջանիկ էր ծնւել, ունէր բարի կեանք, այսինքն՝ ուրախ, զւարթ եւ շէն կեանք: Աստւած իր պատկերը խառնեց մեր հողանիւթ բնութեանը, փառքով զարդարեց եւ երանական դրախտի մէջ դրեց, ինչպէս շարականագիր վարդապետն ասում է: Սակայն, մարդն իր անհնազանդութեան պատճառով՝ մեղանչեց եւ կորցրեց իր երջանկութիւնը, ճաշակեց մեղքի եւ մահւան դառնութիւնը... բայց երբեք չկորցրեց վերստին ունենալու ձգտումը: Հետեւաբար՝ պահեցողութիւնը, ապաշխարութեամբ եւ յարատեւ աղօթքով, նախապայման դարձաւ կորածը վերագտնելու: Ինչպէս Ղուկաս աւետարանիչն ասում է. «Եթէ չապաշխարէք, ամենքդ էլ նոյնպէս կը կորչէք»:
Քրիստոսն ինչո՞ւ համար աշխարհ եկաւ, սա է առաջին եւ հիմնական հարցումը այսօր: Նա աշխարհ եկաւ որպէս մեծագոյն ուսուցիչ՝ Աստծու կամքը յայտնելու մարդուն: Նա աշխարհ եկաւ ու կատարեալ մարդ դարձաւ մարդուն օգնելու, մարդկային կարիքներին գոհացում տալու համար: Նա աշխարհ եկաւ Աստծու սիրոյն որպէս գերագոյն արտայայտութիւն: Բայց, ամենակարեւորը Նա աշխարհ եկաւ «փնտրելու եւ գտնելու կորածին» (Ղուկ. 19:10): Նա նման է աւետարանական առակի այն կնոջ, որ իր տասը արծաթ դահեկանից մէկը երբ կորցրեց, ուշադրութեամբ փնտրեց ու երբ գտաւ իր դահեկանը, ուրախացաւ իր բարեկամների ու հարեւանների հետ: Կամ այն հովւի նման, որ երբ իր հարիւր ոչխարներից մէկը կորաւ, թողեց իննսունիննին արօտավայրում եւ մէկի յետեւից գնաց՝ փընտրելու: Եւ երբ գտաւ դարձեալ ուրախացաւ իր բարեկամների ու հարեւանների հետ: Կամ այն հօր նման, որ ուրախութեամբ ողջունեց իր անառակ զաւակի վերադարձը եւ մեծ ուրախութիւն կատարեց: Նոյնպէս «Երկնքում ուրախութիւն պէտք է լինի..., Աստծու հրեշտակները նոյն ձեւով պէտք է ուրախանան մէկ մեղաւորի համար, որ ապաշխարում է»: Ահա թէ ինչու «Աստւած իր Որդուն աշխարհ ուղարկեց ո՛չ թէ նրա համար, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպէսզի փրկի աշխարհը» (Յովհ. 3:17):
Քրիստոսը մէկ անգամ մեռաւ եւ յարութիւն առաւ մեռելներից, Նա այլեւս չի մեռնի, չի կարող կրկին անգամ մեռնել: Նոյն ձեւով էլ մենք ազգովի մահացել ենք եւ յարութիւն առել Քրիստոսի հետ, հետեւաբար՝ մենք եւս չենք մեռնի, այլ կապրենք Նրա հետ յաւիտեան: Քրիստոսը մեր մեղքերի համար մեռաւ, Նա երբեք մեղք չգործեց: Սակայն, Նա եկաւ աշխարհ եւ մեղաւոր մարդկանց մէջ ապրեց ու վերցրեց նրանց մեղքերը եւ մահւամբ իր հետ թաղեց: Բայց, «հիմա որ կենդանի է, կենդանի է Աստծու համար» (Հռ. 6:9): Եթէ ճշմարտօրէն հաւատացել ենք Քրիստոսին, ուրեմն՝ մենք եւս մեռած ենք մեղքի համար եւ կենդանի՝ Աստծու համար:
Վիմափոր գերեզմանից արդարութեան արեգակը՝ Քրիստոսը, փառաւոր կերպով յարեաւ, խաւարի ուժերին յաղթեց, քանդեց մեր մեղքերի կապանքները եւ մահւան գերութիւնից ու ոչնչացումից մեզ փրկեց:
Աստւածորդու յարութեամբ մահն է, որ պարտւեց եւ աստւածապարգեւ կեանքն է, որ յաղթականօրէն վերադարձաւ աշխարհ: «Մահն այլեւս չի կարող տիրել նրան»:
Հետեւաբար՝ Յարութեան տօնը մարդու հոգեւոր վերածննդեան տօնն է:
Հաւատի, կեանքի եւ սիրոյ տօնն է:
Եւ վերջապէս՝ անվախճան կեանքի տօնն է:

* * *

Սիրելի՛ հարազատներ,
Աստւածային սիրոյ, ողորմութեան, բարութեան, արդարութեան, սրբութեան ու յարութեան ըղձանքով ու յաւերժօրէն ապրելու յոյսով ողջունում եմ բոլորիդ՝ հոգեւորականաց դասին, Պատգամաւորական ժողովի անդամներին, Կրօնական եւ Թեմական խորհուրդներին, ազգային-եկեղեցական մարմիններին, կրթական, բարեսիրական, կանանց, երիտասարդական, մարզական եւ մշակութային միութիւններին, կազմակերպութիւններին, ազգային դպրոցների եւ Կիրակնօրեայ դպրոցների ուսուցչական կազմերին եւ ուսանողութեանը, ծնողական խորհուրդներին, եկեղեցու սպասաւորներին, դպրաց դասերին, ազգային հաստատութիւններին եւ մեր ժողովրդի բոլոր զաւակներին՝ անխտիր:
Թող Յարութեան տօնը վերանորոգի մեր հաւատքը կենդանի, ապագայի նոր յոյս ու անմահական կեանք պարգեւի բոլորիս:
Քրիստոս յարեաւ ի մեռելոց:
Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի:

Սիրոյ ջերմ ողջունիւ՝
Առաջնորդ Սպահանի հայոց թեմի
ԲԱԲԳԷՆ ԵՊՍ. ՉԱՐԵԱՆ
Ս. Զատիկ
2012

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։