Հա

Ազգային

04/04/2012 - 13:34

ՎԱՀԷ ԱՆԹԱՆԷՍԵԱՆ

alt«Դաշնակցութեան գործ»-ի դատավարութիւնն սկսւեց 1912 թ. յունւարի 17-ին, Պետերբուրգի սենատի դատական ատեանում եւ տեւեց աւելի քան երկու երկար ու ձիգ ամիս:
«Դաշնակցութեան գործով» դատավարութեան մէջ ընդհանուր առմամբ կային 159 մեղադրեալներ, որոնցից ինը հոգին բացակայում էին, իսկ երկուսը մահացել էին բանտում՝ մինչ դատավարութեան սկսւելը: Մեղադրեալների մէջ կային անւանի գործիչներ՝ Յովհաննէս Թումանեան, Աւետիք Իսահակեան, Ներսէս վրդ. Մելիք-Թանգեան (ապագայում՝ արքեպիսկոպոս), մեծահարուստ Ա. Մելիք-Ազարեան, գրող, հասարակական գործիչ Աւետիս Ահարոնեան, Յովհաննէս Քաջազնունի, Դրաստամատ Կանայեան (Դրօ), Սիմոն Վրացեան, Համօ Օհանջանեան եւ այլք: Դատապարտւածների մէջ մեծ էր նաեւ հայ հոգեւորականութեան թիւը, այն անձանց, որոնք այս կամ այն կերպ աչքի էին ընկել 1905-1906 թթ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ:

Հայ բանտարկեալների մեծ մասը կալանւած էր Շլիսելբուրգի ամրոցում: 1912 թ. մարտի 19-ին հրապարակւած դատավճռով մեղադրեալներից անմեղ ճանաչւեցին 94 հոգի, 4 հոգի դատապարտւեցին տաժանակիր աշխատանքի՝ 4-6 տարւայ ժամկէտով, միւսները դատապարտւեցին աւելի փոքր ժամկէտներով: Այս կապակցութեամբ պէտք է նշել հայերի վարձած փաստաբաններ՝ Կարաբչեւսկու եւ Զարուդնու արդիւնաւէտ աշխատանքը, որոնք կարողացան ապացուցել, որ Դաշնակցութեան գործունէութեան մէջ որեւէ հակապետական գործօն չկայ:
Իսկ գործի էութիւնը հայ քաղաքական միտքը գլխատելն էր, որն իրեն փայլուն դրսեւորեց 1905 թ. կառավարութեան կողմից հրահրւած հայ-թաթարական ընդհարումների ժամանակ: 1905 թ. երկրում սկիզբ առած յեղափոխական շարժումները ճնշելու համար՝ Ռուսաստանի կայսերական կառավարութիւնը որոշեց միջոցներ ձեռք առնել բնակչութեան ուշադրութիւնը յեղափոխական շարժումներից շեղելու համար: Կայսրութեան ամենաանհանգիստ տեղամասը Կովկասն էր, եւ Պետերբուրգի կառավարութիւնն այստեղ հայերի եւ թաթարների միջեւ ազգամիջեան բախումներ հրահրեց: Հայերը հզօր հակահարւած հասցրին թաթարներին եւ անգամ ահաբեկեցին ընդհարումների պատասխանատուներին:
Ռուսաստանի վարչապետ Պ. Ստոլիպինը դիւային ծրագիր յղացաւ, այն է՝ կարգ ու կանոն հաստատելու համար մեկուսացնել Անդրկովկասի քաղաքական ուժերին ու աչքի ընկնող անհատներին: Բնականաբար, առաջին հարւածը պիտի հասցւէր Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը, քանզի ՀՅԴ-ն իրաւամբ ամենակազմակերպւած եւ ռէալ ուժն էր, եւ ոչ միայն՝ Անդրկովկասում: Ռուսական կաբինետը ծրագրերն իրականացնելու համար՝ սոսկ առիթ էր որոնում, եւ այն երկար չսպասեցրեց: Շուտով Դաշնակցութեան շարքերում լուրջ պառակտում եղաւ: Գաղափարական անհամաձայնութեան պատճառով՝ Գաբրիէլ Քեշիշեանին (խմբապետ Միհրան) ՀՅԴ Բիւրօն վտարեց կուսակցութեան շարքերից, քանզի նա ՀՅԴ Բիւրոյին շարունակ քննադատում էր վարած քաղաքականութեան համար:
Վտարւելով կուսակցութեան շարքերից՝ Գաբրիէլ Քեշիշեանը փորձեց ժամանակաւոր Զինւորական խորհուրդ ստեղծել, որը պէտք է զբաղւէր միայն Արեւմտեան Հայաստանի ազատագրութեան խնդիրներով: Դրութիւնը կուսակցութեան ներսում ծայրաստիճան սրւեց. մի քանի սպանութիւններ եղան: ՀՅԴ Բիւրօն որոշելով, որ Միհրանն իր գործունէութեամբ պառակտում է ազատագրական պայքարը եւ ստւեր նետում կուսակցութեան վրայ, որոշեց ահաբեկել նրան: Սակայն, Միհրանը չսպանւեց, այլ ծանր վիրաւորւեց: Դրանից յետոյ՝ նա ոստիկանութեանը մատնեց իրեն յայտնի որոշ գաղտնիքներ՝ Դաշնակցութեան գործունէութիւնից: Ստեղծւած առիթից օգտւելով՝ կառավարութիւնը բացեց «Դաշնակցութեան գործը»:
Այն, որ «Դաշնակցութեան գործը» սարքած էր եւ ռուսական պետական մեքենայի յօրինւածքը, ապացուցում է Կովկասի փոխարքայ կոմս Ի. Վորոնցով-Դաշկովի նամակը՝ ուղղած Նիկոլայ Բ կայսրին: Նամակը թւագրւած է 1913 թ. յուլիսի 11-ով: Նրանում Կովկասի փոխարքան կրկին հաւաստում է իր հաւատամքը՝ հայերի հաւատարմութեան նկատմամբ: Նա մասնաւորապէս նշում է, որ Կովկասի հայերը ոչ միայն անջատողական ձգտումներ չունեն, այլեւ նրանց ջանքերի ու աշխատանքի շնորհիւ է Թուրքիայի հայութիւնը ցանկանում միանալ Ռուսաստանին: Նամակում կոմսը նաեւ արտայայտում է իր տեսակէտը, որ Կովկասում հայերի ըմբոստութիւնը հէնց իշխանութիւններն են ստեղծել նրանց կրօնական եւ ազգային զգացմունքների նկատմամբ ոչ-զգուշաւոր մօտեցումներով: Մի խօսքով՝ անւանի գործիչը «Դաշնակցութեան գործ»-ը յերիւրանք է համարում, սուտ ու յօրինւած՝ կայսերական որոշ իշխանաւորների կողմից:
Պէտք է նշել, որ «Դաշնակցութեան գործ»-ի նման ելքի համար քիչ ջանքեր չգործադրեց նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գէորգ Ե-ն, որը 1912 թ. իր ընտրութիւնից անմիջապէս յետոյ բազմիցս նամակներով յամառօրէն դիմում էր Կովկասի փոխարքային, անձամբ Նիկոլայ Բ կայսրին՝ խնդրելով բարեհաճ լինել հայերի հանդէպ եւ դադարեցնել կեղծ մեղադրանքների հիման վրայ սկսւած դատավարութիւնը: Նա անգամ Պետերբուրգ մեկնեց՝ ներկայանալով կայսրին եւ համապատասխան պաշտօնատարներին:
Իր հերթին, իր ազդեցութեամբ քիչ ջանք չներդրեց Պետդումայի հայազգի անդամ Միքայէլ Պապաջանեանը, որը նոյնպէս բազում դիմումներով հեղեղում էր պետական եւ դատական ատեանները՝ ամբաստանեալներին ազատ արձակելու խնդրանքով:
Դատավարութեան ողջ ընթացքում Ռուսաստանի ազատական մամուլը, մտաւորականները, քաղաքական գործիչներն իրենց հրապարակումներում դատապարտում էին կառավարութեան կեցւածքն ու իրենց աջակցութիւնն արտայայտում մեղադրեալներին:
Քիչ չէին նաեւ քաղաքական դրդապատճառները: Բոլորին պարզ էր, որ հասունանում է Առաջին համաշխարհային պատերազմը եւ ռուսական կառավարութեանը օդի ու ջրի պէս անհրաժեշտ էր լինելու հայ ժողովրդի աջակցութիւնը՝ թուրքական ճակատում: Ռուսական կաբինետը հասկանում էր, որ եթէ գլխատի հայութեանը, որը, ըստ էութեան, կը լինէր դատավարութեան մեղադրող կողմին յագուրդ տալու դէպքում, կը զրկւի հայ ժողովրդի աջակցութիւնից: Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն իրաւամբ հայութեան առաջամարտիկն էր ազատագրական պայքարի բովում, եւ նրա տեղը ոչ մի կուսակցութիւն եւ քաղաքական ուժ չէր կարող լրացնել: Դրանից բացի՝ առաջիկայ պատերազմում ունենալ հայ ժողովրդի ատելութիւնն ու թշնամանքը, նշանակում էր իսկական ռումբ ունենալ թիկունքում՝ սեփական տանը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։