Հա

Ազգային

02/04/2012

alt1936 թւականի փետրւարի 20-ին վախճանւեց հայազգի անւանի ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանեանը:
Ալեքսանդր Յովհաննէսի Թամանեանը ծնւել է 1878 թւականի մարտի 4-ին Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար): 1904 թւականին աւարտել է Պետերբուրգի գեղարւեստի ակադեմիայի բարձրագոյն գեղարւեստական ուսումնարանի Ճարտարապետական բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով: Թամանեանի առաջին աշխատանքը Պետերբուրգի հայոց եկեղեցու վերականգնումն է (1904-1906 թթ.): 1907-1913 թթ. Պետերբուրգում՝ Ցարսկոյէ Սելոյում, Եարոսլաւլի եւ Օրեօլի նահանգներում կառուցել է շէնքեր, ստեղծել վերակառուցումների եւ ճարտարապետական յարդարման նախագծեր:

Նախայեղափոխական շրջանի գործերից առաւել ուշագրաւ են՝ Կոչուբէյի առանձնատունը՝ Ցարսկոյէ Սելոյում (1911-1912 թթ.), Շչերբատովի տունը՝ Մոսկւայում (1911-1913 թթ.), արժանացել է Մոսկւայի Քաղաքային դումայի ոսկէ մեդալի (1914 թւականին), Մոսկւա-Կազան երկաթուղու հիւանդանոցային համալիրը Պրոգորովկայում (այժմ՝ Կրատովօ, 1913-1917 թթ.), որտեղ օգտագործւած են դասական եւ 18-19-րդ դդ. սկզբի ռուսական ճարտարապետութեան ձեւերը՝ ինքնատիպ մեկնաբանումով եւ վերամշակումով:
Նախագծել է նաեւ այլ շէնքեր, որոնք չեն իրականացւել. այդ թւում՝ Անիի թանգարանը (1908 թւականին): 1919 թւականին Թամանեանը տեղափոխւել է Երեւան, 1921 թւականին՝ Իրան: 1923 թւականին հրաւիրւել է Հայաստան, ծաւալել բեղմնաւոր եւ եռանդուն գործունէութիւն: Ստեղծագործական աշխատանքին զուգընթաց՝ 1923 թւականից, որպէս հանրապետութեան Ժողկոմխորհի Գերագոյն տեխնիկական բաժնի նախագահ, ապա պետպլանի նախագահի տեղակալ, զբաղւել է տարբեր խնդիրներով (շինանիւթերի արդիւնաբերութիւն, ճանապարհների շինարարութիւն, ճահիճների չորացում, հողաբարելաւման աշխատանքներ եւն.):
Նրա ճարտարապետական առաջին աշխատանքը Երեւանի գլխաւոր յատակագիծն է (150.000 բնակչի համար, ՀՍՍՀ Ժողկոմխորհը հաստատել է 1924 թւականի ապրիլին): Նոր յատակագիծը խորհրդային քաղաքաշինութեան առաջին նշանակալի երեւոյթներից է: Այն Երեւանի հետագայ բոլոր գլխաւոր յատակագծերի հիմք է եւ յատկանշում է Թամանեանի քաղաքաշինական գաղափարների կենսունակութիւնն ու առաջադիմական էութիւնը:
Թամանեանը պարբերաբար անդրադարձել է Երեւանի յատակագծին, մշակել, կատարելագործել է այն: 1934 թւականին սկսել է նախագծել «Մեծ Երեւանի» (500.000 բնակչի համար) յատակագիծը, որը մնացել է անաւարտ: 1925-1933 թթ. նախագծել է Լենինականի (Գիւմրի), Վաղարշապատի (Էջմիածին), Ստեփանակերտի, Նոր Բայազէտի (Կամօ), Ախտայի (Հրազդան), Լուկաշինի, Նուբարաշէնի (Սովետաշէն) եւ այլ բնակավայրերի յատակագծերը, որոնցից ոչ բոլորն են իրականացւել:
Թամանեանը յատուկ նշանակութիւն է տւել Հայաստանի բազմազան քարերին, որոնք իրենց յատկութիւններով, այլ գործօններով հանդերձ, թելադրել են շէնքերի կառուցւածքները, ճարտարապետական ձեւերն ու յարդարանքը: Երեւանում Թամանեանի նախագծերով կառուցւել են տարբեր տիպի շէնքեր՝ աստղադիտարանը (1930-1935 թթ.), Բժշկական ինստիտուտի անատոմիկումը (1926-1933 թթ.), Անասնաբուժական, Ֆիզիոթերապեւտիկ, Պոլիտեխնիկական ինստիտուտները (1927-1932 թթ.), Այղր լճի ջրհան կայանը (1925 թւականին), Հանրային գրադարանը (1932-1938 թթ.): Թամանեանը ճանաչւել է այնպիսի գործերով, ինչպէս Երեւանի գլխաւոր յատակագիծը, Երեւանի առաջին հիդրոկայանը (1923-1926 թթ.), Հայկական ՍՍՀ Կառավարական տունը (առաջին հերթը՝ Հողժողկոմատ, 1926-1929 թթ.), հետագայում՝ Կառավարական տուն (1932-1941 թթ.), Օպերայի եւ բալետի թատրոնը (1926-1953 թթ.):
Կառավարական տունը եւ օպերային թատրոնի շէնքը նոր տիպի շինութիւններ են՝ նորարարական մի շարք կողմերով: Այս շէնքերի նախագծերի մի շարք մտայղացումներ կառուցելիս չեն իրականացւել: Կառավարական տան համար Թամանեանին յետմահու շնորհւել է պետական մրցանակ (1942 թ.): Օպերայի եւ բալետի թատրոնի նախագիծը Փարիզի 1937 թւականի համաշխարհային ցուցահանդէսում շահել է Մեծ ոսկէ մեդալ (Grand prix):

«1in.am»

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։