Հա

Ազգային

18/03/2012 - 10:24

Քրիստոնէական արժէքները՝ Հայոց Առաքելական Ս. Եկեղեցւոյ աւանդոյթների շրջածիրում

Մաշտոցը եկեղեցու խորհուրդներն ու արարողութիւնները բովադակող գիրք է, որ կոչւում է նաեւ «Ծիսարան», որի առաջին կազմողը եղել է Սահակ Պարթեւ Հայրապետը, իսկ դասաւորողը՝ Մաշտոց Եղիվարդացի կաթողիկոսը (9-րդ դար):
Ժամանակների ընթացքում Մաշտոցը ճոխացաւ աղօթքներով ու շարականներով:
Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի երեք Մաշտոց, որոնք են.

Ա- Փոքր Մաշտոց - Բովանդակում է քահանայի կատարելիք խորհուրդների արարողութիւնները, որոնք նշանակւած են Մաշտոցում. օրինակ՝ մկրտութիւն, դրոշմ, ամուսնութիւն, թաղում, տնօրհնէք եւ մի շարք ուրիշ արարողութիւններ:
Բ- Մայր Մաշտոց - Բովանդակում է փոքր Մաշտոցի արարողութիւնները, յաւելեալ՝ եպիոկոպոսների միջոցով կատարւող արարողութիւններ, օրինակ՝ ձեռնադրութիւններ դպիրների, սարկաւագների եւ քահանաների, վարդապետական աստիճանների տւչութեան արարողութիւնները եւ մի շարք ուրիշ արարողութիւններ, օրինակ՝ եկեղեցու հիմնարկէքի եւ օծման, պատկեր օրհնելու եւ օծելու, քահանաների թաղման արարողութեան եւ ուրիշ այլ արարողութիւնների կատարման ձեւերն ու կանոնները: Մայր Մաշտոցի ձեռնադրութեան բաժինը 1876 թւականին հրատարակւել է Վաղարշապատում:
Գ- Հայր Մաշտոց - Բովանդակում է կաթողիկոսներին վերապահւած կանոններ, որոնք են՝ կանոն ձեռնադրութեան եւ օծման կաթողիկոսի, կանոն ձեռնադրութեան եպիսկոպոսի, միւռոնի օրհնութիւն եւ նաեւ թագաւորի օծում, որը նախապէս կաթողիկոսներն էին կատարում:
Քրիստոնէութեան սկիզբը եւ գլուխը մկրտութիւնն է, որը ժողովրդական բառով նաեւ կնունք է կոչւում: Մկրտութիւնը վերստին հոգեւոր ծնունդ է, ինչպէս Քրիստոսն ասաց. «Եթէ մէկը վերստին չծնւի հոգուց ու ջրից, Աստծու արքայութիւնը չի մտնի»: Վերստին ծնունդ է կոչւում, որովհետեւ նա, որ մէկ անգամ մարմնաւոր ծնողներից է ծնւել, որը ախտաւոր ծնունդ է, երկրորդ անգամ հոգեւոր աստւածային ծնունդով կը ծնւի: Այս ծնունդի հայրը Աստւած է, մայրը՝ եկեղեցին եւ արգանդը՝ աւազանը, որով մանուկը ջրով ու հոգով է ծնւում: Ինչպէս որ ջուրը լւանում ու սրբում է մարմնի աղտը, նոյնպէս Սուրբ Հոգին սրբում ու մաքրում է հոգին ու Աստծու տաճարի է վերածում:
Մեր մկրտութիւնը Քրիստոսի մարմնով է իրագործւում, ինչպէս Պօղոս առաքեալն ասում է. «Չգիտէ՞ք, թէ մենք, որ մկրտւեցինք, միանալով Յիսուս Քրիստոսին՝ մկրտութեամբ հաղորդակից դարձանք նրա մահւան»: Երբ քահանան ջուր է լցնում աւազանի մէջ եւ ասում է. «Տիրոջ ձայնը ջրերի վրայ է», աստւածային այն ձայնը, որ արարչագործութեան ժամանակ ջրերի վրայ եղաւ եւ ասաց. «Թող ջրերն արտադրեն կենդանութեան շունչ ունեցող զեռուններ» եւ Աստծու հրամանը կատարւեց. եւ այն ձայնը, որ Քրիստոսի մկրտութեան պահին Յորդանան գետի վրայ լսւեց եւ ասաց. «Դա է իմ սիրելի Որդին», նոյն այդ ձայնը այս ջրի վրայ ծնում է այս մանկանը, որն այլեւս Աստծու որդի է կոչւելու:
Միւռոնը ջրի վրայ խաչաձեւ կաթեցնում է. Միւռոնը խորհրդանշում է Քրիստոս, իսկ խաչաձեւը՝ Քրիստոսի խաչը: Ինչպէս որ Քրիստոսը խաչով մեռաւ, նոյնպէս քրիստոնեան աւազանում խորհրդաբար Քրիստոսի հետ խաչակից է լինում, աշխարհի ու մեղքերի դէմ մեռնում եւ միայն Քրիստոսի բարեգործութեամբ կենդանանում: Քահանան մանկան երեք անգամ ջրի մէջ է ընկղմում, որ խորհրդանշում է Քրիստոսի երեքօրեայ թաղումը, որպէս թէ այդպէս թաղւում է Քրիստոսի հետ: Ջրից դուրս բերելով՝ Քրիստոսի հետ յարութիւն է առնում: Վերը՝ բեմ բարձրանալով՝ Քրիստոսի հետ երկինք է համբառնում, որովհետեւ բեմը երկնքի օրինակն է: Հաղորդւելով՝ միանում է Քրիստոսին, ինչպէս ինքն իսկ ասաց. «Ինչպէս Հայրը, որ ինձ ուղարկեց, ապրում է, ես էլ ապրում եմ նրանով: Նմանապէս, ով ուտի իմ մարմնից, կապրի ինձանով»: Նոր կնքւած երեխային մինչեւ քառասուն օր ամէն կիրակի պէտք է հաղորդեն, եւ այդ տանը մեղք կամ հայհոյանք չլինի, այս բոլորը սրբութեամբ ապրեն՝ Աստծու ահով ու երկիւղով:
Այս է քրիտսոնէական հաւատքի առաջին գլուխը:

Մայր Մաշտոց

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։