Հա

Ազգային

Կիրակի, 11 Մարտի 2012 09:55

Պահք

Քրիստոնէական արժէքները՝ Հայոց Առաքելական Ս. Եկեղեցւոյ աւանդոյթների շրջածիրում

(Շարունակութիւն մարտի 4-ի համարից)

Ե - Դատաւորի կիրակի
Աղօթքի գաղափարին է ընծայւած Մեծ պահքի հինգերորդ կիրակին: Աղօթքը կրօնի հոգին է, ողն ու ծուծը, կեանքը: Կրօնն առանց աղօթքի՝ աներեւակայելի է, քանզի կրօնի առարկան նոյնինքն Աստւած է եւ հոգեւոր կեանքը, իսկ աղօթքն անպայման պէտք է իր դիմաց ունենայ աներեւոյթ յաւիտենական էակին, որը Արարիչն է տիեզերքի եւ Տէրը կեանքի: Իսկ հոգեւոր կեանքը եւ աղօթքը գրեթէ նոյնն են, ինչպէս ընտանեկան կեանքը եւ սէրը: Ըստ այսմ՝ առանց աղօթքի՝ քրիստոնեան թռչուն է՝ առանց թեւի եւ ձուկ՝ առանց լողակի: Այս առակով Քրիստոսն ուզում է ասել, որ հաւատացեալը ամէն ժամ՝ թէ՛ ուրախութեան, եւ թէ՛ տխրութեան, թէ՛ առատութեան, եւ թէ՛ նեղութեան ու դժւարութեան պարագաներում, պէտք է յիշի իր Արարչին, մեր Տիրոջ՝ Քրիստոսին՝ աղօթքի միջոցով, որովհետեւ աղօթքը միակ միջոցն է՝ Երկնաւոր Հօր հետ կապի մէջ մտնելու:

Զ - Գալստեան կիրակի
Մեծ պահքի կիրակիների ոսկի շղթայի վերջին օղակի համար աւելի պատշաճ եւ աւելի իմաստալից անուն չէր կարելի երեւակայել: Կիրակիի խորհուրդը մեծանում եւ համապարփակ նշանակութիւն է ստանում նրանով, որ այն նւիրւած է Յիսուսի ոչ միայն երկրորդ, այլ նաեւ նրա առաջին գալստեանը, ինչպէս հաստատում է օրւայ շարականը: Այս օրւայ աւետարանական հատւածը եւ շարականները ամբողջովին պատմում են Քրիստոսի երկրորդ գալուստի մասին եւ հաւատացեալներին պատրաստութեան եւ զգաստութեան կոչ են ուղղում այդ օրւայ համար:

է - Ծաղկազարդ
Ս. Յարութեանը նախորդող կիրակի օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ: Յիսուսը եկաւ՝ աւետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկւածներին, գերիներին ազատելու եւ կոյրերին տեսողութիւն պարգեւելու, ինչպէս մարգարէացել էր Եսային: Շատ կոյրեր, դիմելով Յիսուսին, բժշկւեցին: Յիսուսի մուտքը Երուսաղէմի ժողովուրդն ընդունել է խանդավառութեամբ՝ ձիթենու եւ արմաւենու ճիւղերը, ինչպէս նաեւ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրայ եւ աղաղակելով. «Ովսաննա Բարձրեալին, օրհնեալ լինի նա, ով գալիս է Տիրոջ անունով» (Մարկ. 10:9-10): Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների՝ Յիսուսի առջեւ հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատւելը: Ոստեր եւ ճիւղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիւներ եւ հանդիսաւորութիւն: Ձիթենին համարւել է իմաստութեան, խաղաղութեան, յաղթանակի եւ փառքի խորհրդանշան: Ձիթենու եւ արմաւենու ճիւղերի ընծայումը Քրիստոսին, որը մեռեալ Ղազարոսին յարութիւն տւեց, խորհրդանշում է մահւան հանդէպ յաղթանակը: Ծաղկազարդի նախօրէին՝ շաբաթ օրը, կատարւում է Ծաղկազարդի նախատօնակը, բացւում է խորանի վարագոյրը, իսկ յաջորդ օրը ժամերգութիւնից յետոյ, բաց վարագոյրով մատուցւում է ս. պատարագ: Ծաղկազարդի առաւօտեան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը եւ բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին եւ պտղաբերւում են միայն Քրիստոսին ընծայւելուց յետոյ: Ոստերի փափկութիւնը խորհրդանշում է Քրիստոսին հետեւողների խոնարհութիւնը, ուռենու ճիւղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպէս Ծննդեան օրը մոգերի բերած ընծաները: Յիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպէս Թագաւոր՝ յաղթական պսակը գլխին, անէծքը վերացնող եւ կենդանութիւն պարգեւող:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ