Հա

Ազգային

08/10/2015 - 09:40

ԽՕՍՔ - Այդ ո՛ր մի ազգը...

Կեանքը առիթ է, որ մարդու հոգու խորքը չափւում-քննարկւում է այնտեղ, իսկ լաւ տեսիլքը՝ ճամբան-ուղղութիւնն է այն, որով տեսնւում-գտնւում է գագաթն այն, որին պիտ հասնել՝ իմաստ տալով նոյն կեանքուկենցաղ կոչւածին: 5-րդ դարի Սուրբը շնորհիւ նման վսեմ Տեսիլքի էր, որ փրկագործեց մեր հաւաքական եւ անձնական լինելութեան կեսնագործման ոլորտը յաւիտենապէս:

Կեանքը առիթ է, որ մարդու հոգու խորքը չափւում-քննարկւում է այնտեղ, իսկ լաւ տեսիլքը՝ ճամբան-ուղղութիւնն է այն, որով տեսնւում-գտնւում է գագաթն այն, որին պիտ հասնել՝ իմաստ տալով նոյն կեանքուկենցաղ կոչւածին: 5-րդ դարի Սուրբը շնորհիւ նման վսեմ Տեսիլքի էր, որ փրկագործեց մեր հաւաքական եւ անձնական լինելութեան կեսնագործման ոլորտը յաւիտենապէս:

* * *

Ամէն անգամ մեր մարմնամտաւոր-հոգեւոր, ազգացեղային հզօր, այլեւ հրաշածին տօների տօնը՝ Մշակոյթի օրը նշելով, առիթ ենք ունենում խորհել-խոկալ-մտածել անցեալի, բայց մանաւանդ ներկայի եւ ապագայի վերաբերեալ:
Մի կողմից իրաւացիօրէն գիտենք՝ հեշտ չենք հասել երրորդ հազարամեակի այս օրերին, իբրեւ՝ գեն, որն իր գործունէութիւնն ու դրսեւորումն է ունեցել նոյն եւ մէկ ազգի հաւաքականութեան հանդերձանքով,- իսկ եթէ դրան անդրադառնալով, անդրադարձ կատարենք նաեւ այն հանգամանք-պարագային, որ արմէնների սկզբնաւորումը գալիս է մեր թւարկութիւնից 1-2 հազարամեակ առաջւանից՝ ճառագայթը, որ արձակւում է 5-րդ դարից, կը փայլաւորւի աւելի շողարձակումով եւ կը ցուցանի՝ Ոսկեդարը, որտե՛ղ է բազմապատկւելով առաւել լուսարձակ ընթացք վերցրել՝ հնարաւորութիւն ընձեռելով դիմագրաւել արհաւիրքներին անպակաս եւ կործանիչ,- ընձիւղել կրկին ու կենալ նոր հազարամեակի յոյսերի, բայց նաե՛ւ հալածիչ հանգամանքների՝ սպառնալիքների առջեւ:
Չմոռանանք Տեսիլքը: 19-րդ դարի երկրորդ կէսին Րաֆֆին իր «Խենթը» վէպի հերոսի երազի ընդմիջից տեսաւ այն Ազատութիւնը, որ գալու էր 20-րդ դարի առաջին քառորդին...

* * *

... Եթէ հարկ կայ յիշատակել-շեշտել այսօրւա՛յ դժւարութիւններն ակներեւ ու աներեւոյթ վտանգները՝ «Չարի զէնքեր»-ը, որոնք սպառնում են հայոց ֆիզիկական եւ հոգեւոր կեանքին հաւասարապէս, դժւար չէ անւանակոչումը սոյն չարիքների-. հայրենիքից հեռացում, անտեղի տարակարծութիւններ, կեղծ եւ խորթ հրապուրանքներով յաղթւել, նկարագրի աղճատում, լեզւի ոչնչացում, եւ այլն, եւ այլն, ա՜յլն...

* * *

Ցեղասպանութեան տարիներին հոգեկան «հաւասարակշռութիւնը» կորցրած գրող Տիրան Չրագեանի խօսքով. «Հոգին, հոգի՛ն փրկելն է կարեւոր...»: Մենք էլ համոզւած ենք՝ վտանգներին դէմ-յանդիման գնալու համար անհրաժշետ է հոգեկան բարձր կայմ, որը բարձր է՝ առօրեայ մանր ու մեծ անցուդարձերից, վտանգ-սպառնալիքներից թեթեւակի, անցողական տագնապներից նոյնիսկ: Կա՛յմ, որ նայում է հեռու, հեռու, հեռաւորութիւննե՜ր...
Սակայն ո՜ւր է կայմն այդ՝ հայի հոգու բարձունքը:
Սկզբից վսեմութիւն հարկադրող, Աստւածաշնչով նւիրագործւած, մօտ ու հեռու տարածութիւններում՝ ամենօրեա՛յ ներկայ փարոսը յուսատու լոյսի, խղճի վիթխարի կռան, հարազատ, անյողդողդ, անուրանալի ապրում... Արարա՜տն է դա:

* * *

Սփիւռքահայութեան արհաւիրքները դեռ անցեալ դարի կէսերից էլ առաջ ահազանգող, Ֆրանսիայում՝ խորթ ափերում՝ Շ. Շահնուրը ճչում էր, փոխան շշնջալու՝ մեղա՜յ, մեղա՜յ Արարատին...
Սակայն, այս անգամին՝ բարեբախտաբար, նրա յոռետեսութիւնները ամբողջովին իրականութիւն չդարձան, շնորհիւ Հայաստանի Հանրապետութեան իրողութեան, Արցախ-Ղարաբաղի ազատագրաման, Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի նւաճումների ու էլի ուրիշ յաղթանակների, սակայն այսօր իսկ՝ Արարատն է այն հզօր-հսկայ փարոսը, որը կարող է փրկել հայի՝ հոգին, նկարագիրը,- հաւատը, յոյսն ու աննկուն որոշումների իրականացման պատւանդանը...
Ուրեմն, մեր աչքերը,- հայի սեւորա՜կ աչքերը,- չբաժանենք ճերմակ Լեռան Սրբազան կատարից եւ այս նոր շրջանների ծիրում, աղօթքի պէս շշնջանք յարգանք, հաւատ, հաւա՜տ Արարատին:
Սեւակեան յայտնի արտայայտութիւնը յիշեցնելով, յիշենք նաեւ՝ «Այդ ո՞ր մի ազգը...», իսկ Ոսկեդարի սրբերի մեծագոյն ձեռքբերումներից, «Թագուհի թարգմանութեանց» Աստւածաշունչն արդէն կասի, թէ՝ այդ ո՛ր մի ազգը Արարա՜տ ունի»...:

Ս.

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։