Հա

Ազգային

11/10/2015 - 08:50

Թարգմանչացը՝ ինքնուրոյն մշակոյթի գիտակցում

406 թւականի գրերի գիւտը եւ նորահաստատ հայկական դպրոցները ամէն կողմից բացառիկ խանդավառութիւն առաջ բերեցին:
Ս. Մեսրոպ Մաշտոցի եւ Ս. Սահակի շուրջ համախմբւեցին տաղանդաւոր բազմաթիւ համագործակիցներ եւ աշակերտներ:
Նկատի առնելով նրանց լեզւական եւ մշակութային ուշագրաւ նւաճումներն ու մտքի բազմատեսակ արժէքաւոր ստեղծագործութիւնների փաստը՝ Ե դարը կոչւեց հայ ժողովրդի Ոսկեդար:

406 թւականի գրերի գիւտը եւ նորահաստատ հայկական դպրոցները ամէն կողմից բացառիկ խանդավառութիւն առաջ բերեցին:
Ս. Մեսրոպ Մաշտոցի եւ Ս. Սահակի շուրջ համախմբւեցին տաղանդաւոր բազմաթիւ համագործակիցներ եւ աշակերտներ:
Նկատի առնելով նրանց լեզւական եւ մշակութային ուշագրաւ նւաճումներն ու մտքի բազմատեսակ արժէքաւոր ստեղծագործութիւնների փաստը՝ Ե դարը կոչւեց հայ ժողովրդի Ոսկեդար:
Ազգային, մշակութային զանազան բնագաւառների մէջ, կրօնական, գրական, իմաստասիրական տաղանդներով ի յայտ եկան բացառիկ անհատներ, որոնք եղան եւ մնում են հայ ժողովրդի պարծանքը:
Մեծ Վարդապետի եւ Ս. Սահակ Հայրապետի տաղանդաշատ աշակերտների յիշատակութիւնը Սրբոց Թարգմանչաց անւան տակ, լայն ձեւով իր մէջ խտացնում է ոչ միայն Հայոց գրերի գիւտի տօնը, այլեւ՝ հայկական դպրոցների հիմնադրման, ինքնուրոյն ստեղծագործութիւնների, պատմագրութեան, կրօնա-ազգային հայեցի մշակոյթ իրագործելու յաջող ճիգերը, իմաստը եւ արդիւնքները:

 

Թարգմանչաց գլուխգործոցը՝ Աստւածաշունչ մատեանի թարգմանութիւնը

Դպրոցական եւ ուսումնական աշխատանքներին համընթաց՝ նրանք անմիջապէս ձեռնամուխ էին եղել Աստւածաշունչ մատեանի թարգմանութեանը:
Որոշ պատմաբաններ կարծում են, որ Ս. Մեսրոպի եւ Ս. Սահակի հետ թարգմանական աշխատանքներին մասնակցող համագործակից աշակերտների թիւը հասնում է մինչեւ հարիւրի: Ոմանք էլ կարծում են, որ նրանք երեսունից աւել չէին: Այսուհանդերձ՝ բացայայտ է, որ համագործակցողները եղել են արւեստագէտ, օժտւած եւ բացառիկ տաղանդ ունեցող ստեղծագործ անձինք: Յիշենք օրինակ Կորիւնին, Եզնիկ Կողբացուն, Եղիշէ Պատմիչին, Յովհան Մանդակունուն, Յովսէփ Վայոցձորեցուն, որը յաջորդեց Սահակ Հայրապետին: Աստւածաշունչ մատեանի ամբողջ թարգմանութիւնը եւ վերջնական օրինակի ձեւակերպումը հաւանաբար տեւեց 25-30 տարի՝ սկսած գրերի գիւտի թւականից:
Աստւածաշնչի թարգմանութեան մէջ մեծ վաստակ է վերագրւում գիտնական կաթողիկոս Ս. Սահակ Հայրապետին, ինչպէս նաեւ Եզնիկ Կողբացուն եւ Կորիւն Սքանչելիին, այսուհանդերձ նկատի պէտք է ունենալ, որ ամբողջութիւնը արդիւնք է մեծաթիւ մտաւորականների հաւաքական աշխատանքի:
Հայերէնի վերջնական թարգմանութիւնը կատարւեց յունարէնի ճիշտ եւ ստուգւած բնագրից, որը կոչւում է Եօթանասնից: Այն եղաւ այնքան հմայիչ եւ առինքնող, որ օտար եւ հայ գիտնականներն այն որակեցին որպէս Թագուհի թարգմանութեանց:

 

Թարգմանչաց արժեւորումն անցեալում

Թէ՛ թարգմանիչները, եւ թէ՛ նրանց թարգմանական գործը բոլոր դարերում էլ բարձր են գնահատւել: Ե դարից սկսած հայ մատենագիրները ամենավեհ զգացումներով են գրել եւ խորհրդածել առաջին ուսուցիչների՝ Ս. Մեսրոպ Մաշտոցի, Ս. Սահակի եւ նրանց առաքելատիպ աշակերտների բովանդակալից գործերի եւ հոգե-մտաւոր ժառանգութիւնների մասին:
Վերջին ժամանակներում, մանաւանդ ԺԹ դարի հայկական վերազարթօնքից սկսած, նրանց գործն ու կեանքն ըստ արժանւոյն ներշնչումի նիւթ դարձան: Չկայ մի հայ գրող, որն արձակ կամ չափածոյ ստեղծագործութիւնների միջոցով գովք եւ երախտագիտական զգացումներ արտայայտած չլինի, այսօր արդէն հարուստ գրականութիւն ունենք այդ նիւթերի վերաբերեալ:
1912-1913 թւականներին, Ս. Էջմիածնի հայրապետութեան թելադրանքով, Երուսաղէմի հայոց պատրիարքութիւնը հայ գրերի գիւտի 1500-ամեակին նւիրւած ծաւալուն հանդիսութիւններ կազմակերպեց Պոլսի եւ Սփիւռքի հայաշատ քաղաքներում:
1962-ին Սովետական Հայաստանում, պետութեան նախաձեռնութեամբ մեծ շուքով նշւեց Ս. Մեսրոպ Մաշտոցի ծննդեան 1600-ամեակը: Այդ առիթով պետական աշխարհահռչակ հարուստ ձեռագրերով մատենադարանը անւանւեց Մեսրոպ Մաշտոցի անւան Մատենադարան: Նրա առջեւ կանգնեցւեց Սուրբի հոյակերտ արձանը:

 

Թարգմանչաց արժեւորումը ներկայումս

1977-ից սկսած Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը Սրբոց Թարգմանչաց տօնի կապակցութեամբ համաժողովրդական մեծ հանդիսութիւններ է կազմակերպում իր ընդարձակ սրահներում. Վեհափառ Հայրապետն, գրքի ցուցահանդէսներով քաջալերում է գրասիրութիւնն ու ընթերցանութիւնը, իմաստալից պատգամներ է փոխանցում ժողովրդին:
Ջանք չեն խնայում, որպէսզի Թարգմանչացը մեր ժողովրդի համար մշակոյթի բարգաւաճման եւ ազգապահպանման միջոցառումների տօն դառնայ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Վեհափառ Հայրապետը նշանաւոր գրողներին կամ վաստակաշատ ուսուցիչներին պարգեւատրելու համար նրանց է շնորհում Ս. Մեսրոպի անունով «Արժանեաց» շքանշանը:
...Իմանալ եւ իմացւել՝ սա իւրաքանչիւր ժողովրդի հոգեւոր գոյութեան խորհուրդն է ու երազը միաժամանակ:
...Հայ գրականութիւնն այսօր այլեւս անյայտ աշխարհ չէ. մեր ե՛ւ դասական, ե՛ւ ժամանակակից գրականութեան նշանակալից արժէքներն այսօր դուրս են եկել նաեւ միջազգային մշակոյթի ուղեգիծ:
...Մենք երախտիքի սրտագին խօսք պիտի ասենք թարգմանիչներին ու հրատարակիչներին, որոնք հայ գրականութեան արժէքները դարձնում են գրականութեան միջազգային շարժման երեւոյթ...:
Այս բոլորը, ինչպէս նաեւ բնական այն երեւոյթը, որ թէ՛ Հայրենիքի եւ թէ՛ Սփիւռքի մէջ բազմաթիւ դպրոցներ եւ եկեղեցիներ կրում են մեծ ուսուցիչների նւիրական անունները՝ յաւելեալ վկայութիւններ են, որ հայութիւնը այսօր եւս երախտագիտութեամբ է յիշում նրանց:

Քաղեց
Թ. Հ. Թ. Հանրային
կապի գրասենեակը

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։