Հա

Ազգային

22/10/2015 - 07:30

Աստծու խօսքի կերպարանափոխիչ զօրութիւնը

Հայաստանեայց եկեղեցին հոկտեմբեր ամսին տօնում եւ ոգեկոչում է յիշատակը իր թարգմանիչ վարդապետների՝ Մեսրոպի, Եղիշէի, Մովսէս Քերթողահօր, Դաւիթ Անյաղթ Փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացիի եւ Ներսէս Կլայեցիի (Շնորհալի), այսինքն՝ այն վարդապետների, որոնք շարականագրի բառերով՝ «Նրանք, ովքեր աստւածագիտութեան ծածկւած խորհուրդը տնօրինաբար յայտնելով ճանաչեցրին մեզ, մեծ Սուրբի Մովսէսի նման»:

Հայաստանեայց եկեղեցին հոկտեմբեր ամսին տօնում եւ ոգեկոչում է յիշատակը իր թարգմանիչ վարդապետների՝ Մեսրոպի, Եղիշէի, Մովսէս Քերթողահօր, Դաւիթ Անյաղթ Փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացիի եւ Ներսէս Կլայեցիի (Շնորհալի), այսինքն՝ այն վարդապետների, որոնք շարականագրի բառերով՝ «Նրանք, ովքեր աստւածագիտութեան ծածկւած խորհուրդը տնօրինաբար յայտնելով ճանաչեցրին մեզ, մեծ Սուրբի Մովսէսի նման»: Այո, նրանք Աստծու իմաստութեամբ զարդարեցին Հայաստան աշխարհը հայ գրերի արարումով:
Նոյն ամսին ոգեկոչում ենք նաեւ յիշատակը՝ չորս աւետարանիչների՝ Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասի եւ Յովհաննէսի, որոնք իրենց աւետարաններով աստւածային ճշմարտութեան լոյսը փոխանցեցին մեզ, հանդիպելով յաւերժահոս աղբիւր աստւածագիտութեան:
Մենք Աւետարանիչների տօնը, մեր թեմում, յայտարարել ենք որպէս «Աստւածաշնչի օր», այն խոր համոզումով, որ Աստւածաշունչը որպէս Աստծու Յայտնութիւն եւ Յաւիտենական խօսք է եղել, է, եւ լինելու է մեր ժողովրդի զօրութեան, ներշնչման եւ առաջնորդութեան աղբիւր եւ լոյս:
Աստծու խօսքն իր էութեամբ լոյս է, խաղաղութիւն եւ միաժամանակ յաւիտենական ապահովութիւն՝ այլ խօսքով յաւիտենականութեան առաջնորդող ճշմարտութիւն:
Աւետարանիչներից իւրաքանչիւրը այդ խօսքը հարազատութեամբ փոխանցեց ողջ աշխարհին որպէս պատգամ, նաեւ պատւանդան նոր կեանքի:
Մատթէոսի Աւետարանը իր էութեամբ կազմում է մի գեղեցիկ օղակ Նոր Կտակարանի եւ Հին Կտակարանի միջեւ: Իր Աւետարանը կարծէք մի կողմից վկայարանն է Հին Կտակարանի եւ միւս կողմից էլ հաստատումը Հին Կտակարանի մարգարէութեանց: Մատթէոսի Աւետարանի 5-7 գլուխները, Շնորհք պատրիարքի բառերով, կազմում են «Նոր Ուխտի օրինագիրքը, եւ որ միաժամանակ համամարդկային կրօնա-բարոյական գրականութեան գագաթն է կազմում»:
Մարկոսի Աւետարանը թէեւ ամենից համառօտն է, բայց ա՛յն հնագոյնն է յարաբերաբար միւս Աւետարանների: Սոյն Աւետարանը նպատակադրւած է առաւելաբար դէպի հեթանոսներ:
Աւետարանիչը միաժամանակ եղել է Եգիպտոսի եկեղեցու հիմնադիրը, ով իր նահատակութեամբ նւիրագործեց առաքելաշնորհ այդ եկեղեցին:
Ղուկաս Աւետարանիչը, որպէս բժիշկ հանդիսանում է մի բացառիկ անձնաւորութիւն, որի Աւետարանը իր բովանդակութեամբ, մատուցման եղանակով եւ յիշատակած առակներով կազմում է մի սքանչելի եւ անփոխարինելի բովանդակութեամբ աստւածային մատեան: Այս Աւետարանը արտայայտում է Քրիստոսի սէրն ու գուրգուրանքը հանդէպ աղքատների, տկարների, խոնարհների, մանուկների, կանանց եւ մեղաւորների, մի երեւոյթ, որը առաւել եւս շեշտում է Աւետարանի համամարդկային նկարագիրը:
Նրա Աւետարանի կողքին գրւել է նաեւ «Գործք Առաքելոց» (Առաքեալների գործերը) գիրքը, որը կարծես շարունակութիւնն է իր Աւետարանի եւ սկիզբը՝ եկեղեցու պատմութեան:
Չորրորդ Աւետարանը իր բովանդակութեամբ իւրայատուկ է, որովհետեւ Յովհաննէսն ինքը որպէս Յիսուսի «Սիրելի աշակերտը» իր եռանդով, հանդարտութեամբ, քաջութեամբ ու բարութեամբ, մեծութեամբ, խոնարհութեամբ, սիրով եւ խստութեամբ հանդիսանում է Քրիստոսի եկեղեցու հիմնասիւներից մէկը:
Չորս Աւետարանիչները չորս սիւներն են եկեղեցու, որոնք Աստծու խօսքը անարատութեամբ ու անաղարտութեամբ փոխանցեցին ողջ աշխարհին: Նրանք եղան «Քրիստոսի աշակերտները, որոնք կեանքի բանը - խօսքը - աշխարհում աներկիւղ կերպով քարոզեցին», որովհետեւ նրանք համոզւել էին, որ Աստծու խօսքը, միտքը լուսաւորող, իմաստաւորող, տկարին զօրացնող, սգաւորին մխիթարող, կարօտեալին կենսաւորող, չարչարւողին հանդարտեցնող ուժ ունի իր մէջ:
Անցեալ երկու հազար տարիների կեանքը Քրիստոսի եկեղեցու գեղեցկագոյն վկան է այս ճշմարտութեան «Ի սկզբանէ» խօսքը Աստծու եկեղեցու կեանքում եղաւ հոգեւոր սնունդ, Սաղմոս սիրոյ, աղբիւր երջանկութեան եւ մխիթարութեան, խաչ եւ յարութիւն, Աղօթք եւ ներողամտութիւն, այլ խօսքով՝ նոր ու պայծառափայլ կեանք, լի Աստծու շնորհներով. շնորհ, որը բանաստեղծի բառերով «Արեւ է անուշ» սրտերը ջերմացնող, ցուրտը փարատող եւ յաւերժաբոյր ամպ հովանի:
Սաղմոսերգուի բառերով Աստծու խօսքը ճրագ է, եւ մեր ճամբաները լուսաւորող. երանի նրան, ով Տիրոջ ճանապարհով է ընթանում:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ
ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
18 հոկտեմբերի 2015 թ.
Թեհրան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։