Հա

Ազգային

14/02/2016 - 10:10

ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ - Պետօն

«Ես չեմ կռւել: Երբեմն եղել եմ Ղարաբաղում, երբեմն ուղեկցել եմ տղերքին, ոչ միայն Պետոյին: Ես առաջին անգամ Ղարաբաղ գնացի 89-ին, Հադրութի շրջան: Ես մարտական այդպիսի կենսագրական չունեմ: Կարելի է ասել՝ մարտական գործողութիւններին չեմ մասնակցել»,- «Հետք»-ի հետ զրոյցում ասաց Պետրոս Ղեւոնդեանի (Պետօ) եղբայրը՝ Գագիկ Ղեւոնդեանը:

ՍՈՆԱ ԱՒԱԳԵԱՆ


«Ես չեմ կռւել: Երբեմն եղել եմ Ղարաբաղում, երբեմն ուղեկցել եմ տղերքին, ոչ միայն Պետոյին: Ես առաջին անգամ Ղարաբաղ գնացի 89-ին, Հադրութի շրջան: Ես մարտական այդպիսի կենսագրական չունեմ: Կարելի է ասել՝ մարտական գործողութիւններին չեմ մասնակցել»,- «Հետք»-ի հետ զրոյցում ասաց Պետրոս Ղեւոնդեանի (Պետօ) եղբայրը՝ Գագիկ Ղեւոնդեանը:
Պետոյի՝ զրոյցին ներկայ ընկերներից մէկը նշեց, թէ Արցախի հերոս Պետօն էլ, հաւանաբար, նոյն կերպ կասէր. «Երեւի չեմ մասնակցել պատերազմին»: Իրականում Գագիկը եւս մասնակցել է պատերազմին: Նա նաեւ պատերազմի ժամանակ նկարահանումներ է արել: Գագիկի որդին՝ Վարդանը, 14 տարեկանում գնացել է Շուշի եւ քաղաքում է եղել հրետակոծութեան ժամանակ:
«Ինքնաթիռը խփելուց յետոյ, երբ Պետօն տուն եկաւ (դէ, բնական է, մի օր պիտի տուն գար, չէ՞), ողջագուրւելու պահից յետոյ նստել ենք տանը, եւ գիտի՝ հիմա պիտի հարցեր լինեն ինքնաթիռից, խփելուց: Ասում է. «Ուզո՞ւմ էք պատմեմ, թէ ինքնաթիռը ոնց խփեցի»: Դէ, իհարկէ, ուզում ենք, որ պատմի: Եւ ինքը պատմեց, թէ ինչպէս Պաւլիկը ականանետով արկը նետում է թուրքերի տեխնիկայի վրայ: Ինքը սա պատմեց»,- ասաց Գագիկ Ղեւոնդեանը:
160214d05aՊետօն երբեք չի խօսել իր արածների մասին: Աւելին, նա ընտանիքի անդամներին խնդրում էր ոչ ոքի չասել, թէ ուր է գնում: Գագիկ Ղեւոնդեանի խօսքերով՝ իր շրջապատի տղաներից ոչ ոք չի թմբկահարել ազատամարտիկ լինելը, ու պատերազմի ժամանակ այստեղ ոչ ոք նրանց ձեռքին զէնք չի տեսել՝ չնայած միշտ էլ ունեցել են զէնք:
Պետոյի քոյրը՝ Անահիտը, ով Գլխաւոր շտաբի կազմզօրահաւաքային վարչութեան սպայ է, նշեց. «Մայրս նոյնիսկ համազգեստով չի տեսել տղաներին: Դրա համար, երբ մեզ արդէն պարտադրում էին համազգեստ հագնել, ասում էի. «Աստւած, այս եղբայրներիս կողքին ես ո՞նց համազգեստ կրեմ»:
Անահիտը կրթութեամբ զինւորական չէ, սկզբում աշխատել է Կադրերի վարչութիւնում եւ դժւարութեամբ է յարմարւել Զինւած ուժերում աշխատելու մտքին: «Իհարկէ, պիտի գնաս»,- Անահիտին ասել է Պետօն:
Պետրոս Ղեւոնդեանը ծնւել է 1964 թ. Պռօշեան գիւղում: Գագիկը նշեց, որ Պռօշեանից շատերն են կամաւոր եղել: «Եւ ովքե՞ր յաղթեցին Ղարաբաղի պատերազմը. երիտասարդները, գրեթէ պատանիներ: Անչափահաս երեխաները Պռօշեանից փախչում, գնում էին Ղարաբաղ պատերազմի: Ես աղօթում էի, որ որեւէ բան չպատահի:
Երբ մեր տղաները մարզւում էին, նրանք, ովքեր համեմատաբար աւագ տարիքի էին (բայց դարձեալ երիտասարդներ էին՝ 20-25 տարեկան տղերք՝ Պետօն, Կարօտը), այն փոքրերը գալիս էին, նախանձով էին նայում այդ ամենին, եւ իրենք էլ սկսեցին մասնակցել: Կային երեխաներ, օրինակ՝ Արտակը: Փոքր էր, անչափահաս տղայ էր եւ ուզում էր, հնարաւոր չէր այդ տղային բռնել: Եւ խեղճ տղան զոհվեց»,- ասաց Գագիկ Ղեւոնդեանը:
Պետրոս Ղեւոնդեանը 1989 թ.-ից ակտիւ մասնակցել է Հայաստանի սահմանամերձ գիւղերի ինքնապաշտպանութեանը եւ ազատագրական մարտերի Արցախի ամբողջ տարածքում: 1993 թ. յունւարին Սրխաւենդում խփեց թշնամու գերձայնային «Միգ-25» ինքնաթիռը, ինչի համար Արցախի բանակից ստացած գումարը փոխանցեց զոհւած ընկերների ընտանիքներին:
160214d05b1994 թ. յունւարին Պետօն փոքր խմբով անցնում է Քարվաճառ՝ Օմարի լեռնանցք՝ տեղի պաշտպանական ջոկատներին օգնելու նպատակով: Նա մշակում եւ իր գումարտակով իրականացնում է լեռնանցքի ազատագրման ծրագիրը: 1992-ից Պետրոսը Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատարն էր:
Անդրադառնալով Շուշիի առանձնակի գումարտակին՝ Պետոյի եղբայրը նշեց. «Անձնակազմի քանակի, ազատագրւած տարածքների եւ կորուստների առումով մեր գումարտակը իր հաւասարը չի ունեցել:
Հրամանատարական կազմը՝ Ժիրայր Սեֆիլեան, Պետրոս Ղեւոնդեան, Ռոմիկ Մարգարեան, արել են ամէն ինչ, որ քիչ զոհեր ունենանք: Իւրաքանչիւր զոհը մեզ համար սարսափելի կորուստ է եղել: Դրա համար հետախուզութիւններին մասնակցում էին հէնց այդ տղաները, Հարմիկի մասին ասենք, Բորիսի մասին ասենք, հրաշք տղաներ, հրաշք հրամանատարական կազմ է ունեցել: Եւ տեսէք՝ հիմնականում աւելի շատ մենք կորուստներ ունեցանք հէնց հրամանատարներից, Ագնեւոյի Հրաչը»:
Գագիկը միաժամանակ նշեց, որ անշնորհակալ գործ է հարցազրոյցների ժամանակ անուններ տալը, քանի որ հերոս ազատամարտիկները շատ-շատ են:
Պետոյի հայրը՝ 82-ամեայ Արշալոյս Ղեւոնդեանը, ասաց, որ Պետօն չէր ուզում տանը մնալ, անգամ երբ վիրաւորւել էր:
«Ոչ մի անգամ չեմ ասել՝ մի գնայ: Իհարկէ, ծնողը ինչքան էլ դէմ լինի, եթէ ինքը ձգտում է գնալու, պիտի գնայ: Ու գնաց»,- ասաց Արշալոյս Ղեւոնդեանը: Իսկ Անահիտը նշեց. «Ոչ մի մայր իր որդուն պատերազմ սիրով չի ուղարկում: Մայրս ընդդիմացաւ, բայց ամբողջ գիշեր երկու զոյգ ձեռնոց գործեց, մէկը Գագոյի համար, մէկը՝ Պետոյի: Ու այդպէս ճամբեց»:
Պետոյի մարտական ընկերներից Արթուր Մուրադեանը նշեց, որ Պետօն միշտ ինքն էր կատարում ամենավտանգաւոր հետախուզութիւնները, որից յետոյ առաջնորդում միւս ազատամարտիկներին:
«Ինքը առաջինն էր գնում, նոր իր յետեւից՝ մեր մարտական ընկերները: Էնտեղ սպա-զինւոր յարաբերութիւն չկար, կար մարդկայնութիւն»,- ասաց Արթուրը:
Նա ռազմադաշտ է գնացել կամաւոր, երբ դեռ 17 տարեկան էր, 93 թ.-ից մինչեւ զինադադար կռւել է Շուշիի առանձնակի գումարտակում: Արթուրը Պռօշեանում է ապրում, էլեկտրամոնտեօր է աշխատում: Նա երկու դպրոցական երեխայ ունի:
160214d05cԳագիկ Ղեւոնդեանը նշեց, որ պատերազմի ժամանակ ազատամարտիկները չէին պատկերացնում, որ Հայաստանը հետագայում այսպիսին կը լինի: Պատերազմի ժամանակ իրենք ակնկալում էին, որ Հայաստանը կը լինի «աշխարհի զարգացւածութեան իմաստով համապատասխան մակարդակի երկիր»: Մինչդեռ այսօր, նրա խօսքերով՝ Հայաստանում արտագաղթի համար նպաստաւոր վիճակ է:
«Ո՞վ է դուրս գալիս իր տնից: Ով ինչ-որ բան է փնտրում: Եթէ այստեղ լինէր, կը վերցնէր կը բերէր տուն: Բայց այստեղ չկայ: Դրա համար ինքը մի քիչ աւելի հեռու է գնում: Յետոյ՝ երբեմն գնալով մոռանում են, թէ ինչի համար եկան: Մնում են, մնում են, մնում են, խնդիրներ, պրոբլեմներ, թաղում, թաղում, թաղում են, տարիքն էլ անցնում է, ծերանում են:
Ցաւօք, մենք որակ ու քանակ ենք կորցնում ամբողջ աշխարհով: Գալիս են այստեղ, Արագած լեռն են բարձրանում. «Օ, խաշանոցը տեսանք, շատ համով էր»: Բայց եթէ իրենց ասես, որ Եօսեմիթի ազգային պարկի հսկայ լեռան վրայ մի հատ խաշանոց սարքենք, կասեն. «Խե՞նթ ես, ի՞նչ ես»: Իսկ այստեղ ընդունւում է, չգիտես ինչու: Ամբերդի կողքին սրճարանը շատ «լաւ» օբիեկտ է: Բայց ամօթ է, Արագած լեռան վրայի խաշանոցը խայտառակութիւն է, ոչ թէ հիացմունք: Ես չեմ տրտնջում, չեմ լացում, բայց այսպէս է. պատերազմը շատ լաւ տարանք, հետեւանքը մի քիչ մշուշոտ է»,- ասաց նա:
Պատերազմից յետոյ Գագիկ Ղեւոնդեանը տեղափոխւել է Արցախ եւ այնտեղ ապրել մինչեւ 1998 թ.: Այժմ նա ժամանակաւորապէս աշխատում է Միացեալ Նահանգներում: Միաժամանակ Գագիկ Ղեւոնդեանը նշեց, որ լաւատես է, հակառակ դէպքում ամէն ինչ վերջացած կը լինէր, «ամէն եղած-չեղածը կը լցնէինք մի պարկի մէջ, կը տանէինք»:
«Այնպէս չէ, որ շատ ուրախ էի, հիմա հիասթափւեցի, կամ ուրիշ ակնկալիք ունէի, հիմա հիասթափւեցի: Հիասթափութիւնս ողբ ու լացուկոծ չէ. հիմա այսպէս է: Բայց իւրաքանչիւր իրավիճակից դուրս գալու ձեւերը կան: Եթէ որոշ բաներ կան, ընդհանրապէս եկէք մերժենք այդ ամէնը: Ես հիասթափւող ու նստողը չեմ. պիտի աշխատենք»,- ասաց նա:
160214d05dՊետօն զոհւել է 1994 թ. փետրւարի 14-ին Քարվաճառում: Այդ օրը մարտի դաշտում վիրաւոր զինւոր էր միայնակ մնացել: Շտապօգնութեան մեքենայի անձնակազմը չէր համարձակւում առաջ շարժւել, քանի որ թշնամին ականապատել էր ճանապարհը: Պետօն ինքն է նստում շտապօգնութեան մեքենայի ղեկին եւ միայնակ դուրս բերում վիրաւոր զինւորին: Պետօն զոհւում է ականի պայթիւնից:
«Քանի որ ձիւն էր, վիճակն էլ՝ սոսկալի, ոտքը յետոյ են գտնում տղերքը: Այդ ոտքը կամ պիտի բերէինք նորից իր գերեզմանի մէջ ամփոփէինք, կամ ոչ: Դա իմ որոշումը եղաւ, իհարկէ, ասացի. «Ինքը իր ոտքը թողեց Ղարաբաղում, թող Ղարաբաղում էլ մնայ»: Եւ ոտքը բերեցինք Շուշի: Յետոյ երբ գումարտակը կազմաւորւեց, արդէն տեղափոխւեց Սրխաւենդ, ոտքը պատւով, արարողակարգով տեղափոխեցինք Սրխաւենդ, յուղարկաւորեցինք զօրամասի տարածքում: Մինչեւ հիմա զօրամասի տարածքում է, եւ ոտքի վրայ էլ կանգնեցւած են խաչքար եւ կիսանդրի»,- ասաց Գագիկ Ղեւոնդեանը:
Պետոյի անունն են կրում Եղեգնուտի եւ հարազատ Պռօշեանի դպրոցները: 2007 թ. ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, որտեղ սովորել է Պետրոսը, նրա անունը կրող լսարան է բացւել: 1994 թ. լոյս է տեսել Համլետ Գէորգեանի «Պետօն» գիրքը:
2001 թ. Պետրոս Ղեւոնդեանին շնորհւել է Արցախի հերոսի կոչում: Պետոյի եղբօր համոզմամբ՝ այդ կոչումը վերաբերում է նաեւ այն գումարտակին, որի կազմում կռւում էին Պետրոսն ու միւս տղաները:
Իսկ Պետրոսի քոյրը յիշեց, թէ ինչպէս Արցախի նախագահն իրեն յանձնեց Ազգային հերոսի վկայականը:
«Վարդանն ինձ հետ էր, եւ շատ ուզում էի, որ այր մարդու տրւէր այդ վկայականը, բայց չտւեցին Վարդանին: Նախագահը ասաց, որ «չէ, անպայման քրոջը պիտի յանձնեմ»»,- ասաց Անահիտը:
10 ամիս առաջ ծնւեց Գագիկի թոռնիկը, որը նոյնպէս Պետրոս Ղեւոնդեան է: Պետոյի անունն են իրենց տղաներին տւել նաեւ նրա մարտական ընկերներից շատերը:
Անահիտն ասաց. «Երբ մեր տան Պետօն ծնւեց, զանգեցինք տղաներից մէկին՝ Յովսէփին, որ տեղեկացնենք, թէ ինչ լաւ լուր ունենք մենք. արդէն Ղեւոնդեան Պետրոսը ծնւել է: Ինքը շատ ուրախացաւ, ասում է. «Մեր տանն էլ ծնունդ է. իմ Պետօն էլ է այսօր ծնւել»: Նրա տղան արդէն մեծ է, բայց նոյն օրն են ծնւել: Ժիրոյի տղան էլ է Պետօ, Արտաշինն էլ է Պետօ, Յովսէփինը Պետօ է, եւս շատ ուրիշները կան: Որքան ես գիտեմ՝ բոլոր Պետօները շատ աշխոյժ տղաներ են»:

Յարակից լուրեր

  • Պետրոս (Պետօ) Ղեւոնդեան (1964-1994). Յաղթանակի կարեւորագոյն պայմանը անմնացորդ նւիրումն է, ազնիւ ու վճռական պայքարը
    Պետրոս (Պետօ) Ղեւոնդեան (1964-1994). Յաղթանակի կարեւորագոյն պայմանը անմնացորդ նւիրումն է, ազնիւ ու վճռական պայքարը

    «Եթէ մեռնելու ենք, աւելի լաւ է մեռնենք կռւելով ու պատւով». Ղարաբաղեան շարժման երրորդ տարին էր: Կարծես պատմութեան գիրկն էին անցնում այն փոթորկայոյզ օրերը, երբ հրապարակները ալեկոծող ծով բազմութիւնը միահամուռ ձեռք բերեց «Ղարաբաղ», «Միացում» բառերը:

  • Պետրոս (Պետօ) Ղեւոնդեան (1964-1994). Եթէ մեռնելու ենք, աւելի լաւ է մեռնենք կռւելով ու պատւով
    Պետրոս (Պետօ) Ղեւոնդեան (1964-1994). Եթէ մեռնելու ենք, աւելի լաւ է մեռնենք կռւելով ու պատւով

    «Եթէ մեռնելու ենք, աւելի լաւ է մեռնենք կռւելով ու պատւով». Ղարաբաղեան շարժման երրորդ տարին էր: Կարծես պատմութեան գիրկն էին անցնում այն փոթորկայոյզ օրերը, երբ հրապարակները ալեկոծող ծով բազմութիւնը միահամուռ ձեռք բերեց «Ղարաբաղ», «Միացում» բառերը:

  • Պետրոս Ղեւոնդեան (Պետօ) (1964 - 1994)
    Պետրոս Ղեւոնդեան (Պետօ) (1964 - 1994)

    Պետրոս Ղեւոնդեանը, նոյն ինքը՝ Պետօն, ծնւել է 1964 թւականին՝ Պռօշեան աւանում: Համագիւղացի այլ երիտասարդների հետ 1990 թւականի մայիսին անդամագրւել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերում: Նոյն տարւայ աշնանը իր մարտական զինակիցների՝ Կարօտի, Հրաչի եւ միւս ընկերների հետ մեկնում է Շահումեանի շրջան:

  • Պետօն…
    Պետօն…

    Այսօր Արցախեան ազատամարտի հերոս, Արցախեան ազգային-ազատագրական պայքարի լաւագոյն ներկայացուցիչներից` ՀՅԴ անդամ, հրամանատար Պետոյի՝ Պետրոս Ղեւոնդեանի ծննդեան տարեդարձն է: Նա կը դառնար 53 տարեկան:

  • «Մենաւոր Գայլը», երեք նախագահները ու երկրի իրական տէրերը
    «Մենաւոր Գայլը», երեք նախագահները ու երկրի իրական տէրերը

    Դժւար էր պատկերացնել, որ Հայաստանի անկախութեան 25-րդ տարին պէտք է յիշենք որպէս ապրիլեան պատերազմի եւ յուլիսեան ողբերգութեան տարի: Ամէն մէկը տալիս է իր բնորոշումը՝ ահաբեկչութիւն, ապստամբութիւն, անհնազանդութիւն եւ այլն: Բայց էութեամբ ողբերգութիւն է:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։