Հա

Ազգային

20/02/2016

ՅԻՇԱՏԱԿ - Փետրւարի 16-ին Արթուր Մկրտչեանը կը դառնար 57 տարեկան

Արթուր Մկրտչեանն ընդամենը 32 տարեկան էր, երբ ընտրւեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի առաջին նախագահ, եւ 33 տարեկան, երբ աւարտւեց նրա կարճ, բայց պայծառ ու նւիրական կեանքի ուղին. մի ուղի, որն անջնջելի հետք է թողել Արցախի պատմութեան մէջ: Նրա դէմ արձակւած կրակոցի պատճառն այդպէս էլ մնացել է չպարզւած, իսկ նրան սպանած գնդակը՝ չգտնւած:

«aparaj.am» - ԼՂՀ-ի Գերագոյն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչեանը փետրւարի 16-ին կը դառնար 57 տարեկան:
Նոյն օրը Ստեփանակերտի յուշահամալիրում Արթուր Մկրտչեանի շիրիմին յարգանքի տուրք մատուցելու էին եկել ԼՂՀ-ի ԱԺ-ի նախագահ Աշոտ Ղուլեանը, ԼՂՀ-ի ԱԺ-ի փոխնախագահ Վահրամ Բալայեանը, ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ, ԱԺ-ի «Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Դաւիթ Իշխանեանը, ԼՂՀ-ի ԱԺ-ի պատգամաւորներ, բարձրաստիճան պաշտօնեաներ, ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան անդամներ, ՀՕՄ-ուհիներ, Արթուր Մկրտչեանի ընտանիքը եւ հարազատները:
Արթուր Մկրտչեանն ընդամենը 32 տարեկան էր, երբ ընտրւեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի առաջին նախագահ, եւ 33 տարեկան, երբ աւարտւեց նրա կարճ, բայց պայծառ ու նւիրական կեանքի ուղին. մի ուղի, որն անջնջելի հետք է թողել Արցախի պատմութեան մէջ: Նրա դէմ արձակւած կրակոցի պատճառն այդպէս էլ մնացել է չպարզւած, իսկ նրան սպանած գնդակը՝ չգտնւած:
160220d03aԱրթուր Մկրտչեանը ղեկավարել է ընդամենը 97 օր, բայց նրա անձը, կեանքի ուղին եւ ճակատագիրն այնքան ներհիւսւած են եղել հայ ժողովրդի նորագոյն պատմութեանը, որ նրա ղեկավարման 97 օրերը նրա անունն առյաւէտ գրել են ժողովրդի յիշողութեան մէջ:
Նրա գործունէութիւնը՝ 1988 թւականի փետրւարի 12-ի Հադրութի հանրահաւաքից մինչեւ նախագահ ընտրւելը, եղել է սրընթաց ու զարմանք յարուցող:
Ոչ մէկի համար էլ գաղտնիք չէ, որ Արթուր Մկրտչեանը չի ընդունւել Հայաստանի այն ժամանակների ՀՀՇ-ական իշխանութիւնների կողմից, ինչն անհերքելի փաստ է, դեռ աւելին՝ նրա ընտրւելուց յետոյ մի քանի օր շարունակ Հայաստանը զրկել է Ղարաբաղին բոլոր տեսակի օգնութիւնից:
Բոլոր այն մարդիկ, ովքեր բախտ են ունեցել գէթ մէկ անգամ շփւելու Արթուր Մկրտչեանի հետ, ակնածանքով են խօսում նրա մասին: Արթուր Մկրտչեանի մասին իր ժամանակակից Գագիկ Աւանէսեանը յուզմունքով է խօսում: Նրանք ծանօթացան, երբ դեռ նոր պէտք է սկսւէր Արցախեան շարժումը, երկար ճանապարհ անցան միասին՝ հայկական հեռուստատեսութիւն ունենալու համար ստորագրահաւաքից մինչեւ փետրւարեան ցոյցեր եւ պատերազմ:
«Այսօրւայ պէս յիշում եմ փետրւարի 12-ի Հադրութի ցոյցը, որը, ըստ էութեան, Արցախեան շարժման սկիզբն էր ազդանշում: Ցոյցի ժամանակ, երբ ելոյթ ունեցաւ Արթուր Մկրտչեանը, բոլորը քարացած լսում էին: Հաւաքւած գիւղացի, մշակ, թէ մտաւորական, բոլորին հասանելի էր նրա խօսքը: Դա նրա իւրայատկութիւններից մէկն էր՝ խօսել այնպէս, որ բոլորի սրտի թելերին կպչի, միասնութիւն սերմանի՝ վստահեցնելով, որ դա է մեր ազգի գոյատեւման միակ երաշխիքը»,- նշում է Գագիկ Աւանէսեանը:
ԼՂՀ-ի ԱԺ-ի փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամ Վահրամ Բալայեանը Արթուր Մկրտչեանի հետ, բացի գաղափարական եւ կուսակցական ընկերներ լինելուց, նաեւ մտերիմներ էին, նրանք միեւնոյն մասնագիտութիւնն ունէին: Վահրամ Բալայեանը համոզւած է, որ եթէ չլինէր ազգային-ազատագրական շարժումը, նրանք կը համագործակցէին գիտութեան ասպարէզում: Հարցին, թէ արդեօք այսօր իրականութի՞ւն են դարձել Արթուր Մկրտչեանի իղձերը, նա պատասխանեց.
«Ըստ էութեան, մեր ժողովուրդը նիւթականացրեց այն տեսլականը, որ ունէր Արթուր Մկրտչեանը: Ունենք ազատ, անկախ հայրենիք, սակայն դեռ ճանապարհ ունենք անցնելու, երկիրը տնտեսապէս զարգացնելու, քաղաքական համակարգը կատարելագործելու: Կարծում եմ՝ հիմա ճիշտ ուղու վրայ ենք: Նա քաղաքական դաշտ բերեց նոր մշակոյթ՝ ազնւութիւն, մարդասիրութիւն, նւիրւածութիւն, այն ամէնը, ինչը մեզ համար ուղենիշ պէտք է լինի մեր երկիրը զարգացնելու, հզօրացնելու համար»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։