Հա

Ազգային

22/02/2016

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Սիրական Տիգրանեան՝ 1918-1919 թթ. Հայաստանի արտաքին գործերի նախարարը...

Սիրական Թադէոսի Տիգրանեանը (1875-1947) ծնւել է Ալեքսանդրապոլում (Գիւմրի): Նա սովորել է Թբիլիսիի արական գիմնազիայում, աւարտել Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարանի իրաւաբանական ֆակուլտետը, մասնակցել ուսանողական շարժմանը: Բացի մայրենիից եւ ռուսերէնից՝ կատարելապէս տիրապետել է գերմաներէնին եւ ֆրանսերէնին:

ՌՈՒԲԷՆ ՇՈՒԽԵԱՆ


«blognews.am» - Նկարում Ալեքսանդրապոլ քաղաքի Տիգրանեանների մեծ գերդաստանն է, որտեղ բոլորի հետ պատկերւած են նաեւ հարազատ եղբայրներ Նիկողայոսը եւ Սիրականը: Նիկողայոսը (աջից նստած երկրորդը), որը մանուկ հասակում կորցրել էր տեսողութիւնը, հայ մշակոյթի յայտնի երաժշտական գործիչ է եղել՝ երգահան եւ բանահաւաք: Իսկ ահա ձախից նստած նրա հարազատ եղբօր՝ Սիրականի (նաեւ՝ առանձին պատկերում) անունն այսօր յանիրաւի մոռացութեան է մատնւած, մինչդեռ նա՝ 20-րդ դարասկզբի հայ ազգային եւ պետական ականաւոր գործիչ է հանդիսացել:
Սիրական Թադէոսի Տիգրանեանը (1875-1947) ծնւել է Ալեքսանդրապոլում (Գիւմրի): Նա սովորել է Թբիլիսիի արական գիմնազիայում, աւարտել Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարանի իրաւաբանական ֆակուլտետը, մասնակցել ուսանողական շարժմանը: Բացի մայրենիից եւ ռուսերէնից՝ կատարելապէս տիրապետել է գերմաներէնին եւ ֆրանսերէնին: Տիգրանեանը Էջմիածնի հոգեւոր ճեմարանում զբաղեցրել է իրաւաբանական ու փիլիսոփայական գիտութիւնների դասախօսի պաշտօնը, միաժամանակ եղել Թբիլիսիի ճեմարանի տեսուչը: 1907-ին նա Երեւանի նահանգից ընտրւում է Ռուսաստանի 2-րդ Պետդումայի պատգամաւոր: Առաջին Աշխարհամարտի սկզբից Տիգրանեանը ակտիւ մասնակցութիւն է ունենում հայկական կամաւորական ջոկատների ձեւաւորման գործընթացին եւ մասնակցում մարտական գործողութիւններին: 1918 թ. Մայիսեան հերոսամարտերի օրերին Սիրական Տիգրանեանը զբաղեցրել է Երեւանի փոխնահանգապետի պաշտօնը՝ Արամ Մանուկեանի եւ Արշաւիր Շահխաթունու հետ կազմակերպելով ռազմաճակատի թիկունքի աշխատանքները: Իսկ 1918-ի օգոստոսից՝ արդէն Հայաստանի առաջին պարլամենտի կրթութեան յանձնաժողովի նախագահն է դառնում:
1918-ի նոյեմբերից՝ մինչեւ 1919-ի ապրիլը Սիրական Տիգրանեանը եղել է Հայաստանի Առաջին Հանրապետութեան արտաքին գործերի նախարարը՝ վարչապետ Յովհաննէս Քաջազնունու կառավարութեան կազմում: Հայաստանի համար դա եղել է դժւարին եւ բախտորոշ ժամանակահատւած: Դեկտեմբերին Դրոյի գլխաւորած հայկական զօրամիաւորումները, ջախջախելով վրացական օկուպացիոն զօրախումբը Լոռիում՝ մօտեցել էին արդէն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մատոյցներին: Որպէս արտգործնախարար՝ Տիգրանեանը իր մասով նոյնպէս դիւանագիտական ջանքեր գործադրեց՝ հայ-վրացական ռազմական կոնֆլիկտը յօգուտ հայերի ամրագրելու համար, եւ շուտով կնքւեց հաշտութեան պայմանագիր, որով Լոռին արդէն վերահսկւում էր Հայաստանի կողմից: Ներկայացնենք մի այսպիսի ուշագրաւ դրւագ եւս: Երբ 1919-ի յունւարի 15-ին ադրբեջանական կառավարութիւնը որոշում է Լեռնային Ղարաբաղի նահանգապետ կարգել Խոսրով բէկ Սուլթանովին, Հայաստանի արտգործնախարարութիւնը՝ ի դէմս նախարար Տիգրանեանի, անմիջապէս արձագանգում է դրան եւ հեռատիպով պաշտօնական բողոքի նոտա է յղում Բաքու, որում մասնաւորապէս նշւում է. «Այդ ինչպէս եւ որ իրաւունքով է Ադրբեջանի ներկայացուցիչը նշանակւում անկախ Հայաստանի մի մարզի նահանգապետ»:
1919 թ. Սիրական Տիգրանեանը որոշ ժամանակ զբաղեցրել է նաեւ Հանրային կրթութեան եւ արւեստի նախարարի պաշտօնը, իսկ 1919-1920 թթ.՝ Հայաստանի նորընտիր խորհդարանի փոխնախագահն էր: Եղել է Երեւանի Պետական համալսարանի հիմնադիրներից եւ առաջին պրոֆեսորներից, գիտա-պատմական մի շարք աշխատութիւնների հեղինակ: Հայաստանի խորհրդայնացումից յետոյ շարունակում է որոշ ժամանակ աշխատել Երեւանի համալսարանի իրաւաբանական ֆակուլտետում, յետոյ տեղափոխւում է Ալեքսանդրապոլ եւ դասաւանդում տեղի դպրոցներում: Մարդ, որն իր ողջ կեանքն ու կարողութիւնները նւիրաբերեց իր հայրենիքին՝ Հայաստանին, 1938 թւականին ձերբակալւեց, անհիմն բռնադատւեց՝ որպէս «հայ ազգայնական վտանգաւոր տարր» եւ մահացաւ անյայտութեան մէջ՝ հեռաւոր սիբիրեան աքսորում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։