Հա

Ազգային

24/02/2016

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ - Կոմիտասի «Թումանեանական ընթերցումները». անաւարտ «Անուշ» օպերան

Յայտնի է, որ Կոմիտասն աշխատել է «Անուշ» օպերայի ստեղծման վրայ, եւ պահպանւել ու մեր օրերն են հասել Կոմիտասի «Անուշ»-ի սեւագիր ձեռագրերը:
Այդ օպերայից շատ քիչ բան է հասել մեզ: Սակայն եղած նիւթերը վկայում են, որ Կոմիտասը 1904 թւականից մեծ ստեղծագործական ոգեւորութեամբ ձեռնամուխ է եղել Յովհ. Թումանեանի «Անուշ» պոէմի հիման վրայ օպերա գրելու աշխատանքներին:

ՅԱՍՄԻԿ ՍԱՐԳՍԵԱՆ


Յայտնի է, որ Կոմիտասն աշխատել է «Անուշ» օպերայի ստեղծման վրայ, եւ պահպանւել ու մեր օրերն են հասել Կոմիտասի «Անուշ»-ի սեւագիր ձեռագրերը:
Այդ օպերայից շատ քիչ բան է հասել մեզ: Սակայն եղած նիւթերը վկայում են, որ Կոմիտասը 1904 թւականից մեծ ստեղծագործական ոգեւորութեամբ ձեռնամուխ է եղել Յովհ. Թումանեանի «Անուշ» պոէմի հիման վրայ օպերա գրելու աշխատանքներին: Այդ թեմայով օպերա ստեղծելու մտադրութեան մասին Կոմիտասը գրել է 1904 թւականի յունւարի 22-ին՝ իշխանուհի Մարիամ Թումանեանին հասցէագրած նամակում: Այդ նամակից երեւում է, որ Կոմիտասը հաճոյքով է կարդացել Յովհ. Թումանեանի հմայիչ «Անուշ»-ը: Նա արդէն այդ ժամանակ դիտողութիւններ ունէր օպերայի լիբրետոյի նախագծի վերաբերեալ եւ խնդրում էր իր մտքերը հաղորդել բանաստեղծին: Իր ցանկութիւնները շարադրելուց յետոյ Կոմիտասը խնդրում էր՝ որքան հնարաւոր է շուտ պատրաստել լիբրետոն, որպէսզի սկսի օպերայի երաժշտական ծրագրի մշակումը:
Այսպիսով, արդէն 1905 թւականին «Անուշ» օպերայից որոշ հատւածներ պատրաստ էին: 1905 թւականի մարտի 3-ով թւագրւած նամակում Թումանեանը Կոմիտասին խնդրում է Թիֆլիս գալիս իր հետ վերցնել «Անուշ» օպերայի պատրաստի հատւածները. «Ես շատ ուրախ եմ, որ հնարաւորութիւն կունենամ Ձեզ հետ ծանօթանալու եւ խօսելու «Անուշ» օպերայի մասին: Եթէ կարելի է, Ձեզ հետ բերեցէք ձայնագրւած կտորները, ասում են, շատ յաջող են դուրս եկել»:
Դերենիկ Դեմիրճեանը վկայում է. «…Մի տարի անց, գնալով Էջմիածին, այցելեցի Կոմիտասին: Յիշում եմ նրա հատւածները «Անուշ» օպերայից, որի վրայ աշխատում էր: Նա երգեց Սարոյի եւ Անուշի հանդիպումը՝ «Ասում են ուռին»-ը: Արիաները օրգանապէս ծնունդ էին ժողովրդական երգի եւ զարմանալի պարզ իրենց գեղեցկութեան մէջ: Ինձ հետաքրքրում էր ժողովրդական դիալոգը…»:
1908 թւականի մայիսի 24-ին Կոմիտասն Էջմիածնից գրում է Յովհ. Թումանեանին. «Աղբեր, վաղուց է սկսել եմ եւ բաւական բան գրել քո Անուշից, բայց դեռ պակասաւոր բաներ շատ կան, որպէսզի մի ամբողջութիւն դառնայ: Այս գիրս առնելուն պէս գրիչդ կառնես եւ ինձ մի դրական բան կը գրես: Այս ամառւայ արձակուրդներին պէտք է զբաղւեմ առաւելապէս «Անուշ»-ով:
Գրիր, թէ երբ կարող ես մի քանի օրով ինձ մօտ հիւր գալ եւ այստեղ միասին վերջացնենք, եւ ես հանգիստ շարունակեմ. ամէն անգամ երբ տրամադրութիւնս տեղն է, ձեռքերս թուլանում են, որովհետեւ երգի յարմարեցւած չեն, դեռ բաներ ու պակասներ էլ կան»:
Դրանից ընդամենը 15 օր անց Թումանեանին ուղարկած նամակում Կոմիտասը գրում է, որ «Անուշ»-ի լիբրետոն լրացնելու համար բանաստեղծի հետ աշխատելու նպատակով պատրաստ է մեկնել Դիլիջան: Կոմիտասի նամակներից երեւում է, որ 1909 թւականի փետրւարին օպերայի ստեղծման աշխատանքները յաջող են ընթանում, եւ որ ինքը վշտացած է Յովհաննէսի բանտարկութեամբ (Թումանեանը ցարական օխրանկայի կողմից մեղադրւում էր՝ հակապետական գործունէութեան եւ Անդրկովկասի ժողովուրդների մէջ բարեկամութեան ու համերաշխութեան գաղափարներ քարոզելու համար): Միաժամանակ Կոմիտասը գանգատւում է, որ «… էլի կիսատ մնաց «Անուշ»-ի երգական խմբագրութիւնը»:
Մեր օրեր են հասել Կոմիտասի «Անուշ» օպերայի՝ հեղինակի ձեռքով գրւած 27 թերթիկներ: Նրանց վրայ խնամքով գրւած են տարբեր բնոյթի մեղեդիներ՝ իրենց տեքստերով: Դրանց մի մասը հայկական ժողովըր-դական երգերի մեղեդիներ են, մի մասն էլ՝ Կոմիտասի ինքնուրոյն ստեղծագործութիւնները, որոնք գրւած են դարձեալ ժողովրդական մեղեդիների ոճաւորմամբ:
Պահպանւել է «Անուշ» պոէմի՝ 1903 թւականին հրատարակւած օրինակը, որի լուսանցքներում Կոմիտասի ձեռքով արւած են բազմաթիւ նշումներ ու ցուցումներ: Դրանցից կարելի է որոշակի պատկերացում կազմել Կոմիտասի մտայղացումների մասին, հասկանալ, թէ ինչպէս է ինքը պատկերացրել օպերայի բեմական մարմնաւորման, երաժշտական դրամատուրգիայի զարգացման, գործիքաւորման, գեղարւեստական ձեւաւորման եւ այլն մանրամասները:
Կոմիտասը, այսպիսով, հայ ազգային օպերայի սկիզբն էր դնում: Եւ դրա ծաղիկը պիտի լինէր «Անուշ»-ը, որն այդպէս էլ աւարտին չհասցւեց:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։