Հա

Ազգային

01/03/2016

ՀՅԴ ՄԱՄՈՒԼ - «Վէմ»

Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2015 թ. վերջին համարը՝ 270 էջ ծաւալով:
Հ. Յ. Դաշնակցութեան 125-ամեակի առիթով գրւած «Վէմ»-ի խմբագրականի հետ միասին՝ նրանում տեղ են գտել նաեւ դեկտեմբերի 9- 10-ին Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայում կայացած «Հ. Յ. Դաշնակցութիւնը եւ հայոց պետականութիւնը» գիտաժողովի որոշ նիւթեր:

Ազդ

 

Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2015 թ. վերջին համարը՝ 270 էջ ծաւալով:
Հ. Յ. Դաշնակցութեան 125-ամեակի առիթով գրւած «Վէմ»-ի խմբագրականի հետ միասին՝ նրանում տեղ են գտել նաեւ դեկտեմբերի 9-10-ին Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայում կայացած «Հ. Յ. Դաշնակցութիւնը եւ հայոց պետականութիւնը» գիտաժողովի որոշ նիւթեր: Քանի որ վերջիններս ամբողջական տեսքով հրատարակւելու են առանձին գրքոյկով, առայժմ լոյս են տեսել միայն գիտաժողովի ընթացքի եւ արդիւնքների մասին լրատւութիւնը եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան խորհրդարանական կառավարման փորձն ամփոփող՝ Արարատ Մ. Յակոբեանի յօդւածը:
Աւարտւած 2015 թւականին լրացած յոբելեանների հետ են կապւած (Յովհան Որոտնեցու 700-ամեակ, Հենրիկ Էդոյեանի 75-ամեակ) փիլիսոփայ Սէյրան Ա. Զաքարեանի եւ գրականագէտ Թադէոս Ա. Խաչատրեանի ուսումնասիրութիւնները, որոնք հիմնարար բնոյթ եւ քննական-վերլուծական ուղղւածութիւն ունեն:
Մեծ հետաքրքրութեամբ է ընթերցւում Տիգրան Ռ. Եփրեմեանի ընդարձակ հրապարակումը Եւրոպա մայրցամաքում ազգերի ինքնորոշման իրաւունքի հաստատման գործում Նապոլէոն Բոնապարտի ունեցած ներդրման եւ նոյն դարաշրջանում Կ. Պոլսի հայ համայնքում սկիզբ առած խմորումների վերաբերեալ:
Ժամանակակից ռումինահայ սրբանկարիչ Հայկ սարկաւագ Ազարեանի ինքնատիպ արւեստի ներկայացման միջոցով արւեստաբան Լուսինէ Վ. Սարգսեանը հանգամանալից կերպով հետազօտել է վերջերս կառուցւած՝ Երեւանի առաջնորդանիստ Սուրբ Աննա եկեղեցին զարդարող նրա ինքնատիպ գործերը՝ հրապարակումն ուղեկցելով գունաւոր լուսանկարներով:
Հանդէսում շարունակւել է Մեծ Եղեռնի նախօրէին Արեւմտեան Հայաստանի պատմաժողովրդագրական նկարագիրը վերականգնող Գեղամ Մ. Բադալեանի ուսումնասիրութեան հրապարակումը՝ այս անգամ ներկայացնելով՝ Էրզրումի (Կարնօ) վիլայէթի արեւմտեան ու կենտրոնական գաւառները: «Վէմ»-ի հերթական համարում տեղ են գտել նաեւ այլ ուշարժան հրապարակումներ: Ներկայացնում ենք հանդէսի 2015 թ. թիւ 4-ի բովանդակութիւնն ու խմբագրականը:

 

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Հ. Յ. Դաշնակցութիւնը եւ Հայաստանի քաղաքակրթական առաքելութիւնը

Եթէ ձեր երազանքներն աւելի շատ են, քան ձեռքբերումները, նշանակում է՝ դուք դեռեւս երիտասարդ էք:
ՇԻՄՈՆ ՊԵՐԵՍ

 

Բանալի բառեր - Հ. Յ. Դաշնակցութիւն, 125-ամեակ, պատմութեան գաղափար, քաղաքակրթական գործընթացներ, Արեւմուտք, Արեւելք, հայկական մեծ սինթէզ, «խնդիր-ծուղակ», առաքելութիւն:

 

Հ. Յ. Դաշնակցութեան 125-ամեակի հանդիսութիւնները ոչ միայն կուսակցութեան անցած դժւարին ու բարդ ճանապարհին արձանագրւած ձեռքբերումների ամփոփման առիթ էին, այլեւ մինչ օրս դեռեւս անկատար մնացած նպատակների նորովի իմաստաւորման հնարաւորութիւն:
Արագօրէն փոփոխւող աշխարհում վերջին հանգամանքն աւելի կարեւոր է, որովհետեւ մեզանից պահանջում է ոչ թէ պարզապէս վերյիշել անցեալը, այլ գտնել նրա հիմքը կազմող այն խորքային արժէքները, որոնք ոչ միայն հնարաւոր, այլեւ անհրաժեշտ է տեղափոխել ապագայ, որովհետեւ պատմութիւնը չի կրկնւում իբրեւ իրադարձութիւնների պարզ յաջորդականութիւն, այլ որոշակի պարբերականութեամբ բացայայտում է իր հիմքում առկայ գաղափարների ու նպատակների ժառանգորդականութիւնը: Ուստի քաղաքակիրթ ազգերը իրենց պատմութեան յաջորդական հանգրւաններում վերաիմաստաւորում են նախնիների նպատակները՝ փորձելով գտնել դրանց լուծման նոր հնարաւորութիւններ: Նման երեւոյթը վկայում է նրանց քաղաքակրթական աւանդոյթի կենսունակութեան մասին, որն իբրեւ պատմութեան գաղափար՝ պարբերաբար յիշեցնում է իր գոյութեան մասին:
Այսօր՝ կուսակցութեան հիմնադրումից շուրջ 125 տարի անց, վրայ է հասել այն պահը, երբ Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւնը կարող է լիարժէքօրէն համարկւել հայոց պատմութեան մէջ հէնց նման լայն՝ քաղաքակրթական ընկալման միջոցով, որովհետեւ կուսակցութեան անցած երկար ու բարդ ճանապարհին ի յայտ են եկել այնպիսի օրինաչափութիւններ, որոնք ակնյայտօրէն չեն տեղաւորւում ժամանակի կարճ տեւողութեան ծիրում: Խնդիրն այստեղ հարուստ պատմութիւն ունենալու մէջ չէ, որի՝ Սփիւռքում անխաթար մնացած տարտամ անցեալականութեան բեռը Հայաստանում փորձ է արւում փոխարինել պարզունակ, անգամ գռեհիկ դետերմինիզմով: Նման մօտեցումն այսօր փակել է հայրենի պատմագէտների մտածողութեան հորիզոնը՝ անցեալը դարձնելով ներկայի գերին: Մի կերպ պատասխանելով «ինչպէ՞ս է եղել իրականում» հարցին, նրանք «ինչո՞ւ է եղել այդպէս»-ը բացատրելու իրենց անկարողութիւնը քողարկում են ՀՅԴ-ի «ճիշտ» եւ «սխալ» քայլերի մասին պարզունակ սոփեստութիւններով՝ դրանով իսկ շրջափակելով կուսակցութեան պատմութիւնը հասկանալու իրենց առանց այդ էլ սահմանափակ հնարաւորութիւնները:
Այս ամէնը նոր ժամանակների հայ քաղաքական կեանքի առանցքային դերակատարի գործունէութիւնը ժամանակի ընդլայն կամ քաղաքակրթական չափոյթով դիտարկելու ինտելեկտուալ անկարողութեան վկայութիւն է, որովհետեւ «ինչո՞ւ է եղել այդպէս»-ի պատասխանը փնտրելու գործընթացում մենք անմիջապէս արձանագրում ենք, որ իր խորքային՝ քաղաքակրթական էութեան մէջ հայոց պատմութիւնը հէնց այդպէս էլ եղել է ոչ միայն նոր ժամանակներում, այլեւ անտիկ աշխարհում ու Միջնադարում: Ուրեմն կա՛մ ՀՅԴ-ի «ճիշտ» եւ «սխալ» քայլերի մասին սիրողական «խօսք ու զրոյցը» հարկ է տեղափոխել նաեւ տիգրանների ու վարդանների ժամանակները, կա՛մ էլ նրա պատմութիւնը ժամանակի կարճ տեւողութեան չափոյթով դիտարկելու փոխարէն պէտք է եզրակացնել, որ նոր ժամանակներում Հ. Յ. Դաշնակցութիւնը հայ ժողովրդի ծոցից ելած միակ քաղաքական ուժն էր, որը կարողացաւ ըմբռնել հայկականութեան արժեհամակարգը ոչ միայն իբրեւ անընդհատ հարստացող մշակոյթ, այլեւ՝ պատմութեան գաղափար:
ՀՅԴ պատմութիւնը ներկայի արժեչափերով գնահատւող անցեալի սովորական դրւագ չէ, այլ անցեալը ներկայի միջով ապագային կապող որոշակի ու յստակ քաղաքակրթական գործընթացի քաղաքական կերպաւորում, որի շնորհիւ անգամ Հայոց Ցեղասպանութեան առաջ բերած կատարեալ անելանելիութեան եւ Ռուսական յեղափոխութեան հետեւանք բացարձակ քաոսի պայմաններում 1918-ին հնարաւոր եղաւ հունաւորել Հայաստանի Առաջին Հանրապետութեան ծնունդը: Ուստի՝ որպէսզի հասկանանք հայ մշակոյթի զարգացման անընդհատութեան վրայ հիմնւող հայոց պատմութեան գաղափարը, պարտաւոր ենք նախ՝ արձանագրել, որ համաշխարհային-պատմական առումով Հայաստանի ու հայութեան վերելքի եւ անկման շրջափուլերը բաւականին մեծ ճշգրտութեամբ համապատասխանում են անտիկ աշխարհում, միջնադարում եւ նոր ու նորագոյն ժամանակներում Հայաստանում ու նրա շուրջը ծաւալւած որոշակի քաղաքակրթական գործընթացների տրամաբանութեանը: Հայկականութիւնը՝ որպէս արժեհամակարգ, եւ Հայաստանը՝ որպէս ուրոյն քաղաքակրթութիւն, ծաղկում են ապրել պատմութեան այն բեկումնային հանգրւաններում, երբ համաշխարհային բեմահարթակում ընթացող քաղաքակրթութիւնների դիմակայութեանը յաջորդել է նրանց համադրութեան ու սինթէզի հանգրւանը: Հայոց պատմութեան հէնց այդ «աստեղային պահերին», երբ Արեւմուտքը որպէս ակտիւ բեւեռ, բախել է Արեւելքի դռները, զոյգ քաղաքակրթական արժեհամակարգերի նախնական համադրութիւն Հայաստանն ու հայութիւնը հնարաւորութիւն են ստացել իրականացնելու իրենց բուն գործառոյթը, իրենց առաքելութիւնը՝ հայկական մեծ սինթէզը: Նւազագոյն պայմանների առկայութեան պարագայում քաղաքակրթական նախասկզբի նման «վերաթարմացումն» ընդունել է քաղաքական, այսինքն՝ պետական կերպարանք, իսկ բացակայութեան դէպքում՝ հոգեւոր-մշակութային վերելքի տեսք: Ուստի երիցս իրաւացի էր հայ մեծ պատմագէտ Նիկողայոս Ադոնցն իր այն պնդման մէջ, որ «Հայութեան արեւմտահայեաց հակումները քաղաքակրթական երեւոյթ են ամենից առաջ եւ նրանից ծնած է քաղաքականը: Նա հայ պատմութեան խթան է, որի դէմ դժւար է աքացել»:
Հէնց Հ. Յ. Դաշնակցութիւնն ինքը՝ որպէս կուսակցութիւն, եւրոպական լուսաւորականութեան գաղափարաբանութեան հէնքի վրայ հայ մշակոյթի կողմից իրականացւած այդ հին համադրութեան ու սինթէզի նոր բարձրակէտն էր՝ Հայաստանի վերելքի նախորդ հանգրւաններում եւս դրսեւորւած յստակ օրինաչափութեան կրկնութիւնը: 19-րդ դարում հայութեան վերելքը պայմանաւորած եւրոպական լուսաւորականութիւնն իբրեւ հզօր քաղաքակրթական ազդակ՝ անտիկ աշխարհում Մեծ Հայքի ծաղկումն ու հզօրացումն ապահոված հելլենիզմի, իսկ վաղ միջնադարում՝ քրիստոնէական գաղափարաբանութեան օրգանական շարունակութիւնն էր: Պարզապէս՝ 19-րդ դարում, հայութեան կեանքի եւրոպականացման արդիւնքում, մեզ վաղուց ծանօթ «հին գինին» սկսել էր «եռալ» Նոր ժամանակներին բնորոշ լուսաւորականութեան «պատեանի» մէջ: Նման գործընթացի քաղաքական կերպաւորման բարձրակէտը դարձած Հ. Յ. Դաշնակցութեան գործունէութեան շնորհիւ մենք վերյիշեցինք եւ նորովի վերաիմաստաւորեցինք Հայոց պատմութեան գաղափարը ու կրկին դարձանք պետութիւն ու պատմութիւն կերտող ազգ: Ուրեմն՝ նրանում արձանագրւած «ճիշտն ու սխալը» ոչ թէ պրագմատիզմի կամ իրատեսականութեան պակասի հետեւանք էր, այլ քաղաքակրթական իդէալի եւ դաժան իրականութեան բախման արդիւնք: Շեղւել իդէալից՝ նշանակում էր հրաժարւել ինքն իրենից, դիմակայել իրականութեանը՝ նշանակում էր ունենալ լուրջ կորուստներ: Հ. Յ. Դաշնակցութիւնը չէր կարող լինել ասիական վայրագ իրականութեան պարտադրած պայմանների գերին, ուստիեւ նրա պարտութիւններն անգամ բացում էին իր գաղափարների յաղթանակի դուռը:
Հ. Յ. Դաշնակցութեան կողմից՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան տեսքով վերամարմնաւորւած հայոց քաղաքակրթական իդէալը վերապրեց անգամ խորհրդային ամբողջատիրութեան մթնոլորտում՝ անկախութեան բացակայութեան պայմաններում կրկին վերածւելով պատմութեան գաղափարի: Պետական անկախութեան կորստից յետոյ հայկական զարթօնքի ալիքը մի կողմից յորդեց դէպի ազատ Սփիւռք, իսկ միւս կողմից՝ ողողեց խորհրդային հսկայածաւալ կայսրութեան տարածքը: Հայ ժողովրդի զաւակները նոր պայմաններում նոյնպէս շարունակեցին նոյն գործառոյթը՝ հայկական մեծ սինթէզը մարդկային գործունէութեան բոլոր ոլորտներում՝ քաղաքականութիւնից ու տնտեսութիւնից մինչեւ մշակոյթ ու գիտութիւն: Այդ դժնդակ տարիներին նրանք՝
- արեւմտեան տեխնոլոգիաներ ներմուծեցին կոլեկտիւացման հետեւանքով սովի դատապարտւած ԽՍՀՄ-ի տնտեսութեան մէջ եւ նրա գիւղատնտեսութիւնն ու արդիւնաբերութիւնը օժտեցին գոյատեւելու եւ անգամ գերմանական հզօր ռազմամեքենան ջախջախելու ներքին հնարաւորութիւններով,
- համադրեցին ու սինթէզեցին եւրոպական եւ ռուսական դասական երաժշտութիւնն ու գեղանկարչութիւնը Արեւելքի անկրկնելի մեղեդիների ու վառ գոյների հետ,
- եւրոպական տեսք տւեցին խորհրդային քաղաքներին՝ Արեւմուտքի ճարտարապետական հմտութիւնները համադրելով Արեւելքի մշակութային արժէքների հետ,
- ոչ միայն կարողացան խորհրդային սահմանափակ տեխնոլոգիական դաշտում կիրառել Արեւմուտքի գիտական նւաճումները, իսկ երբեմն նոյնիսկ գերազանցել դրանց:
Հայաստանի աւանդական քաղաքակրթական գործառոյթի շարունակութիւնը դարձած նորագոյն ժամանակների մեր հզօր հոգեւոր վերելքը նոր հայութիւն կերտած Հ. Յ. Դաշնակցութեան գործի շարունակութիւնն էր՝ այլ պայմանների ու կաղապարների մէջ, ինչը վաղ թէ ուշ վերագտնելու էր նաեւ իր քաղաքական կերպաւորումը: Սակայն ԽՍՀՄ-ի կառավարելի փլուզման արդիւնք՝ Հայաստանի երրորդ Հանրապետութեան ականապատւած քաղաքական իրողութիւնները ժամանակ եւ ահռելի ջանք էին պահանջում հարազատ հողի վրայ հայոց իրական արժէքների բացազատման համար: Համաշխարհում ծաւալւող քաղաքակրթական գործընթացների մէջ ներդաշնակօրէն համարկւելու փոխարէն՝ սեփական անվտանգութեան «խնդիր-ծուղակի» շուրջ մէկթեւանի թռչունի նման անընդհատ նեղացող շրջանակներ գծող Հայաստանի 25-ամեայ տեղապտոյտը վկայում էր մեզ յամառօրէն կաշկանդող արեւելեան-ասիական մթնոլորտի պահպանման մասին: Բայց դա չէր կարող երկար տեւել, որովհետեւ լոյսն ի վերջոյ յաղթելու էր ստւերին, առաջադիմութիւնը՝ յետադիմութեանը:
21-րդ դարի երկրորդ տասնամեակում Հայաստանի շուրջ ծաւալւող, յիրաւի, դարակազմիկ իրադարձութիւններն արդէն յստակօրէն ապացուցում են, որ աշխարհաքաղաքական գործընթացների անկասելի ընթացքն աստիճանաբար արժեզրկելով Հայաստանը կաշկանդող «խնդիր-ծուղակի» նշանակութիւնը՝ մեզ հնարաւորութիւն է տալիս վերականգնելու մեր հանրոյթի քաղաքակրթական առաքելութիւնը:
Ուստի Հ. Յ. Դաշնակցութեան գործի մեծութիւնը գնահատելով ժամանակի ընդլայն ընկալման ծիրում՝ կարող ենք եզրակացնել, որ հայկական մշակոյթի պարբերական վերելքներն ապահոված արտաշէսների ու տիգրանների, մեսրոպների ու վարդանների, րաֆֆիների ու քրիստափորների մեծ գործի քաղաքակրթական բովանդակութիւնը յետարդիականութեան պայմաններում իմաստաւորելու առաքելութիւնն ընկած է մեր ուսերին, որովհետեւ քաղաքակրթական գործընթացների հզօր լուսարձակը սկսել է նօսրացնել վերջին 25-ամեակի անորոշութիւնների մառախուղը, եւ մեր զարմացած աչքերի առջեւ՝
- խարխլւելով լուրջ ճեղքեր են տալիս Հայաստանը շուրջ մէկ դար աքցանի մէջ պահող ռուս-թուրքական «մուրճն ու սալը»,
- Արեւմուտքը՝ իբրեւ քաղաքակրթական բեւեռ, կրկին Ալ. Մակեդոնացու հին ճանապարհն է բացում դէպի Իրան եւ կրկին՝ Հայաստանի վրայով,
- առարկայական տեսք ստանալով՝ իր գոյութեան մասին է յիշեցնում այդ ճանապարհի փականի՝ Թուրքիայի վերաբաժանման աշխարհաքաղաքական հին նախագիծը…
Այս ամէնը գալիս է վկայելու, որ 125 տարի առաջ Հ. Յ. Դաշնակցութեան կողմից ձեւակերպած քաղաքական նպատակները հիմնւած են քաղաքակրթական խոր ենթահողի վրայ, ինչը հնարաւոր չէր ոչնչացնել անգամ ամենադաժան բռնութիւնների միջոցով: Եւ մենք՝ որպէս այդ հոգեհարազատ ենթահողի վերականգնման գործընթացի ականատեսներ՝ վստահաբար կարող ենք արձանագրել, որ այսօր էլ ՀՅԴ նպատակներն աւելի շատ են, քան նրա նախորդ տարիների տքնաջան աշխատանքի ու պայքարի ձեռքբերումները: Իսկ դա նշանակում է, որ Հ. Յ. Դաշնակցութիւնը տակաւին երիտասարդ է՝ որպէս հայոց քաղաքակրթական իդէալի առաւել ամբողջական մարմնացումը հանդիսացող կուսակցութիւն:

Խմբ.

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆԸ

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
Սիրանուշ Գ. Յովհաննիսեան
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԵԱՆ ԵՒ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՀԵՐԹԱԳԱՅՈՒԹԻՒՆԸ ԼԵԶՒՈՒՄ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ
Արարատ Մ. Յակոբեան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՓՈՐՁԸ

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ
Թադէոս Ա. Խաչատրեան
ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԵԱՆ. ԲԱՆԱՍՏԵՂԾԸ, ՏԵՍԱԲԱՆՆ ՈՒ ՄՇԱԿՈՒԹԱԲԱՆԸ
Ծննդեան 75-ամեակի առիթով

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆ
Սէյրան Ա. Զաքարեան
ՅՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑՈՒ ԲՆԱԶԱՆՑԱԿԱՆ-ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՅԵԱՑՔՆԵՐԸ
Ծննդեան 700-ամեակի առիթով

ՄՇԱԿՈՅԹ
Լուսինէ Վ. Սարգսեան
ՌՈՒՄԻՆԱՀԱՅ ՍՐԲԱՆԿԱՐԻՉ ՀԱՅԿ ՍԱՐԿԱՒԱԳ ԱԶԱՐԵԱՆԻ ԱՐՒԵՍՏԸ

ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆ
Տիգրան Ռ. Եփրեմեան
ՆԱՊՈԼԷՈՆ ԲՈՆԱՊԱՐՏԸ ԵՒ ԱԶԳԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԸ՝
Ընդդէմ մեծ տէրութիւնների եւրոպական համերաշխութեան

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Ռոբերտ Պ. Ղազարեան
«ԽՈՒԿԿԱՆԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ» ՈՐՊԷՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԴԻՒԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ
Ժիրայր Ա. Քոչարեան (Բեռլին)
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԽՈՒՍԱՆԱՒՈՒՄՆԵՐԸ՝
Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցում

ԼՐԱՏՈՒ
Ա. Հ.
«ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ»
ՀՅԴ 125-ամեակին նւիրւած գիտաժողով

ԳՐԱԽՕՍՈՒԹԻՒՆՆԵՐ
Հայկ Ա. Համբարձումեան
ԹԱԳՈՒՀԻ ՇԻՇՄԱՆԵԱՆԻ ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
Թագուհի Շիշմանեան (օրիորդ Մենիկ), Երկեր (աշխատասիրութեամբ Ալ. Ա. Մակարեանի), Եր., «Նայիրի» հրատ., 2015, 204 էջ:

ԱՐԽԻՒ
ՄԱՐ-Ի ՆՈՐԱՅԱՅՏ ՅՈՒՇԵՐԸ
Մաս երկրորդ: Բանկ Օտտոմանից մինչեւ Կիլիկիա
Պատրաստեցին՝ Ռուբէն Հ. Գասպարեանը եւ Ռուբէն Օ. Սահակեանը
Աւագ Ա. Յարութիւնեան
«ԿՈՎԿԱՍԵԱՆ ՏԱՆ» ՆԱԽԱԳԻԾԸ 1921-1922 ԹՒԱԿԱՆՆԵՐԻՆ
Հ. Յ. Դաշնակցութեան հաւասարակշռող աշխարհաքաղաքական դերակատարութեան լոյսի ներքոյ

ՅԱՒԵԼՒԱԾ
Գեղամ Մ. Բադալեան
ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱ-ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԷԻՆ
Մաս երրորդ: Էրզրումի նահանգի կենտրոնական ու արեւմտեան գաւառները եւ Էրզրում (Կարին) ու Երզնկա քաղաքները

«ՎԷՄ»-Ի 2015 Թ. ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՑԱՆԿ

Յարակից լուրեր

  • Հայաստանի Առաջին Հանրապետութեան երկրորդ խորհրդարանի բացումը
    Հայաստանի Առաջին Հանրապետութեան երկրորդ խորհրդարանի բացումը

    Նորընտիր խորհրդարանի հանդիսաւոր բացումը տեղի ունեցաւ Հայաստանի խորհրդարանի հրաւիրումից ուղիղ մէկ տարի անց՝ 1919 թ. օգոստոսի 1-ին: Խորհրդարանի նիստը բացեց նրա աւագագոյն անդամ Ասետիք Սահակեանը, քարտուղարն էր կրտսերագոյն անդամ Ենովք Միրաքեանը: Բացման օրը ներկայ էին 56 պատգամաւոր:

  • Հայաստանի Հանրապետութեան առաջին խորհրդարան
    Հայաստանի Հանրապետութեան առաջին խորհրդարան

    1918 թ. օգոստոսի մէկին (նոր տոմարով)` հինգշաբթի օրը, Երեւանում, բացւեց Հայաստանի Հանրապետութեան անդրանիկ գերագոյն օրէնսդրական ժողովի` Հայաստանի Խորհրդի առաջին նստաշրջանը:

    Քաղաքն ունէր սովորական տեսք: Ոչ մի զարդարանք փողոցներում: Բացի մի քանի պաշտօնական շէնքերից, ոչ մի դրօշակ: Խանութները բաց էին: Կառավարութիւնը ոչ մի միջոց ձեռք չէր առել եւ թողել էր, որ ազգաբնակութիւնն ինքը որոշի իր վերաբերմունքը, եւ ամէն ոք, ըստ սովորութեան, իր գործի հետեւից էր:

  • Գիլ Թրոյ. «Քաջազնունին մոռացւած է ոչ միայն դրսում, այլեւ Հայաստանում»
    Գիլ Թրոյ. «Քաջազնունին մոռացւած է ոչ միայն դրսում, այլեւ Հայաստանում»

    Ամերիկացի պատմաբան, Սիմոն Ռոքոուէր մրցանակի դափնեկիր, Գիլ Թրոյը վերջերս «Daily Beast» պարբերականում «Հայաստանի առաջին վարչապետի ողբերգութիւնը. չափազանց բորբոքւած եւ այժմ մոռացւած» յօդւած էր գրել Հայաստանի առաջին Հանրապետութեան վարչապետ Յովհաննէս Քաջազնունու մասին:

  • Մեր ճշմարիտ յաղթանակը
    Մեր ճշմարիտ յաղթանակը

    Չմոռնանք, որ Դաշնակցութիւնը մուտք գործեց կառավարական դաշինքէն (կոալիցիա) ներս ԻՐ ԻՆՔՆՈՒՐՈՅՆ ՊԼԱՏՖՈՐՄՈՎ, որ կը ցոլացնէր ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն ժողովներու որոշումները։ Դժբախտաբար այս շատ կարեւոր հանգամանքը ցարդ լիարժէք եւ տեսանելի կիրառում չէ ստացած իրական կեանքի մէջ։ Պատճառը մասամբ այն է, որ կառավարական դաշինքը գործի երկար փորձ չէ ունեցած տակաւին եւ շատ բան կը մնայ քննարկելի։ Այնուամենայնիւ պէտք է ընդունիլ, որ կարելի չէ ասով միայն բացատրել դաշինքի գործունէութեան մէջ գոյութիւն ունեցող այս շատ կարեւոր բացը։

  • Առաջին Հանրապետութեան կին պատգամաւորները
    Առաջին Հանրապետութեան կին պատգամաւորները

    Նրանք առաջինն էին… 1918-ին, Եւրոպայի երկրների կէսից աւելիում կանայք ընտրական իրաւունքներ չունէին: Իսկ 1919-ին կայացած ընտրութիւններին հայոց Առաջին Հանրապետութեան խորհրդարան են ընտրւում երեք կին պատգամաւորներ: Ցաւօք, այսօր քչերը գիտեն նրանց անունները, է՛լ աւելի քիչ են յայտնի նրանց դժուարին, բայց բոլոր իմաստներով արժանավայել կենսագրութեան ժլատ փաստերը: Չեն պահպանուել նոյնիսկ նրանց բոլորի լուսանկարները: Ու այդ ամէնը խիստ անարդարացի է, քանզի նրանք իսկական առաջամարտիկներ ու անձնուէր հայրենասէրներ էին…

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։