Հա

Ազգային

05/03/2016

ՏԵՍԱԿԷՏ - Տիգրան Սարգսեան.- «Դաշնակցութեան դիմանկարը եւ նրա ուժը հայկական ազգային ոգին է»

Հայ հասարակութեան վերաբերմունքը ՀՅԴ- ին երբեք չի եղել միանշանակ, եւ ակնյայտ է, որ հարուստ եւ հակասութիւններով լի կենսագրութիւն ունեցող ազգային կառոյցի անցած ուղուն գնահատականներ տալը անշնորհակալ գործ է: Յատկապէս, որ կարծիքները խիստ իրարամերժ են, եւ գնահատականների բազմազանութեան պակաս չկայ նոյնիսկ ժամանակակից հայ քաղաքական պատմութեան արդի փուլում, որի ակտիւ մասնակիցներն ենք եւ վկաները:

Ներկայացնում ենք ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ նախկին վարչապետ, այժմ Եւրասիական տնտեսական յանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսեանի մտորումները ՀՅԴ-ի մասին.
«Մտորումներ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 125-րդ տարեդարձի կապակցութեամբ
Նւիրում եմ իմ ընկեր Վահան Յովհաննիսեանի յիշատակին
Հայ հասարակութեան վերաբերմունքը ՀՅԴ- ին երբեք չի եղել միանշանակ, եւ ակնյայտ է, որ հարուստ եւ հակասութիւններով լի կենսագրութիւն ունեցող ազգային կառոյցի անցած ուղուն գնահատականներ տալը անշնորհակալ գործ է: Յատկապէս, որ կարծիքները խիստ իրարամերժ են, եւ գնահատականների բազմազանութեան պակաս չկայ նոյնիսկ ժամանակակից հայ քաղաքական պատմութեան արդի փուլում, որի ակտիւ մասնակիցներն ենք եւ վկաները:
Այնուամենայնիւ, ցանկանում եմ իմ որոշ գնահատականներով կիսւել ընկերներիս հետ: Եւ երեւի թէ 125 տարւայ պատմութիւնը հեշտացնում է ընդհանրական պատկերը տեսնելու գործը:
Ա- ՀՅԴ-ի ամենամեծ աւանդը հայ ժողովրդի պատմութեան մէջ դա ազգային շահի արտայայտման ու իրացման համար կոլեկտիւ կամքի հաւաքագրումը եւ այն քաղաքական դաշտում ակտիւ ներկայացումն էր: Ազգի քաղաքական մտքի ձեւաւորման եւ զարգացման բնականոն պոռթկում, համարձակ յայտ, քանի որ լռելեայն հանդուրժելը թէ ինչպէս են աշխարհի հզօրները որոշելու քո ճակատագիրը այլեւս անընդունելի էր: Այդ պոռթկումը հասունացել էր, եւ Ռուբէն Տէր-Մինասեանի ասութեամբ՝ «նկատելի է, որ Դաշնակցութիւնը ճշմարիտ առումով տեսաբան չունի եւ դրա կարիքն էլ նա չէ զգացած: Նրա տեսաբանը ժողովուրդն է... Մենք ականջ կը կախենք զանգւածի բանաւոր թելադրանքին: Կը ջանանք հասկանալ զայն եւ մեր ծրագիրը յարմարեցնել ժողովրդին եւ ոչ թէ ժողովուրդը յարմարեցնել մեր ծրագրին»: Ռուբէն փաշայի այս խօսքերը, մի կողմից, վկայում են քաղաքական կամքի դրսեւորման հասունացած լինելու մասին, միւս կողմից՝ ի ցոյց են դնում ժողովրդավարական աւանդոյթների ներդրման գիտակցումը: Ապագայում էլ կուսակցութիւնը, անցնելով վայրիվերումներով, փոխւում ու զարգանում է ժողովրդի հետ:
Բ - ՀՅԴ-ն միշտ եղել է գործի կուսակցութիւն: Արեւելեան Հայաստանի ազատութեան համար զինւած պայքարի իրականացնող, զանազան վայրերում հայկական համայնքների ինքնապաշտպանութեան կազմակերպիչ, ապստամբութիւնների եւ յեղափոխական շարժումների հրահրիչ, վրէժխնդրութեան եւ ահաբեկչական պատժիչ գործողութիւնների պատասխանատու, պահանջատիրութեան քաղաքականութեան հռչակող, Առաջին Հանրապետութեան առաջատար քաղաքական ուժ, Սփիւռքում հայապահպանութեան եւ հայութեան ամրապնդման բազմազան կառոյցների ստեղծող, Հայ Դատի գործի նւիրական զինւոր եւ այլն: Եթէ չլինէր ՀՅԴ-ի այսպիսի առարկայական եւ կազմակերպւած պայքարը հայկական շահերի համար, եթէ չլինէին նրա հազարաւոր նւիրեալ ազգային հերոսների անձնւէր եւ անձնազոհ քայլերը, իմ խորին համոզմամբ, մենք այսօր չէինք ունենայ անկախ պետութիւն:
Գ- ՀՅԴ-ն այսօր մեր համաշխարհային ազգի յարաբերական առաւելութիւններից մէկն է: Կուսակցութեան համաշխարհային ցանցի եւ ինքնակազմակերպման բարձր մակարդակի շնորհիւ հնարաւոր է դառնում բազմապատկել մեր փոքրաթիւ ազգի կարողութիւնները եւ ուժը: Լինելով խիստ կանոնակարգւած, կազմակերպւած եւ կարգապահ կուսակցութիւն՝ Դաշնակցութիւնը միեւնոյն ժամանակ ապակենտրոնացւած է, բազմազան եւ բազմաբովանդակ: Նրան բնորոշ է ներկուսակցական ժողովրդավարութիւնը, տարբեր տեսակէտների եւ մօտեցումների մարտնչման եւ բախման ճանապարհով որոշումների կայացումը, որը հէնց հաւաքական քաղաքական կամքի դրսեւորման երաշխիքն է: Միեւնոյն ժամանակ, յատկապէս Սփիւռքում, կուսակցութեանը բնորոշ է գործունէութեան ոլորտների բազմազանութիւնը. ցանկացած հարց, որն առնչւում է ազգային խնդիրների, հայապահպանութեան, հայկական շահի պաշտպանութեան հետ գտնւում է Դաշնակցութեան ուշադրութեան կենտրոնում: Հայ Դատի գրասենեակների ցանցից եւ բարեգործական կառոյցներից մինչեւ դպրոցների եւ սկաուտական շարժումների գործունէութեանն օժանդակելը ազգային գաղափարներով է տոգորւած: Յաջողութեան բանալին տւել է Յովհաննէս Քաջազնունին՝ կապելով իր եւ կուսակցութեան բախտը հայ ժողովրդի ճակատագրի հետ, խոստովանելով իր սէրը հայ ժողովրդի հանդէպ. «Սիրում եմ, որովհետեւ ինքս նրա անբաժան մասն եմ զգում ինձ, ոսկրէ ոսկրից եւ արիւնէ արիւնից, կապել եմ իմ անձնական բախտը նրա հաւաքական բախտի հետ»:
Դաշնակցութեան դիմանկարը եւ նրա ուժը հայկական ազգային ոգին է:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍԵԱՆ
Վաշինգտոն, 14 յունւարի 2016 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։