Հա

Ազգային

09/03/2016

ԱԶԱՏԱՄԱՐՏ - «Առաջին անգամ Մոնթէի մասին երբ լսեցինք, ասացին՝ Ամերիկայից է եկել. Ամերիկա ասելով՝ առաջին բանը, որ գլխներումս ծագում էր, «ռեմբօ», «Շւարցնեգեր» բառերն էին...»

«Aparaj.am»-ը գրում է. «Մարատը հեռախօսով իմացաւ, որ հարցազրոյցի եմ հրաւիրում: Կաշկանդւեց: «Ի սէր Աստծոյ, ես ի՞նչ պիտի խօսեմ, այնքան արժանի տղերք կան, որ ստւերում են մնացել»,- ասաց: «Դրանցից մէկն էլ դուք էք»,- ասացի: Ծիծաղեց: Յետոյ լռեց: Ես չգիտէի, որ հեռախօսի միւս ծայրում, որտեղ նա է, անբացատրելի յուզմունք էր իջել եւ ամպի պէս պարուրել նրան: Նա այդ մասին ինձ չասաց, բայց ես դա գիտեմ…

«Aparaj.am»-ը գրում է. «Մարատը հեռախօսով իմացաւ, որ հարցազրոյցի եմ հրաւիրում: Կաշկանդւեց: «Ի սէր Աստծոյ, ես ի՞նչ պիտի խօսեմ, այնքան արժանի տղերք կան, որ ստւերում են մնացել»,- ասաց: «Դրանցից մէկն էլ դուք էք»,- ասացի: Ծիծաղեց: Յետոյ լռեց: Ես չգիտէի, որ հեռախօսի միւս ծայրում, որտեղ նա է, անբացատրելի յուզմունք էր իջել եւ ամպի պէս պարուրել նրան: Նա այդ մասին ինձ չասաց, բայց ես դա գիտեմ…


Լուսաբացից առաջ
1989 թ. դեկտեմբերի 21-ին Հադրութի շրջկենտրոնից պիտի ճանապարհւէին Խորհրդային բանակ: Մարատ Դաւթեանն իր հասակակիցների հետ սպասում էր ուղղաթիռի վայրէջքին, որպէսզի տեղաւորւեն եւ թռչեն այնտեղից, որտեղ նրա ու նրա նմանների կարիքը շուտով պիտի զգացւի: «Ուղղաթիռն օդում կանգնեց եւ նոյնիսկ չիջաւ: Այսօրւայ պէս յիշում եմ,- պատմում է նա,- աստիճաններն իջեցրին: Պէտք է բարձրանայինք: Կողքիս կանգնած էր լեգենդ դարձած մարդը՝ Արթուր Մկրտչեանը, ով իմ պատմութեան ուսուցիչն էր եղել եւ առաջինն էր ինձ ուսանել «արգելւած» հայոց պատմութիւն առարկան: Մկրտչեանը լուռ կանգնել էր, բայց երբ սկսեցինք աստիճաններով բարձրանալ, մեր յետեւից բացականչեց. «Շուտով յետ էք գալու, տղե՛րք, մինչեւ վերջ չէք ծառայելու: Խորհրդային Միութիւնը երկար կեանք չունի: Դուք այստեղ պէտք էք գալու»: Մենք պարզ լսում էինք նրա խօսքերը եւ գիտէինք, որ «լուսաբացից» առաջ այստեղ պիտի լինենք….»:
Այդպէս էլ եղաւ: Թբիլիսիում պիտի ծառայէր: Ծառայեց ընդամենը եօթ ամիս: Յետոյ 62 ղարաբաղցիներով փախան եւ եկան Երեւան: Երեւանում միտինգներ էին: Ժողովուրդը «Միացո՜ւմ» ու «Ղարաբա՜ղ» էր գոչում, իրենք էլ միացան միտինգներին: Յետոյ նրանց տարան Խորհրդային Միութեան մի զօրամաս: Այդտեղից էլ յաջողւեց փախչել եւ շտապել Արցախ: «Խորհրդային Միութեան բանակում ծառայութիւնս աւարտեցի Ստեփանակերտում, կենտրոնական պաշտպանական շրջանում»,-ասում է Մարատը:
Ծնողներն այդ ժամանակ տեղափոխւել էին Մարտունու շրջանի Կաղարծի գիւղ: Երբ 1991 թ. դեկտեմբերին աւարտեց ծառայութիւնը, գնաց Կաղարծի: Արդէն ինքնապաշտպանական ջոկատ էր գիւղում ձեւաւորւել. ինքն էլ միացաւ:


Տարիներ, որոնց համար արժէր լոյս աշխարհ գալ
«Պատերազմի տարիներն իմ կեանքի լաւագոյն տարիներն էին: Թող զարմանալի չթւայ՝ դա, իրօք, այդպէս է, որովհետեւ ամէն մի օրս իմաստաւորւած էր հայրենիքի ազատութեան երազանքով: Լաւագոյն ընկերներ եւ լաւագոյն յիշողութիւններ: Բոլորս միասնական էինք: Ես միշտ համարել եմ, որ իմ բախտը բերել է, որ ես ճիշտ ժամանակին եմ ծնւել եւ կարողացել եմ մաս կազմել Ազատամարտին: Որքա՜ն կը փոշմանէի, եթէ ուշ ծնւէի»,- ասում է եւ աւելացնում, որ այն ժամանակ օդն էլ էր ուրիշ, ամէն բան էր ուրիշ, ոգեղէն: «19-20 տարեկան երիտասարդներ էինք, ու մտածում էինք՝ եթէ զոհւելու ենք, որքան լաւ կը լինի, որ Աւոյի կողքին զոհւենք. դա ամենամեծ պատիւը կը լինէր»,- յիշում է ժպիտով:
Աշանի գումարտակի կազմում Մարատը մասնակցել է Մարտունու եւ յարակից տարածքների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին՝ Աղդամ, Գիւլափլու, Մարզիլի, Իւսուփջանլի եւ այլն:
«1993-ին Աշանի գումարտակից տղաներ ջոկեցին, որ տեղափոխեն գրոհային գունդ: Կաղարծիից հինգ հոգի էինք»,- ասում է եւ խաղաղ ժպիտը դէմքին յիշում մի երգ՝ Լիսբոնի հինգ տղաների մասին: «Այդ օրերին այնքան շատ էինք երգում այդ երգը: Այդ երգը նւիրումի եւ անձնազոհութեան խորհրդանիշ էր: Լիսբոնի հինգ տղաները մեզ համար իդէալներ էին. ուզում էինք նրանց նման լինել, նրանց պէս ոգի ունենալ, նրանց պէս խենթ լինել»:


160309d05aՀանդիպում Աւոյի հետ
«Առաջին անգամ Աւոյի (Մոնթէ Մելքոնեան) մասին երբ լսեցինք՝ ասացին, որ Ամերիկայից է եկել: Ամերիկա ասելով՝ առաջին բանը, որ գլխներումս ծագում էր, «ռեմբօ», «Շւարցնեգեր» բառերն էին: Նրան էլ էինք այդպիսին պատկերացնում: Յիշում եմ՝ Կաղարծի եկաւ ուազով: Մօտեցանք: Ապշել էինք: Հագին հին բուշլաթ էր, սովորական գիւղացու շորեր: Այդ պահին չէինք էլ մտածում, որ լեգենդի կողքին ենք կանգնած»,- ասում է ու աւելացնում, որ պատերազմի ամէն մի օրն իր յուշատետրում անմահացրել է տարիներ յետոյ, բայց յուշատետրը ոչ մէկին ցոյց տալ չի ուզում. գու՞ցէ մի օր որոշի, բայց ոչ հիմա:
«Մի անգամ օձ խփեցինք: Սոված էինք, մի բան պէտք է ուտէինք: Երբ Աւօն օձը տեսաւ, գունաթափւեց: Ձայնը գլուխը գցեց՝ ո՞վ է հեղինակը, ո՞վ է հեղինակը: Մնացինք քար կտրած: Տղերքից մէկն ասաց. «Ի՞նչ հեղինակ, մեր մէջ գրող-բանաստեղծ կա՞յ, էս ի՞նչ է ասում»: Աւոյի աչքից արտասուք հոսեց: Մէկն ասաց. «Օձի մասի՞ն է խօսքը: Այսքան թուրք ենք խփում, մի օձն ի՞նչ է, որ ջղայնանում ես, Աւօ ջան»: Այդ օրն Աւօն այնքան լաւ բացատրեց հայրենասիրութիւն կոչւածը, որ յուզմունքից չգիտէինք, թէ որտեղ թաքցնենք գլուխներս:
«Էշ (նրա սիրած բառն էր), թուրքին, որ չսպանես, ինքը կը գայ քեզ սպանելու, յետոյ կնոջդ կը սպանի, երեխայիդ, ծնողիդ, տունդ կը վառի, յետոյ էլ երկիրդ կը տաս, կը վերանաս աշխարհի երեսից: Այ դրա համար ես դու թուրքին սպանում, բայց էս օձը ի՞նչ պիտի անի քեզ: Թո՛ւ, պատի՛ժ անմեղ կենդանուն խփելու համար»:


160309d05bՊատերազմից դէպի թատրոն
«Երբ դպրոցական էի, երազում էի ֆուտբոլիստ դառնալ: Լաւ էի խաղում: Ուզում էի ընդունւել Երեւանի ֆիզկուլտինստիտուտ, բայց չստացւեց: Յետոյ, երբ մեծացայ՝ մոռացայ ֆուտբոլիստ դառնալու մասին: Անընդհատ մտածում էի դերասան դառնալ: Մայրս էլ էր այդպէս ուզում: Կենտրոնական պաշտպանական շրջանում ծառայելու տարիներին մի օր որոշեցի դուրս գալ քաղաք եւ թատրոնի տեղն իմանալ: Փողոցում մի աղջկայ հարցրի, բացատրեց թատրոնի շէնքի տեղը: Մտայ թատրոն: Առաջին իսկ պատահած սենեակում, որտեղ յայտնւեցի, նստած էին Համլետ Մարտիրոսեանն ու Մանուէլ Աւագեանը: Ասացի: Ինձ մօտ տպաւորութիւն կայ, որ ես դերասան պիտի դառնամ: Ասացի՝ կամ լաւ դերասան պիտի դառնամ, կամ լաւ տեռորիստ: Ծիծաղեցին: Հարցուփորձ արեցին: Պատմեցի, որ ծառայում եմ, բայց ազատ ժամերիս կարող եմ գալ, ծանօթանալ: Համաձայնեցին»:
«Պատերազմի տարիներին տղերքը կատակով «դերասան» էին կոչում եւ ասում, որ անպայման դերասան կը դառնամ: 1994-ի զինադադարից յետոյ, երբ պէտք է սպայ դառնայի, ասացի՝ չէ, լաւ է ես դիրքեր գնամ: «Դէ, այնտեղ էլ դերասան կը դառնաս երեւի»,- կատակեցին:
1996-ից յետոյ նորից եկաւ թատրոն, երկու տարի աշխատեց՝ որպէս դերասան, յետոյ ընդունւեց եւ աւարտեց Երեւանի Թատերական ինստիտուտը: Այսօր Մարատ Դաւթեանը Ստեփանակերտի Վահրամ Փափազեանի անւան պետական դրամատիկական թատրոնի տնօրէնն է:


Ազատամարտը չի վերջացել
«Երեւի այսօր ազատամարտիկ բառի իմաստն այնքան էլ խորը չենք հասկանում: Մարդիկ 20-30 տարի յետոյ են հասկանալու, թէ ինչ մեծ բախտ են ունեցել, որ մասնակցել են Ազատամարտին: Երբ Երկրորդ Համաշխարհային պատերազմն աւարտւեց, մեր մեծերն ասում էին՝ ի՞նչ պիտի անի գալիք սերունդը. եթէ պատերազմ լինի, կը թողնեն ու կը փախչեն: Բայց, Արցախեան ազատամարտի պատմութիւնը հակառակն ապացուցեց (թէեւ փախչողներ միշտ էլ լինում են): Հիմա էլ են ոմանք այդպէս ասում, թէ իբր՝ եթէ պատերազմ լինի, երիտասարդներից շատերը ռուսաստաններ կը փախչեն: Ես այդպէս չեմ կարծում: Ես հաւատում եմ նոր սերնդի ոգուն, հաւատում եմ սահմանը հսկող զինւորին, որովհետեւ անցած տարւայ օգոստոսն այլ բան ապացուցեց»,- ասում է նա եւ յաւելում, որ երբ օգոստոսին «դրութիւնը վատ էր», ինքը որպէս կամաւոր գնացել է դիրքեր եւ համոզւել, որ նոր սերունդն իր նախորդին չի զիջում:
«Դիրքերում 60-70 տարեկան տղամարդիկ էլ կային, 20-30 տարեկան երիտասարդներ էլ: Բոլորն էլ կամաւոր էին: Մի հրամանատար պատմեց, որ ՀՀ-ից 10 ժամկէտային զինծառայողներ այդ օրերին պիտի զօրացրւէին, բայց մօտեցան եւ ասացին. «Հրամանատար, չենք կարող գնալ, ամօթ է. ի՞նչ կը մտածեն տղերքը: Ուզում ենք մնալ՝ դրութիւնը վատ է»: Սա ի՞նչ է նշանակում. մնացողը միշտ էլ մնում է, գնացող-փախչողներ եղել են ու կը լինեն:
Իսկ ո՞վ է ասել, որ պատերազմն աւարտւել է, ո՞վ է ասել, որ 1994-ին կնքւած զինադադարը մեզ համար վերջակէտ էր: Ճիշտ է, յաղթանակներ շատ ենք ունեցել պատերազմի ընթացքում, վաստակել ենք մեր անկախութիւնը, բայց կարող էինք աւելի առաջ գնալ: Եթէ թողնէին՝ մինչեւ Բաքու կը հասնէինք: Դա մեծ քաղաքականութիւն էր. պատերազմը կանգնեցրին: Մենք դեռ կունենանք այն Հայաստանը, որը կը գայ, որին կը հասնենք: Այդ Հայաստանին հասնելու ոգին միշտ էլ կայ»:
«Այսօր ամենամեծ հերոսութիւնն է կատարւում,- շարունակում է ազատամարտիկը,- որովհետեւ այսօր աւելի բարդ ժամանակներ են, աշխարհաքաղաքական շահերն աւելի մեծ են, մարդկութիւնն էլ է փոխւել: Նախկին ազատամարտիկը պէտք է օրինակ լինի սահմանին կանգնած զինւորի համար, հարկ եղած դէպքում՝ զէնք վերցնի ու կանգնի նրա կողքին: Երբեք չպէտք է թողնենք, որ յաղթողի հոգեբանութիւնը մեր մէջ կոտրւի: Դրա համար էլ ե՛ւ իշխանաւորը, ե՛ւ հասարակ քաղաքացին պէտք է պատասխանատւութեան զգացումով ապրեն ու գործեն:
Ես յաճախ եմ մեր բացակայ տղաներին յիշում, ու երբեք չեմ ընդունել, երբ նրանց կոչել են «զոհւած» բառով: Նրանք ընդամենը բացակայ են: Ու եթէ մենք նրանց փոխարէն ներկայ ենք այսօր, ուրեմն նրանց գործի շարունակողը պիտի լինենք, ուրեմն չպէտք է պատերի տակ կամ տաք տեղերում նստած այս կամ այն բանը քննադատենք ու ասենք. «Կարելի էր սա անել, սա չանել, խի՞ է այս բանը այսպէս կամ այնպէս»: Պէտք է ինքներս մեզ հարց տանք՝ ի՞նչ ենք անում մենք այդ ամենին ի հակադարձ: Ի՞նչ ենք անում մենք մեր երկրի համար…
Կայ «չի կարելի»-ների մի շարք, որն ինձ համար անընդունելի է:
Սրանից 10 տարի առաջ, երբ տեսնում էի՝ թէ ինչպէս է մէկն աղբից բան վերցնում, չէի ուզում տեսնել, ասում էի՝ կը գնամ այստեղից, որ չտեսնեմ: Բայց, երբ մի օր տեսայ, թէ ինչպէս են զինւորները շարք կազմած քայլում, տեսայ նրանց հայեացքներն ու աչքերը, հասկացայ, որ գնալու տեղ չունեմ: Ինչպէ՞ս կարող եմ ինքս ինձնից հեռանալ: Իսկ ո՞վ է մնալու, եթէ բոլորը գնան, ո՞վ է մի բան փոխելու… Երեւի մեզ եւս մի պատերազմ է պէտք, որպէսզի միաւորւենք: Անտարբեր պէտք չէ ապրել»:


Նոր սերունդը նոր կռիւ ունի մղելու
«Ես չգիտեմ՝ իմ հինգ տարեկան որդին՝ Տիգրանը, որտեղից է լսել թուրք բառը, բայց նա նկարներ է նկարում, ասում է՝ թուրքին չեմ թողնի գայ: Ես զարմանում եմ, թէ նա ինչպէս է դա մտածում: Երեւի սա հային բնորոշ յատկանիշ է, որը սերնդէ-սերունդ փոխանցւում է: Նոր սերունդը նոր կռիւ ունի մղելու: Այսօր պատերազմը նաեւ տեղեկատւական դաշտում, դիւանագիտական ու քաղաքական խաղերում է: Պատերազմն ամենուր է: Նոր սերունդն աւելի ամուր պէտք է լինի: Մեզ դեռ նոր հերոսներ են պէտք գալու…»»:

ՀԵՐՄԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։