Հա

Ազգային

09/05/2016 - 10:10

ԶՐՈՅՑ - Մերուժան Մոսիեան

Հայը դարերի ընթացքում ապրել ու գոյատեւել է իր իրաւունքները պաշտպանելով ու կառչած է մնացել իր արմատներին: Երբեք չի նահանջել այն ազգերի դէմ, ովքեր մեր ազգի ոչնչացնելն են ցանկացել: Խաղաղասիրութեան կողմնակից լինելը յատուկ է մեր ժողովրդին: Մեր մարտիկները ամենուր խաղաղութիւն են պարտադրել այն ընդհատողներին: Միշտ էլ բարեկրթութեամբ ու համերաշխութեամբ ապրել է հարեւան երկրների կողքին:

Հերոս ազատամարտիկի սերունդը շարունակւում է


«Ամբողջ ժողովրդի կազմակերպութեան եւ միասնութեան մէջ պէտք է փնտրել այն միակ ուժը,
որը ղարաբաղցուն դուրս կը բերի այս արդարացի, բայց անհաւասար գօտեմարտից»:
ՄԵՐՈՒԺԱՆ ՄՈՍԻԵԱՆ


«ԱԼԻՔ» - Հայը դարերի ընթացքում ապրել ու գոյատեւել է իր իրաւունքները պաշտպանելով ու կառչած է մնացել իր արմատներին: Երբեք չի նահանջել այն ազգերի դէմ, ովքեր մեր ազգի ոչնչացնելն են ցանկացել: Խաղաղասիրութեան կողմնակից լինելը յատուկ է մեր ժողովրդին: Մեր մարտիկները ամենուր խաղաղութիւն են պարտադրել այն ընդհատողներին: Միշտ էլ բարեկրթութեամբ ու համերաշխութեամբ ապրել է հարեւան երկրների կողքին:
Հայոց աշխարհի ազատամարտիկները արիաբար ու խրոխտ հոգով տէր են կանգնել մեր հողերին եւ մարտական գործողութիւնների՝ միայն դիմել են անհրաժեշտութեան պահին, երբ թշնամին փորձել է խլել մեր սուրբ հայրենիքն ու թալանել ժողովրդին:
Այս օրերին Արցախի սահմանին ստեղծւած իրավիճակն ու հակառակորդի հրադադարի խախտման գագաթնակէտը մէկ անգամ եւս ապացուցեց հայի անկոտրում ու միասնական ուժը, ադրբեջանցի վայրագների դիմաց:
Այսօր՝ ինչպէս միշտ շարունակւում է արցախեան ինքնապաշտպանութիւնը:
Անթիւ ազատամարտիկներ են պայքարել, մարտիրոսացել ու կեանքի կռիւ տւել յանուն Հայրենիքի:
Հայոց աշխարհի քաջարի ու ազնիւ մարտիկների անունները պէտք է յիշի իւրաքանչիւր հայ:
Մերուժան Մոսիեան՝ հերոս-ազատամարտիկ, ում՝ 90-ականներում անունը հնչւելիս, Մարտունին իրեն պաշտպանւած էր զգում հակառակորդի ոտնձգութիւններից: Նա արցախեան գոյապայքարի շարժման հիմնական նւիրեալներից էր՝ Մարտունիում առաջին վաշտի եւ հետագայում ԼՂՀ-ում գործող ինքնապաշտպանական 26-րդ մոտոհրաձգային գումարտակային վաշտի լեգենդար հրամանատար:
Ծնւել է 1965 թ. սեպտեմբերի 7-ին, Մարտունի քաղաքում, բարեկիրթ ծնողներ՝ Արմէնի եւ Մարգարիտի ընտանիքում: Տեղի թիւ 2 միջնակարգ դպրոցը աւարտելուց յետոյ Մերուժանը ընդունւել է Ստեփանակերտի Մանկավարժական ինստիտուտի Պատմութեան ֆակուլտետը: Միաժամանակ նոյն ինստիտուտում Բանասիրական ֆակուլտետում էր ուսանում նրա կինը՝ Գենիան:
160509e02aԱրցախեան շարժման սկիզբը դրւեց, երբ նա ուսման ընթացքում էր: «Բոլորին կոչ էր անում, որ միանան շարժմանը, ասում էր՝ հրապարակը չպիտի դատարկ լինի, ամէն օր պիտի հաւաքւենք, Արցախի ձայնը պէտք է լսելի դարձնենք»,- պատմում էր նրա կինը: Մերուժանն ու Գենիան, հակառակ պատերազմական ծանր պայմանների, ամուսնացան:
Մերուժանը պարտաճանաչօրէն ու սրտանց կատարում էր իր բոլոր առաքելութիւնները: Իր կնոջ հետ համատեղ աշխատում էր Մարտունու դպրոցում, դասաւանդելով Պատմութիւն ու Իրաւագիտութիւն: «Ամարաս» թերթում աշխատում էր որպէս լրագրող: Ամէն կերպ փորձում էր զէնք հայթայթել եւ հաւատացած էր, որ առանց զէնքի հարցը լուծում չի ստանայ: Առաջին զէնքերը Մարտունիում Դաշնակցական զէնքեր էին:
Մերուժանի ձայնագրւած խօսքերը լսելիս՝ նրա ազնիւ հոգին ակնյայտ է, երբ ասում էր. «Դաշնակցութեան գաղափարը, հիմնականում Մարտունի մուտք գործեց 1989 թւականին: Այն ժամանակ դեռ դաշնակցական ընկերներ չկային: Աստիճանաբար այդ գաղափարը դուրս եկաւ իր շրջանակներից եւ Դաշնակցութեան շարքերը մտան ազնիւ երիտասարդներ, որոնք հէնց պայքարի առաջին օրերից էլ իրենց վրայ վերցրին Ղարաբաղի հողի ինքնապաշտպանութիւնը եւ պատրաստ էին մինչեւ վերջ կանգնելու թշնամու դիմաց»:
Իր Դաշնակցական ընկերների հետ միասնաբար հաւատք ունէր յաղթանակի հանդէպ: Մերուժանը կարեւորում էր ինքնապաշպանութիւնը եւ ասում էր. «Պիտի յաղթենք: Այլապէս՝ թէ պարտւենք, այս ծանր բեռը պիտի ընկնի մեր սերունդների ուսերին: Նրանք ստիպւած կը լինեն ազատագրել մեր հողերը»:
1991 թւականին Մերուժանը, Աշանի Արմէնի, Յովիկի, Մովոյի, Սահակի, Հայկի, Սօսի, Նելսոնի եւ միւս քաջարի ազատամարտիկների հետ ազատագրելով Խոջաւենդին, սկիզբ դրեցին Մարտունու շրջանի գիւղերի ազատագրմանը: 1992 թւականին նաեւ ազատագրեցին Ղարադաղլուն: Նոյն թւականի սեպտեմբերի 1-ին Մերուժանը, որպէս հրամանատար ընտրւեց Մարտունու պաշտպանական շրջանի առաջին գումարտակ եւ անդամագրւեց ՀՅԴ Կենտրոնական կոմիտէին:
Նա խուզարկումների ընթացքում, զէնքերը տանն էր թաքցնում ու պահում եւ զէնքին տիրապետելը սովորեցրել էր իր կնոջը, որպէսզի անհրաժեշտութեան դէպքում պաշտպանւեն թշնամուց:
Մերուժանի ազգանւէր ներդրման մասին արցախեան գոյապայքարում գիտէին բոլորը:
Մարտերի ընթացքում ընկերների կողքին էր ու վիրաւոր ընկերներին փրկելու համար վտանգում էր իր կեանքը: Անպայման ամէն գիշեր պէտք է ստուգէր ու հովանաւորէր բոլոր յենակէտերը: Ըստ մարտական ընկերների՝ նրա մէջ կարծես թէ ամփոփւած էին գերմարդկային արժէքները: Մարտի դաշտում վախ ու պարտութիւն չիմացող մարտիկ էր եւ միշտ առաջնագծում էր:
Մերուժանի հնարամտութեամբ ու ռազմական գիտելիքներին տիրապետելու շնորհիւ, ազատագրւեցին Մարտունի (Կուրապատկինօ, Ամիրանլար), Քարվաճառ, Մարտակերտ, Կուբաթլու, Աղդամ, Ֆիզուլի, Մարզիլի եւ շատ այլ բնակավայրեր:
160509e02b1993 թւականի օգոստոսի 23-ին, երբ լրանում էր Մերուժանի ու Գենիայի ամուսնութեան 5-րդ տարին, իր ընկերների՝ Մհեր Ջուլհաճեանի, Արտակ Մնացականեանի, Լեւոն Համբարձումեանի եւ Ռուդիկ Աւագեանի հետ Մարզիլիում (Մարտունիի հիւսիսային գծի պաշտպանական հատւածը ամրապնդելիս) ականի պայթիւնից հերոսաբար մարտիրոսւում ու զոհւում է Մերուժան Մոսիեանը:
Նրա յիշատակը միշտ վառ է մնալու ոչ միայն Մարտունու ժողովրդի սրտում, այլ իւրաքանչիւր հայի հոգում: Մերուժանի ազնւութիւնը փոխանցւել է իր զաւակներին եւ այստեղ է, որ կարելի է ասել հերոսներից հերոսներ են ծնւում:
Նա իրօք հերոս էր, ազգանւէր, ազնիւ, խոնարհ, ով խիզախօրէն մարտիրոսւեց յանուն Հայրենիքի, յանուն սերունդների անվտանգ ապրելու՝ Ազատ ու Անկախ Հայաստանում:
Նոյն հոգով տոգորւած է նրա որդին, ով կրում է իր հօր անունը ու ծնւել է հօր զոհւելուց յետոյ:
Ակնյայտ է, որ հայրենասիրութիւնն ու ազգանւիրութիւնը ժառանգաբար փոխանցւել է որդուն:
Հերոս ազատամարտիկի որդու հետ՝ Մերուժան Մոսիեանի հետ զրոյցը կայացել է հեռակայ՝ Թեհրանից՝ Երեւան: Նա ազնւօրէն ու արժանի զաւակի պէս է կրում հերոսի որդու կոչումը: Նրա խօսքերը, օրինակ են ծառայելու հայ երիտասարդների համար:
Ես վստահ եմ, որ նոր սերունդը իր խոհեմ մտածելակերպով ու հային վայել կեծւացքով շարունակում է իր նախնիների ազգանւէր գործը, եւ հայրենասիրութեան գաղափարին հաւատարիմ է մնալու իր կեանքի ուղու ողջ ընթացքում:

 

Ստորեւ ներկայացնում ենք զրոյցը:


- Հերոս ազատամարտիկի որդու կոչումը ի՞նչ զգացողութեան պատճառ է դառնում: Քանի որ կրում էք Ձեր հօր անունը:
- Աւելի պարտաւորեցնող է, ամէն քայլ փորձում եմ մտածւած կատարել: Դեռ փոքր տարիքում փորձում էի մեծի պէս մտածել, աւելի պատասխանատու լինել ցանկացած հարցի նկատմամբ:


- Մեր ինքնութեան ու ազգութեան պահպանման համար, ի՞նչ է հարկաւոր, այս համաշխարհայնացման աշխարհում:
- Առաջին հերթին՝ հայ մնալ, մտահոգ լինել ազգի հետ կապւած բոլոր հարցերով, ազգի զարգացման եւ հայապահպանութեան խնդիրը միշտ առաջին տեղում տեսնել, կրթական եւ մշակութային ասպարէզներում ձգտել մեծ յաջողութիւնների հասնել: Նաեւ՝ արտաքին դիմակայութեանը դիմանալու համար հնարաւորինս հզօրանալ, գիտա-տեխնիկական առաջընթաց ունենալ:
Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձութիւնները մէկ անգամ եւս հաստատեցին, որ մեր յոյսը մեզ վրայ պիտի դնենք, եւ ձգտենք հզօրանալ, որ ոչ մի թշնամական երկիր չկարողանայ կոտրել մեզ:


- Երրորդ հարցին համարեա արդէն պատասխանեցիք, սակայն Ձեր կարծիքով հայ երիտասարդը ի՞նչ պարտաւորութիւնների տէր է:
- Նախ՝ ազգին եւ ընտանիքին արժանի զաւակ լինի: Նաեւ՝ երբեք չբաւարարւի ունեցած ձեռքբերումներով, իր բոլոր արժանիքներն օգտագործի միայն բարի նպատակներով, պարտաւորւած լինի ազգի պատմութիւնը, նւաճումները, նախնիներից եկած աւանդոյթները պահպանի եւ, զարգացնելով՝ փոխանցի գալիք սերունդներին:


160509e02c- Կարելի է Հայաստան, Արցախ, Սփիւռքը հզօր եռեակ համարել: Սփիւռքը լինելով հեռու Հայրենիքից ի՞նչ առաքելութիւն ունի ազգապահպանման շրջանակում:
- Հայի ինքնութեան պահպահման գործում ձեր՝ Սփիւռքի դերակատարութիւնը եւս մեծ է:
Ցանկացած պահի դուք՝ Սփիւռքը, Հայրենիքի կողքին էք, Հայրենիքի խնդիրների հետ: Թէկուզ այն, թէ ինչպէս էք օտար երկրներում պահում եւ զարգացնում հայ մշակոյթը, հայոց պատմութիւնը, գովեստի է արժանի, իսկ վտանգի պահին կամ ազգային խնդիրների լուծման անհրաժեշտութեան դէպքում, դուք ոչ միայն անտարբեր չէք, այլ ամբողջ ներուժով պայքարում էք՝ երբեմն մեզանից առաւել: Այս օրերին այնպիսի տպաւորութիւն էր, որ ամբողջ աշխարհը Հայաստան էր ու Արցախ, որ դուք մեր կողքին էք եւ ցանկացած պահի կարող էք օգնութեան ձեռք մեկնել ազգին: Հայաստան, Արցախ, Սփիւռք եռամիասնութիւնը հզօր է:


- Ի՞նչպէս կարելի է Սփիւռքում սերունդները հայ մնան:
- Օտար երկրներում հայ կարելի է մնալ միայն հայկական ոգով ապրելով, եւ ձեզ մօտ դա շատ լաւ ստացւում է: Վստահ եմ, որ հայը միշտ էլ մնալու է հայ՝ անկախ նրանից, թէ որտեղ է ապրում: Դրան կը նպաստի նաեւ մշակութային տարբեր նախաձեռնութիւնների իրագործումը, շփումները միմեանց հետ, որը հնարաւորութիւն կը տայ կիսւել ազգի հետ կապւած ցանկացած թեմայով, մտահոգութիւններով, պատմութեամբ եւ աւանդոյթներով՝ ոչ միայն դրսում, այլ Հայրենիքում եւ Հայրենիքի հետ:


- Ի՞նչ ուղու վրայ էք տեսնում Հայաստանի հեռանկարը՝ թէկուզ Հայոց Ցեղասպանութեան հարցերի լուծման վերաբերեալ (Շուրջ 10-20 տարի յետոյ):
- Կարծում եմ՝ առաջիկայ 10-20 տարում տարբեր երկրների կողմից որոշ առաջընթաց կը լինի Հայոց Ցեղասպանութեան հարցի լուծման հետ կապւած: Բայց այն, որ Հայաստանը փոքր երկիր է, եւ երբեմն մեծ տէրութիւնների քաղաքական խաղերի պատճառով տուժում են փոքր երկրները, դժւար է որոշակի եզրակացութիւն անել: Միայն վստահ եմ, որ Հայաստանը, Արցախն ու Սփիւռքը համատեղ զարգացնելու են մեր Հայրենիքը:
Ամէն ինչ լաւ է լինելու:


- Եզրափակելով զրոյցը, եթէ աւելացնելիք ունէք, խնդրեմ:
- Այս պահին առաջնահերթ՝ խաղաղութիւն եմ ցանկանում Հայոց աշխարհին, հային անկոտրում կամք, ուժ ու դիմակայութիւն՝ ցանկացած իրավիճակում եւ անկախ նրանից, թէ որտեղ է գտնւում:
Ձեզ էլ շնորհակալութիւն հաճելի զրոյցի համար:

Զրոյցը վարեց՝
ԹԱԼԻՆ ԳԱԼՍՏԵԱՆԸ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։