Հա

Ազգային

21/05/2016

ՀՅԴ ՄԱՄՈՒԼ - «ՎԷՄ»

Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2016 թ. առաջին համարը՝ 293 էջ ծաւալով:
Երկու մասից բաղկացած «Վէմ»-ի ընդարձակ խմբագրականը ապրիլի 1-ի լոյս 2-ի գիշերը սկսւած քառօրեայ պատերազմից առաջ եւ յետոյ մեր երկրում ու նրա շուրջը ստեղծւած կացութեան համեմատական քննութեան փորձ է, քանզի առաջին մասը էջադրւել է մինչեւ ռազմական գործողութիւնների սկիզբը, իսկ երկրորդը շարադրւել է դրանցից 10 օր անց:

Ազդ


Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2016 թ. առաջին համարը՝ 293 էջ ծաւալով:
Երկու մասից բաղկացած «Վէմ»-ի ընդարձակ խմբագրականը ապրիլի 1-ի լոյս 2-ի գիշերը սկսւած քառօրեայ պատերազմից առաջ եւ յետոյ մեր երկրում ու նրա շուրջը ստեղծւած կացութեան համեմատական քննութեան փորձ է, քանզի առաջին մասը էջադրւել է մինչեւ ռազմական գործողութիւնների սկիզբը, իսկ երկրորդը շարադրւել է դրանցից 10 օր անց:
Հանդէսի 2016 թ. թիւ 1-ում լոյս են տեսել նաեւ քառօրեայ պատերազմից յետոյ հայ հասարակութեանը յուզող հարցերի պատմա-քաղաքական ենթահողը բացայայտող յօդւածներ ու փաստաթղթեր: Դրանցից կարելի է առանձնացնել Ղարաբաղի հայութեան 1920 թ. մարտի 22-26-ի կոտորածներին քեմալական Թուրքիայի մասնակցութեան եւ քրդական ցեղերի հետ Ադրբեջանի կնքած գաղտնի պայմանագրով՝ վերջիններիս որպէս ջարդարարներ օգտագործելու մասին վկայող մի ուշագրաւ վաւերագիր, որը ժամանակին մեր հանդէսին է տրամադրել 2015-ին կեանքից հեռացած պրոֆ. Վ. Ղազախեցեանը: Ստեղծւած կացութեան հետ բազմաթիւ զուգահեռներ են նշմարւում նաեւ Դրաստամատ Կանայեանի մահւան 60-ամեայ տարելիցի առիթով տպագրւող՝ «Սուրմալուի ճակատամարտը» եւ «Հայ-քրդական յարաբերութիւնները Հայաստանի Առաջին Հանրապետութեան շրջանում» յօդւածներում:
Ուշագրաւ ակադեմիական հրապարակումներից կարելի է առանձնացնել իրենց տեսական ու մեթոդաբանական նոր հարցադրումներով աչքի ընկնող՝ Դաւիթ Ռ. Մոսինեանի «Հայդէն Վայթի մետապատմութեան գաղափարը», Սլաւի-Աւիկ Մ. Յարութիւնեանի «Տեկստի տարածութիւնը» յօդւածները, իսկ Յասմիկ Ա. Եղիազարեանի «Եւրոպայի վերջին մեծ մտածողը» ոչ մեծ հրապարակումը «Վէմ» հանդէսի յարգանքի տուրքն է վերջերս կեանքից հեռացած Ումբերտօ Էկոյի յիշատակին:
Հանդէսի 2016 թ. առաջին համարում տեղ են գտել նաեւ Գեղամ Մ. Բադալեանի՝ Արեւմտեան Հայաստանի նախաեղեռնեան շրջանի ժողովրդագրական պատկերը ներկայացնող ուսումնասիրութեան 4-րդ, ՀՅԴ յայտնի գործիչ Միքայէլ Տէր-Մարտիրոսեանի (Մար) նորայայտ յուշերի 3-րդ մասը եւ այլ հետաքրքիր հրապարակումներ: Ներկայացնում ենք «Վէմ»-ի 2016 թ. թիւ 1-ի բովանդակութիւնն ու խմբագրականը:

 

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Վտանգի զգացողութիւնը

 

Բանալի բառեր - աշխարհաքաղաքական տեղաշարժեր, Արեւմուտքի ռազմավարութիւն, Ռուսաստան, Թուրքիա, մարտահրաւէրներ, բանակ, վտանգի զգացողութեան արթնացում, Ղարաբաղեան հիմնահարց:

 

Վէմ-ի ներկայ խմբագրականը ապրիլի 1-ի լոյս 2-ին սկիզբ առած դրամատիկ իրադարձութիւններից առաջ եւ յետոյ մեզանից իւրաքանչիւրին բաժին ընկած ճակատագրի հարազատ հայելին է: Նրա առաջին մասն էջադըրւել է նախքան Ղարաբաղեան ճակատում սկիզբ առած ռազմական գործողութիւնները, իսկ երկրորդ մասը շարադրւել է դրանցից 10 օր անց: Կարծում ենք, որ քառօրեայ պատերազմից առաջ եւ յետոյ արձանագրւած դատողութիւնների ու կանխատեսումների համեմատութիւնը թոյլ կը տայ հասկանալ տեղի ունեցածը եւ ծրագրել ապագան:

 

Մաս առաջին:
Վտանգի զգացողութեան արթնացումը. 30.03.2016:

Առաջաւոր Ասիայում փոթորկող աշխարհաքաղաքական տեղաշարժերի հզօր ալիքն արդէն սկսել է իր ազդեցութիւնը գործել մեր տարածաշրջանում դարեր շարունակ գոյութեան պայքար մղող ժողովուրդների վրայ, ինչը նրանցից իւրաքանչիւրն այսօր դիտարկում է ե՛ւ որպէս պոտենցիալ սպառնալիք, ե՛ւ սեփական խնդիրների լուծման նոր հնարաւորութիւն:
Ներկայում մեր շուրջը ծաւալւող համաժամանակեայ գործընթացներն ունեն իրենց գլոբալ, տարածաշրջանային եւ էթնոկրօնական բաղադրիչները, որոնցից իւրաքանչիւրը սերտօրէն շաղկապւած է մէկը միւսին:
Գլոբալ քաղաքականութեան մէջ արձանագրւում է տարածաշրջանի նոր քարտէզի ձեւաւորմանն ուղղւած Արեւմուտքի ռազմավարութեան երկու՝ առաջաւորասիական ու հարաւկովկասեան ուղղութիւնների աստիճանական միաձուլման գործընթացը՝ Միջերկրականի ափերից (Սիրիա) մինչեւ Կասպիականի ափերը (Ադրբեջան) հասնող ողջ տարածաշրջանում:
Տարածաշրջանային հարթութեան վրայ տեղի է ունենում երկու մայրցամաքային տէրութիւնների՝ Ռուսաստանի ու Թուրքիայի միմեանց հանդէպ «սիրոյ» եւ ատելութեան» իռացիոնալ պոռթկումների վրայ հիմնւող՝ աւանդական «մուրճի ու սալի» քաղաքականութեան արժեզրկման գործընթացը:
Էթնոկրօնական յարաբերութիւնների ասպարէզում նկատւում է Հայոց Ցեղասպանութեան ժամանակ արդէն իսկ փորձարկւած՝ էթնիկ զտումների նոր ալիքի տարածումը սկզբում՝ Սիրիայի արաբների, ապա՝ եզդիների ու քրիստոնեաների, իսկ այժմ արդէն՝ քրդերի վրայ:
Նման համաժամանակեայ գործընթացները ԽՍՀՄ-ի փլուզումից յետոյ մեր տարածաշրջանում բորբոքւած էթնոկրօնական դիմակայութիւնների սառեցման աւանդական մեխանիզմների խարխլման հետեւանքն են, ինչը տարաժամանակեայ (դիաքրոնիկ) հարթութեան վրայ ներկայում հասել է այն վտանգաւոր սահմանագծին, երբ դրանք շատ շուտով անհնար է լինելու կառավարել մէկ կէտից:
Այսպէս՝ առաջին հանգրւանում՝ 1990-ականներին, նախկին ԽՍՀՄ-ի տարածքում բռնկւած բոլոր հակամարտութիւնների՝ Մերձդնեստրի, Աբխազիայի, Հարաւային Օսեթիայի, Լեռնային Ղարաբաղի, իսկ մի փոքր անց՝ Չեչնիայի տարածքները ռազմավարական առումով այս կամ այն չափով վերահսկւում էին նախկին Կենտրոնի, եւ ապա՝ Ռուսաստանի Դաշնութեան բանակի եւ ուժային այլ կառոյցների կողմից, այսինքն մենք գործ ունէինք դրանց միաբեւեռ կառավարման ոչ միշտ տեսանելի համակարգի հետ:
Երկրորդ հանգրւանում՝ այդ իրադարձութիւններից մօտ 2 տասնամեակ անց բռնկւած՝ Ղրիմի ու Արեւելեան Ուկրայինայի համար պայքարում ակնյայտ է դարձել, որ Ուկրայինայի հանդէպ Ռուսաստանի ունեցած ռազմա-քաղաքական գերակշռութիւնը դեռեւս բաւարար չէ վիճելի հարցերի լուծման համար, որովհետեւ այս հակամարտութիւններն արդէն վերածւել են Արեւմուտք-Ռուսաստան երկբեւեռ դիմակայութեան օջախների:
Ուստի այժմ՝ երրորդ հանգրւանում մեր տարածաշրջանին մօտեցող աշխարհաքաղաքական տեղաշարժերի հզօր ալիքը խոստանում է վերածւել ուժային մի քանի կենտրոնների շահերի բախման պայմաններում ծաւալւող բազմաբեւեռ դիմակայութեան գերբարդ համակարգի, որի ջրապտոյտի մէջ ներքաշւած փոքր երկրներին ու ժողովուրդներին հարկ է լինելու գործել ե՛ւ գլոբալ, ե՛ւ տարածաշրջանային մարտահրաւէրների միաժամանակեայ ազդեցութեան ու փոխադարձ չէզոքացման պայմաններում:
Արդիւնքում՝ երբ յետխորհրդային շրջանում Հարաւային Կովկասում ձեւաւորւած աշխարհաքաղաքական նոր իրողութիւնները եւ Արեւմտեան Հայաստանի ու նրա յարակից տարածաշրջանների համար սկիզբ առնող էթնոկրօնական դիմակայութիւնները հետեւողականօրէն ներքաշւում են մէկ ընդհանուր կաթսայի մէջ, տարածաշրջանի «փայատէրեր» Ռուսաստանն ու Թուրքիան յայտնւում են գլոբալ քաղաքականութեան ե՛ւ օբիեկտների, ե՛ւ սուբիեկտների դերում:
Պատճառն ակնյայտ է. տնտեսական մամլիչի գործադրումով ձեռք բերւող քաղաքական առաւելութիւններին ներկայում գումարւել է նաեւ աշխարհաքաղաքականութեան աւանդական չափորոշիչների խարխլման գործընթացը, որը հազարամեակներ շարունակ հիմնւելով ծովային ու մայրցամաքային ազդակների դիմակայութեան բնորդի վրայ, ծովերից ու ովկիանոսներից կտրւած Հայկական լեռնաշխարհում սովորաբար ապահովել է երկրորդ ազդակի գերակայութիւնը: Աստիճանաբար անցեալ են դառնում այն ժամանակները, երբ «բրիտանական նաւերը չէին կարող բարձրանալ Արարատ լեռան վրայ» քանզի աւանդական աշխարհաքաղաքականութեան զոյգ տարերքների՝ ծովի ու ցամաքի դիմակայութեանը խառնւել ու նրանց հանդէպ գերակայութիւն է ձեռք բերել երրորդ տարերքը՝ օդը կամ երկինքը եւ անգամ՝ տիեզերքը, որոնցում գործող զինատեսակները հանդէս են գալիս իրենց գերժամանակակից փաթեթաւորմամբ՝ ռազմատիեզերական ուժերի տեսքով:
Ուրեմն՝ առաջիկայում մեր շուրջն ուրւագծւող բազմաբեւեռ դիմակայութեան համակարգի առանցքային բաղադրատարրերն են լինելու լայն առումով՝ տեխնոլոգիական գերակայութիւնը, նեղ առումով՝ երկինքը վերահսկելու ունակութիւնը: Երկրորդ հարթութեան վրայ մեր տարածաշրջանում առայժմ նախապատւելի դիրքեր ունեցող Ռուսաստանի գերակայութիւնը հիմնւում է Հիւսիսային Կովկասում ու Հայաստանում իր ունեցած հնարաւորութիւնները ռազմատիեզերական ուժերի միջոցով համադրելու վրայ, ինչը, միջուկային զէնքի հետ միասին, հանդիսանում է ուժի այն իրական աղբիւրը, որը զսպող դեր է խաղում Ադրբեջանի վրայ յենւելով՝ Հարաւային Կովկասում գերակայութիւն հաստատելու Թուրքիայի անթաքոյց նկրտումների հանդէպ: Սակայն, հաշւի առնելով այն իրողութիւնը, որ արեւմտեան հակաօդային պաշտպանութեան միջոցների առանձին բաղադրատարրերն արդէն ներդրւել են մեր հարեւան Վրաստանում, իսկ առաջիկայ աշնանը սպասւող Իրաքեան Քուրդստանի անկախութեան հանրաքւէից յետոյ դրանք կարող են վերաբազաւորւել Թուրքիայից մի փոքր աւելի հարաւ, դժւար չէ եզրակացնել, որ շուտով Հայկական լեռնաշխարհի չքնաղ երկինքը ռազմատիեզերական առումով յայտնւելու է արտաքին ուժերի կրկնակի վերահսկողութեան տակ: Նման պայմաններում իրադարձութիւնների զարգացման ընթացքը Հայկական լեռնաշխարհը կարող է վերածել Նոր Բալկանների, որի հարաւում միմեանց կոկորդ են կրծելու թուրքերն ու քրդերը, իսկ հիւսիսում՝ պարբերաբար բռնկւող ռուս-թուրքական «սիրոյ եւ ատելութեան» իռացիոնալ պոռթկումների բեմականացման համար օգտագործւող հայերն ու ադրբեջանցիները:
Չցանկանալով լրացուցիչ դրամատիզմ հաղորդել մեր շուրջը ձեւաւորւող առանց այդ էլ բարդ կացութեան հնարաւորինս համակողմանի քննութեանը՝ միաժամանակ չենք կարող չեզրակացնել, որ որպէս պետութիւն ու ժողովուրդ՝ մենք դեռեւս պատրաստ չենք աշխարհաքաղաքական վերադասաւորումների այս նոր՝ շատ աւելի բարձր ալիքին դիմակայելու գործին, քանի որ.
առաջին՝ անցած 25 տարիների ընթացքում մեզ չի յաջողւել Հայաստանը վերածել կայացած ու կենսունակ պետութեան,
երկրորդ՝ 2008-ից յետոյ փաստացի հայրենազրկման վերածւած զանգւածային արտագաղթի պատճառով երկիրը կորցրել է իր բնակչութեան կարեւոր մասին,
երրորդ՝ Հայաստանում ներդրւած նէոլիբերալիստական փողապետութեանը բնորոշ արժէքները ներքաղաքական գետնի վրայ մեր հանրութեանը դարձրել են աւելի յարմարւողական ու անտարբեր:
Այս բոլոր ձախողումները յանգեցրել են նրան, որ անցած տասնամեակի ընթացքում մեր հարեւանները սկսել են գերազանցել մեզ ոչ միայն իրենց տնտեսութեան ծաւալներով, այլեւ պետականօրէն ինքնակազմակերպւելու միւս հիմնական չափորոշիչներով: 1990-ականներին կործանման եզրին յայտնւած Վրաստանն այսօր անհամեմատ առաջ է մեզանից իր զարգացման մակարդակով, իսկ Ադրբեջանը՝ բոլոր հիմնական քանակական ցուցանիշերով: Արդիւնքում՝ նրանցից իւրաքանչիւրը, ինչպէս նաեւ Արեւմտեան Հայաստանում ծաւալւող քրդական շարժումը սկսել են մտածել տարածաշրջանի «թոյլ օղակը» դարձած Հայաստանի ու հայութեան շահերի հաշւին իրենց խնդիրները լուծելու մասին: Այս գայթակղութիւնից նրանց առայժմ յետ է պահում Հայոց Բանակի մարտունակութիւնը:
Սակայն մեր տարածաշրջանը մի քանի ուժային կենտրոնների շահերի բախման բարդ ջրապտոյտի մէջ ներքաշւելու պարագայում մեծանալու է այնտեղ «տղայ բերելու» գայթակղութիւնը, ինչը յղի է ուժերի ներկայ յարաբերակցութեան փոփոխութեան վտանգով: Ուստի նման նկրտումների գումարային արդիւնքը լուրջ կասկածի տակ է դնելու Հայաստանի՝ որպէս պետութեան գոյութիւնը, քանզի Հայոց Բանակն իրականում մենք ենք: Իսկ այն ազգը, որն իր մօտ 10 միլիոն ներկայացուցիչներից հազիւ 2,5 միլիոնին է կարողանում (այն էլ՝ մեծ դժւարութեամբ) պահել հայրենի հողի վրայ, աշխարհաքաղաքական խոշոր կատակլիզմների պայմաններում չի կարող երկար ժամանակ դիմակայել մարդուժի եւ տնտեսական հնարաւորութիւնների առումով բազմակի առաւելութիւն ունեցող հարեւանների ճնշմանը: Աւելին՝ մեր տարածաշրջանը ուժային մի քանի կենտրոնների շահերի բախման բարդ ջրապտոյտի մէջ ներքաշւելու պարագայում ոչ ոք չի կարող երաշխաւորել որեւէ արտաքին աջակցութեան տեւականութիւնն ու յուսալիութիւնը: Նման սցենարի հաւանականութիւնը գնալով աւելի ու աւելի առարկայական է դառնում տնտեսական ճնշումների մամլիչի տակ թուլացող Ռուսաստանի ներքաղաքական զարգացումների անորոշութեան պայմաններում:
Ուրեմն՝ մօտ ապագայում Հայաստանի անվտանգութեան ապահովման համար պարտաւոր ենք ունենալ ոչ միայն արտաքին այլընտրանքներ, այլեւ ներքին դիմադրողականութեան բոլորովին այլ մակարդակ, որովհետեւ 2008 թւականից յետոյ ամենքի համար ակնյայտ դարձած մեր թուլացման գործընթացի շարունակումն արդէն յաջորդ տասնամեակում հայ ժողովրդի համար միանգամայն առարկայական է դարձնելու Հայրենիքի կորստեան վտանգը:
Եզրակացութիւնը պարզ է. առաջիկայում մեզ սպասում է կենսունակութեան մի նոր եւ աւելի բարդ քննութիւն, քանզի հարկ է լինելու գոյատեւել ե՛ւ գլոբալ, ե՛ւ տարածաշրջանային ազդակների միաժամանակեայ ներգործութեան բազմաբեւեռ համակարգի առկայութեան պայմաններում, ինչը յղի է դրանց փոխադարձ չէզոքացման հեռանկարով:
Այս մռայլ խորապատկերի վրայ նշմարւող միակ ուրախալի իրողութիւնն այն է, որ առնւազն վերջին մէկ տարւայ ընթացքում սկսել ենք արձանագրել Հայաստանի անկախութեան ողջ քառորդդարեայ ժամանակամիջոցում իրաւազրկւած, ստորացւած ու քաղաքականութիւնից դուրս մղւած հայ ժողովրդի ինքնապահպանման դարաւոր բնազդի արթնացումը: Նման երեւոյթը՝ որպէս ազգային ինքնագիտակցութեան դրսեւորում, սկզբում իր իռացիոնալ-զգացական, իսկ վերջին ամիսներին նաեւ՝ միանգամայն գիտակցւած տեսքով, խորքային յեղաբեկումներ է արձանագրել մեր հասարակութեան տրամադրութիւնների մէջ: Արթնացել է հպարտ հայ մարդը՝ իր դժբախտութիւնների պատճառը փնտրելով ոչ թէ գնալով վտանգաւոր դարձող արտաքին-աշխարհաքաղաքական գործընթացների միգամածութիւններում, այլ այն միջավայրի ու պայմանների մէջ, որում տեղի է ունենում նրա ուժերի ու հնարաւորութիւնների փոշիացումն ու մսխումը: Անտարբերութեանը, անվստահութեանն ու կասկածներին սկսել են փոխարինել մօտեցող վտանգների յստակ գիտակցումն ու ճշգրիտ հաշւառումը:
Վտանգի զգացողութեան արթնացումը՝ որպէս ազգային ինքնագիտակցութեան սպեցիֆիկ-հայկական դրսեւորում, այն հիմնական, առանցքային գործօնն է, որը ոչ միայն ունակ է վճռական պահին համախմբել հայ ժողովրդին, այլեւ արմատապէս փոխել երկրի ներքաղաքական կացութիւնը առաջիկայ մէկ տարւայ ընթացքում:

 

Մաս երկրորդ:
Վտանգի գիտակցումը. 12.04.2016

Ապրիլի 2-ի առաւօտեան մեր գիտակցութիւնը մի պահ կանգ առաւ այդ րոպէներին Մատաղիսում ծաւալւող կատաղի կռիւների մասին հեռախօսով ստացւող տագնապալի լուրերի շրջագծում: Հայերէնի բառապաշարից վայրկենապէս սղւելով՝ անհետացան այդ բնակավայրի անւան վերջին երկու տառերը՝ մեր միտքը կենտրոնացնելով ինքնութենական իմաստ ունեցող «մատաղ» հասկացութեան շուրջը: Հայրենիքի զոհասեղանին մատաղ լինելու միջոցով 19-20-ամեայ երիտասարդները մեզ թանկագին ժամանակ էին տալիս՝ տեղի ունեցածը գիտակցելու, սխալները սրբագրելու, իրավիճակը շտկելու եւ դաւին կուլ չգնալու համար:
Ուստի այսուհետեւ նրանցով հպարտանալու պատիւ եւ արժանապատւութիւն կարող են ունենալ միայն նրանք, ովքեր կը դրսեւորեն զոհերի փոխարէն ապրելու եւ նրանց անաւարտ գործը շարունակելու կամք ու վճռականութիւն: Իսկ ներկայ պահին՝ անմիջական վտանգի չէզոքացումից յետոյ, ամենակարեւորը ուշքի գալու ունակութիւնն է, որովհետեւ աւելորդ ժամանակ մենք այլեւս չունենք. Հայրենիքը վտանգի մէջ է:
Ակնյայտ է, որ տարիներ շարունակ Հայաստանի ու Սփիւռքի լաւագոյն ինտելեկտուալների կողմից թմբկահարւած՝ մրցակցային նոր միջավայրին մեր երկրի անհամապատասխանութեան մասին նախազգուշացումները, որոնք մինչ օրս մնացել են իբրեւ «ձայն բարբառոյ յանապատի», ճշմարիտ էին, արդարացի ու տեղին: Սակայն դրանց մասին տարբեր առիթներով, այդ թւում նաեւ մեր հանդէսի հրապարակումների տեսքով արւած կանխատեսումների քննութիւնն այլեւս ապագայ պատմագէտների գործն է: Մենք այսօրւանից պէտք է նայենք դէպի առաջ՝ անցեալից կորզելով իրավիճակը հիմնաւորապէս շրջելու համար անհրաժեշտ փորձն ու հմտութիւնը:
Իսկ իրավիճակի կամ «քաղաքական պահի» առանձնայատկութիւնն այն է, որ այսօր գործ ունենք Ցեղասպանութիւնից փրկւած եւ ԽՍՀՄ-ի փլուզումից յետոյ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զոյգ հանրապետութիւնների տեսքը ստացած՝ հայրենի հողի վրայ մեր հետագայ գոյատեւման երկմիասնական խարիսխի կազմաքանդմանն ուղղւած թուրք-ադրբեջանական միասնական դաւի հետ: Առանց Ղարաբաղի չի լինելու Հայաստանը, իսկ առանց Հայաստանի ներկայ գլոբալացող աշխարհում շատ շուտով ձուլւելու եւ անհետանալու է նաեւ Սփիւռքը: Ուրեմն խօսքը ոչ թէ մեր Հայրենիքի մի մասի, այլ Ցեղասպանութիւնից յետոյ փրկւած ամբողջի վրայ կախւած սպառնալիքի մասին է: Հայրենիքի կորստեան վտանգը նաեւ ազգի ստոյգ կորստեան սպառնալիք է, այսինքն՝ գոյութեան խնդիր: Իսկ դա նշանակում է, որ Ղարաբաղի փրկութեան հարցը ողջ ազգի հետագայ գոյատեւման պայմանն է ու միաժամանակ՝ բացարձակ առաջնահերթութիւնը: Մնացած բոլոր մեծ ու փոքր խնդիրները ստորադաս են այս հրամայականին, որի լուծումը պահանջում է ուժերի գերագոյն լարում եւ մեծագոյն իմաստնութիւն:
Հաշւի առնելով այն իրողութիւնը, որ Ղարաբաղում մենք այսօր բախւում ենք ոչ միայն Ադրբեջանի, այլեւ նրա թիկունքին կանգնած մեր դարաւոր ոսոխ Թուրքիայի ագրեսիայի հետ, ստեղծւած պայմաններում սեփական ուժերին ապաւինելու հրամայականն անվիճելի է: Սակայն անվիճելի է նաեւ այն իրողութիւնը, որ նման հրամայականը պէտք է ներդաշնակ կերպով հակադրւի մեր աւանդական արտաքին արեւելումների՝ արտաքուստ միայն փոխբացասող վեկտորներին: Հայկական արեւելումը պէտք է հիմնւի այն ելակէտի վրայ, համաձայն որի՝ մեր դիրքորոշումն այս կամ այն տէրութեան նկատմամբ պայմանաւորւած է Ղարաբաղի հարցի հանդէպ նրա որդեգրած քաղաքականութեամբ: Այսօր դա ամենեւին էլ չի հակասում սեփական ուժերին ապաւինելու՝ ինքնին հասկանալի հրամայականին, որովհետեւ վճռականութեան ու միասնականութեան հետ միասին պահանջւում է նաեւ դիւանագիտական հմտութիւն ու փորձ:
Առ այդ՝ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առիթով մեր հանդէպ բիւրեղացած համաշխարհային հանրութեան դրական կարծիքի ոսպնեակը պէտք է նպատակաուղղւի Ղարաբաղի հայութեանը սպառնացող ցեղասպանութեան ու բռնագաղթի կանխարգելմանը: Սա Հայոց Ցեղասպանութիւնը շարունակելու եւ իր հայրենի հողերի վրայ հայ ժողովրդի բնաջնջումն ու տեղահանութիւնն իր աւարտին հասցնելու Թուրքիայի քաղաքականութեան նոր դրսեւորումն է՝ իր կողմից ստեղծւած երկրորդ ցեղասպան պետութեան՝ Ադրբեջանի միջոցով: Նման պայմաններում հարկ է գիտակցել, որ միջազգային հանրութեան կողմից առաջ քաշւող ոչ մի փոխզիջումային լուծում չի կասեցնելու թուրք-ադրբեջանական դաւադրութիւնը, այլ միայն աւելի բարենպաստ պայմաններ է ստեղծելու նրա շարունակման համար, որովհետեւ Ադրբեջանի կողմից որեւէ միջազգային պարտաւորութիւն չյարգելու փաստը, հիմնւած է ոչ թէ սեփական կամքի, այլ յստակօրէն Թուրքիայի կողմից ուղղորդւող ընդհանուր ռազմավարութեան վրայ:
Առաջիկայում անհրաժեշտ է մեզանով շահագրգռել բոլոր այն արտաքին ուժերին, որոնք իրենք տարածաշրջանային քաղաքականութիւնը հիմնում են հայկական գործօնի հաշւառման ու պահպանման ելակէտի վրայ: Իսկ դրանք, բարեբախտաբար, շատ աւելի զօրեղ են, քան Թուրքիան ու Ադրբեջանը միասին վերցրած: Այդ ուժերից երկուսի՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ ներկայում շարունակւող սուր մրցակցութիւնն է Թուրքիային ու նրա դաշնակից Ադրբեջանին ընձեռել նրանց շահերի արանքը խցկւելու յանդգնութիւնը, որը հիմք դարձաւ վերջին ագրեսիայի համար: Այդ նպատակադրումը չէզոքացնելու համար առաջիկայում որոշ ժամանակ հարկ է լինելու դիմանալ՝ լարելով համաշխարհային մեր ողջ ներուժ կարողականութիւնը: Դիմանալ է պէտք՝ որսալու յարմար այն բարենպաստ պահը, երբ տարածաշրջանում եղանակ ստեղծող տէրութիւնները Հարաւային Կովկասում Թուրքիայի քաղաքականութեան ակտիւացումը չէզոքացնելու համար անհրաժեշտ կը համարեն «խուզել» նրա տարածաշրջանային «պոչը»:
Այդ պահն օգտագործելու համար մենք պէտք է խորութեամբ ըմբռնենք նաեւ Ռուսաստանի վերջին դիրքորոշումների նրբերանգները, որպէսզի խուսափենք նրա հանդէպ «սիրոյ տեսարանները»՝ ատելութեամբ փոխարինելու գայթակղութիւնից, ինչը ներկայ հանգրւանում ձեռնտու է հէնց Ադրբեջանին: Թուրք-ադրբեջանական տանդէմը ներկայում փորձելով տարածաշրջանային պատերազմի ծուղակի մէջ ներքաշել Ռուսաստանին, վաղն ինքն է ընկնելու համաշխարհային ուժերի կողմից լարւած թակարդը: Հայաստանին անհրաժեշտ է ունենալ հաւասարակշռւած ու պրագմատիկ քաղաքականութիւն՝ վաղ թէ ուշ անխուսափելի դարձող պատերազմական նոր սադրանքին դիմակայելու համար: Ուրեմն՝ առաջիկայ ամիսների ընթացքում պարտաւոր ենք նախ եւ առաջ յաղթահարել վերջին ռազմաբախման հետեւանքով ակնյայտ դարձած համազգային ամօթն ու խայտառակութիւնը՝ հազարամեակների քաղաքակրթութեամբ հպարտացող մեր երկրի հանդէպ որոշ արդիական զինատեսակների մասով երէկւայ քոչւորական թաթարի ձեռք բերած առաւելութիւնը:
Երկրորդ՝ Հայաստանի ներքին կացութիւնն ակնյայտօրէն չի համապատասխանում վտանգի զգացողութիւնից բխող մեր ոգեղէն ուժը հունաւորելու առաջադրանքի լուծմանը: Վճռական կռիւների պահին՝ լուսանկարւելու համար Ղարաբաղ վազող եւ իրենց ցուցամոլութեամբ թշնամու համար լրացուցիչ թիրախներ ապահովող «հայրենասէրների» միջոցով Հայաստանը չի կարող որսալ առաջիկայում պատմութեան կողմից մեզ ընձեռւելիք յարմար պահը եւ մէկընդմիշտ փակել Ղարաբաղի հարցը: Նման պայմաններում ամենեւին էլ չխաթարելով արտաքին թշնամու դէմ համախմբւելու կամքն ու վճռականութիւնը, մարտնչող երկրին անհրաժեշտ արդարութեան պահանջը առաջիկայ ամիսներին հիմնաւորապէս փոխելու է Հայաստանի ներքաղաքական կացութիւնը: Դրանում այլեւս կարելի է չկասկածել:
Երրորդ՝ հիմնաւոր զօրաշարժի կարիք ունի նաեւ Սփիւռքը՝ շտապ դրամահաւաքի իրականացման եւ ԼՂՀ.-ի ճանաչմանն ուղղւած հրատապ քայլերի միջոցով:
Մայր Հայաստանը գաղափարաքաղաքական երկունքի մէջ է, որից շատ շուտով ծնւելու է ոչ միայն մեր անվտանգ գոյատեւման ու անկաշկանդ զարգացման իմաստուն գաղափարը, այլեւ Հայ ժողովրդի ու Հայոց Բանակի անխորտակելի միասնութեան վրայ հիմնւած յաղթական գործը:

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
Վտանգի զգացողութիւնը
ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
Դաւիթ Ռ. Մոսինեան
ՀԱՅԴԷՆ ՎԱՅԹԻ ՄԵՏԱՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ
Լեզւաբանական շրջադարձի համատեքստում
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ
Սարգիս Գ. Պետրոսեան (Գիւմրի)
ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԱՌԱՍՊԵԼԸ ՍԻՆԱՄ ԹԱԳԱՒՈՐԻ ՎԻՊԱԿԱՆ ԿԵՐՊԱՐՈՒՄ
Աւագ Ա. Յարութիւնեան
ՀԱՅ-ՔՐԴԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ
ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ
Հայկազուն Ս. Ալւրցեան
ԵԿԵՂԵՑԻՆ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՀՈԳԵՒՈՐ ՏԱՂԵՐՈՒՄ
Ալբերտ Ա. Մակարեան
ԶԱՊԷԼ ԵՍԱՅԵԱՆԻ «ՍԻԼԻՀՏԱՐԻ ՊԱՐՏԷԶՆԵՐԸ»
ԼԵԶՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ
Փառանձեմ Գ. Մէյթիխանեան
ԿՈՒՌՔ, ԴԻՔ, ՉԱՍՏՒԱԾ
Եւ դրանց անունները Աստւածաշնչում
ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆ
Ռոմիկ Խ. Քոչարեան
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԵԿՆՈՂԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՄՈՎՍԷՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
Մաս առաջին: Պատմութիւնը՝ ժամանակահոս կեանքի անցեալի մշակութօրէն նշանակալի ներկայութիւն
ՄՇԱԿՈՅԹ
Սլաւի-Աւիկ Մ. Յարութիւնեան (Մոսկւա)

ՏԵՔՍՏԻ ՏԱՐԱԾՈՒԹԻՒՆԸ
Համատեքստի ու տեքստի փոխյարաբերութեան ձեւերը
ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆ
Համլետ Մ. Գէորգեան,
Արթուր Ս. Ղազարեան,
ՍՈՒՐՄԱԼՈՒԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
Զօրավար Դրաստամատ Կանայեանի մահւան 60-ամեայ տարելիցի առիթով

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ
Յարութիւն Լ. Քիւրքչեան (Աթենք)
ՍՓԻՒՌՔԱՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ ԵՐԵՒՈՅԹՆԵՐ.
PARENTHESES հրատարակչատուն, Մարսէյլ, Ֆրանսիա
Գրետա Յ. Նիկողոսեան
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ «ԱՐԱՐԱՏ» ԱՄՍԱԳՐԻ ԷՋԵՐՈՒՄ 185
ԼՐԱՏՈՒ
Յասմիկ Ա. Եղիազարեան
ԵՒՐՈՊԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՄԵԾ ՄՏԱԾՈՂԸ
Ումբերտօ Էկոյի յիշատակին
ԳՐԱԽՕՍՈՒԹԻՒՆՆԵՐ
Մարիամ Հ. Գէորգեան - Ալբերտ Ա. Խառատեան, Արեւմտահայ մամուլն իր պատմութեան աւարտին (1900-1922 թթ.)

ԱՐԽԻՒ
ՄԱՐ-Ի ՆՈՐԱՅԱՅՏ ՅՈՒՇԵՐԸ
Մաս երրորդ: Գործունէութիւնը Հալէպում եւ ձերբակալութիւնը Կիլիկիա անցնելու ճանապարհին
Պատրաստեցին՝ Ռուբէն Հ. Գասպարեանը եւ Ռուբէն Օ. Սահակեանը
Վահագն Ա. Յակոբեան
ՄԻՔԱՅԷԼ ՎԱՐԱՆԴԵԱՆԻ ԳՐՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Վլադիմիր Ն. Ղազախեցեան
1920 Թ. ԱՊՐԻԼԻ 15-Ի ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Բացայայտում է Ղարաբաղի հայութեան 1920 թ. մարտի 22-26-ի կոտորածների պատճառները
ՅԱՒԵԼՒԱԾ
Գեղամ Մ. Բադալեան
ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԷԻՆ
Մաս չորրորդ: Էրզրումի նահանգի արեւելեան եւ հարաւային գաւառները

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։