Հա

Ազգային

26/05/2016 - 11:00

Արամի ընտանիքի ոդիսականը

Երեւան, Արամի փողոց, շէնք 9: Այս տանն է 1917-19 թթ. ապրել Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանը՝ իր կնոջ Կատարինէ Զալեանի հետ: Երբ 1917 թ. դեկտեմբերին Արամը եկաւ Երեւան, նրան՝ Վանի փառապանց նահանգապետին, իսկ այդ պահին արդէն Արեւելեան Հայաստանի փաստացի ղեկավարին՝ դիմաւորեցին մեծ ցնծութեամբ:

ՌՈՒԲԷՆ ՇՈՒԽԵԱՆ


Երեւան, Արամի փողոց, շէնք 9: Այս տանն է 1917-19 թթ. ապրել Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանը՝ իր կնոջ Կատարինէ Զալեանի հետ: Երբ 1917 թ. դեկտեմբերին Արամը եկաւ Երեւան, նրան՝ Վանի փառապանց նահանգապետին, իսկ այդ պահին արդէն Արեւելեան Հայաստանի փաստացի ղեկավարին՝ դիմաւորեցին մեծ ցնծութեամբ: Երեւանի պատւարժան քաղաքացիներից մէկը՝ Ֆադէյ Քալանթարեանը, նրան նւիրեց իր համար ճարտարապետ Բորիս Մեհրաբեանի նախագծով այն ժամանակ Ցարսկայա կոչւող փողոցում 1910 թ. կառուցւած երկյարկանի այդ տունը: Իսկ Կատարինէ Զալեանի հետ Արամը ծանօթանում է Ղուրդուղուլիում (ներկայում՝ Արմաւիր քաղաք), որտեղ Կատարինէն աշխատում էր որբանոցում որպէս բժշկուհի: Հէնց 1917-ին էլ նրանք ամուսնացան: Այդ ամուսնութիւնից ծնւում է Արամի միակ ժառանգը՝ Սեդան: 1919-ի յունւարին, երբ դուստրն ընդամենը չորս ամսական էր, Արամ Մանուկեանը վարակւում է բծաւոր տիֆով եւ վախճանւում: «Ծանր տարիներ, դժւար աշխատանք, ամբողջ օրը մայրս մանկատանն էր անցկացնում, հայրս էլ՝ հասարակական, քաղաքական գործունէութեան մէջ մշտապէս թաղւած, եւ այնպիսի ընտանեկան կեանք, ինչպիսին նորմալ ամուսիններն էին ունենում, երեւի այդպէս էլ չիրականացաւ»,- իր յուշերում պատմում էր Սեդա Մանուկեանը:
160526d03aԵրբ 1919 թ. յուլիսին կայացան Հայաստանի Հանրապետութեան առաջին խորհրդարանի ընտրութիւնները՝ 80 պատգամաւորներից 3-ը կին էին՝ նրանց թւում էր նաեւ Կատարինէ Զալեանը: Դառնալով պատգամաւոր, Կատարինէն աշխատում է առողջապահութեան յանձնաժողովում՝ որպէս Հայաստանի ամերիկեան որբանոցների համակարգող: Նա ամբողջութեամբ նւիրւել էր գաղթականների ու որբերի օգնութեանը՝ զօրուգիշեր պայքար մղելով իրար յետեւից երկրում բռնկւող համաճարակների դէմ: Առաջին Հանրապետութեան անկումից յետոյ Կատարինէի զրկանքներին գումարւում են բոլշեւիկեան իշխանութեան քաղաքական հետապնդումները: Նրան ազատում են աշխատանքից եւ վտարում բնակարանից: Երեխան գրկին, Կատարինէն ապաստանում է քրոջ մէկսենեականոց բնակարանում, ապա մեկնում Կրասնոդար՝ ազգականների մօտ: Սակայն 1927-ին, երբ Հայաստանը մասնագէտ բժիշկների խիստ կարիք էր զգում, նա նորից վերադառնում է Երեւան: Այստեղ մայր ու աղջիկ բնակարան են վարձում եւ ապրում ծայրայեղ դժւարին պայմաններում: «Մայրս կրթւած, ազնիւ, իր գործին, իր մասնագիտութեանը նւիրւած անձնաւորութիւն էր: Առաւօտեան գնում էր աշխատանքի, ճաշին գալիս, ինձ կերակրում, ապա նորից դուռը ինձ վրայ փակում, գնում մի ուրիշ աշխատանքի: Դա էր նրա ամբողջ կեանքը»,- պատմում էր Սեդա Մանուկեանը:
Յիշատակենք քիչ յայտնի մի փաստ եւս: Արամ Մանուկեանը պետութեան ծախսերով եւ կաթողիկոսական արարողակարգով յուղարկաւորւեց այժմեան Կոմիտասի անւան պանթէոնի տեղում գտնւող Երեւանի քաղաքային գերեզմանատանը: 1920-ականների վերջին, գերեզմանատան վերացման պատճառով, Կատարինէն մեծ դժւարութեամբ կարողանում է տեղափոխել Արամի աճիւնը Կոզեռնի հին գերեզմանոց (ներկայ Սիրահարների այգու տեղում): Բայց դա էլ վերջը չէր՝ վերացւում է նաեւ Կոզեռնի գերեզմանատունը, եւ մօտաւորապէս 1932 թ. Կատարինէն, նոյնպէս աներեւակայելի դժւարութիւններով ու գաղտնիութեան պայմաններում՝ կրկին կարողանում է կազմակերպել Արամ Մանուկեանի աճիւնի վերաթաղումը՝ այս անգամ արդէն Թոխմախի գերեզմանոցում, որտեղ էլ մինչ այժմ հանգչում է մեծ հայրենասէրը:
Իսկ երբ գալիս է 1937 թ.՝ Կատարինէին հերթական անգամ ազատում են աշխատանքից՝ որպէս արտասահմանի հետ կապ ունեցող կասկածելի անձնաւորութեան: Ճիշտ է, պատերազմի տարիներին նա նորից է աշխատում, սակայն նրա առողջութիւնը վերջնականապէս քայքայւել էր: Մահացել է 1965-ին, իսկ մահւանից առաջ ասել էր դստերը. «Ես չտեսայ, բայց դու վաղ թէ ուշ անպայման կը տեսնես այն օրը, երբ մարդիկ կը յիշեն ու կը գնահատեն քո հօրը: Չի կարող պատահել, որ հայ ժողովուրդը մոռանայ նրան ու նրա ազգանւէր գործերը, ես վստահ եմ»: Այդպէս էլ եղաւ՝ այսօր Արամ Մանուկեանի կարճատեւ կեանքն ու հերոսական գործունէութիւնը՝ հայ ժողովրդի պատմութեան ամենափառաւոր էջերից է համարւում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։