Հա

Ազգային

Հինգշաբթի, 26 Մայիսի 2016 11:20

Հայաստանի Հանրապետութեան երեք խորհրդանիշերի ստեղծման պատմութիւնը

Անցեալ դարում Հայաստանի անկախութեան հռչակագիրը երկու անգամ է հնչել բարձր ամբիոնից‘ 1918-ի մայիսին ու 1990-ի օգոստոսին: Եւ երկու անգամ էլ այն ընթերցել է Արամ Մանուկեանը. յետխորհրդային Հայաստանի պատգամաւորների շարքում գտնւեց Առաջին Հանրապետութեան ժամանակների անւանակիցը: Պատմութեան երրորդ տասնամեակը թեւակոխող Հայաստանի Հանրապետութիւնը ժառանգեց հայկական առաջին անկախ պետականութեան խորհրդանիշերը՝ դրօշը, օրհներգը եւ զինանշանը:

Անցեալ դարում Հայաստանի անկախութեան հռչակագիրը երկու անգամ է հնչել բարձր ամբիոնից‘ 1918-ի մայիսին ու 1990-ի օգոստոսին: Եւ երկու անգամ էլ այն ընթերցել է Արամ Մանուկեանը. յետխորհրդային Հայաստանի պատգամաւորների շարքում գտնւեց Առաջին Հանրապետութեան ժամանակների անւանակիցը: Պատմութեան երրորդ տասնամեակը թեւակոխող Հայաստանի Հանրապետութիւնը ժառանգեց հայկական առաջին անկախ պետականութեան խորհրդանիշերը՝ դրօշը, օրհներգը եւ զինանշանը: Իսկ ինչպէ՞ս են դրանք ստեղծւել գրեթէ մէկ դար առաջ՝ 1918-ին, առաջին Հանրապետութեան կերտման օրերին:

 

Ի՞նչ ենք ծածանում

160526d01cԱռաջին անգամ պաշտօնապէս հայկական Եռագոյնը բարձրացւեց 1918-ի օգոստոսի 1-ին. Ազգային ժողովի բացման օրն առաջին անգամ ծածանւեց կարմիր-կապոյտ-դեղին պաստառը: Անմիջապէս յաջորդ օրը թերթերում լոյս տեսաւ կառավարական հրամանը, որը սահմանում էր բոլոր կազմակերպութիւններին պարտադիր եռագոյն ունենալ:
Գոյների ընտրութեան ժամանակ կանգ առան հայկական վերջին պետականութեան՝ Կիլիկիան թագաւորութեան խորհրդանշի վրայ: Կարմիրը, կապոյտը եւ դեղինը զինւորական միաւորումների գոյներն էին, հետագայում դեղինը որոշեցին փոխել, քանի որ կարմիրի, կապոյտի եւ նարնջագոյնի համադրումն առաւել ակնահաճոյ համարեցին:
160526d01dԳեղանկարիչ Մարտիրոս Սարեանը այլ տարբերակներ էր առաջարկել, որոնցից մէկը «ծիածանային» դրօշն էր: Սարեանը գրել էր. «Եռագոյն դրօշներ շատ կան, մեզ՝ որպէս արեւելեան ազգի, կը սազի բազմագոյն դրօշը... առաջարկում եմ մեր տառապած ու սիրելի հայրենիքի վրայով ծիածան անցկացնել»:
Առաջին Հանրապետութեան կարմիր-կապոյտ-նարնջագոյն դրօշը գոյատեւեց, ինչպէս եւ հանրապետութիւնը, 2.5 տարի՝ մինչեւ 1920-ի նոյեմբերի 29-ը: Իսկ 1922-ի փետրւարին Հայաստանի Խորհուրդների առաջին հաւաքը հաստատեց բոլշեւիկեան դրօշը՝ վառ կարմիր ֆոնի վրայ ՀԽՍՀ ոսկեգոյն տառերը:
ԽՍՀՄ-ի փլուզումից յետոյ վերադարձաւ 1918-ի Եռագոյնը:

 

Ի՞նչ ենք երգում

«Մեր Հայրենիք» երգն ի սկզբանէ օրհներգի կարգավիճակ չունէր: 1859-ի յունիսին Նալբանդեանը գրեց «Իտալացի աղջկայ երգը», որը 1861-ին Կոմս Էմմանուէլ կեղծանւամբ տպագրւեց Մոսկւայի հայկական «Հիւսիսափայլ» ամսագրում: Նալբանդեանը գովերգում է հայրենիքի ազատութեան համար մարտնչել պատրաստ իտալուհիներին՝ նրանց որպէս օրինակ բերելով սեփական հայրենակցուհիների համար:
160526d01aԲանաստեղծութիւնը պատմում է 1857-ին իտալական Սարբիում տեղի ունեցած մարտերի մասին: Հերոս Ռիսոջիմենտօ Կարլօ Պիզականէի առաջնորդութեամբ 300 զինւորներ յարձակւեցին քաղաքի վրայ: Նրանք մահացան իսպանական բուրբոնների գումարտակների դէմ մղւած մարտերում:
1885-ի մարտի 15-ին՝ ուրբաթ օրը, թիֆլիսեան Արծրունի թատրոնում երգչախմբի կատարմամբ տեղի ունեցաւ «Իտալացի աղջկայ երգի» համաշխարհային պրեմիերան: Նալբանդեանի բանաստեղծութեան համար երաժշտութիւն էր գրել երիտասարդ ինքնուս Խաչատուր Մարգարեանը՝ Քրիստափոր Կարա-Մուրզան, որը, ինչպէս եւ Նալբանդեանը, խուսափում էր անունն ազդարարել. երաժշտութեան հեղինակը նշւած չէ անգամ նոտաների բնօրինակի վրայ: Ի դէպ, Բարսեղ Կանաչեանի անունը, որին այսօր վերագրում են հայկական օրհներգի երաժշտութիւնը, առաջին անգամ յայտնւել է Կոմիտաս վարդապետի աշակերտների կողմից 1919-ին Կոստանդնուպոլսում լոյս տեսած ժողովածուի վրայ:
Թիֆլիսեան շնորհանդէսից յետոյ Կարա-Մուրզայի երգը յայտնի դարձաւ հայկական համայնքներում: Շուտով, առաջին բառերից ելնելով, այն սկսում են կոչել «Մեր Հայրենիք»: 1918-ի օգոստոսի 1-ին երգին վիճակւած էր դառնալ առաջին, իսկ 1991-ի յուլիսի 1-ին՝ երրորդ Հանրապետութեան օրհներգը:

 

Ովքե՞ր են հսկում հայկական պետականութիւնը

160526d01bԱլեքսանդր Թամանեանի ստեղծած զինանշանը ՀՀ կառավարութիւնը հաստատեց 1920-ին: Թամանեանի ոգեշնչման աղբիւրը Տիգրան Մեծի տարբերանշաններն են եղել, մատենագիրներ Խորենացու ու Բիւզանդի թողած վկայութիւններն այն մասին, որ Արշակունի թագաւորները «արծիւ էին կրում», Ռուբինեան արքայ Լեւոն 2-րդի կնիքներն ու մետաղադրամները եւ Անի թագաւորանիստ քաղաքի դարպասների առիւծով ռե-լիեֆը: Հայկական զինանշանի վահանը պահողները Մամիկոնեան իշխանների արծիւն ու 885 թւականին գահ բարձրացած Բագրատունի թագաւորական տոհմի առիւծն են: Կենդանիների լոգօներ կան չորս թագաւորական ընտանիքիների վահանների վրայ՝ Արտաշէսեաններ (երկու հակադիր շրջւած արծիւ), Արշակունիներ (երկգլխանի արծիւ), Բագրատունիներ (առիւծ) եւ Ռուբինեաններ (քայլող կամ թագադրւած առիւծ): Թամանեանի կոմպոզիցիայում չեն ներառւել աւելի վաղ թագաւորական ընտանիքների՝ Երւանդունիների եւ Վանի թագաւորութեան կառավարիչների խորհրդանիշերը:
Թամանեանի էսքիզում թագաւորների թռչուններն ու գազանները շատ ագրեսիւ են թւում: Եւ դա բնական էր. թշնամիներով շրջապատւած երիտասարդ պետութիւնը չէր կարող բարի զինանշան ունենալ: Մինչ պատմաբաններն ու իրաւաբանները կողմնորոշւում են նրբութիւնների հարցում, «զինանշանի գազաններն» արդէն երրորդ տասնամեակն է՝ պահակ են կանգնած հայկական պետականութեանը:

«1in.am»

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ