Հա

Ազգային

30/05/2016 - 09:30

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - «Աթաբէկ» զբօսայգու կռիւը Թեհրանում

Իրանի Սահմանադրական շարժման տարիներին ռուսական զօրքը Ատրպատական ներխուժելուց յետոյ (1909 թ. սեպտ.) բաւական անախորժ վիճակ է ստեղծւում Սաթթար խանի եւ նրա զինակից Բաղեր խանի2) համար:
Ռուսերը դիմում են Պարսից կառավարութեան ու յայտնում, որ այդ երկուսի եւ նրանց խմբերի ներկայութիւնն է, որ ստիպում է իրենց զօրքին մնալ Թաւրիզում՝ կարգ ու կանոնը պահպանելու համար:

(Աբրահամ խան Յովակիմեանի1) (Բախտիարի) պատմած յուշը՝ Իրանի Սահմանադրական շարժման դէպքերից)


Իրանի Սահմանադրական շարժման տարիներին ռուսական զօրքը Ատրպատական ներխուժելուց յետոյ (1909 թ. սեպտ.) բաւական անախորժ վիճակ է ստեղծւում Սաթթար խանի եւ նրա զինակից Բաղեր խանի2) համար:
Ռուսերը դիմում են Պարսից կառավարութեան ու յայտնում, որ այդ երկուսի եւ նրանց խմբերի ներկայութիւնն է, որ ստիպում է իրենց զօրքին մնալ Թաւրիզում՝ կարգ ու կանոնը պահպանելու համար: Նրանք կառավարութեան առաջարկում են հեռացնել նրանց, եւ յայտնում՝ կառավարութեան ի վիճակի չլինելու դէպքում՝ իրենք ի զօրու են հեռացնել վերոնշեալներին:
Ռուսների այդ պատրւակը չէզոքացնելու եւ օտար զօրքը երկրից հեռացնելու նպատակով՝ Եփրեմը տեսակցում է Սաթթար խանի հետ եւ նրան առաջարկում՝ Բաղեր խանի հետ գնալ Թեհրան:
160530e01aՍաթթար խանը սկզբում մերժում է, բայց Եփրեմը սպառնում եւ պարտադրում է, որ երկուսն էլ իրենից առաջ մեկնեն Թեհրան: Բնական է, որ նրանք միայնակ չեն մեկնում մայրաքաղաք, նրանց միանում են նաեւ իրենց կամաւորների մի մասը, որոնք զինւած լինելով յաճախ անկարգութիւններ էին անում քաղաքում:
Մի սպանութեան հետեւանքով՝ կառավարութիւնը հրահանգում է զինաթափել բոլոր նրանց, ովքեր պետական ծառայողներ չեն:
Միապետական տարրերը միացած դաւադիրներին եւ որոշ ազգայնամոլ մոլեռանդներին, կառավարութեան այդ հրահանգը յարմար առիթ են համարում գրգռութիւններ յարուցանելու՝ սահմանադրականների եւ մանաւանդ Եփրեմի դէմ, ով՝ պիտի գործադրէր այդ հրահանգը:
Մէջտեղ են գալիս ինչ որ՝ խմբապետներ, հարիւրապետներ եւ յաջողում են իրենց միացնել նաեւ Սաթթար խանին: Նրան համոզում են դիմադրել կառավարութեան կատարելիք զինաթափութեան որեւէ փորձի:
Սաթթար խանը եւ մանաւանդ փառասէր Բաղեր խանը իրենց շուրջն են հաւաքում մոջահեդներին (մարտիկներին) եւ ամրանում «Աթաբէկ» զբօսայգում3) (ներկայիս՝ Ռուսաստանի դաշնութեան դեսպանատան վայրում), որը կառավարութեան կողմից տրմադրւած էր նրանց՝ բնակութեան համար: Ընդարձակ պարտէզում դիրք բռնած՝ նրանք սկսում են կրակել այդ շրջանից անցնող բախտիարցիների վրայ եւ սպանում նրանցից մի քանիսին, կարծելով, որ բախտիարցիները իրենց զինաթափ անելու են եկել: Ճարահատւած Սարդար Ասադը4) մի խումբ բախտիարցի մարտիկների է ուղարկում նրանց դէմ, որոնց չի յաջողւում մտնել փարքը:
Կառավարութիւնն առաջարկում է Եփրեմին անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել իրագործելու համար զինաթափման կարգադրութիւնը: Այդ հիման վրայ Եփրեմը հրահանգում է իր մարտիկներին՝ զինաթափել նրանց:
160530e01bԱբրահամն ու մի քանի ուրիշներ առարկում են այդ կարգադրութեանը՝ գտնելով, որ Սաթթար խանը իւրայիններով իրենց յեղափոխական ընկերներն են: Բայց երբ պարզւում է, որ Սաթթար խանը խաբւել է, իսկ միւսները դաւադիր ապստամբներ են՝ իրենք էլ անհրաժեշտ են գտնում կարգի հրաւիրել նրանց, յանուն Սահմանադրական կարգերի պահպանման:
Աբրահամն ու միւսները միանում են բախտիարցիներին եւ փոքր խմբերով շրջապատում փարքը, այրում են արեւելեան դուռը, եւ զգուշութեամբ ներս մտնում՝ օղակի մէջ առնելով ապստամբներին: Նրանք ստիպւած են լինում անձնատուր լինել, մանաւանդ երբ իմանում են, որ Աբրահամի, թոփչի Իւանի, Գրիշայի տղաներն էլ բախտիարցիների հետ են:
Հետագայում բախտիարցիների հետ զրոյցների ժամանակ՝ Աբրահամ խանը, Յովակիմ խանը եւ ուրիշներ, շեշտում էին, որ եթէ հայերը չլինէին, Սաթթարը եւ Բաղերը անձնատուր չէին լինի, որովհետեւ այդ երկուսի խմբերը աւելի բազմամարդ էին:
Մի բախտիարցի վիրաւորում է Սաթթար խանին, եւ երբ պատրաստւելիս է լինում երկրորդ հարւածը տալու, վրայ է հասնում Աբրահամը՝ իրեն նետում վիրաւոր Սաթթարի վրայ եւ պաշտպանում նրան, ապա՝ դուրս տանում ընդհարման վայրից: Փարքում նա հանդիպում է Եփրեմին ու Սարդար Ասադին: Եփրեմը տեսնելով, որ Թաւրիզի երկրորդ խմբապետ՝ Բաղեր խանը անձնատուր լինելով հանդերձ, ձեռքում պահել է լիքը հրացանը, ապտակում է նրան եւ կարգադրում բանտարկել:
Աբրահամը Սաթթար խանին տանում է Բեհջաթաբադի այգին (ներկայի Քարիմ խան Զանդ պողոտան, որտեղ գիւղ էր եւ Բեհջաթաբադ էր կոչւում), վէրքը կապում ու անհրաժեշտ խնամք է տանում, ապա Եփրեմի կարգադրութեամբ հիւանդանոց փոխադրում նրան:
Փարքը գրաւելուց, մոջահեդներին զինաթափ անելուց եւ մի քանիսին էլ ձերբակալելուց յետոյ՝ այգու թաքստոցներից, աւազաններից ու հորերից ձեռք են բերում մեծ քանակութեամբ հրացան ու Մաուզեր ատրճանակ ու ռազմամթերք: Այդպիսով Եփրեմը իր մարտիկների հետ այստեղ էլ ձախողանքի է մատնում դաւադիրների այդ ծրագիրը, որին եթէ վերջ չդրւէր Եփրեմի ու Սարդար Ասադի գլխաւորութեամբ՝ առնւազը ներքին կռիւ կը ծագէր Սաթթար խանի շուրջ հաւաքւած մոջահեդների միջեւ. մի դրութիւն՝ որից լայնօրէն պիտի օգտւէր դարան մտած թշնամին:

Գրի առաւ
ՅՈՎՍԷՓ ՂՈՒԿԱՍԵԱՆ


_____________________________________________
1) Սոյն դէպքի պատմող Աբրահամ խան Յովակիմեանը, Եփրեմ խանի անվեհեր մարտիկ եւ հետագային՝ Իրանի կառավարութեան կողմից նշանակւած՝ Իրանում Հայաստանի Առաջին Հանրապետութեան դեսպան՝ Իշխան Յովսէփ Արղութեանի թիկնապահ («Ա.»):
2) Իրանի Սահմանադրական շարժման ղեկավարներն Ատրպատական նահանգում էին, գլխաւորապէս՝ Թաւրիզում («Ա.»):
3) Փարք - է - Աթաբաք («Ա.»)
4) Ներքին գործոց նախարար եւ Սահմանադրական շարժման ղեկավարներից («Ա.»):

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։