Հա

Ազգային

13/06/2016 - 09:40

Փառապանծ յաղթանակը շարունակւելու է

Մայիսեան տօնախմբութիւնները այս տարի նոր գունաւորում եւ իմաստ ստացան, քանի որ ուղղակի յաջորդեցին ապրիլեան իրադարձութիւններին, որոնց ընթացքում մեր պատմութիւնը կրկնւեց:
Սարդարապատի ճակատամարտի ընթացքում միայն մեր բանակը չէր կռւում եւ միայն մեր զինւորները չէին նահատակւում, այլեւ սովորական քաղաքացիները՝ ժողովուրդը ի՛նք, մեծով ու փոքրով, հոգեւորականով ու աշխարհականով, շինականով ու գիտնականով:

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ


Մայիսեան տօնախմբութիւնները այս տարի նոր գունաւորում եւ իմաստ ստացան, քանի որ ուղղակի յաջորդեցին ապրիլեան իրադարձութիւններին, որոնց ընթացքում մեր պատմութիւնը կրկնւեց:
Սարդարապատի ճակատամարտի ընթացքում միայն մեր բանակը չէր կռւում եւ միայն մեր զինւորները չէին նահատակւում, այլեւ սովորական քաղաքացիները՝ ժողովուրդը ի՛նք, մեծով ու փոքրով, հոգեւորականով ու աշխարհականով, շինականով ու գիտնականով:
Եւ ի՞նչ պատահեց անցած ապրիլ ամսին, եթէ ոչ՝ պատմութեան բացայայտ կրկնութիւնը: Հազիւ տարածւեց լուրը, էլ կոչի կարիք չկա՛ր: Իւրաքանչիւր հայ, որտեղ որ կար, ի՛նչ դիրքի եւ հանգամանքի տէր էլ որ էր, դարձաւ հայրենիքի տէր ու պաշտպան, դարձաւ զինւոր ու ֆիդայի, կռւելու համար ի սէր հայրենիքի եւ ազգութեան:
Սարդարապատի զանգերը ղօղանջեցին հայոց հոգիներում: Յաւերժական զանգերը մեր պատմութեան, որոնք ամենից վճռական պահերին, երբ հայրենիքը վտանգի առաջ է կանգնած, ղօղանջում են անդադրում: Զանգերի այս ձայնից բոլոր հայերը արթնանում են, ո՛ր տարիքում էլ գտնւեն, առողջական ի՛նչ պայմաններում էլ լինեն:
Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի եւ այլ ճակատամարտներում զոհւած հերոսների ոգին, բարձրաթռիչ արծիւների պէս ճախրում էր դարձեալ ապրիլեան հերոսների գլխի վերեւ, որովհետեւ հերոսական նոյն արիւնն է հոսում մեր երակներից:
Աշխարհի տարբեր անկիւններում գտնւող հայերը, մեր հայրենիքին սպառնացող դարաւոր թշնամուց յանկարծական տրւած վտանգը տեսնելով, բռնցքւեցին ամուր, իրենց կարողականութիւններն ու կարելիութիւնները մէկտեղելով:
Սարդարապատի օրինակը մի դաս էր բոլոր ժամանակների համար, որի դասարանի աւարտը նշող զանգը մինչեւ օրս էլ չէր հնչել: Այս դասարանը չի՛ աւարտւելու, ինչքան ատեն որ մեր հայրենիքը պաշարւած կը մնայ, մեր անկախութիւնը չճանաչող հակառակորդներով: Սակայն, յաղթանակը նրանն է՝ ով երդւած է իր արիւնով պաշտպանել իր հայրերից ժառանգ մնացած հողը:
Պատմութիւնը կրկնւեց, բայց՝ դրական իմաստով: Պատմութեան կրկնութիւնը ընդհանրապէս ժխտական նշանակութեամբ է օգտագործւում: Սակայն, Սարդարապատի մարտնչման ոգու կրկնութիւնը, մեզ համար դարձաւ օրինակելի եւ նպաստաւոր, երբ մեր ազգի բոլոր կարողականութիւնները ի մի բերելով, դարձեալ պատւար կանգնեցինք թշնամու դիմաց, մեր երիտասարդութեան կուրծքը սահմանում վահան դարձնելով նրա յարձակումներին, պաշտպանելու համար մեր շէներն ու քաղաքները, մեր կին ու երեխաներին:
Յաղթանակի փառքը, արիւնով է շահւում: Դա չի՛ տրւում ձրիաբար: Յաղթանակը չի՛ վաճառւում շուկաներում: Դրա գինը՝ արեան արժէքով է գնահատւում: Եւ այդ յաղթանակը մե՛րը դարձաւ, ու մե՛րն է մնալու ընդմիշտ, որովհետեւ դա շարունակական պայքար է յանուն գոյութեան, յանուն արդարութեան:
Փառապանծ այս յաղթարշաւից ո՛չ մի հայ անմասն չի՛ մնալու: Բոլորս էլ քայլելու ենք համաչափ ընթացքով, հասնելու համար մեր ազգի հաւաքական իղձերի կենսագործմանը: Հեռաւոր թէ մօտակայ երկրներում, ե՛ւ Սփիւռքի տարածքում, ե՛ւ Հայրենիքում մենք մէկ երազ ունենք՝ ապրել ազատ ու ինքնիշխան, ապրել փառքով ու արժանապատւութեամբ: Այս մեր արդար իրաւունքն ենք համարում:
Փառապանծ յաղթանակը շարունակւելու է, քանի որ մեր երակներից հոսում է Հայկ Նահապետի ազնւական արիւնը եւ մեր հոգում թեւածում է Մելիքների իշխանական ոգին:
Ատրպատականի հայութեան ամենօրեայ ապրումներին նոր եռանդ է հաղորդում փառապանծ յաղթանակի շարունակականութիւնը, որից դուրս մնալու չէ՛ եւ ո՛չ մէկ հայ աշխարհում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։