Հա

Ազգային

15/06/2016 - 11:00

ԱԿՆԱՐԿ - Այսպէս ծնւեց Հայաստանի Հանրապետութիւնը. 1918-ի մայիս

1918-ի մայիսը, թւում էր, իր պատմական Հայրենիքում հայ ժողովրդի գոյութեան վերջին ամիսն է: Օսմանեան զօրամասերը, անցնելով Ախուրեանն ու Արաքսը, յարձակւում էին Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի եւ Սարդարապատի ուղղութեամբ: Ոտքի էին ելել նաեւ Երեւանի նահանգի մահմեդականները՝ թուրքերը, թաթարները, քրդերը: 1918-ի մայիսին Արարատեան բարեբեր դաշտը բոլոր կողմերից շրջապատւել էր թշնամիներով:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ


1918-ի մայիսը, թւում էր, իր պատմական Հայրենիքում հայ ժողովրդի գոյութեան վերջին ամիսն է: Օսմանեան զօրամասերը, անցնելով Ախուրեանն ու Արաքսը, յարձակւում էին Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի եւ Սարդարապատի ուղղութեամբ: Ոտքի էին ելել նաեւ Երեւանի նահանգի մահմեդականները՝ թուրքերը, թաթարները, քրդերը: 1918-ի մայիսին Արարատեան բարեբեր դաշտը բոլոր կողմերից շրջապատւել էր թշնամիներով:
«Կարինի ու Սարիղամիշի, Կարսի ու Ալեքսանդրապոլի անկումը, թուրքերի յարձակումը դէպի Արարատեան դաշտավայր Երեւանում առաջ էր բերել անասելի իրարանցում ու սարսափ», գրում է Սիմոն Վրացեանը: Դիմադրութիւնը շատերին թւում էր անհնար ու անիմաստ: Բայց ո՞ւր փախչել: Ճանապարհը դէպի Վրաստան փակ էր, Պարսկաստան տանող երկաթուղին չէր գործում, Շարուր-Նախիջեւանը մահմեդականների ձեռքում էր: Բաց էին միայն Արեւմուտքից ու հիւսիսից եկող ճանապարհները, որտեղով սակայն գալիս էին թուրքական զօրքերը՝ գրաւելով հայկական բնակավայրերն ու կոտորելով բնակիչներին:
Հայկական կորպուսի հրամանատարութիւնը նախընտրում էր Երեւանը առանց կռւի թողնել թուրքերին եւ պաշտպանութիւն կազմակերպել Սեւանայ լճի ափին: Երեւանի նահանգի ղեկավարութիւնը Արամ Մանուկեանի ու զօրահրամանատար Դրաստամատ Կանայեանի՝ Դրոյի գլխաւորութեամբ, հայ ժողովրդի այս ամենատագնապալի պահին այլ որոշում կայացրին. թուրքերի առաջընթացը կանխել Արարատեան դաշտավայրում: Արամ Մանուկեանի դիմումը երեւանցիներին շատ կարճ էր, պարզ ու հասկանալի. «Մենակ ենք ու պիտի ապաւինենք միայն մեր ուժերին»:
Ամենայն հայոց կաթողիկոս Գէորգ Ե Սուրէնեանցը դիմում է հայ ժողովրդին. «Թուրքը՝ մեր արնախում ոսոխը, նւաճել է Ալեքսանդրապոլը, շարժւում է դէպի սիրտը մեր երկրի, մեր հաւատի՝ մեր կենսագրութեան, գալիս է Էջմիածնի վրայ: Մեր զօրապետները Ամենայն հայոց կաթողիկոսին առաջարկում են ոսոխի բերնին թողնել Մայր Աթոռ Էջմիածինը, մեր սրբարանները, հայ ժողովուրդը եւ ապաստանել Բիւրականում: Ո՛չ եւ ո՛չ, հազա՛ր անգամ ոչ, ես չե՛մ լքի մեր սուրբ նախնիների աւանդած Մայր Աթոռը, ես չեմ հեռանայ Հայոց Առաքելական օջախից: Եթէ հայոց զինւորութիւնն ինքը, հայ ժողովուրդը չեն կարողանայ թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթէ ի զօրու չեն փրկելու մեր սրբութիւնները, ապա թող ես նահատակւեմ հէնց այստեղ, շեմի վրայ Մայր Աթոռի, որի գահակալի պատիւը ունեմ մեր սուրբ նախնիների արդար բարեխօսութեամբ եւ Աստծոյ ողորմածութեամբ»:
Երեւանեան զօրամասի հրամանատար, զօրավար Մովսէս Սիլիկեանը յատուկ կոչով յորդորում է ամէն մի հայ տղամարդու՝ յանուն Հայրենիքի փրկութեան եւ իր կնոջ ու աղջիկների պատւի պաշտպանութեան, գործի դնել իր վերջին ճիգը՝ հարւածելու թշնամուն, որն ուզում է ստրկացնել ու ոչնչացնել բազմաչարչար հայ ազգը:
Թուրքերի յարձակումը դէպի Արարատեան դաշտավայր տեղի էր ունեցել հետեւեալ պայմաններում: Հայկական հողերը բաժանւած էին Ցարական Ռուսաստանի եւ Օսմանեան կայսրութեան միջեւ, երբ 1917-ի փետրւարին Ռուսական կայսրութիւնում յեղափոխութիւնը գահընկէց էր արել Նիկոլայ Բ ցարին եւ վերջ դրել Ռոմանովների 300-ամեայ հարստութեանը:
Բոլշեւիկեան կառավարութեան հրահանգով, մինչեւ 1917-ի վերջերը, պէտք էր ամբողջութեամբ դատարկւէր կովկասեան ռազմաճակատը: Ռուսական զօրքերը, թողնելով ռազմական գոյքի վիթխարի պահեստներ, սկսեցին լքել Արեւմտեան Հայաստանը եւ վերադառնալ տուն: Արդէն 1918-ի յունւարի վերջերին կովկասեան ճակատը հիմնականում դատարկւած էր ռուսական զօրքերից:
Մինչ Բրեսթ-Լիտովսկում շարունակւում էին բանակցութիւնները ռուս բոլշեւիկների ու գերմանացիների միջեւ, թուրքական ուժերը, խախտելով 1917-ի դեկտեմբերի Երզնկայի համաձայնագիրը, գրոհի էին անցել: Վեհիբ փաշան իր յարձակումը արդարացրել էր նրանով, թէ ինքը այդ քայլին դիմում է մահմեդականների կեանքը հայերի գրոհներից փրկելու նպատակով: Մի քանի օրւայ կատաղի կռիւներից յետոյ հայկական զօրքերը դատարկեցին Երզնկան եւ հայ բնակչութեան հետ նահանջեցին դէպի Կարին, որտեղ բերդի պաշտպանութեան հրամանատար նշանակւեց զօրավար Անդրանիկը:
Հայերն ու վրացիները պատրաստ չէին ընդունելու Բրեստ-Լիտովսկի պայմանագրի պայմանները, այսինքն՝ հրաժարւել Կարսից, Արդահանից ու Բաթումից, եւ նպատակայարմար գտան Տրապիզոնում առանձին բանակցութիւններ վարել թուրքերի հետ: Եւ ահա, երբ հայերն ու վրացիները նոր էին սկսել բանակցութիւնները, լուր ստացւեց, որ Բրեստ-Լիտովսկում ստորագրւել է պայմանագիրը, եւ բոլշեւիկները զիջել են երեք նահանգները: Բացի այդ, Տրապիզոնի բանակցութիւնների ողջ ընթացքում թուրքերը Վեհիբ փաշայի հրամանատարութեամբ յարձակւում էին դէպի Վրաստան եւ Հայաստան:
Թուրքերը ներկայացնում են վերջնագիր՝ անյապաղ ընդունել Բրեսթ-Լիտովսկի պայմանագիրը, ապա բանակցութիւններին պաշտօնական բնոյթ տալու նպատակով պահանջում են Անդրկովկասն անկախ յայտարարել: Յովհաննէս Քաջազնունին եւ Ալեքսանդր Խատիսեանը Անդրկովկասեան Սէյմի դաշնակցական ֆրակցիային տեղեկացնում են, որ թուրքերի պայմաններն ընդունելը կը լինի չարեաց փոքրագոյնը: Այս կարծիքին էր նաեւ վրացի մենշեւիկ Ակակի Չխենկելին: Հասկանալով, որ պարտութիւնը ռազմաճակատում անխուսափելի է, Չխենկելին համաձայնեց Բրեսթ-Լիտովսկի պայմաններին եւ այդ մասին յայտնեց թուրք բանակցողին: Նա փորձեց համոզել վրաց քաղաքական ուժերին, որպէսզի նրանք էլ հաւանութիւն տան իր ինքնագլուխ քայլին՝ բացատրելով, որ միայն այդ դէպքում է հնարաւոր փրկել Բաթումը: Սակայն Սէյմում վրացիներն ու հայերը լսել անգամ չէին ուզում:
160615d04aԴաշնակցութեան ներկայացուցիչ Մարտիրոս Յարութիւնեանը վճռականօրէն դէմ արտայայտւեց. «Մեզ համար զէնքից բացի ուրիշ փրկութիւն գոյութիւն չունի»: Սէյմը մերժեց թուրքերի վերջնագիրը եւ յետ կանչեց պատւիրակութեանը: Նրանք Չխենկելուն կարգադրեցին վերադառնալ Թիֆլիս: «Այսպիսով, հաշտութեան փոխարէն մենք Տրապիզոնից մեր երկրին տանում էինք պատերազմ», Հայաստանի Հանրապետութեան մասին իր գրքում գրել է Խատիսեանը:
Պատւիրակութեանը Տրապիզոնից յետ կանչելուց մի քանի ժամ անց թուրքերը գրաւեցին Բաթումը: Սէյմի վրացի անդամներն այլ ընտրութիւն չունեցան, քան կատարել օսմանեան պահանջներից եւս մէկը՝ Անդրկովկասը յայտարարել Ռուսաստանից անկախ:
Կարինից յետոյ արդէն ընկել էր Սարիղամիշը, երբ ՀՅԴ-ի նախաձեռնութեամբ, ապրիլի 20-21-ին Ալեքսանդրապոլում տեղի ունեցաւ խորհրդաժողով, որին մասնակցում էին հայ քաղաքական, կուսակցական, ռազմական ղեկավարները՝ զօրավար Թովմաս Նազարբէկեանը, Մովսէս Սիլիկեանը եւ Անդրանիկը, դաշնակցական առաջնորդներ Ռուբէնը, Նիկոլ Աղբալեանը, Աւետիս Ահարոնեանը, Դրօն, Սիմոն Վրացեանը, Վահան Փափազեանը, Յովհաննէս Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսեանը, ժողովրդական Միքայէլ Պապաջանեանը, անգամ բոլշեւիկ Պօղոս Մակինցեանը: Ի՞նչ անել: Որ՞ն է ընտրութիւնը: Կա՞յ ընտրութեան տարբերակ:
Մէկ օր անց արդէն Թիֆլիսում հայերն ու վրացիներն էին կանգնել անելանելի ընտրութեան առաջ: Քաջազնունին ներկայացնում է վիճակը եւ փորձում համոզել, որ ստեղծւած պայմաններում չարեաց փոքրագոյնն է Բրեսթ-Լիտովսկի հաշտութեան պայմաններն ընդունելը, այլապէս կը քայքայւի Անդրկովկասեան խախուտ դաշնութիւնը, եւ հայ ժողովուրդը կը յայտնւի թուրքերի դէմ մէն-մենակ: Սակայն ընդհանուր կարծիքն այն էր, որ պէտք է մերժել թուրքերի պայմանները եւ շարունակել պատերազմը:
1918 թ. ապրիլի 22-ին վրաց մենշեւիկները, Սէյմի մահմեդական խմբակցութիւնների աջակցութեամբ, առաջարկեցին հիմնադրել անկախ Անդրկովկասեան Ժողովրդական Դաշնակցային հանրապետութիւն: Մէկ անգամ եւս հայերը կանգնեցին մղձաւանջային ընտրութիւն կատարելու անհրաժեշտութեան առջեւ:
Մեռելատան էր նմանւում այդ օրը Սէյմի դահլիճը, իր յուշերում գրում է Վրացեանը: Միայն հայերը չէին սգաւոր: Վրացիներն էլ լաւ չէին զգում իրենց: Տօնական տրամադրութիւն ունէին թաթարները: Մուսաւաթական խմբակցութիւնը իրեն զգում էր նոր փեսայի դերում: Իրական սգի մէջ էին հայերը: Սիրտ չկար խօսելու: Ի՞նչ խօսել. բոլոր խօսքերն արդէն ասւած էին:
Նրանց ապրումներն արտայայտեց Քաջազնունին: Յուզւած, մազերը ցրիւ, բարձրացաւ ամբիոն. «Պարոնա՛յք Սէյմի անդամներ, Դաշնակցութիւն խմբակցութիւնը, շատ պարզ գիտակցելով այն մեծ պատասխանատւութիւնը, որ առնում է իր վրայ այս պատմական վայրկեանին, միանում է ինքնուրոյն Անդրկովկասեան պետութեան յայտարարութեանը»:
Ակակի Չխենկելին պէտք էր ձեւաւորէր Անդրկովկասեան անկախ նոր կառավարութիւնը, սակայն դեռ վարչապետի պաշտօնում չհաստատւած եւ առանց Սէյմի կամ իր կառավարութեանը մաս կազմելուն հաւանութիւն տւած հայ գործիչների, ապրիլի 23-ի առաւօտեան հեռագրեց Վեհիբ փաշային, որում ընդունելի էր համարում Բրեսթ-Լիտովսկի պայմանագրի բոլոր կէտերը որպէս բանակցութիւնների հիմք, ինչպէս նաեւ հայկական կորպուսի հրամանատար Նազարբէկեանին կարգադրեց յանձնել Կարսը: Չխենկելին Վեհիբ փաշային առաջարկեց նաեւ բանակցութիւնները Տրապիզոնի փոխարէն անցկացնել Բաթումում, քանի որ իր համար, որպէս պետութեան ղեկավարի, ցանկալի է Թիֆլիսին հնարաւորին մօտ գտնւելը:
Երբ Չխենկելին Վեհիբ փաշային ուղարկած հեռագրում ընդունելի էր համարում Բրեսթ-Լիտովսկի պայմանագիրը, այսինքն՝ Կարսից, Արդահանից ու Բաթումից հրաժարումը, հայկական ուժերը կանգնած էին Կարս քաղաքից մի քանի տասնեակ կիլոմետր դէպի Արեւմուտք: Կարսի բերդի պաշտպանութեան համար մօտ վեց հազար հայազգի զինւոր կար, բացի այդ՝ բերդի հրամանատար Դէեւի տրամադրութեան տակ կար մօտ հազար միաւոր հրանօթ եւ տարբեր տեսակի զէնքեր:
160615d04bՎրացիները, առաջին հերթին Չխենկելին, համոզւած էր, որ պէտք է գնալ ամենամեծ զիջումների, որպէսզի հնարաւոր լինի շուտափոյթ խաղաղութիւնը: Անգամ պատերազմը շարունակելու կողմնակից վրաց մենշեւիկները յուսալքւեցին, երբ ապրիլի 14-ի երեկոյեան թուրքերը գրեթէ առանց դիմադրութեան մտան Բաթում եւ գերեցին երեք հազար զինւորների եւ վեց հարիւր սպաների:
Թուրքական ուժերի գործողութիւնները ռազմական զբօսանքի էին նմանւում նաեւ Կարսի ճակատում: Հազարաւոր հայեր խուճապահար փախչում էին դէպի Երեւանի նահանգ: Ապրիլի 25-ին օսմանեան երրորդ բանակը առանց կռւի մտաւ հայկական բերդաքաղաքը: Սակայն, հակառակ պայմանաւորւածութեան, թուրքական զօրքերը կանգ չառան, իսկ հայկական ուժերը կռւով նահանջեցին մինչեւ Ալեքսանդրապոլ: Ապրիլի 28-ին հայկական բանակը անցաւ Ախուրեանի ձախ ափը:
Ապրիլի 26-ին Սէյմը հաստատել էր կառավարութեան կազմը՝ Ակակի Չխենկելու գլխաւորութեամբ: Հէնց նա էլ Բաթումում շարունակեց Տրապիզոնում ընդհատւած բանակցութիւնները թուրքերի հետ: Նրա կառավարութիւնն արդէն պատրաստ էր ընդունել Բրեսթ-Լիտովսկի պայմանագրի բոլոր կէտերը:
Մայիսի 11-ին, խորհրդաժողովի բացման օրը, թուրք պատւիրակ Խալիլ բէյն ասաց, որ դա արդէն իրենց չի բաւարարում, քանի որ Տրապիզոնի խորհրդաժողովից յետոյ արիւն է թափւել: Այսպէս, թուրքերը պահանջում էին նաեւ հայահոծ Ախալցխայի եւ Ախալքալաքի գաւառները, Երեւանի նահանգի արեւմտեան մասը, ներառեալ՝ Արաքս գետի հովիտը եւ երկաթուղին:
Բաթումի բանակցութիւնների ընթացքում թաթարները՝ այսօրւայ ադրբեջանցիները, համագործակցում էին թուրքերի հետ: Բացի այդ, Բաթում էին գալիս մահմեդական պատւիրակներ Բաքւից, Ելիզաւետպոլից, Ախալքալաքից, Ախալցխայից ու Կովկասի այլ վայրերից: Նրանք թուրքերին յորդորում եւ խնդրում էին իրենց փրկել կործանումից ու բնաջնջումից: Հայաշատ Ախալցխայից եւ Ախալքալաքից եկած մահմեդական պատւիրակները յոյս ունէին, որ այդ շրջաններն եւս կը կցւեն Օսմանեան կայսրութեանը:
Հէնց Բաթումի բանակցութիւնների օրերին թուրքական զօրքերը ներխուժեցին Երեւանի նահանգ՝ մայիսի 15-ին գրաւելով Ալեքսանդրապոլը: Ինչպէս Կարսը, այնպէս էլ Ալեքսանդրապոլը, յանձնւեց գրեթէ առանց դիմադրութեան: Կորպուսի հրամանատար Թովմաս Նազարբէկեանը հայկական ուժերը Ալեքսանդրապոլից տեղափոխեց դէպի Ղարաքիլիսա:
Ալեքսանդրապոլի անկումից յետոյ հայկական զօրքերի մի մասը կռիւներով նահանջել էր Երեւանի ուղղութեամբ եւ մայիսի 19-ին հասել Սարդարապատ: 1917-ի դեկտեմբերին Երեւանի Ազգային խորհուրդը Արամին ընտրել էր Երեւանի նահանգի ղեկավար: 1918 թ. վաղ գարնանը Երեւանի ազգաբնակչութիւնն ու զինւորականութիւնը Արամին յայտարարեցին դիկտատոր եւ ամբողջ իշխանութիւնը կենտրոնացրին նրա ձեռքում: Ժամանակակիցները գրում են, որ նրբանկատ Արամը կարողացաւ շաղկապել շրջանի բոլոր գործուն տարրերը, աշխատանքի լծել ամենքին:
Արամի կազմակերպչական տաղանդի, Դրոյի անվեհերութեան, Գէորգ Ե Սուրէնեանց Ամենայն հայոց հայրապետի եւ զօրավար Մովսէս Սիլիկեանի կոչերի, բայց առաջին հերթին՝ Արարատեան դաշտավայրի գիւղացիութեան զոհողութեան շնորհիւ, հնարաւոր եղաւ թուրքական գրոհը կանգնեցնել Սարդարապատում, ապա Բաշ Ապարանում: Թուրքերը ո՛չ միայն չկարողացան Սարդարապատից առաջ շարժւել, այլ տալով երեք հազարից աւելի սպանւած, նահանջեց դէպի Ալեքսանդրապոլ:
Հայկական զօրքերը, ի տարբերութիւն Կարսի ու Ալեքսանդրապոլի, անձնազոհ կռիւ տւեցին Ղարաքիլիսայում: Արիւնահեղ կռիւներում ընկան շատ թուրքեր եւ հայեր: Նրանց մէջ էր նաեւ Հայաստանի Հանրապետութեան ապագայ վարչապետներից մէկի՝ Համօ Օհանջանեանի անդրանիկ որդին:
Մայիսի կէսերին թուրքերը գրաւել էին Ալեքսանդրապոլը եւ զօրքերի մի մասը ուղղել դէպի Ղարաքիլիսա: Այս ճակատում կռւում էին երկու նշանաւոր զօրահրամանատարներ՝ Անդրանիկն ու Նժդեհը: Ղարաքիլիսային ճակատամարտում հայերը պարտութիւն են կրել՝ տալով հազարաւոր զոհեր, վիրաւորներ ու գերիներ: Վարանցովկան, Ջալալօղլին, Ղարաքիլիսան ու շրջակայ բնակավայրերը գրաւելուց յետոյ թուրքական զօրքերը անցան Ղազախ: Այսպիսով, երեք ճակատներից՝ Ղարաքիլիսա, Սարդարապատ եւ Բաշ Ապարան, միակը Ղարաքիլիսան էր, որտեղ հայերը պարտութիւն կրեցին:
Նախապէս որոշւել էր թուրքերի առաջն առնել Երեւանի մօտակայքում՝ հաւանական է Աշտարակի մօտ, սակայն վերջին պահին Արամ Մանուկեանը որոշում է կռիւ տալ Բաշ Ապարանի մերձակայքում: Մայիսի 23-ին Դրոյին յաջողւեց կանգնեցնել թուրքերի առաջխաղացումը: Երկկողմ կորուստներով կռիւները շարունակւեցին մի քանի օր եւս: Շուրջ հազար սպանւած տալուց յետոյ հակառակորդը դիմեց փախուստի:
Սարդարապատում ու Բաշ Ապարանում յաղթանակներով ոգեւորւած՝ հայերն առաջ էին շարժւում դէպի Ալեքսանդրապոլ: Զօրավար Սիլիկեանը մտադիր էր թուրքական զօրքերին հետապնդել մինչեւ Ալեքսանդրապոլ եւ հաւատում էր, որ հայկական ուժերը կը կարողանան երկու օրում յետ վերցնել քաղաքը:
Մայիսի 29-ին Սիլիկեանը նոր կոչն է ուղղում հայերին. «Մենք պէտք է թուրքերից յետ վերցնենք Ալեքսանդրապոլը: Նրանք պահանջում են Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի ու Էջմիածնի գաւառները մայր տաճարի հետ միասին, Երեւանի նահանգի մեծ մասն ու Նախիջեւանը: Կարո՞ղ ենք թոյլ տալ նման վիրաւորանք: Երբե՛ք, հա՛յ ժողովուրդ, դու պիտի թոյլ չտաս այդպիսի անարգանք: Եւ այդ անարգանքը տեղի չի ունենայ, եթէ մենք հասնենք մինչեւ Ալեքսանդրապոլ: Դէպի՛ զէնք բոլորդ, դէպի՛ Ալեքսանդրապոլ»:
Սակայն երբ հայկական զօրքերը մօտենում էին Ալեքսանդրապոլին, Նազարբէկեանը հայկական կորպուսին կանգ առնելու հրաման տւեց, քանի որ Ազգային խորհուրդը տեղեկացրել էր, որ Բաթումում զինադադարի համաձայնութիւն է կայացւել, իսկ հաշտութեան բանակցութիւնները շարունակւում են: Եթէ նման լուր ստացւէր մի քանի օր առաջ, ապա կընդունւէր արտակարգ թեթեւութեամբ, սակայն այժմ այն տեղիք տւեց ե՛ւ զինւորների, ե՛ւ գիւղացիների հասկանալի զայրոյթին: Զինւորական եւ քաղաքական ղեկավարների որոշումը թելադրւած էր այն գիտակցութեամբ, որ զինապահեստները համարեա դատարկ են, թուրքական թարմ համալրումները՝ մօտ: Եթէ ճակատամարտի ընթացքը մէկ անգամ եւս շրջւէր օգուտ թուրքերի, հայկական աղէտը կը լինէր կատարեալ, գրում է ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Յովհաննիսեանը:
Թուրքական զօրքերի յարձակման պայմաններում հայերի, վրացիների եւ մահմեդականների Անդրկովկասեան ժողովրդավարական դաշնային հանրապետութիւնը, մէկ ամսւայ ձեւական գոյութիւնից յետոյ կազմալուծւեց:
Մայիսի 26-ին Վրաստանը հռչակեց իր անկախութիւնը: Մէկ օր անց՝ մայիսի 27-ին Թիֆլիսում մուսուլմանական Ազգային խորհուրդը «Արեւելեան եւ Հարաւային Անդրկովկասը» հռչակեց անկախ, ինքնիշխան եւ ժողովրդավարական: Մայիսի 28-ին, կրկին Թիֆլիսում, հայ մեծահարուստ նաւթարդիւնաբերող Միքայէլ Արամեանցի տանը հայոց Ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի Հանրապետութիւնը:
Անդրկովկասեան երեք հանրապետութիւնները իրենց անկախութիւնը հռչակելուց անմիջապէս յետոյ շարունակեցին Բաթումում թուրքերի հետ ընդհատւած բանակցութիւնները: Հայ պատւիրակներին թւում էր, թէ այս անգամ աւելի հեշտ կը լինի թուրքերի հետ բանակցելը: Ընդամենը շաբաթներ առաջ թուրքերն առաջարկում էին բաւարարւել Բրեսթ-Լիտովսկի պայմանագրով, մինչդեռ հայերն ու վրացիները լսել անգամ չէին ուզում:
Մայիսի 30-ին սկսւած բանակցութիւնները աւարտւեցին յունիսի 4-ին. Հայաստանի նորանկախ հանրապետութիւնը կնքեց առաջին միջազգային պայմանագիրը՝ Հաշտութեան եւ բարեկամութեան դաշնագիրը Օսմանեան կայսրութեան հետ:
Հայերից յետոյ թուրքերի հետ առանձին պայմանագրեր կնքեցին Վրաստանը, ապա Ադրբեջանը: Հայկական պատւիրակութիւնը Բաթումում միայնակ էր մնացել, աւելին՝ թաթարները պաշտպանում էին թուրքերին: «Երբ մենք թուրքերից պահանջում էինք մեզ թողնել Ալեքսանդրապոլի գաւառի հայկական մասերը, թաթարները պնդում էին, թէ Հայաստանի մայրաքաղաքը պէտք է լինի Վաղարշապատը՝ պահանջելով Երեւանը կցել Ադրբեջանին: Թաթարները պնդում էին, թէ Երեւանը թաթարական քաղաք է, ուստի մահմեդականները չեն ների, եթէ Երեւանը զիջեն հայերին», դառնութեամբ գրում է Խատիսեանը:
Ապա եկաւ Անդրկովկասի երկաթուղին բաժանելու հարցը: Ինչպէս հողային, այնպէս էլ երկաթգծի հարցում ամենից շատ կորցրեց Հայաստանը: Փաստացի, Հայաստանը ունեցաւ ընդամենը 7 կիլոմետր երկարութեամբ երկաթուղի՝ Նորագաւիթից մինչեւ Երեւան: Թուրքիայի վերահսկողութեան տակ անցաւ Սարիղամիշ-Ջուլֆա երկաթուղին, Վրաստանի վերահսկողութեան տակ անցաւ Թիֆլիսից Բաքու, Բաթում եւ Ղարաքիլիսա հատւածները, Ադրբեջանին՝ Բաքու-Թիֆլիս եւ Բաքու-Պետրովսկ հատւածների մեծ մասը: Հայաստանին գրեթէ ոչինչ չմնաց: Ջաջուռից Ղարաքիլիսա 50 կիլոմետրանոց հատւածը հայերի վերահսկողութեան տակ պիտի անցնէր, բայց դեռեւս գտնւում էր թուրքական գրաւման տակ:
Ծանր ու խռովայոյզ օրերն էին: Թիֆլիսի Ազգային խորհուրդը Հայաստանը հռչակել էր անկախ, եւ Արարատեան փոքրիկ Հայաստանը, Արամի հզօր ու արթուն հսկողութեան տակ ապրում էր անստոյգ ճակատագրի մռայլ օրերը, գրում է ժամանակի դաշնակցական գործիչներից Վահան Նաւասարդեանը: Մի բացառիկ երկիր էր՝ օղակաձեւ շղթայով շրջապատւած իր չորս կողմերից, զուրկ արտաքին աշխարհի հետ կապւելու, նրան լուր տալու եւ այնտեղից լուր առնելու գրեթէ բոլոր հնարաւորութիւններից: Մի երկիր, որի արտաքին գործերի վարիչը կրում էր այդ կոչումը միմիայն նրա համար, որովհետեւ դժւար է երեւակայել մի կառավարութիւն, ուր այդ կոչումը չկայ: Օղակւած ու շղթայւած թուրք զօրքերով ու թաթար ազգաբնակչութեամբ, Հայաստանն ապրում էր ինքն իր համար, ապրում էր իր խոհերի ու տառապանքների հետ՝ մատնւած գալիքի օրհասի ահաւոր սարսափներին:
Սիմոն Վրացեանի բառերով՝ «անձեւ քաոսի ու աւերակների կոյտ» էր Հայաստանն այդ օրերին: «Ցնծութեան աղաղակներով ու ծափերով չընդունւեց հանրապետութեան ծնունդը: Հակառակը, շատերի համար նա նկատւում էր անժամանակ ծնունդ: Ոմանք չէին հաւատում նրան. անկախութիւն եւ հանրապետութիւն բառերը դնում էին չակերտի մէջ: Եւ այդպէս վարւելու հիմքերը շատ էին զօրաւոր. իրօք որ զարհուրելի էին պայմանները, եւ անկախութիւնն այդ պայմաններում թւում էր հեգնանք: Հայերի ձեռքը մնացել էր մի փոքրիկ հողաշերտ՝ հազիւ 12 հազար քառ. կմ. աղքատ ու կիսակործան մի երկիր՝ կծկւած ցամաք լեռների մէջ, աշխարհի խուլ անկիւնում, ծանրաբեռնւած գաղթականներով ու որբերով, շրջապատւած ատամ կրճտացնող թշնամիներով, անհաց, անդեղ, անօգնական: Սով ու համաճարակ, աւար ու աւեր, լաց ու թշւառութիւն, կոտորած ու սարսափ:
Թիֆլիսում ձեւաւորւած Հայաստանի առաջին կառավարութիւնը յուլիսի 17-ին մեկնեց Երեւան: Սանահին կայարանից սկսած՝ երկաթուղին թուրքերի ձեռքում էր, Ալեքսանդրապոլով անցնելը՝ վտանգաւոր: Այդ պատճառով որոշւեց Թիֆլիսից անցնել Աղստաֆա, ապա Դիլիջանով հասնել նորաստեղծ հանրապետութեան փոշոտ ու աղքատ մայրաքաղաք: Յուլիսի 19-ին պատւիրակութիւնը հասաւ Երեւան:
Երեւանի պարետ Արշաւիր Շահխաթունին գրում է. «Ժամը երեքին Աստաֆեան պողոտայի սկզբից մինչեւ Սուրբ Սարգիս կանգնած էին վաշտեր: Արամ Մանուկեանը հասաւ ինքնաշարժով եւ հաղորդեց, թէ կառավարութիւնը գալիս է: Մի քանի րոպէից գլխաւոր պողոտայի անկիւնից երեւաց կառավարական խումբը ինքնաշարժերով: Ես հրամայեցի. «Հանդիսաւոր տողանցք. պատրա՛ստ. հանդա՛րտ. պատւի ա՛ռ»: Եւ մերկացնելով իմ սուրն ու ինձ հետ ունենալով հեծելազօրից յիսուն հոգի՝ մօտեցայ կառավարութեան կազմին: Ես խոնարհեցի իմ սուրը Հայաստանի նախարարապետի առջեւ, մինչդեռ իմ ձին բարձրացած էր երկու ոտքի վրայ: Ես ասացի. «Ձե՛րդ գերազանցութիւն, որպէս Հայաստանի մայրաքաղաքի զինւորական հրամանատար, ողջունում եմ ձեր գալուստը: Ես անսահման երջանիկ եմ, որ դարերից յետոյ առաջին սպան եմ, որ խոնարհեցնում է իր սուրը իր կառավարութեան առջեւ: Այս վայրկեանիս ես հպարտութեամբ դնում եմ սուրս իր պատեանի մէջ եւ դուրս կը հանեմ այն ժամանակ, երբ դուք հրամայէք պաշտպանել մեր աննման Հայրենիքը»:
Քաջազնունին շատ յուզւած պատասխանեց պարետ Արշաւիր Շահխաթունուն եւ մի կերպ էր զսպում արցունքները: Այսպէս եղաւ Հայաստանի կառավարութեան մուտքը Երեւան: Այսպէս ծնւեց Հայաստանի Հանրապետութիւնը:

Յարակից լուրեր

  • Կոլորադոյում Սարդարապատի հերոսամարտի յիշատակին մայրուղում ցուցանակներ են տեղադրւել
    Կոլորադոյում Սարդարապատի հերոսամարտի յիշատակին մայրուղում ցուցանակներ են տեղադրւել

    ԱՄՆ Կոլորադոյի Սենթենիալ համայնքում սեպտեմբերի 29-ին բացւեց Սարդարապատ հայկական մայրուղու (Sardarapat Armenian Memorial Highway) ցուցանակի բացումը:

  • Հայաստանի Հանրապետութեան առաջին խորհրդարան
    Հայաստանի Հանրապետութեան առաջին խորհրդարան

    1918 թ. օգոստոսի մէկին (նոր տոմարով)` հինգշաբթի օրը, Երեւանում, բացւեց Հայաստանի Հանրապետութեան անդրանիկ գերագոյն օրէնսդրական ժողովի` Հայաստանի Խորհրդի առաջին նստաշրջանը:

    Քաղաքն ունէր սովորական տեսք: Ոչ մի զարդարանք փողոցներում: Բացի մի քանի պաշտօնական շէնքերից, ոչ մի դրօշակ: Խանութները բաց էին: Կառավարութիւնը ոչ մի միջոց ձեռք չէր առել եւ թողել էր, որ ազգաբնակութիւնն ինքը որոշի իր վերաբերմունքը, եւ ամէն ոք, ըստ սովորութեան, իր գործի հետեւից էր:

  • Մեր լինելութեան գրաւականը
    Մեր լինելութեան գրաւականը

    1918 թւականի Մայիսի 28-ին, աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, թրքական ոճրագործ բանակի գործողութիւնները Արեւելեան Հայաստանում արիաբար կասեցնելով եւ ինքնապաշտպանական հերոսական մարտերից յետոյ, իրագործւեց հայ ժողովրդի դարաւոր երազանքը՝ հիմնադրւեց Հայաստանի անկախ Հանրապետութիւնը:

  • Ինչ տօն ենք տօնում
    Ինչ տօն ենք տօնում

    Ակնյայտ է, որ որոշ մարդկանց համար այսօր էլ դեռ յստակ չէ, թէ ինչին է նւիրւած 100-ամեակի տօնը, որ համազգային շուքով տօնում ենք այս տարի: Միթէ՞ այդպիսի տպաւորութիւն չի ստացել ցանկացած մարդ ներկայ գտնւելով (եթէ յաջողւել է ներկայ գտնւել) Սարդարապատի տօնակատարութեանը: Ինքս առիթ ունեցայ տանը լինելու եւ հեռուստացոյց միացնելու, երբ հարիւրամեակի համերգին ինչ-որ երիտասարդ փորձում էր անգլերէն երգ երգել եւ հասկանալով, որ այստեղ էլ բան չեմ կորցրել փոխեցի ալիքը:

  • Սարքուած խայտառակութիւնը
    Սարքուած խայտառակութիւնը

    Մայիս 28-ին, Սարդարապատի յուշահամալիրին առջեւ, սարքւեց խայտառակութիւն մը։ Պարզուած ամօթին գիտակից էին թէ անգիտակից, հայրենի պետական այրերը, միեւնոյնն է։ Կատարուածը մեր պատմութեան դէմ դաւաճանութեան համազօր էր, պատահածը մեր ազգային արժանապատուութեան դէմ նախատինք էր։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։