Հա

Ազգային

05/07/2016

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Մահափորձ Աւետիս Ահարոնեանի դԷմ

Պատմութեան կարեւորագոյն իրադարձութիւնները միշտ էլ ուղեկցւել են առաջին հայեացքից՝ աննշան, դրւագային թւացող դէպքերով, որոնք, սակայն, հետքեր են թողել ինչպէս՝ ժամանակի, այնպէս էլ՝ մարդկանց ճակատագրերի վրայ։ Ու եթէ յաճախ դրանք մոռացութեան են տրւել, այդ մոռացումն էլ իր պատճառներն է ունեցել։

Պատմութեան կարեւորագոյն իրադարձութիւնները միշտ էլ ուղեկցւել են առաջին հայեացքից՝ աննշան, դրւագային թւացող դէպքերով, որոնք, սակայն, հետքեր են թողել ինչպէս՝ ժամանակի, այնպէս էլ՝ մարդկանց ճակատագրերի վրայ։ Ու եթէ յաճախ դրանք մոռացութեան են տրւել, այդ մոռացումն էլ իր պատճառներն է ունեցել։ Ահա այդպիսի մի «անտեսւած» միջադէպի մասին ենք ուզում պատմել, որն առնչւում է հայ նշանաւոր գրող, Հայաստանի Առաջին Հանրապետութեան խորհրդարանի նախագահ Աւետիս Ահարոնեանի անւան հետ։
Ահարոնեանը, որ գլխաւորել էր հայկական պատւիրակութիւնները Կոստանդնուպոլսի հայ-թուրքական բանակցութիւններում (1918), Փարիզի խաղաղութեան խորհրդաժողովում (1919), Լոնդոնի (1921) կոնֆերանսում ու ստորագրել էր Սեւրի դաշնագիրը (1920), 1921 թւականին ապրում էր Փարիզում։ Ահա հէնց այդ տարւայ ձմռանն էլ Հայաստանում եւ Սփիւռքում անսպասելի մի լուր տարածւեց՝ մահափորձ էր կատարւել Աւետիս Ահարոնեանի դէմ։
Տեղեկութիւններն այնքան կցկտուր ու հակասական էին, որ առաջին պահին նոյնիսկ քչերը հաւատացին դրանց իսկութեանը։ Բայց շատ չանցած տեղ հասան նաեւ առաջին վկայութիւններն ու պաշտօնական հաղորդումները։
160705d03aՀամաձայն այդ հրապարակումների՝ յունւարի 26-ին Տէր-Զաքարեան ազգանունով մի հայ երիտասարդ մուտք էր գործել քաղաքի Մարսօ փողոցում գտնւող Ահարոնեանի բնակարան, սպառնացել էր նրան, իսկ յետոյ կրակել էր ատրճանակից։ Բարեբախտաբար, ահաբեկիչը վրիպել էր, ինչից յետոյ նրան ձերբակալել էին։ Բոլորին առաջին հերթին մտահոգում էր, թէ ի՞նչն է եղել յարձակման պատճառը, սակայն ամենից շատ վշտացնում էր այն փաստը, որ կրակողն ազգութեամբ հայ էր, այլ ոչ թէ՝օտարերկրացի մէկը։
Յաջորդ օրերին նոր մանրամասներ ի յայտ եկան՝ լրացնելով ժլատ լուրերի բացը։ Նախ՝ գրեցին, որ Ալեքսանդր Տէր-Զաքարեանը գնացել էր Ահարոնեանի մօտ՝ նրանից դրամ խնդրելու, որպէսզի Ֆրանսիայից Միացեալ Նահանգներ մեկնէր, եւ մերժում ստանալուց յետոյ կրակել էր։
Այնուհետեւ ասւում էր, որ հարցաքննութեան ժամանակ նա քննիչին յայտնել էր, թէ սեփական թշւառութիւնն էր իրեն մղել նման ոճրագործութեան։ Բայց առաւել հետաքրքրականը նրա հետեւեալ խօսքերն էին. «Փարիզ էի եկել՝ յուսալով բարեկեցիկ կեանք գտնել այստեղ, մինչդեռ ծանր աշխատանքի գնով հազիւ եմ կարողանում օրւայ ապրուստ հայթայթել ինձ համար։ Այդ պատճառով էլ որոշեցի իմ եւ հայրենակիցներիս վրէժը լուծել՝ սպանելով Հայաստանի խորհրդարանի նախագահին, ով հայերին սովամահութեան է մատնել»։
Ձերբակալւածի այս բառերը լիովին բաւական էին, որ Ահարոնեանի ու Դաշնակցութիւն կուսակցութեան քաղաքական հակառակորդներն անմիջապէս վերցնէին այդ միտքն ու դրօշակ դարձրած՝ ծածանէին նրանց դէմ՝ որպէս ապացոյց իրենց առաւելութեան եւ յիշեցում այն բանի, թէ ՀՅԴ-ն էր Հայաստանը տարել կործանման։ Այստեղ հարկ է նկատել, որ յատկապէս 1920-ականների սկզբին շատերի մօտ կար այն մտայնութիւնը, համաձայն որի՝ տանուլ տրւած Հայկական Հարցի մեղաւորներից մէկը հէնց Աւետիս Ահարոնեանն էր, քանի որ նա՝ իբրեւ կուսակցութեան ակնառու դէմքերից մէկը, ամենաակտիւ մասնակցութիւնն էր ունեցել ազգային, քաղաքական կեանքի կարեւորագոյն իրադարձութիւններին։ Իսկ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից յետոյ, սրւած գաղափարական պայքարի պայմաններում, այդ թէզն աւելի յաճախ էր շրջանառւում։
Այնպէս որ, երբ մի քանի օր անց յայտնի դարձաւ, որ մահափորձի հեղինակ երիտասարդն ինքն էլ Երեւանից եկած դաշնակցական էր ու հինգ տարի իբրեւ կամաւոր կռւել էր թուրքերի դէմ, պատկերը նոր երանգներ ձեռք բերեց։
160705d03bԱյդ ընթացքում տեղի մամուլը շարունակում էր պարբերաբար անդրադառնալ գործի ընթացքին, եւ հետզհետէ աւելացող փաստերը որոշակի ձեւափոխումներ էին կատարում սկզբնական պատկերացումներում։ Օրինակ, գրեցին, թէ Տէր-Զաքարեանը նախկինում էլ մի քանի անգամ նոյն պահանջով այցելել էր այդ տուն ու դատարկաձեռն հեռացել։ Իսկ միջադէպի օրը, հակառակ տան ծառայողի արգելքներին, նրան յաջողւել էր հասնել մինչեւ Ահարոնեանի սենեակ ու պահանջել 1500 ֆրանկ։ Լսելով մերժողական պատասխան, գրպանից դուրս էր քաշել ատրճանակը, բայց մինչ կը կրակէր, Ահարոնեանը կարողացել էր բռնել նրա դաստակը, եւ փամփուշտը խրւել էր պատի մէջ։
Որոշ ժամանակ անց ֆրանսիական թերթերը հանդէս եկան առաւել ծաւալուն հրապարակումներով, որտեղ արդէն աչքի էին զարնում գլխագրային ենթավերնագրերը. «Մահափորձը, որին քիչ մնաց՝ զոհ գնար Հայկական պատւիրակութեան նախագահ պ. Ա. Ահարոնեանը, քաղաքական հանգամանք չունէր»։ Ահա նման շրջադարձային որակումից յետոյ պարբերականները փոխանցում էին Ոստիկանութեան կոմիսար Մ. Սիմոնի կատարած քննութեան արդիւնքները, համաձայն որոնց՝ Ալեքսանդր Տէր-Զաքարեանը նախկին ուսանող էր, սովորում էր Պետրոգրադում, երբ բռնկւեց յեղափոխութիւնը եւ նրան ստիպեց վերադառնալ Երեւան։
«Ութ ամիս առաջ Փարիզ եկաւ իր ուսումը շարունակելու համար։ Բայց դրամ չունենալով՝ բազմիցս օգնութիւն է խնդրել պ. Ահարոնեանից, որը զանազան առիթներով օժանդակել է նրան։ Վերջերս նոյնիսկ անցագիր է հանել Տէր-Զաքարեանի համար, որ իր երկիրը դառնայ։ Բայց նա չմեկնեց եւ շարունակեց գալ Մարսոյի փողոց, ուր գտնւում է պ. Ահարոնեանի տունը, եւ դրամական նոր օգնութիւն խնդրել։ Պ. Ահարոնեանը հրամայեց, որ հեռացնեն նրան։ Տէր-Զաքարեանը մի քանի անգամ փորձեց ներս մտնել, բայց չյաջողեց։ Վերջին անգամ գալով, ծառային հրմշտելով՝ Ահարոնեանի սենեակը մտաւ եւ 1500 ֆրանկ պահանջեց։ Պ. Ահարոնեանը մերժեց։ Այդ ժամանակ գրպանից ատրճանակը հանելով՝ ուղղեց պ. Ահարոնեանի վրայ։ Նախագահը բարեբախտաբար ժամանակին տեսաւ նրա շարժումը եւ կարողացաւ դաստակը բռնելով՝ խուսափել գնդակից, որ միջնորմի մէջ անհետացաւ։ Իր արարքի պատճառած իրարանցումից օգտւելով՝ Տէր-Զաքարեանը փախաւ փողոց, բայց ծառան յետեւից վազելով՝ բռնեց եւ ոստիկանատուն յանձնեց»,- գրում էր թերթերից մէկը։
Մահափորձի հեղինակի նկատմամբ քրէական գործ յարուցւեց։ Այս անգամ Ահարոնեանի հակառակորդները սկսեցին աղմկել, թէ նա չունի այնքան ներողամտութիւն, որ հանգիստ թողնի դժբախտ երիտասարդին։ Մինչ աշուն Տէր-Զաքարեանը մնաց կալանքի տակ, մինչեւ որ սեպտեմբերի վերջին կայացաւ նրա դատավարութիւնը։ Եւ միայն այդ ժամանակ հասկանալի դարձաւ, որ Աւետիս Ահարոնեանի ցանկութիւնն էր՝ իր վրայից հանել քաղաքական բնոյթի մեղադրանքները։ Ինչպէս այդ օրերին գրել էր թերթերից մէկը, «Տէր-Զաքարեանը խոստովանել է, որ ցանկանում էր սպանել պ. Ահարոնեանին քաղաքական պատճառներով։ Նա պատճառաբանում էր, թէ Ահարոնեանն իբրեւ հայկական պատւիրակութեան ղեկավար՝ իր հայրենակիցների մեծամասնութեան ներկայացուցիչը չէր»։
Յատկանշական է, որ դատավարութեան ժամանակ ընդհանուր դատախազ Կոտրֆրուան՝ պահանջելով ոչ այնքան խիստ պատժաչափ, միաժամանակ հարկ էր համարել յիշեցնել օտարերկրացիներին, որ կարիք չկայ «իրենց քաղաքական վէճերը կարգաւորել ֆրանսիական հողի վրայ»։ Ի վերջոյ, դատարանը Տէր-Զաքարեանին դատապարտեց մէկ տարւայ ազատազրկման եւ նրան պարտաւորեցրեց տուժող կողմին՝ Ա. Ահարոնեանին՝ իբրեւ վնասի հատուցում, վճարել մէկ ֆրանկ։
Ահա այսպիսի աւարտ ունեցաւ ցաւալի միջադէպը, որ դեռ երկար ժամանակ արծարծւում էր հայկական մամուլում՝ մերթ կրելով զուտ իրաւական բովանդակութիւն, մերթ համեմւելով սուր քաղաքական սարկազմով։ Իսկ տարաբախտ ուսանողի հետագայ ճակատագիրն այդպէս էլ անյայտ մնաց…

ՅՈՎԻԿ ՉԱՐԽՉԵԱՆ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։