Հա

Ազգային

25/07/2016 - 10:10

119-ամեակ Խանասորի արշաւանքի Նիկոլ Դումանը, Գալուստ Ալոյեանն ու Ֆիդայիների սրբացած «Մոսին» հրացանը

Այս տարի լրանում է Խանասորի արշաւանքի 119-ամեակը, Հ. Յ. Դաշնակցութեան Ֆիդայական կարեւոր մարտական գործողութիւններից մէկը:
Խանասորի արշաւանքի առնչութեամբ քաղում ենք հետեւալ պարբերութիւնը Մ. Վարանդեանի «Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւնից».

ԳՐԻԳՈՐ Ա. ԳՐԻԳՈՐԵԱՆ


Այս տարի լրանում է Խանասորի արշաւանքի 119-ամեակը, Հ. Յ. Դաշնակցութեան Ֆիդայական կարեւոր մարտական գործողութիւններից մէկը:
Խանասորի արշաւանքի առնչութեամբ քաղում ենք հետեւալ պարբերութիւնը Մ. Վարանդեանի «Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւնից».
«1897 թ.-ի օգոստոսի սկիզբներին, «Դրօշակ»-ի խմբագրութիւնում ստացանք Ատրպատականի (Թաւրիզ-Պարսկաստան) մեր Կենտրոնական Կոմիտէի հետեւեալ գրութիւնը: «Դաշնակցութեան ստւար արշաւախումբը յարձակում գործեց Խանասորի լեռնադաշտի վրայ եւ չորս կողմից պաշարեց Մազրիկ կոչւած արիւնարբու քուրդ ցեղը, որի գործն էր Աղբակի բոլոր կոտորածները..., որը դեռ անցեալ տարի, Ս. Բարթուղիմէոս վանքի շրջակայքում կոտորեց Աւետիսեանի առաջնորդութեամբ Վանից փախած հարիւրաւոր հայերի:
Կռիւը տեւեց մինչեւ ուշ գիշեր, զոհ տւինք միայն 19-ը քաջեր»...:
Արշաւանքը, որին մասնակցել են շուրջ 275 ֆիդայի, որից 30-ը ձիաւոր, տեղի է ունեցել պարսկա-թուրք սահմանի (Սալմաստի մօտ) Արաուլ լեռան ստորոտում, Խանասորի լեռնադաշտում:
Պատժական գործողութեան գաղափարն ու յղացումն պատկանում էր Դաշնակցութեան մարտական ու գաղափարական անմոռանալի լուսաւոր դէմքերից Ղարաբաղցի հայդուկապետ՝ ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆԻՆ:
Ինչպէս Մ. Վարանդեանն է բնորոշում՝ «Այդ յանդուգն ձեռնարկը գլխաւորապէս ԴՈՒՄԱՆԻ ձեռնարկումն էր, նրա վճռական ոգիի եւ տենդագին աշխատանքների արդիւնքը, ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆՆ ԷՐ՝ Խանասորի Բաբգէնը:
Շուրջ 119 տարի է, ինչ խօսւում ու գրւում է Խանասորի արշաւանքի մասին: Հերոսական այս կռիւը եւ ընդհանրապէս Ֆիդայական հերոսամարտերը, կարեւորագոյն օղակն են կազմում հայոց պատմութեան երկարամեայ ազատագրական պայքարների ոսկէ շղթայի:
Կուզէի նշել, որ ֆիդայիների մղած համարեա, բոլոր հերոսամարտերում, իր կարեւոր դերն է ունեցել, ժամանակի ազդու զէնքերից՝ ռուսական «Մոսին» հրացանը:
«Մոսին» հրացանի գործածութիւնից առաջ, մեծ ֆիդայի ԱՐԱԲՈՅ-ի ֆիդայական հերոսամարտերի շրջանում եւ տեղական ինքնապաշտպանական կռիւներում, հայերը ընդհանրապէս գործ էին ածում, ժամանակի ոչ կատարելագործւած զէնքեր, ինչպէս՝ «Քուչուք Չափլու» տաճկական փոքր հրացան, Այնալու, Ղափաղլու, գլխից լեցւող սեւ վառոդ գործածող մէկ հարւածանի հրացաններ:
Այդ հրացանների համար գործ էր ածւում սեւ վառոդ, որով կրակելուց յետոյ, սեւ վառոդի ծուխը մատնում էր կրակողի դիրքը:
Միաժամանակ՝ այդ զէնքերի հեռարձակման տարածութիւնը շատ սահմանափակ էր:
160725c02a«Մոսին» հրացանի երեւալուց յետոյ ի մասնաւորի, Դաշնակցութեան եւ ընդհանրապէս հայկական ազատագրական պայքարներում դրութիւնը միանգամայն փոխւեց:
Մեր ժողովուրդը ֆիդայուն գովերգելուց չմոռացաւ նաեւ յիշել «Մոսին»-ը, ֆիդայու անբաժան ընկերը:
Մեծ թւով ժողովրդական երգեր, որոնք նւիրւած են «Մոսին» հրացանին, ապացուցում են, այդ հրացանի կարեւոր դերը եւ զգացական կապը մեր ժողովրդի եւ ֆիդայիների հետ:
«Մոսին» հրացանը ֆիդայիներին ի մասնաւորի՝ Հ. Յ. Դաշնակցութեան մարտական ղեկավարութեանն է ծանօթացրել Դաշնակցութեան առաջին սերնդի լուսաւոր դէմքերից՝ երեւանցի Գալուստ Ալոյեանը (Դարւիշ Թորոս):
Կարեւոր է նշել, որ Դարւիշ Թորոսը արժանի չափով չի ծանօթացւել հանրութեան, նոյնպէս Դաշնակցութեան երիտասարդ շարքերին:
Խանասորի արշաւանքի տարեդարձի առիթով, կուզէի որոշ տեղեկութիւններ փոխանցել այդ արժանաւոր եւ նւիրւած գործչի մասին:
Գալուստ Ալոյեանը ծնւել է Երեւանում: Ալոյեանը Հ. Յ. Դաշնակցութեան կազմակերպական եւ նոյնպէս ազգային ազատագրական պայքարի բնագաւառում մեծ վաստակ ունեցող գործիչներից է եղել:
Մինչեւ 1889-ը մի քանի տարի աշխատել է Ռուսաստանի զինագործարանային քաղաք՝ Թուլայում:
Դաշնակցութեան շարքեր անցնելուց յետոյ, իր զինագործական գիտելիքները ծառայեցնում է ազգային զինեալ պայքարին, ի մասնաւորի ֆիդայիների մարտական կարելիութիւնների զարգացման աշխատանքներին:
Ալոյեանը ընտրւել է Երեւանի Կենտրոնական կոմիտէի անդամ Թուլայում աշխատած ժամանակ ծանօթանում է ռուսական ժամանակի կարեւոր զէնքերից՝ «Մոսին» հրացանին:
Նկատելով «Մոսին»-ի մարտական արժէքը, լծւում է «Մոսին»-ների գնման եւ հայթայթման աշխատանքին:
1895-ին անցնում է Թաւրիզ (Պարսկաստան):
Ընտրւում է Դաշնակցութեան Կ. կոմիտէի անդամ Թաւրիզում, հիմնում է Դաշնակցութեան «ԽԱՐԻՍԽ» զինաշխատանոցը, որտեղ նորոգում եւ հաւաքում էին, զէնքեր, ի մասնաւորի «ՄՈՍԻՆ»-ՆԵՐ, Երկիր փոխադրելու համար:
Հետաքրքրական է նշել, որ Գ. Ալոյեանը բանաստեղծ ու երաժիշտ չլինելով հանդերձ՝ ներշնչւելով ֆիդայիների սխրագործութիւններով (ինքը նոյնպէս մասնակցել է Խանասորի արշաւանքին), յօրինում է՝ «ԿԱՐԿՈՒՏ ՏԵՂԱՑ ԽԱՆԱՍՈՐԱՅ ԴԱՇՏՈՒՄԸ» մարտական սքանչելի երգը, որը պատկերացնում է «Մոսին»-ներից տեղացող կարկտանման գնդակները:
Երգի եղանակը, հետագային յղկել ու դաշնաւորել է երաժիշտ Գէորգ Կառվարենցը, հայրը՝ ֆրանսահայ երաժիշտ Տիրան Կառվարենցի:
Հետեւեալ պարբերութիւնը քաղում ենք Մ. Վարանդեանի «Խանասորի արշաւանքը» յօդւածից, կռւին մասնակցած մի ֆիդայու բերանից.- «Հարիւրաւոր հրացանների միանւագ որոտը ցնցեց շրջակայքը արձագանգ գտնելով սեպացած ժայռերում:
160725c02b«Մոսին» արագաձիգ հրացանները աչք թերթելու ժամանակ չէին տալիս: Կարկուտի արագութեամբ թափւում էին գնդակները, մահ սփռելով ամէն կողմ...: Արգելւած էր, կրակել կանանց եւ երեխաների վրայ:
Քրդերը որ դիրքերին, որ հասնում էին, մերոնց կրակին էին հանդիպում... գլորւում էին ձի ու ձիաւոր...: Մեր նոր հրացանները հրաշքներ էին գործում: ՄԵՐ «ՄՈՍԻՆ»-Ը 2700 ՔԱՅԼԻՑ ՁԻԱՒՈՐՆԵՐ ԷՐ ԳԼՈՐՈՒՄ»:
Դաշնակցութեան մարտական եւ ֆիդայական պատմութիւնների եւ յուշագրութիւնների մէջ կարող ենք հանդիպել բազմաթիւ ուրիշ մարտերի ու խիզախումների, որոնց մէջ «ֆիդայու» անբաժան զէնքն է եղել «Մոսին» հրացանը:
Բազմաթիւ են նաեւ «ՄՈՍԻՆ»-ԻՆ կապւած ասացւածքներն ու մանրավէպերը:
Անդրանիկը «ՄՈՍԻՆ»-Ի սիրահար է եղել, պատահել է, որ նոյնիսկ, ոչ մարտական հաւաքներին կամ ժողովներին «Մոսին»-ով է ներկայացել:
«Մոսին» հրացանը 9-ը փաունդ ծանրութեամբ եւ 7.62 միլիմետր տրամաչափ (caliber) ունեցող փամփուշտներով հեռարձակ, կէս ինքնաշխատ հրացան է (կրակւած փամփուշտը վերատեղադրւում է նոր փամփուշտով, փակաղակի (գեալանգեդանի) ձեռքի շարժումով, որով կրակւած փամփուշտի պարկուճը դուրս է նետւում:
Գործածւած վառոդը անծուխ սպիտակ վառոդ է, որով կրակողի դիրքը թշնամուց գաղտնի է մնում:
«Մոսին»-ով կարելի էր 800-ից 1000 մետրի վրայ թշնամուն հարւածել:
Մեր ժողովուրդը Հայ ֆիդայիներին եւ նոյնպէս «Մոսին»-ին նւիրւած բազմաթիւ երգեր եւ պատմութիւններ ունի:
Ստորեւ՝ որոշ օրինակներ:
Յուզիչ երգ է «Կորած Մոսինը Գէորգ Չաւուշի», որը կապւում է «ՍՈՒԼՈՒԽԻ» յայտնի կռւին:
Այդ կռւին մասնակցել է նաեւ Դաշնակցութեան անւանի ղեկավարներից, երջանկայիշատակ՝ ՌՈՒԲԷՆ ՏԷՐ-ՄԻՆԱՍԵԱՆԸ:
Գէորգ Չաւուշը իր շուրջ 40 հայդուկային կռիւներում, որոնք մեծամասնութեամբ աւարտւել են յաջողութեամբ, «Մոսին» հրացան է գործածել, եւ 1907 թ.-ի Սուլուխի կռւում, «Մոսին»-ը գրկած նահատակւել է եւ Մուշում հողին յանձնւել: Հերոսական այդ կռւի թոհուբոհի մէջ անյայտանում է Գէորգի «Մոսին»-ը եւ ժողովուրդը յօրինում ու երգում է «ԿՈՐԱԾ ՄՈՍԻՆԸ ԳԷՈՐԳ ՉԱՒՈՒՇ»-ի սրտաշարժ երգը:
«Խանի» (Թիրեաքեան Բարսեղ) ղեկավարութեամբ, Տարօն զէնք փոխադրելիս, 1899-ի հոկտեմբերի 20-ին տեղի է ունենում Ալաշկերտի Խաստուր գիւղի ֆիդայական կռիւը:
Կռւին մասնակցում են 83 ֆիդայիներ, իրենց դէմ ունենալով հազարից աւելի թուրք-քրդական կանոնաւոր զօրք:
Այդ կռւում «Մոսին»-ի գնդակները հնձում են թուրքական շարքերը, դաշտում թողնելով շուրջ 350 սպանւած, իսկ ֆիդայիները միայն 17 նահատակ: (Այդ կռւին մասնակցել են՝ նաեւ Սեպուհն ու Սեբաստացի Մուրադը):
Տեղին է յիշել, որ ԽԱՆԸ իր բազմաթիւ կռիւների շարքին մասնակցել է նաեւ Խանասորի արշաւանքին:
Խանին նւիրւած երգերի մէջ նոյնպէս «Մոսին»-ը յիշւել է:
ԼՈՒՍԻՆ ՉԿԱՐ, ՄՈՒԹ ԳԻՇԵՐ ԷՐ,
ՄԻ ԽՈՒՄԲ ԿԵՐԹԱՐ ԱՐԱԳ-ԱՐԱԳ,
ՏԵՍԱՆՔ ՈՐ ՔԱՋ ԽԱՆԻ ԽՈՒՄԲՆ ԷՐ,
ԶԻՆՒԱԾ ԷԻՆ «ՄՈՍԻՆ»-ՆԵՐՈՎ:
Ուշագրաւ կռիւ է եղել 1904 թ. Վանայ լճի Աղթամար վանքի կռիւը, մի խումբ ֆիդայիների եւ մի քանի տաճկական փոքր ռազմանաւերի միջեւ:
Սասունի ապստամբութիւնից յետոյ ապստամբութեան ղեկավարները խորհրդակցութեան համար հաւաքւում են Աղթամար կղզում, որին մասնակցում են նաեւ, Վասպուրականի պատասխանատու ներկայացուցիչները՝ Իշխանը եւ Կոմսը (Վահան Փափազեան):
Կղզում են լինում նաեւ Գէորգ Չաւուշը, Անդրանիկը եւ ուրիշ ֆիդայիներ:
Ժողովի վայրը բացայայտւում եւ ռազմանաւերը մօտենում են կղզուն եւ սկսում են ռմբակոծել:
ֆիդայիները առիթ են տալիս նաւերին մօտենալ կղզուն եւ երբ հանդիպում են «ՄՈՍԻՆ»-ՆԵՐԻ համազարկերին, խուճապահար նահանջում են:
Պաշարւածները գիշերով թողնում են կղզին եւ հասնում Վան:
Ֆիդայական պատմութիւնների մէջ, տեղ են գտել նաեւ հիւմորով մանրավէպեր:
Հետաքրքրական երկխօսութիւն է Անդրանիկի եւ Սպաղանաց Մակարի (Տոնոյեան Մակար, անւանի ֆիդայի, Սպաղանքի ինքնապաշտպանութեան ղեկավար) ահա երկխօսութիւնը.-
- «Անդրանիկը յօդացաւով պառկած, տանջալից օրեր էր անցկացնում եւ գանգատւում էր ասելով՝ «Աստւած հոգիս էլ չի առնում, որ հանգստանամ»:
- Մակարը կատակում ու ասում է՝ «Անդրանիկ, Աստւած՝ Գաբրիէլ հրեշտակին ուղարկեց հոգիդ առնելու, բայց պատից կախւած «Մոսին»-ը տեսնելով՝ չհամարձակւեց մահիճիդ մօտենալ»:
Վերջերս (2016 թ.) Երեւանում, խմբագրութեամբ՝ պատմաբան Վ. Զ. Պետրոսեանի, վերահրատարակւեց՝ Փետրւարեան ապստամբութեան անւանի մարտական ղեկավարներից՝ Մարտիրոս Աբրահամեանի՝ (Բաշգեառնեցի Մարտիրոս), հետաքրքրական յուշերը, «Իմ յիշելի յուշեր, անւամբ»:
Յուշերը մեծ մասամբ կապւում է «Փետրւարեան Ապստամբութեան», բայց մի փոքր հատւած ունի Խանասորի եւ Շարաֆ Բէգի մասին, որ հաւանաբար շատերին ծանօթ չի եղել:
Ինչպէս գիտենք՝ Խանասորի կռւում վայրագ Մազրիկ ցեղի քուրդերից մի խումբ կարողանում է փախչել:
Փախչողների մէջ է լինում կոտորածի հիմնական պատասխանատու ՇԱՐԱՖ ԲԷԳԸ:
Բաշգեռնեցի Մարտիրոսը իր յուշերում, մի քանի տող է յատկացրել, Խանասորի արշաւանքից տարիներ յետոյ, Սալմաստում՝ տեղի ունեցած ՌՈՍՏՈՄԻ եւ ՇԱՐԱՖ ԲԷԳԻ հանդիպման եւ փոխանակւած խօսակցութեան մասին:
Հանդիպման առաջարկութիւնը Շարաֆ Բէգի կողմից է եղել: Գուցէ հանդիպման առաջարկութիւնը տարօրինակ թւայ, բայց ընդհանրապէս քրդերը սիրում են մեծարել եւ յարգել մարտական սխրանքները:
Խանասորի արշաւանքից յետոյ, ֆիդայիների համբաւը տարածւեց քրդական ցեղախմբերի մէջ:
Շարաֆ Բէգը լսելով ՌՈՍՏՈՄԻ Սալմաստ գտնւելու լուրը, պատիւ էր համարել տեսնւելու Դաշնակցութեան ղեկավարներից՝ ՌՈՍՏՈՄԻՆ:
Ստորեւ փոխանցում եմ որոշ տեղեկութիւններ այդ հանդիպումից:
Մարտիրոս Աբրահամեանը գրում է.- «Խոսրովա գիւղից (Սալմաստ) մի ասորի ներկայացաւ Ռոստոմին եւ յանձնեց Շարաֆ Բէգի նամակը՝ ուղարկւած Խանասորից:
Բէգը գրում էր, որ յիսուն զինւած քրդերով Խոսրովա գիւղն է գալու, խնդրելով, որ Ռոստոմն իր մարդկանցով շնորհ բերի այնտեղ... Կը ծանօթանանք, կը մոռանանք անցեալը, մենք այժմ բարեկամներ ենք, խնդրում եմ չմերժէք խնդրանքս... այսպէս էր վերջանում նամակը:
Նշանակւած օրը Ռոստոմը, Սամսոն Խանը, Քեռին ու Սմբատը, իրենց խմբերով, Մկրտիչն (Սարհադ) էլ իր խմբից Սալմաստ գտնւող ութը հոգով մեկնում են Խոսրովա գիւղը:
Շարաֆ Բէգը իջել էր մի ասորու մեծ այգում, ուր որ առաջնորդեցին մեզ:
Այգու առջեւ Ռոստոմին դիմաւորելու դուրս եկաւ Բէգը:
Ձեռքերը կրծքին դրած խոնարհութիւն արաւ... հերթով սեղմեց բոլորիս ձեռքը եւ առաջնորդեց այգին:
Ծառերի տակ փռւած էր գորգեր՝ վրան թիկնոցներ շարած: Ռոստոմին նստեցրին մէջտեղը, աջ կողմում Շարաֆ Բէգը, ձախ կողմում Սամսոն Խանը: (Սամսոն Խան.-Սամսոն Թադէոսեան, 1870-1945-ՀՅԴ վաստակաւոր գործիչներից, որը կարեւոր դեր է ունեցել, ՀՅԴ-եան, «Դէպի երկիր», զէնքի փոխադրման կազմակերպչական աշխատանքների մէջ: Ծնւել է վերին Ագուլիսում:
Քրիստափոր Միքայէլեանի, քրոջ որդին էր, մասնակցել է Իրանի Սահմանադրական եւ Դիլմանի կռիւներին:
Հայաստանի Առաջին Հանրապետութեան անկումից յետոյ, հաստատւել է Թաւրիզում, ուր եւ մահացել է 1945-ին):
Շարաֆ Բէգը «Համիդիէ» զօրավարի, ուսադիրներ էր կրում, որի կողքին նստել էին, երկու քուրդ սպաներ:
«Մոռանալ անցեալը, եւ սերտացնել ներկայի բարեկամութիւնը»: Այս բնաբանով սկսեցին խօսակցութիւնը Բէգն ու իրեն ընկերակցողները, ուրախութիւն յայտնեցին, որ մեծ ՌՈՍՏՈՄԻՆ ու նրա մարդկանց հանդիպելու բախտն են ունեցել:
Այո, մեր դժբախտ ճակատագրի բերումով այդ հանդիպումն անխուսափելի դարձաւ:
Երբ առանձնացել էինք քրդերի հետ, տարիքով մի քուրդ, սկսեց պատմել Խանասորի արշաւանքից:
Հիացմունքով էր արտասանում Կարոյի անունը:
Հերոսաբար կռւեց... քանի-քանի տեղից վիրաւորւած էր, այդպէս վիրաւոր վիճակով մնացել էր ամբողջ գիշեր, եւ մահացել: Առաւօտեան էլ սիրտ չէին ունենում մօտենալ, մինչեւ որ վստահացել էին, որ մահացել է:
Դիակի մօտ գտել էին իր ջարդւած հրացանը եւ դատարկ փամփուշտակալները:
Ճաշից յետոյ մենք վերադարձանք Ղալասար, իսկ Շարաֆ Բէգն ու իր մարդիկ մեկնեցին Խանասոր:
Հայ ժողովրդի ներկայ եւ անցեալ հայդուկներն ու ազատամարտիկները իրենց առասպելական քաջութիւնների, անսակարկ զոհաբերութիւնների, ինքնամոռացութեան եւ նւիրումի անգերազանցելի օրինակներով, աւելի հարստացրին հայ ժողովրդի երկարամեայ պանծալի մարտական հարուստ պատմութիւնը:
Պէտք է միշտ յիշել, մեծարել ու յարգել նրանց անմոռաց յիշատակը:
Եւ ինչպէս Դարւիշ Թորոսն է Խանասորի արշաւանքի համար պատգամել՝
«ՀԱՅԵՐ ՅԻՇԷՔ ՆՒԻՐԱԿԱՆ ԱՅԴ ՕՐԸ,
ՅՈՒԼԻՍ ԱՄՍԻ 25-ին ԿԱՏԱՐԵՑԷՔ ՄԵՐ ՏՕՆԸ»:

Յուլիս, 2016 թ.

Յարակից լուրեր

  • Դաշնակցութիւնը իր գործին խստագոյն քննադատն է
    Դաշնակցութիւնը իր գործին խստագոյն քննադատն է

    Դիմատետրի էջիս տեղադրած «ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԳԱՐ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆԸ» յօդուածիս առիթով երէց ընկերս Կարօ Արմէնեան կատարած է սքանչելի նկատողութիւն, որուն ճշմարտութիւնը, հարազատութիւնը եւ իմաստութիւնը թարգմանն է իւրաքանչիւր Դաշնակցականի գաղափարական բծախնդրութեան։

  • Ի՞նչ անել երբ էշդ գողացել են
    Ի՞նչ անել երբ էշդ գողացել են

    Զոյա Թադէոսեանը (արժէ՞ ներկայացնել) Դաշնակցութեանը 24 ժամ է տւել, որ ներողութիւն խնդրի այս օրերին իր հասցէին հնչեցւած «վիրաւորանքների» համար, այլապէս, սպառնացել է` մտքի դրածն անել:

    Հիմա ես մի քիչ կասկածում եմ, որ որեւէ մէկը Զոյա Թադէոսեանից յանկարծ ներողութիւն խնդրի, որովհետեւ, եթէ մէկը կայ, որ պէտք է ներողութիւն խնդրի հայ ժողովրդից (ինչը եւ արեց) ու արցախեան հերոսամարտի զոհերից, դա Զոյա Թադէոսեանն է, որ իր աբսուրդ յայտարարութիւններով մաքուր օդում իսկական ամպրոպ պայթեցրեց: 

  • Արիստակէս Զօրեան (Կարօ) 1871-1897. Խանասորի արշաւանքի նահատակը
    Արիստակէս Զօրեան (Կարօ) 1871-1897. Խանասորի արշաւանքի նահատակը

    Էլի՜ մի զոհ…

    Ի՞նչ փոյթ սակայն… զո՞հի առջեւ միթէ պիտի ընկճւէք դուք, ընկերներ: Հայաստանի տարաբախտ մայրերին մէկն էլ աւելացաւ. հեկեկում է նա՝ որդեկորոյս մայրը, եւ նրա սիրտ կտրատող հառաչանքների հետ ձեր ողբը եւս հնչում է, ընկերներ: Թանկագին, անմոռաց Արիսի մահն է, որ ողբում էք:

  • 25 յուլիս 1897. Խանասորի արշաւանքին 120-ամեակը. Հայրենատէր հայուն ազգային ինքնավստահութեան վերականգնումը
    25 յուլիս 1897. Խանասորի արշաւանքին 120-ամեակը. Հայրենատէր հայուն ազգային ինքնավստահութեան վերականգնումը

    Յուլիս 25-ի այս օրը, 120 տարի առաջ, թրքական եւ ռուսական կայսրութեանց տիրապետութեան տակ երկփեղկուած, այլեւ անոնց միջեւ կռուախնձոր դարձած Հայաստան Աշխարհը ապրեցաւ ազգային ու ռազմաքաղաքական իր ինքնավստահութեան վերականգնումի հպարտառիթ պահը։

  • Ձեզ ո՞վ է սնանում
    Ձեզ ո՞վ է սնանում

    Արդարութեան կացինահարները Դաշնակցութեանը մեղադրում են անարդարութեան մեղքով։

    Հաւասարութեան ոտնահարները Դաշնակցութեանը այպանում են անհաւասարութեան յանցանքով։

    Ազատութեան իրաւունքների կաշկանդները Դաշնակցութեանը պախարակում են ազատութեան իրաւունքների զլացումով։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։