Հա

Ազգային

02/08/2016

ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Ալիսիա Կիրակոսեան (1936-2014)

Յուլիսի 13-ին նշեցինք ծննդեան ութսունամեակը ժամանակակից հայ գրականութեան տաղանդաւոր բանաստեղծներէն Ալիսիա Կիրակոսեանի, որ երկու տարի առաջ՝ 22 մայիսի 2014-ին իր մահկանացուն կնքեց Լոս Անջելէսի մէջ:

Հայու իր արմատներուն հետ մարդն ու սէրը նորովի յայտնագործած արգենտինահայ բանաստեղծը

Ն.


Յուլիսի 13-ին նշեցինք ծննդեան ութսունամեակը ժամանակակից հայ գրականութեան տաղանդաւոր բանաստեղծներէն Ալիսիա Կիրակոսեանի, որ երկու տարի առաջ՝ 22 մայիսի 2014-ին իր մահկանացուն կնքեց Լոս Անջելէսի մէջ:
Արգենտինա ծնած եւ իսպաներէնով գրական անդաստան մուտք գործած բանաստեղծուհին երկար ճամբայ կտրեց՝ մինչեւ որ հայու իր արմատներուն վերադառնալով՝ նորովի յայտնագործեց ոչ միայն մարդու ու սիրոյ խորախորհուրդ յուզաշխարհը, այլեւ՝ նոյնինքն հայ ժողովուրդի ազգային լինելութեան անպարագիծ խորհուրդը.-

Մի լուռ խորհուրդ է կատարւում իմ մէջ.
Ուզում եմ հիմա, երկիր Հայաստան,
Ճանաչել հեռւից
Քարերը քո հին,
Ճանաչել լեզուդ,
Որին հաղորդ են խորհուրդ ու գաղտնիք,
Դարերդ անցեալ,
Որոնք տեսել են
Քո կոթողների քարէ շքերթը,
Քո խաչքարերը,
Աստւածայինը քո գեղեցկութեան,
Որի ծնկները ջարդել են, աւա՜ղ...

 

Մի լուռ խորհուրդ է կատարւում իմ մէջ.
Կարօտում եմ քեզ,
Թէկուզ քեզանից ես յուշեր չունեմ:
Սակայն թւում է,
Թէ այդ յուշերը եղել են ու կան
Եղունգներիս տակ
Եւ, աներեւոյթ,
Արտաբուրել են
Ծագման,
Գահերի
Եւ արեան շունչը:
Երկիր Հայաստան,
Քեզ ունեմ, առանց քեզ ունենալու...
Քո քայլքն եմ լսում,
Քո հառաչանքը,
Շառաչը ծովի,
Որ արտասւել է սեւ դագաղներով:
Եւ քո խիտ յուզման
Ծիծաղն եմ լսում:

 

Մի լուռ խորհուրդ է կատարւում իմ մէջ.
Ու ես փռում եմ
Իմ յուզումների մագաղաթը մեծ,
Որ նրա վրայ երգդ սկսեմ
Ճանաչելով քո քարերը վայրի:

 

Ալիսիա Կիրակոսեան ծնած է 1936-ի յուլիսի 13-ին, Արգենտինայի Քորդոբա քաղաքը, վանեցի Գուրգէն Կիրակոսեանի ընտանեկան յարկին տակ:
Իսպաներէն սկսած է ստեղծագործելու տակաւին 14 տարեկանին: Աւարտած է Բուէնոս Այրէսի Ազգային համալսարանի իրաւագիտական բաժանմունքը: 10 տարի դերեր կատարած է արգենտինեան թատրոնի բեմերէն: Գրած է իսպաներէն եւ իտալերէն, հետագային նաեւ հայերէն ու անգլերէն:
1966-ին իտալերէն լեզւով լոյս ընծայած է բանաստեղծութիւններու իր առաջին՝ «Մէկ օրւան մէջ հինգ ձայն» գիրքը:
1967-ին առաջին անգամ այցելած է Հայաստան, որմէ քանի մը տարի ետք գրած է «Նամակ առ Հայաստան» իր հանրածանօթ եւ փնտրւած բանաստեղծութիւնը:
Ինչպէս որ հանրագիտական աղբիւրները կը վկայեն՝ Ալիսիա Կիրակոսեանի Հայաստան այցը եղած է գրական երկրորդ մկրտութեան առիթ մը բանաստեղծուհիին համար: Հայ ընթերցողը շուտով կապւած է Ալիսիա Կիրակոսեանին՝ 1967-էն 1971, երբ բանաստեղծ Վահագն Դաւթեանի հրաշալի թարգմանութեամբ հրատարակւած է «Արմատ եւ էութիւն» անունով անոր բանաստեղծութեանց ժողովածուն (թարգմանւած՝ իսպաներէնէ): 1972-ին Սփիւռքի հայութեան համար նոյն գիրքը վերահրատարակւած է:
1968-ին ան փոխադրւած է Լոս Անջելէս, ուր եւ մնայուն բնակութիւն հաստատած է 1971-էն ետք: Միացեալ Նահանգներու մէջ բանաստեղծուհին ընտրւած է եւ մինչեւ մահ մնացած է Ամերիկայի իսպանախօս Գրողներու միութեան պատւոյ նախագահ:
1992-ին, իսպաներէն, հայերէն եւ անգլերէն լեզուներով հրատարակւած է բանաստեղծուհիին հիմնադրած (1969-ին) «գեր-տարածական» անունով ծանօթ բանաստեղծական շարժման տեսութիւնը:
1993-ին, Բրազիլիոյ Սան-Փաւլօ համալսարանին մէջ, փիլիսոփայութեան գծով, պաշտպանած է դոկտորական ատենախօսութիւն՝ գրականութեան բնագաւառին վերաբերեալ, արժանանալով համապատասխան գիտական կոչումի:
Ալիսիա Կիրակոսեանի բանաստեղծութեան առանցքը կը կազմեն սէրը, մայրութիւնը, Հայրենիքը եւ փիլիսոփայական խոհը:
Իսպաներէն եւ իտալերէն լեզուներով լոյս տեսած են Ալիսիա Կիրակոսեանի հետեւեալ ժողովածուները.- «Էութիւն եւ կէտադրութիւն» (1967), «Փետրօ Ամոր» (1969), «Ժամանակի, սիրոյ, խաղաղութեան մէջ» (1970), «Հայաստանեան ապրումներ» (1970), «Երկունքի ոլորտ» (1972), «Հակաշխարհ» (1972), «Մոխիրներից յետոյ եւ նամակ առ Հայաստան» (1972), «Մայրութեան քերթւածներ» (1989): (Ալիսիա Կիրակոսեանի «Փետրօ Ամոր» (1969) թատերախաղը ներկայացւած է Բուէնոս Այրէսի «Փայրօ» թատրոնի բեմէն:
Հայերէնով լոյս տեսած Ալիսիա Կիրակոսեանի ժողովածուներն են.- «Արմատ եւ էութիւն» (1967), «Նամակ առ Հայաստան» (1979), «Խորան I» (1992), «Խորան II» (1992), «Ամբողջական երկեր» (2005):
Եռալեզու հրատարակւած են «Բանաստեղծութիւն եւ գեր-տարածութիւն» (1994), «Խաղաղութիւն քւանտային» (2005), իսկ անգլերէնով՝ «Սէր եւ մայրութիւն բառերից այն կողմ» (1992), «Մտորում՝ բառից այն կողմ» (1992), «Արմատ բառից այն կողմ» (1992), «Բեմ՝ երկնքի համար» (1992) գիրքերը:
Գրական քննադատները համամիտ են, որ Ալիսիա Կիրակոսեանի բանաստեղծութիւնը կը բնորոշւի ներաշխարհի պատկերներով, արդիական լեզւամտածողութեամբ, բանաստեղծական վերաիմաստաւորումներու ինքնատպութեամբ: Իր վերջին շրջանի գործերուն մէջ բանաստեղծուհին անդրադարձած է 20-րդ դարավերջի հայաստանեան դարակազմիկ պատմական իրադարձութիւններուն:
Ա. Կիրակոսեանի որոշ գիրքեր նկարազարդած է մեծն Փաբլօ Փիկասոն:
Բանաստեղծուհին իսպաներէնի թարգմանած է Րաֆֆիի «Խենթը»:
Ալիսիա Կիրակոսեան բազմիցս այցելած է Հայաստան, ուր պարգեւատրւած է Խաչատուր Աբովեանի անւան մրցանակով: ՀՀ ԳԱԱ-ի պատւոյ դոկտորի կոչումի արժանացած է 2007-ին:
Ահա՛ քանի մը նմոյշ Ալիսիա Կիրակոսեանի անմահ ժառանգութենէն.-

 

I

 

Ես նա եմ նաեւ,
Որ տարբերում է պաչը համբոյրից,
Ինչպէս սիրողին՝ սիրահարւածից,
Եւ մահացումը՝ մեռնելուց:
Իրօք.
Ի՞նչ է իմ գործը,
Եթէ ոչ ջոկել
Ո՛չ թէ կեղծիքը ճշմարտութիւնից,
Այլեւ տարբերել սուտը կեղծիքից,
Ճիշտը՝ ճշմարտից եւ ճշգրիտից,
Գութը՝ խղճալուց...
Իսկ երբ ես շատ եմ ինքս ինձ նման,
Այսինքն՝ բարձր ինքս ինձանից,
Ես տարբերում եմ մուժը մշուշից.
Ու մառախուղից մէգն եմ տարբերում:
Տարբերում նաեւ
Բախտաւորութիւն ու երջանկութիւն,
Ոճիր ու յանցանք:
Ու երբ ես շատ եմ ինքս ինձ նման,
Այսինքն՝ բարձր ինքս ինձանից,
Զարմանալի բան -
Ես՝ Տարբերողս,
Բնա՜ւ ամենքից ինձ չեմ տարբերում...

 

II

 

Եթէ ես յանկարծ խլէի ցաւդ,
Կը դատարկւէիր,
Ու ես ինքս ինձ տխուր կը զգայի:
Թէ չլինէիր դու հէնց վիշտն ինքը,
Ես քո մէջ երբեք ինձ չէի տեսնի,
Ու մենք խօսքերի կարիք կը զգայինք...
Այս լռութիւնը շատ է կարեւոր,
Քանզի լռութիւնն աւելի լաւ է լսելի լինում:
Ու երբ մտքերս են ընդհատւում մի պահ,
Անկումն եմ լսում քո արցունքների:
Եւ զգացմունքի ուղիղ կենտրոնում
Հանդիպում ենք մենք:

 

III

 

Վախենում եմ «սէր» բառը ասել,
Զի նախազգում եմ,
Որ սիրուց անդին ամայութիւնն է...
Եւ վախենում եմ, որ սէրը միայն բառ լինի,
Ու ես ճաշակեմ բառն այդ ու քաղցած մնամ:
Ու ես ինքս ինձ օգնում եմ հիմա,
Որ այս աշխարհում պահպանեմ սէրը,
Որ ամենքինն է ու իմն է միայն:
Եւ դա համարեա այն միակ բանն է,
Որ իմն է միայն:
Ես վախենում եմ դարձեալ ու դարձեալ,
Որ սէրն աշխարհում ամէն ինչ լինի,
Որ սէրն աշխարհում չլինի ոչինչ...

Յարակից լուրեր

  • «Ես եկել եմ դարերից ու գնում եմ յաղթական…»
    «Ես եկել եմ դարերից ու գնում եմ յաղթական…»

    Այսօր լրանում է հայ հանճարեղ բանաստեղծ Եղիշէ Չարենցի ծննդեան 120-ամեակը։ Եղիշէ Չարենցը (Եղիշէ Սողոմոնեան) ծնւել է 1897 թւականի մարտի 13-ին (Նոր տոմարով՝ մարտի 25-ին) Կարսում:

  • Ինչպէս է թուրքերի առնւազն 3 սերունդ սերտել նշանաւոր թուրք բանաստեղծի` հայուհուն նւիրւած բանաստեղծութիւնը
    Ինչպէս է թուրքերի առնւազն 3 սերունդ սերտել նշանաւոր թուրք բանաստեղծի` հայուհուն նւիրւած բանաստեղծութիւնը

    Թուրքիայի Իզմիր քաղաքի ֆոլկլորային արւեստի թանգարանում բացւել է յայտնի թուրք նկարիչ և բանաստեղծ Բեդրի Րահմի Էիւբօղլուին նւիրւած ցուցադրութիւն:

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Ռափայէլ Պատկանեան (Գամառ Քաթիպա) (1830-1892)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Ռափայէլ Պատկանեան (Գամառ Քաթիպա) (1830-1892)

    Նոյեմբերի 8-ին նշեցինք ծննդեան տարեդարձը հայ գրականութեան ամենէն հոգեհարազատ, սրտամօտ եւ ժողովրդային դէմքերէն Ռափայէլ Պատկանեանի, որ Գամառ Քաթիպա գրչանունով անմահացած է հայոց սերունդներու յիշողութեան մէջ:

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Արտաշէս Յարութիւնեան (1873-1915)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Արտաշէս Յարութիւնեան (1873-1915)

    3 հոկտեմբերին, 143 տարի առաջ, Ռոդոսթոյի մերձակայ Մալկարայի մէջ, լոյս աշխարհ եկաւ Արտաշէս Յարութիւնեան, որ կոչւած էր դառնալու հայ գրականութեան ամենէն արւեստագէտ մտաւորականներէն մէկը:
    Հայ գիւղի ծնունդ է Արտաշէս Յարութիւնեան, որ հայոց հողին բոյրն ու գոյնը, լոյսն ու շաղը, համն ու յագեցնող ջուրը ամբողջապէս իւրացուց, իր մտքին ու հոգիին շաղախը դարձուց:

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Սայեաթ - Նովա (1712-1795)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Սայեաթ - Նովա (1712-1795)

    Հայ ժողովուրդի հանճարեղ զաւկին՝ Սայեաթ-Նովային ուղղւած սրտաբուխ այս արժեւորման հեղինակը «հանճարեղ լոռեցին»՝ Ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանն է:
    Սեպտեմբեր 22-ին, 221 տարի առաջ, Աղա Մոհամմեդ խան անուն բռնակալի մը զինւորներուն ձեռամբ, սրախողխող նահատակւեցաւ եւ մեր աշխարհէն հեռացաւ հայ ժողովուրդի բացառիկ ծնունդներէն Սայեաթ-Նովա:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։