Հա

Ազգային

16/08/2016 - 10:10

ՆԻՒԻՐԵԱԼՆԵՐ - Բաքւի «սեւ ոսկի»-ի հայ արքան՝ Ստեփան Լիանոսեան կը հիմնէ իր «կայսրութիւն»-ը

Յուլիսի 28-ին, 104 տարի առաջ, համաշխարհային նաւթի շուկայէն ներս մեծ վարկ ու հռչակ վայելող հայ մը՝ Ստեփան Լիանոսեան անունով, Լոնդոնի մէջ հիմնեց «Ռուսական գլխաւոր նաւթային քորփորէյշըն (համատիրութիւն)»-ը:
Բաքւի նաւթային արդիւնաբերութեան, մթերման ու զտման, արտահանման եւ միջազգային շուկայի վրայ գործածութեան ընդարձակ ու բարդ ասպարէզէն ներս, օրին, գործարարական մեծագոյն ոստում մը արձանագրեց Ստեփան Լիանոսեանի նախաձեռնութիւնը:

(28 յուլիսի 1912)

Ն.


Յուլիսի 28-ին, 104 տարի առաջ, համաշխարհային նաւթի շուկայէն ներս մեծ վարկ ու հռչակ վայելող հայ մը՝ Ստեփան Լիանոսեան անունով, Լոնդոնի մէջ հիմնեց «Ռուսական գլխաւոր նաւթային քորփորէյշըն (համատիրութիւն)»-ը:
Բաքւի նաւթային արդիւնաբերութեան, մթերման ու զտման, արտահանման եւ միջազգային շուկայի վրայ գործածութեան ընդարձակ ու բարդ ասպարէզէն ներս, օրին, գործարարական մեծագոյն ոստում մը արձանագրեց Ստեփան Լիանոսեանի նախաձեռնութիւնը:
Ռուսական դրամագլուխը այդպիսով իր տիրական դիրքը գրաւեց ամերիկեան, անգլիական եւ գերմանական նաւթային՝ աստղաբաշխական գումարներու հասնող դրամագլուխներու շուկային մէջ:
Ցարական կայսրութեան նաւթարդիւնաբերական շրջանակներուն մէջ հանրածանօթ անուն էր Ստեփան Լիանոսեան, որ վաճառականական, ելեւմտական եւ արդիւնաբերական իր ձեռներէցութեամբ ու հնարամտութեամբ՝ 1912-ին արդէն կը նկատւէր Բաքւի «սեւ ոսկի»-ի արքաներէն մէկը՝ մեծահարուստ հայ նաւթատէր Մանթաշեան հայ ազգանւան կողքին համընդհանուր յարգանք պարտադրելով նաեւ Լիանոսեան ազգանւան նկատմամբ:
Թէեւ խորհրդային ամբողջատիրութեան տարիներուն ընդհանրապէս անտեսումի մատնւեցաւ Լիանոսեան հարստութիւնը՝ Բաքւի մէջ Հայկական դրամագլուխին հանդէպ խորհրդային պատմագրութեան ցուցաբերած գաղափարական հակադրութեան հետեւանքով, այդուհանդերձ՝ Հայաստանի վերանկախացումէն ասդին, զգալի թափով ճիգ կը թափւի հայկական պատմագրութեան կողմէ, որպէսզի Բաքւի նաւթարդիւնաբերական զարգացման մէջ հայոց վճռորոշ դերակատարութեան վերարժեւորման ընդհանուր շրջագիծէն ներս՝ արժանի տեղն ու կարեւորութիւնը ընծայւի նաեւ Ստեփան Լիանոսեան երեւոյթին:
Իրողութիւն է, 1920-ականներուն, արտասահման ապաստանած հայ մտաւորականութիւնը, դաշնակցական թէ անկուսակցական, Բաքւի հայութեան եւ դաշնակցական գործունէութեան նւիրւած Աբրահամ Գիւլխանդանեանի յուշագրութեանց ու աշխատասիրութեանց օրինակով՝ նկատառելի գրականութիւն կտակեց մեր սերունդներուն, որպէսզի «Հայկական Բաքուն» մոռացութեան չմատնւի:
Բայց տարագիր կեանքի պայմանները եւս պատճառ եղան, որպէսզի ժամանակի ու մոռացումի փոշին աստիճանաբար նստի Բաքւի մէջ Հայկական դրամագլուխին ունեցած բախտորոշ դերակատարութեան ընդհանուր արժեւորման վրայ:
Հետեւանքը ծանօթ է. մեր սերունդներուն համար փաստօրէն անծանօթ մնացին Ստեփան Լիանոսեանի օրինակով ձեռներէց եւ յաջողակ հայ մարդոց կեանքն ու գործը, անձն ու արժէքը: Միայն վերջին տարիներուն է, որ նորովի լոյս կը սփռւի մեծանուն այս ձեռներէց ու գործարար հայուն վրայ: Այդ առումով յատուկ գնահատանքի արժանի է «Նորավանք» հիմնադրամը, որ 2006-ին լոյս ընծայեց Խաչատուր Դադայեանի «Հայերը եւ Բաքուն (1850-ական թթ. - 1920 թ.)» երախտաշատ գործը՝ նւիրւած Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 15-ամեակին: Խ. Դադայեանի այդ գործէն առնւած է ահա Ստեփան Լիանոսեանի անձին ու գործին վերաբերեալ այս հակիրճ անդրադարձը.-
«19-րդ դարու երկրորդ կէսէն սկսեալ արագ թափով զարգացում ապրած Բաքւի նաւթարդիւնաբերութեան եւ հայ գործարարներու տիրական դերակատարութեան առջեւ «որակական, սկզբունքային նոր փուլ սկսաւ... երկու անձանց մահւամբ. 1906 թ. վախճանւեց մոսկովեան 1-ին գիլդիայի (գործընկերութեան) վաճառական, հնագոյն ֆիրմաներից (հիմնարկ) մէկի՝ «Ռուսական նաւթարդիւնաբերական ընկերութեան» (ՌՈՒՆՕ) սեփականատէր Գէորգ Ստեփանի Լիանոսեանը, իսկ 1911-ին՝ Ալեքսանդր Մանթաշեանցը: Նրանց փոխարէն եկան որդիները՝ Լեւոն Մանթաշեանցը եւ Ստեփան Լիանոսեանը: Այս վերջնիս վիճակւած էր գերազանցել բոլորին, դառնալ համաշխարհային նաւթարդիւնաբերութեան «արքայ», որին վերապահւած էր նաեւ խոր ողբերգութիւն եւ ցաւալի, ոչնչով չարդարացւած անէացում՝ մոռացութիւն, որից ստորեւ կը փորձենք դուրս բերել...
«Ամէն ինչ սկսւեց 1872 թ., երբ նաւթադաշտերը աճուրդի հանւեցին. ծագումով պարսկաստանցի, Աստրախանի 1-ին գիլդիայի վաճառական Ստեփան Մարտինի Լիանոսեանը 1310 ռ. մեկնարկային գնի դիմաց վճարեց 26.220 ռ. գումար եւ դարձաւ 6 նաւթահորով թիւ 7 տեղամասի տէրը, որը ենթադրաբար ունէր ընդամենը 4599 փութ արտադրողականութիւն: Այս քայլը ոչ-այնքան նաւթարդիւնաբերութեան ապագայի ըմբռնում էր, որքան ֆինանսական պարզ ներդրում՝ հող էր գնել, սեփական հողատարածք էր ձեռք բերել, որի արդիւնքում ստեղծւեց «ՌՈՒՆՕ» շքեղ անւամբ ֆիրման (հիմնարկը):
Բայց Ս. Մ. Լիանոսեանն ունէր հետաքրքրութիւնների աւելի լայն շրջանակ. մէկ տարի անց՝ 1873-ին, նա Շահի կառավարութիւնից ստացաւ կոնցեսիա (թոյլտւութիւն), որը Կասպից ծով թափւող պարսկական գետերի գետաբերաններում ձկան որսի մենաշնորհ էր տալիս: Պայմանագիրը կնքւել էր 5 տարի ժամանակով, բայց բազմիցս նորոգւեց: Ձկնորսարանները բաժանւում էին հինգ ինքնուրոյն շրջանների՝ Աստարայի, Էնզելիի, Սեֆիդրուդի, Մաշադիսերի եւ Աստրաբադի, որոնցից իւրաքանչիւրը մասնագիտանում էր որոշակի ձկնատեսակի արտադրութեան մէջ:
«Ս. Լիանոսեանի մահից յետոյ բիզնեսն (գործարարութիւնը) ստանձնեց որդին՝ Գէորգը, որը դիմեց Ցարական կառավարութեանը՝ խնդրելով վարձակալութեան տալ Կասպից ծովի առափնեայ ջրերը (Թուրքմէնչայի պայմանագրով՝ Կասպից ծովը պատկանում էր Ռուսաստանին): 1900 թ. մարտի 22-ին Գ. Լիանոսեանի եւ Ռուսաստանի հողագործութեան ու պետական ունեցւածքի նախարարութեան միջեւ կնքւեց պայմանագիր՝ 25 տարի ժամկէտով: (Ստորագրող կողմերից ոչ մէկի մտքով չէր անցնում, որ 1917-ից յետոյ այդ պայմանագիրը կը խզւի...):
«Այսպիսով, Գ. Լիանոսեանը դարձաւ ամբողջ Կասպից ծովի առափնեայ գետաբերաններում ձուկ եւ ձկնամթերք արտադրող ամենախոշոր ձեռնարկատէրը: Եթէ XIX դ. 90-ական թթ. ձկնորսարանների համախառն արտադրանքը միջին հաշւով տարեկան կազմում էր 600 հազ. ռ., ապա դարավերջից մինչեւ 1906 թ. ընկած ժամանակահատւածում այն հասնում էր 900 հազ. ռ., իսկ 1907- 1915 թթ.՝ 2,25 մլն. ռուբլու:
«Առաջին Համաշխարհային պատերազմի նախօրեակին՝ Մարտին, Ստեփան, Լեւոն Լիանոսեան եղբայրների ձկնորսարանները ժամանակակից արդիւնաբերական ձեռնարկութիւններ էին՝ յագեցւած տեխնիկայի (արհեստագիտութեան) վերջին խօսքով: Դրանք ունէին էլեկտրակայաններ, սառնարաններ, հեռախօսակապ, մեխանիկական եւ այլ արհեստանոցներ, ինչպէս նաեւ՝ 20 լողամիջոցից բաղկացած մի նաւատորմ, այդ թւում՝ երկու խոշոր շոգենաւ, որոնցից մէկը կոչւում էր «Պիրոգով», իսկ միւսը կրում էր սեփականատէրերի պապի անունը՝ «Մարտին»:
«Ձկնորսարաններում աշխա- տում էր 5900 մարդ, պատերազմի նախօրեակին կապիտալ (ընդհանուր) ներդրումները կազմում էին շուրջ 3 մլն. 380 հազ. ֆրանկ, իսկ 1916-ին՝ 9 մլն. ռուբլի: Այսպիսով, Լիանոսեանների 35 ձկնորսարանները Պարսկաստանի ամենախոշոր արդիւնաբերական ձեռնարկութիւնն էին մինչեւ 1909 թ., երբ ստեղծւեց «Անգլօ-պարսկական նաւթային ընկերութիւնը»:
«Այսքանը՝ ձկան մասին, հիմա անդրադառնանք նաւթին:
«Գ. Լիանոսեանի օրօք «ՌՈՒՆՕ»-ն միջին կարգի ֆիրմա էր: Ստեփան Լիանոսեանը հօր մահից յետոյ ձուկը «թողեց» եղբայրներին, իսկ ինքը գլխովին ընկղմւեց նաւթի մէջ, ինչի հետեւանքով մի նոր դարաշրջան սկսւեց համաշխարհային նաւթարդիւնաբերութիւնում: Այստեղ խիստ կարեւոր է մի դիտարկում. հայ նաւթարդիւնաբերողների առաջին սերունդը (եւ առհասարակ վաճառականութիւնը) ունէր բիզնեսավարման (գործարար վարչագիտութեան) վարքային մի առանձնայատկութիւն, ինչը մենք անւանում ենք նահապետականութիւն եւ ինչն ունէր իր տրամաբանական բացատրութիւնը: Ամէն ինչ վաստակւած էր սեփական քրտինքով, եւ այդ սեփականութեան պահպանումը թելադրում էր, որ իւրաքանչիւրի բիզնեսում ընդգրկւէին վստահելի անձինք՝ զաւակները, մերձաւոր ազգականները, հայրենակիցները (շուշեցիներ, շամախեցիներ, թիֆլիսեցիներ եւ այլն) կամ ազգականները:
«Այսինքն, բիզնեսը ազգային էր՝ բառիս բուն իմաստով: Այդպիսիք էին տասնեակ ֆիրմաներ՝ Միրզոյեան եղբայրներինը, Ադամեան եղբայրներինը, «Ամուրը», «Անահիտը», «Արամազդը», «Վանանդը», «Որոտանը», Ղուկասեան եղբայրներինը, Թումանեանց եղբայրներինը, Կրասիլնիկեան եղբայրներինը եւայլն, եւայլն, որոնց չենք թւարկում զուտ տեղի խնայողութեան պատճառով:
«Անգամ մեծն Մանթաշեանցը, որը հրաշալի հասկանում էր նաւթարդիւնաբերութիւնում ֆինանսական (ելեւմտական) նորանոր միջոցների անընդհատ ներդրման անհրաժեշտութիւնը, Կովկասի բանկային (դրամատնային) «արքան» էր, պետերբուրգեան երկու խոշոր բանկերի վարչութեան անդամ, միեւնոյն է՝ իր բիզնեսի կառավարման մէջ օտարների չէր թողնում. 1909 թ. նրա ընկերութեան վարչութեան մէջ էին որդի Լեւոնը, ազգականներ Դաւիթ Խարազեանը, Գէորգ Շահումեանը, Առաքել Սարուխանը եւ Ս. Չերքեզովը, որի եղբայրն այդ ժամանակ իր հարազատ քաղաքի՝ Թիֆլիսի քաղաքագլուխն էր: Ըստ էութեան, ստեղծւել էին «փակ բիզնես-տարածքներ», ինչը ծնում էր այլազգիների (առաջին հերթին՝ ռուսների եւ թաթար-ադրբեջանցիների) խանդն ու ակնյայտ դժգոհութիւնը, միւս կողմից արգելակում էր բուն բիզնեսի զարգացումը:
«Ստեփան Լիանոսեանն առաջինն էր, որ կոտրեց այս մտածելակերպային կարծրատիպը, առաջինն էր, որ իր գործունէութեամբ ազգակիցներին սովորեցրեց, թէ բիզնեսի ազգային բնոյթը փակուղային է, ազգային պէտք է լինի բիզնեսի արդիւնքը՝ կապիտալը (դրամագլուխը):
«1907 թ. նա 2 մլն. ռ. հիմնադիր կապիտալով Պետերբուրգում ստեղծեց «Գ. Մ. Լիանոսեանի որդիներ» բաժնետիրական ընկերութիւնը, որի տնօրէն-կառավարիչն ինքն էր, իսկ վարչութեան մէջ ներգրաւեց Պ. Լեժդնովսկուն ու կայսրութեան խոշորագոյն ձեռնարկատէրերից մէկին՝ Պետերբուրգի «Պուտիլովեան գործարան» մեքենաշինական, կաթսայաշինական եւ պողպատաձուլական բաժնետիրական ընկերութեան սեփականատէր Ա. Պուտիլովին:
«Բացի նաւթաբեր հողատարածքներից, ընկերութիւնն ունէր հետեւեալ ձեռնարկութիւնները. Բաքւում՝ Սպիտակ քաղաքում, կերոսինի, քսաիւղերի գործարաններ, կերոսինի եւ մազութի կայաններ, նաւթալից նաւամատոյց՝ Կասպից ծովի ափին, 10 վերստ երկարութեամբ նաւթամուղ, նաւթակայան եւ պահեստարաններ՝ Բաթումում: «Ներգրաւելով ռուսական խոշոր կապիտալի ներկայացուցիչներին՝ Ս. Լիանոսեանն արագօրէն յաջողութեան հասաւ. 1907 թ. արտադրեց 240, 7 հազ. փութ նաւթ, 1908-ին՝ 1168 հազ., 1909-ին՝ 2173 հազ., 1910-ին՝ 2133 հազ. փութ:
«Բայց սա դեռ սկիզբն էր:
«Նաւթախաղի» մէջ պէտք է ոտք դնէր եւս մէկը, որի անմիջական համագործակցութեամբ եւ աջակցութեամբ Ս. Լիանոսեանը պէտք է նւաճէր համաշխարհային շուկան: Այդ մարդը Լեւոն Մանթաշեանցն էր: Նա, ով մտածելակերպային նոյն սկզբունքներն ունէր, ինչ Ս. Լիանոսեանը:
«...Այդ երկուսի միջեւ կայացել էր զուտ հայկական-տղամարդկային պայմանաւորւածութիւն, որին նրանք հաւատարիմ մնացին մինչեւ վերջ:
«1912 թ. համաշխարհային նաւթարդիւնաբերութիւնը Ս. Լիանոսեանի շնորհիւ (իսկ գուցէ եւ պատճառով) թեւակոխեց զարգացման որակական միանգամայն նոր դարաշրջան. այդ թւականի յուլիսի 28-ին նա 2,5 մլն. ֆունտ ստերլինգ հիմնադիր կապիտալով Լոնդոնում ստեղծեց «Ռուսական գլխաւոր նաւթային կորպորացիան (համատիրութիւն)» (Russian General Oil Corporation, կրճատ՝ «Օյլ»):
«Նաւթարդիւնաբերութիւնը մշտական ֆինանսական ներհոսքի կարիք ունի, իսկ բանկային կապիտալը ձգտում է շահաւէտ ներդրումներ կատարել: Ս. Լիանոսեանը ռուսական խոշոր բանկային կապիտալը բերեց Բաքւի նաւթարդիւնաբերութիւն, ինչը ձեռնտու էր երկուստեք»:
Ս. Լիանոսեանի եւ ընդհանրապէս անոր օրինակով ժամանակի եւ մեր օրերու յաջողած ու մեծահարուստ հայ ձեռնարկատէրերու ազգային դիտանկիւնէ արժեւորումը, անկասկած, առանձին շահեկանութեան նիւթ է: Բայց անմիջապէս կարժէ նշել, որ երբ անհատական իրենց յաջողութեանց ամրապնդման համար իսկ հայ ձեռնարկատէրերը յատուկ կարեւորութեամբ կը գուրգուրան հայկական դրամագլուխի մերձեցման, մէկտեղման եւ համագործակցաբար արդիւնաւորման վրայ, այդ վարքագիծէն ի վերջոյ կը շահի ազգային մեր ներուժին ներքին կազմակերպումը՝ անհատական յաջողութիւններէն ազգային յաջողութեանց հասնելու հնարաւորութեանց այնքան կենսական դաշտը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։