Հա

Ազգային

30/08/2016 - 10:20

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Թէ ինչպէս մեղադրեցին Խրիմեան Հայրիկին

Մեծ մարդկանց մեծ մեղքեր են վերագրւում: Սա օրինաչափութիւն չէ, սակայն կայ նման հակում. մարդկային մի ներքին մղում կարծես պահանջ ունի նւազեցնել տարբերութիւնն իրենց եւ նրանց միջեւ, ովքեր բացառիկ են կոչումով ու անհատականութեամբ: Համանման վերաբերմունքի մի դրւագ էլ մեր եկեղեցու պատմութեան մէջ ենք հանդիպում, որն առնչւում է Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Խրիմեանի՝ Խրիմեան Հայրիկի բարենորոգչական գործունէութեան հետ:

ՅՈՎԻԿ ՉԱՐԽՉԵԱՆ


- Մեծ մարդկանց մեծ մեղքեր են վերագրւում: Սա օրինաչափութիւն չէ, սակայն կայ նման հակում. մարդկային մի ներքին մղում կարծես պահանջ ունի նւազեցնել տարբերութիւնն իրենց եւ նրանց միջեւ, ովքեր բացառիկ են կոչումով ու անհատականութեամբ: Համանման վերաբերմունքի մի դրւագ էլ մեր եկեղեցու պատմութեան մէջ ենք հանդիպում, որն առնչւում է Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Խրիմեանի՝ Խրիմեան Հայրիկի բարենորոգչական գործունէութեան հետ:
Այդ ծրագրերի մասին եկեղեցու աղբիւրներն այսպէս են գրում. «Կաթողիկոսի գահակալութեան օրօք շարունակւում են Մայր տաճարի վերանորոգման աշխատանքները: Նա մի շարք կարգադրութիւններ է կատարում Տաճարի վերանորոգման աշխատանքները սկսելու համար: Սակայն, ինչ-ինչ պատճառներով, Հայրիկի նպատակադրւածութիւնը կեանքի չի կոչւում, իսկ սկսւած աշխատանքներն էլ մնում են անաւարտ»:
Որ մտայղացումները կարող էին նաեւ չիրագործւել, միանգամայն բնական է: Զարմանալին այս պատմութեան մէջ մէկ այլ բան է: Խօսքը Խրիմեան Հայրիկի հասցէին հնչող ծանր մեղադրանքների մասին է: Մասնաւորապէս, կաթողիկոսն ամբաստանւում է այն բանի համար, որ նրա ձեռնարկումների արդիւնքում զոհաբերւել են թանկագին մշակութային արժէքներ, մեծ վնաս է հասցւել Մայր տաճարի ներքին յարդարմանը, անհետ կորել են գեղարւեստական գործեր: Բայց որքանո՞վ են հիմնաւոր ու փաստարկւած նման պարսաւանքները: Դատենք՝ ըստ իրադարձութիւնների յաջորդականութեան:
160830d04aԽրիմեան Հայրիկը 1895 թւականին ձեռնարկում է Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգումը: Դրանից 15 տարի անց՝ 1910 թւականին, յայտնի գրող եւ հասարակական գործիչ Արշակ Չոպանեանը վրդովմունքով արձանագրում է, թէ տաճարի զարդերն ու նկարները Խրիմեան Հայրիկը «քանդած ու փչացուցած է անհաւատալի վանդալութեամբ՝ անհասկանալի քմայքը գոհացնելով»: Չոպանեանն ասում է, որ տաճարից յաջողւել էր փրկել միայն գմբէթի որմնանկարները, այն էլ՝ Պետերբուրգի հնագիտական ընկերութեան մասնագէտների միջամտութիւնից յետոյ, իսկ եկեղեցում կախւած գեղանկարչական աշխատանքները դուրս էին բերւել եւ ուղարկւել էին տարբեր գիւղերի եկեղեցիներ:
Ոչ-պակաս նշանաւոր մէկ այլ անձնաւորութիւն՝ հայագէտ, պատմաբան Մաղաքիա Օրմանեանը, իր «Ազգապատում» աշխատութեան մէջ գրեթէ նոյնն է պնդում՝ տեղեկացնելով, որ Մայր տաճարի ներքին զարդարանքներն ու Նաղաշ Յովնաթանի կտաւները ոչնչացւել են ու «120 պատկերներէն հազիւ 20 հատ անխնամ կերպով մնացեր են թանգարանին մէջ նետւած»:
Կայ նաեւ Կիլիկիոյ կաթողիկոս Գարեգին Յովսէփեանի վկայութիւնը, ով ժամանակին ցաւով նշել է, թէ «Խրիմեան կաթողիկոսի օրօք մեծ սխալ էր կատարւել հայ արւեստի նկատմամբ»: Նա գրում է, որ առանց նախապէս հոգալու ֆինանսական ծախսերը, նորոգման համար անհրաժեշտ նիւթերը, առանց մասնագէտների ու նկարիչների հետ խորհրդակցելու՝ քանդւել են որմնանկարները, սրբւել են նախշազարդերը, պատերից ցած են բերւել կտաւները, որոնք արդէն սկսել էին խոնաւութիւնից պոկոտւել ու թափւել:
Իսկ ահա գրող Կոստան Զարեանը հեգնանքով ամփոփում է թեման՝ ասելով. «Լուսաւորեալ» մի կաթողիկոս՝ նոյն ինքը՝ Խրիմեանը, յանուն առաջադիմութեան եւ քաղաքակրթութեան, հին բաներ անւանելով, ծեփել է տւել անողոք կերպով որմնանկարի գեղեցիկ մի մասը, եւ ոչ մի սպառնացող ատրճանակ չի արգելել այդ ոճիրը»:
Մի՞թէ այս բոլորը ճշմարտութիւն է: Արդեօ՞ք Խրիմեան Հայրիկի պէս շրջահայեաց ու խելամիտ անձնաւորութիւնը կարող էր նման անհեռատեսութիւն ու կամայականութիւն հանդէս բերել, երբ խօսքը հոգեւոր ժառանգութեան ճակատագրին էր վերաբերում: Եւ արդեօք նրա արարքն իրօ՞ք ոճրագործութիւն էր, որը պիտի կանխւէր ատրճանակով:
Այս հարցերին պատասխան գտնելու համար անհրաժեշտ է հաշւի առնել մի շարք նկատառումներ: Սկսենք այն փաստից, որ Վեհափառին վանդալիզմի համար մեղադրող անձանցից եւ ոչ մէկն այդ իրողութեան ականատեսն ու վկան չի եղել: Նրանք բոլորն էլ իրենց կարծիքը շարադրել են դէպքերից աւելի ուշ, այս կամ այն խօսակցութիւնների, տեղեկութիւնների ազդեցութեան տակ՝ առանձնապէս խորամուխ չլինելով բուն խնդրի նրբերանգների ու մանրամասների մէջ:
160830d04bՎերցնենք թէկուզ անհետ կորած 100 կտաւների պատմութիւնը, ինչի համար պատասխանատու է դիտւում Խրիմեան Հայրիկը: Ի՞նչ նկարների մասին է խօսքը, ովքե՞ր են եղել դրանց հեղինակները, որտե՞ղ են ցուցադրւել: Չկան հաստատ ու վստահելի վկայութիւններ այն մասին, թէ այդ շրջանում Մայր տաճարում 100-120 կտաւներ են եղել: Փոխարէնը՝ այն, ինչն առկայ էր, գրեթէ բոլորն էլ հասել են մինչեւ մեր օրերը: Եթէ տւեալ դէպքում ակնարկը վերաբերում է Նաղաշի գեղանկարչական աշխատանքներին, ապա, այո, դրանց զգալի մասը ոչնչացւել է, միայն ոչ թէ՞ 19-րդ դարի վերջին, այլ աւելի վաղ՝ 18-րդ դարում, երբ գահակալած որոշ կաթողիկոսների օրօք տաճարից յաճախակի հանւել են հնացած պատկերները՝ փոխարինւելով նորերով: Ընդորում՝ հետաքրքիր մի հանգամանք. նոր գործերն արւել են Նաղաշի որդիների ու թոռների ձեռքով, այսինքն՝ հէնց նրանք էլ եղել են հները պատերից իջեցնողն ու նորերով փոխարինողները: Իսկ եթէ նոյնիսկ ընդունենք այն պնդումները, թէ իբր Խրիմեանի կարգադրութեամբ ընդհանրապէս հանւել էին բոլոր կտաւները՝ անհանդուրժելի համարելով Մայր տաճարում պատկերներ ցուցադրելու երեւոյթը, ապա սա դեռ չի նշանակում, որ դրանք ոչնչացւած են:
Նմանապէս հիմնաւոր չեն այն հաւաստիացումները, թէ Խրիմեան Հայրիկը չի առաջնորդւել մասնագէտների ու նկարիչների խորհուրդներով: Օրինակ, պահպանւել է Խրիմեանի մի նամակը՝ գրւած 1894 թւականի օգոստոսի 5-ին: Հասցէատէրն է Մկրեան քահանան: Ահա այս նամակում կաթողիկոսը գրում է, որ ձեռնարկել է նոր մատենադարանի կառուցումը, ինչպէս նաեւ՝ տաճարի ձեւաւորումը, եւ փնտրում է մի արւեստաւոր, «պատկերահան»: Այնուհետեւ նա յաւելում է. «Էջմիածնայ տաճարի ներսի նորոգութիւն եւս առաջիկայ գարնան պիտի սկսւի, որոյ մէջ թէ պատկերուն նկարներ եւ թէ հին ու նոր կտակարանի պատմական նշանաւոր պատկերն պիտի պատրաստւի»: Այս նպատակի համար սկզբնապէս Էջմիածին է հրաւիրում պոլսեցի նկարիչ Պետրոս Սրապեանին: Աւելի ուշ նոր որմնանկարչական աշխատանքների համար Մայր Աթոռ է գալիս նկարիչ Վարդգէս Սուրէնեանցը:
Կաթողիկոսն իրօք պատրաստւում էր հեռացնել տաճարի որմնանկարները եւ հայկական ոճով նկարազարդել ամբողջ կառոյցի ներսը: Սակայն այդպիսի քայլի նա դիմում էր հարկադրաբար: Բանն այն է, որ տարիների ընթացքում վատ պայմանները, անձրեւաջրերը, խոնաւութիւնը լիովին գունաթափել ու վնասել էին նկարազարդ շերտերը: Այս մասին բազմաթիւ վկայութիւններ կարելի է գտնել նոյն շրջանում Էջմիածին այցելած մարդկանց գրառումներում: Ելքը մէկն էր. տաճարի որմնանկարները հատւածաբար դուրս բերել եւ տեղափոխել աւելի ապահով վայր, իսկ այնուհետեւ ձեռնամուխ լինել նորի ստեղծմանը, ինչն էլ արել է Խրիմեան Հայրիկը: Մայր տաճարի որմնանկարների մի մասը կաթողիկոսի ցուցումով հանւել ու պահւել են վանքի թանգարանում, դրանց որոշ նմուշներ այսօր էլ կարելի է տեսնել Հայաստանի ազգային պատկերասրահում:
Գալով այն հարցին, թէ ինչո՞ւ ծրագիրն անկատար մնաց, ապա սրա համար պատճառները չափազանց շատ էին: Եւ խօսքը միայն միջոցների ու հնարաւորութիւնների սղութիւնը չէր: Յայտնի փաստ է, որ 1890-ականների վերջին ծայր առան հակախրիմեանական տրամադրութիւններ: Դրանք խմորւում էին ինչպէս՝ հասարակութեան առանձին շերտերում, այնպէս էլ՝ կղերական միջավայրում: Այդ արհեստածին կրակն ամէն գնով թէժ էին պահում միաբանութեան մի շարք անդամներ, նաեւ «Մշակ» թերթը՝ լիբերալ հայեացքների շղարշի տակ: Նոյն ժամանակներում ծաւալւող քաղաքական իրադարձութիւններն իրենց հերթին՝ անելիքների ու հոգսերի այնպիսի մի ծանրութիւն բերեցին Հայոց եկեղեցու առաջնորդի համար, որ Խրիմեան Հայրիկին ուրիշ ոչինչ չէր մնում, քան անկատար թողնել իր ծրագիրը եւ զբաղւել առաւել հրատապ ու կենսական հարցերի լուծմամբ: Իսկ անհաստատ ու անկայուն ժամանակների թոհուբոհում չկայ աւելի դիւրին բան, քան մեղաւորների փնտրտուքն ու մեղադրանքների շռայլումը:

«168.am»

Յարակից լուրեր

  • Յովիկ Չարխչեան. «Ու հիմա մենք լուրջ խնդիր ունենք»
    Յովիկ Չարխչեան. «Ու հիմա մենք լուրջ խնդիր ունենք»

    Պարոն Չարխչեան: Շատ անգամ Ձեզ ենք դիմում, երբ փնտրում ենք իրավիճակի սրտացաւ, օբիեկտիւ, խորը գնահատական: Չգիտեմ՝ նկատել էք, թէ չէ, կամ՝ կը համաձայնեք, թէ չէ, բայց հասարակութիւնում քաղաքական ընդհարումները նոյն կերպ փոխանցւում են քաղաքականութեան հետ կապ չունեցող, կամ՝ ուղղակիօրէն կապ չունեցող ոլորտներ:

  • Արմենուհին` Չարենցի սէրը. մեծ բանաստեղծի սիրոյ պատմութեան վարագոյրը շուտով կը բացւի
    Արմենուհին` Չարենցի սէրը. մեծ բանաստեղծի սիրոյ պատմութեան վարագոյրը շուտով կը բացւի

    Գրող-գրականագէտ Յովիկ Չարխչեանը բացայայտել է Չարենցի ու Արմէնուհի Տիգրանեանի մեծ սիրոյ թաքուն էջերը։ Սիրոյ պատմութեամբ համեմւած կենսագրական վէպն առաջիկայում կը հասնի ընթերցողին։ Իսկ մինչ այդ հեղինակը միայն մի փոքր բարձրացնում է վարագոյրն ու բացում որոշ գաղտնիքներ:

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Մշոյ Գեղամ (Տէր-Կարապետեան) (1865-1918)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Մշոյ Գեղամ (Տէր-Կարապետեան) (1865-1918)

    Նոյեմբերի 28-ին, ոգեկոչեցինք յիշատակն ու վաստակը հայ մտքի ու գրականութեան երախտաւոր նւիրեալներէն Մշոյ Գեղամի։
    28 նոյեմբերի 1918-ին, Պոլսոյ մէջ, Առաջին Աշխարհամարտի աւարտէն քանի մը շաբաթ ետք, առյաւէտ փակւեցան անբուժելի հիւանդութեան դէմ պայքարէն յոգնաբեկ ու ցաւատանջ աչքերը հայ ազատագրական շարժման արժանաւոր մշակին՝ գաղափարի մարտիկ Գեղամ Տէր-Կարապետեանի։

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Գարեգին եպս. Սրւանձտեանց (1840-1892)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Գարեգին եպս. Սրւանձտեանց (1840-1892)

    17 նոյեմբերին, 176 տարի առաջ ծնած է եւ նոյնպէս նոյեմբերի 17-ի օրը, 124 տարի առաջ, վախճանած է հայ ժողովուրդի մեծարժէք զաւակներու համաստեղութեան մէջ իր բարձրադիր պատւանդանը նւաճած երախտաշատ այս հոգեւորականը՝ Գարեգին եպիսկոպոս Սրւանձտեանցը:

  • Խրիմեան Հայրիկ (Մկրտիչ, 1820-1907)
    Խրիմեան Հայրիկ (Մկրտիչ, 1820-1907)

    Հայ ժողովուրդի մեծամեծներու համաստեղութեան մէջ, առանձնայատուկ ճառագայթումով, հազարամեակներու մեր ուղին կը լուսաւորէ աստղը Խրիմեան Հայրիկի՝ հայոց «երկաթէ շերեփ»-ի ուղին հունաւորած մեծ պատգամաբեր վանեցի Խրիմեան Մկրտիչ Ամենայն հայոց կաթողիկոսին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։