Հա

Ազգային

05/09/2016

ԽՕՍՔ - Զարգանալ՝ չզիջելով

Այսօր մեր երկրորդ հայկական պետութեան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան, 25-րդ տարեդարձն է: Դաշնակցութիւնը աւանդոյթ է դարձրել այս տօնը նշել հրապարակային, ժողովրդի հետ միասին: Այս տարեդարձը առանձնայատուկ է ոչ միայն նրանով, որ յոբելեանական է, այլ նախ եւ առաջ նրանով, որ տեղի է ունենում մեր երկու հայկական պետութիւնների համար գերլարւած, ներքին ու արտաքին լրջագոյն մարտահրաւէրներով յագեցած մի չափազանց պատասխանատու ժամանակաշրջանում:

Արմէն Ռուստամեանի ելոյթը Արցախի անկախութեան օրւայ կապակցութեամբ


Սիրելի հայրենակիցներ,
Այսօր մեր երկրորդ հայկական պետութեան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան, 25-րդ տարեդարձն է: Դաշնակցութիւնը աւանդոյթ է դարձրել այս տօնը նշել հրապարակային, ժողովրդի հետ միասին: Այս տարեդարձը առանձնայատուկ է ոչ միայն նրանով, որ յոբելեանական է, այլ նախ եւ առաջ նրանով, որ տեղի է ունենում մեր երկու հայկական պետութիւնների համար գերլարւած, ներքին ու արտաքին լրջագոյն մարտահրաւէրներով յագեցած մի չափազանց պատասխանատու ժամանակաշրջանում:
Ուստի այսօր առաւել քան երբեւէ պահանջւում է անկեղծ ու սթափ գնահատել մինչեւ հիմա մեր ստացածն ու կորցրածը, արժեւորել մեր ձեռքբերումները, սրբագրել մեր սխալներն ու բացթողումները, չերկնչել առկայ վտանգների ու սպառնալիքների հանդէպ եւ վերահաստատելով համազգային մեր ուխտը՝ գնալ առաջ:
Պատմական այս հանգրւանում հայ ժողովուրդը վերականգնեց իր անկախութիւնը եւ վերադարձրեց կորւած հայրենիքի մի հատւածը: Սա է այն գլխաւոր պատմական ձեռքբերումը, որ մեր սերունդը պարտաւոր է աչքի լոյսի պէս պահել եւ փոխանցել յաջորդ սերունդներին:
Իսկապէս պատւաբեր, բայց դժւար է եղել յաղթելը, սակայն ոչ պակաս դժւարին, բայց պատւաբեր է յաղթանակը պահելն ու ամրագրելը: 25 տարիները հէնց այս գիտակցութեամբ ենք ապրել ու յաջողել, էլ ինչու պիտի նոյն կերպ չշարունակենք: Հետեւաբար՝ մեր միջից պէտք է մէկընդմիշտ եւ իսպառ արմատախիլ անենք պարտւողականութեան որոմը եւ մեր կեանքը կառուցենք դարերի փորձութիւնն անցած յայտնի կարգախօսով՝ թէ ուզում ես խաղաղութիւն, պատրաստ եղիր պատերազմի:
Այո, խաղաղութիւնն է բնական միջավայրը արարման եւ կայուն զարգացման: Ոչ մի ողջամիտ մարդ դրան դէմ չի կարող լինել: Բայց խաղաղութիւնը չեն մուրում, այլ նւաճում են: Թշնամուն խաղաղութեան բերում են ոչ զիջելով, այլ՝ պարտադրելով: Եւ ուրեմն հող ու տարածք զիջելը ինքնին ոչ թէ զսպում է թշնամուն, այլ նրան դարձնում է աւելի սանձարձակ: Այս համոզումով էր, որ մեր ժողովուրդը ժամանակին վճռականօրէն մերժեց «տարածքներ խաղաղութեան դիմաց» սկզբունքով հակամարտութիւնը կարգաւորելու օրւայ իշխանութիւնների պարտւողական քաղաքականութիւնը: Չի կարող լինել ոչ մի կասկած, որ քաղաքական դիակ դառնալու նոյն ճակատագիրն է սպասում մեզանից նրան, ով կը փորձի այս կամ այն կերպ վերակենդանացնել այդ տխրահռչակ սկզբունքը:
Այս վստահութիւնն է կրկին մեզ ներշնչում վերջին ապրիլեան պատերազմը: Համայն հայութեան համախմբումը, մեր բանակի հերոսական դիմակայութիւնը ամենապերճախօս վկայութիւնն էր հայ մարդու անպարտելիութեան, անմնացորդ նւիրումի ու խիզախութեան: Համայն հայութիւնը հաշւած ժամերի ընթացքում դարձաւ մէկ բռունցք եւ հուժկու հարւածով յետ շպրտեց կրկին չափազանց ինքնահաւան ու ամբարտաւան դարձած ուխտադրուժ թշնամուն: Լիովին ձախողւեց նոր շփման գիծ արձանագրելու, ստատուս քւօն ռազմական ճանապարհով փոխելու, սեփական պայմանները թելադրելու նպատակով սանձազերծւած եւ հիտլերեան «բլից կրիգի» ոգով ներշնչւած ալիեւեան նորօրեայ արկածախնդրութիւնը: Կրկին հայկական բռունցքն էր ստիպողը, որ պատերազմը սկսողը պատերազմից փախչի եւ հրադադար խնդրի: Կրկին փաստւեց, որ միջազգային անվտանգութեան համակարգերը ի զօրու չեն ժամանակին միջամտելու եւ արդիւնաւէտօրէն կանխելու պատերազմական գործողութիւնները: Կրկին առիթ եղաւ վերահաստատելու, որ հէնց իրեն զոհ ներկայացնող Ադրբեջանն է միակ եւ ամբողջական պատասխանատուն շարունակաբար պատերազմ հրահրելու եւ դրա հետեւանքների համար:
Ապրիլեան պատերազմի օրերին, ինչպէս ժամանակին արցախեան շարժման արշալոյսին, ամենալաւ առիթը կար ըստ արժանւոյն կարեւորելու եւ համայն հայութեան ազգային զարթօնքով առաջացած համախմբումը զօրաշարժի բերելու համար: Սակայն, դժբախտաբար, ոչ միայն այդ հնարաւորութիւնը եւս մէկ անգամ լիարժէք չօգտագործւեց, այլ ի յայտ եկաւ «Սասնայ ծռեր»-ի երեւոյթը, որ նոր փորձութեան մատնելով հայոց պետականութիւնը՝ խարխլեց մեր ներքին ու արտաքին անվտանգութիւնը, ջլատեց մեր միասնութիւնը՝ հասարակութեանը կրկին բաժանելով իւրայինների եւ օտարների: Միեւնոյն ժամանակ ակնյայտ պէտք է լինի, որ երկրում անյապաղ բարեփոխումների իրականացումը, կուտակւած դժգոհութիւնն ու լարւածութիւնը լիցքաթափելը այլեւս հրամայական անհրաժեշտութիւն են:
Անշուշտ, համակարգւած, հետեւողական եւ ծրագրաւորւած փոփոխութիւնները երկրում լիարժէքօրէն կը հունաւորւեն եւ կերաշխաւորւեն, երբ խորհրդարանական կառավարման եւ ժողովրդավարական ընտրութիւնների անցկացման համակարգերը մօտ ապագայում արդէն կեանքի կը կոչւեն եւ վերջ կը դրւի Հայաստանում չարիք դարձած անձնիշխանութեանը: Սակայն ոչինչ չի խանգարում, որ այս հեռանկարին համապատասխան անհրաժեշտ գործընթացները քաջալերւեն արդէն այսօր:
Սիրելի հայրենակիցներ,
Անցած 25 տարիները աներկբայօրէն փաստում են, որ մեր սերունդների արժանապատիւ կեանքն ապահովելու, մեր ազգային նպատակներից չշեղւելու գլխաւոր պայմանը «Զարգանալ չզիջելով» կարգախօսով առաջնորդւելն է: Սա է դժւարին, բայց պատւաբեր ճանապարհը: Հակառակը հեշտ է, բայց կործանարար: Քանզի եթէ շարունակաբար զիջենք մեր շահերը, իբր որ կարողանանք զարգանալ, էլ շահ չի մնայ ոչ միայն զարգանալու, այլ որեւէ այլ բանի համար:
Հետեւաբար, առաջնորդւել «Զարգանալ չզիջելով» կարգախօսով, նշանակում է մասնաւորապէս ամրապնդել այն գաղափարը, որ Արցախի ազատագրւած տարածքները ոչ թէ բեռ են, որից պէտք է օր առաջ ազատւել, այլ զարգացման մեծագոյն հնարաւորութիւն: Աւելին՝ սա նշանակում է կառուցել մեր տնտեսական քաղաքականութիւնը այնպէս, որ համապատասխանի շրջափակւած եւ պատերազմի մէջ գտնւող երկրի կարգավիճակին ու պայմաններին: Պէտք է ունենալ այն մշտական համոզումը, որ աւելի լաւ է լինել շրջափակւած, բայց պահպանել ներկայ 42 հազար քառ. կմ. տարածքները հայկական, քան ունենալ բաց սահմաններ, բայց զրկւել կենսական նշանակաթեան մեր տարածքներից:
Իհարկէ, բանակցային գործընթացն ունի իր տրամաբանութիւնը, եւ եթէ մենք ունենալով բոլոր հիմքերը պնդում ենք, որ Ադրբեջանը իր պահւածքով վեր է ածւել անբանակցելի կողմի, չպէտք է առիթ տանք, որ նոյն մեղադրանքը միջնորդները ներկայացնեն նաեւ մեզ: Հետեւաբար, գնալ բանակցութիւնների նախապայմանով, որ հայկական կողմի որեւէ զիջում չպէտք է յանգեցնի ստատուս քւոյի փոփոխութեանը, փաստացի նշանակում է ոչ այլ ինչ, քան հրաժարում բանակցութիւններից՝ դրանից բխող բոլոր վտանգներով:
Հայաստանի ու Արցախի մարտավարական սկզբունքը Ադրբեջանի հետ համակարտութիւնը կարգաւորելու գործընթացում յստակ է ու հասկանալի՝ պատրաստ լինելով պատերազմի, խուսափել պատերազմից եւ մնալ փոխադարձ վէճերն ու խնդիրները առանց ուժի կամ դրա սպառնալիքի կիրառմամբ լուծելու միջազգայնօրէն ընդունւած չափանիշերի եւ նորմերի շրջանակում: Իսկ այդպիսի խաղաղ կարգաւորման միակ միջոցը բանակցութիւններն են, որից հրաժարւելը չի բխում մեր շահերից:
Սակայն բանակցութիւնների միջոցով հիմնախնդրի արդար լուծումն ապահովող հայկական կողմերի հետապնդած հայեցակարգը պէտք է յենւի Արցախի ժողովրդի արտայայտած կամքի վրայ, ենթադրի Ադրբեջանի կողմից միաժամանակեայ եւ համաչափ զիջումներ եւ լինի համահունչ խաղաղ կարգաւորման միջազգային նորմերին ու չափանիշերին:
Առ այդ արցախեան հիմնախնդրի կարգաւորման հայեցակարգը պէտք է հետապնդի հետեւեալ խնդիրների լուծումը՝
1- Առաջնորդւել 1991 թ. Անկախութեան եւ 2006 թ. սահմանադրական հանրաքւէներով Արցախի ժողովրդի արտայայտած կամքով: Ըստ որոնց հռչակւած է անկախ պետութիւն ԼՂԻՄ-ի եւ Շահումեանի շրջանների տարածքները ամրագրող սահմաններով եւ հաստատւած է, որ մինչեւ ԼՂՀ-ի պետական տարածքի ամբողջականութեան վերականգնումն ու սահմանների ճշգրտումը, հանրային իշխանութիւնն իրականացւում է փաստացի ԼՂՀ-ի իրաւազօրութեան ներքոյ գտնւող տարածքներում:
Այսպիսով, որեւէ կարգաւորում, որ չի ապահովում ԼՂՀ-ի անկախ կարգավիճակի եւ նրա տարածքային ամբողջականութեան վերականգնման հետ կապւած հարցերի առաջնահերթ լուծում, անընդունելի է: Անընդունելի է ոչ միայն Դաշնակցութեան, այլեւ Արցախի ողջ ժողովրդի համար:
1- Բանակցային գործընթացի լիարժէքութեան ու արդիւնաւէտութեան համար ապահովել ԼՂՀ-ի լիիրաւ մասնակցութիւնը բանակցութիւններին:
2- Միջազգային արդիւնաւէտ վերահսկողութիւն սահմանել՝ ապահովելու 1994-95 թթ. զինադադարի եռակողմ պայմանագրի անվերապահ կատարումը:
3- Բանակցային գործընթացը հունաւորելու եւ Ադրբեջանի ռազմատենչ ու հակահայկական քաղաքականութիւնը չէզոքացնելու համար նոր թափ հաղորդել ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործին:
4- Անվտանգութեան եւ պաշտպանութեան միասնական համակարգ հաստատելու նպատակով ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ կնքել ռազմա-քաղաքական դաշինք՝ ամրագրելով ԼՂՀ-ի անկախութեան եւ անվտանգութեան երաշխաւորը լինելու ՀՀ կարգավիճակը՝ ի նկատի ունենալով անհրաժեշտ պահին Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչման հնարաւորութիւնը:
5- Ձեւաւորել Ադրբեջանի կողմից իրականացւած ագրեսիան եւ ռազմական յանցագործութիւնները ապացուցող փաթեթ եւ հասնել դրանց միջազգային դատապարտմանը:
6- Արցախեան ազատամարտի յաջողութիւնները ամրապնդելու եւ հիմնախնդրի հայանպաստ լուծումը կանխորոշելու նպատակով իրականացնել Արցախի վերաբնակեցումը:
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր ԼՂՀ-ում ընթացքի մէջ են սահմանադրական նոր փոփոխութիւնների հետ կապւած քննարկումները: Այդ փոփոխութիւնների անհրաժեշտութիւնը ներշնչւած էր ի սկզբանէ Հայաստանում կատարւող նմանատիպ գործընթացներով եւ տրամաբանօրէն ակնկալւում էր, որ պէտք է նոյն ուղղութեամբ ընթանային: Ըստ այդմ, պատահական չէր, որ Արցախի հիմնական քաղաքական ուժերը ի սկզբանէ պաշտպանում էին հէնց դէպի խորհրդարանական համակարգի անցնելու գաղափարը: Հրապարակւած նախագիծը, տարօրինակօրէն, չի համապատասխանում այդ քաղաքական տրամադրութիւններին եւ առաջարկում է անցում որեւէ տեղ չփորձարկւած, կառավարման իր ձեւով նորարարական մի համակարգի: Պարոնայք, երկրի չճանաչւած լինելը այն փորձադաշտի վերածելու առիթ չէ, այլ հակառակը՝ նրա ճանաչմանը կարող է առաւելապէս նպաստել աշխարհում ընդունւած դասական ժողովրդավարական համակարգերի տեղայնացումը: Իսկ Արցախի պարագայում սահմանադրական որեւէ փոփոխութիւն ինքնանպատակ չի կարող լինել, այլ պէտք է հետապնդի յստակ 2 հիմնական նպատակ: Այն է՝ նպաստել ԼՂՀ-ի միջազգայնօրէն ճանաչմանը եւ պետութեան հզօրացմանը՝ ամրապնդելով նրա ժողովրդավարական եւ իրաւական համակարգերը:
Ներկայացւած նախագիծը մեզ կարող է հեռացնել հէնց այս նպատակներից, քանզի միջազգայնօրէն ճանաչման գործընթացը խթանելու համար չեն անում քայլեր, որ համահունչ չեն միջազգային փորձին եւ դժւարացնելու են մեր օտարերկրեայ գործընկերների լաբբիստական աշխատանքները: Իսկ եթէ ուզում ենք առաջ մղել երկրի հզօրացման եւ ժողովրդավարացման գործընթացները, ապա դա պիտի կատարւի անցած փորձի հիման վրայ եղածը լաւացնելով, ոչ թէ փորձարկումներով՝ նոր խնդիրներ յարուցելով: Հէնց այս դէպքերից խուսափելու համար է, որ ժողովուրդն ասում է. «լաւ է փորձած թանը, քան անփորձ մածունը»:
Արցախում պետականութեան ամրապնդման եւ զարգացման հեռանկարային ծրագրերը պէտք է ապահովեն «ԼՂՀ-ի անկախութիւնից դէպի Հայաստանի հետ միացում» ռազմավարութեան սահուն իրացումը: Այս նպատակին պէտք է ծառայեն նաեւ որեւէ փուլում իրականացւող սահմանադրական փոփոխութիւնները եւ այդ համոզումով է, որ Դաշնակցութիւնը Արցախում եւս պաշտպանում է խորհրդարանական համակարգին անցնելու գաղափարը:
Սիրելի հայրենակիցներ,
25 տարին լիովին բաւարար ժամանակ է փաստելու որեւէ պետութեան կայացած լինելը, նրա կենսունակութիւնը եւ իր անկախութիւնը պաշտպանելու կարողութիւնը: Այսօր մի ամբողջ սերունդ է ծնւել ազատութեան մէջ ու մեծանում է վայելելով իր հայրենիքի անկախութիւնը: Մենք պարտաւոր ենք պահել, պահպանել մեր եւ նոր սերունդների ազատութիւնն ու անկախութիւնը՝ նրանց փոխանցելով սեփական հայրենիքում ապրելու ու արարելու բերկրանքը:
Կեցցէ’ ազատ ու անկախ Արցախը,
Կեցցէ’ Հայաստան, Արցախ, Սփիւռք եռամիասնութիւնը:
Արցախը Հայաստան է, եւ վերջ:

2 սեպտեմբերի 2016 թ.

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։