Հա

Ազգային

03/11/2016 - 10:00

ԱԿՆԱՐԿ - Կարսի անկման ազգային ողբերգութիւնը

Ժողովուրդների ազգային յիշողութեան մէջ կան ոչ միայն ինքնաճանաչման եւ հպարտութեան, երկունքի եւ խոյանքի ոգեշնչող պահեր, այլ կան նաեւ փորձութեան ու յուսաբեկման, մեղկութեան եւ անկումի ողբերգական վայրկեաններ, որոնք կեանքի եւ ժամանակի թաւալման հետ աւելի ու աւելի են շեշտում իրենց բախտորոշ նշանակութիւնը:

Ժողովուրդների ազգային յիշողութեան մէջ կան ոչ միայն ինքնաճանաչման եւ հպարտութեան, երկունքի եւ խոյանքի ոգեշնչող պահեր, այլ կան նաեւ փորձութեան ու յուսաբեկման, մեղկութեան եւ անկումի ողբերգական վայրկեաններ, որոնք կեանքի եւ ժամանակի թաւալման հետ աւելի ու աւելի են շեշտում իրենց բախտորոշ նշանակութիւնը:
Հայ ժողովրդի ազգային յիշողութեան մէջ այդօրինակ դառնութեան մի էջ է բացւում հոկտեմբերի 31-ին…
96 տարի առաջ, հոկտեմբերի նախավերջին օրը, հազիւ երկուսուկէս տարեկան Հայաստանի Հանրապետութեան արեւելեան դարպասներից Կարսի բերդաքաղաքը, գրեթէ առանց դիմադրութեան, անձնատուր եղաւ թշնամուն՝ Կարսն ընկաւ Թուրքիայի քեմալական զօրքերի գրոհի տակ:
Կարսի մէջ ամրակայւած հայոց ազգային բանակի զօրայինները դասալքութեան դիմեցին: Չենթարկւեցին թշնամու գրոհի դէմ անձնւիրաբար հայրենիքը պաշտպանելու իրենց հրամանատարի հրահանգին: Ի տես իր զինւորների դասալքութեան՝ երիտասարդ հրամանատարը՝ գնդապետ Մազմանեանն ինքնասպանութեամբ վերջ տւեց խորտակւած իր կեանքին…
Հայ քաղաքական միտքը այսօր էլ դիմագրաւում է մարտահրաւէրին՝ վճռահատելու տասնամեակներ ի վեր շարունակւող Կարսի անկման պատճառների պարզաբանման ու բախտորոշման շուրջ բուռն եւ դաժան բանավէճին:

Ժամանակն է բարձրաձայն եւ աներկբայ հաստատել, թէ նախ՝ Կարսի անկման բուն պատճառը Լենին-Քեմալ դաւադիր գործարքն էր:
Հայաստանի Հանրապետութիւնը խորտակելու ռուս-թուրքական մեծ դաւադրութեան մէջք կոտրող հարւածը եղաւ Կարսի դասալքութիւնը, որ արագացրեց Հայաստանի անկախութեան կործանումը:
Արտաքին ուժերի դաւադիր հարւածի չափ ահաւոր եղաւ Կարսում 96 տարի առաջ արձանագրւած հայոց զօրքի դասալքութիւնը, որի համար պատասխանատու ենք ազգովի:
Ինչպէս որ Կարսի անկումից տարիներ յետոյ, Գարեգին Նժդեհը արդարացի ցասումով պիտի պատգամէր հայոց նորահաս սերունդներին՝ «Կարսի ամօթը Հայաստանի Հանրապետական կառավարութեանը չէ միայն, այլ ողջ հայ ժողովրդինը: Չափւում են, բախւում են բանակները, բայց յաղթում կամ պարտւում են ազգերը, ցեղերը: Կարսի պատերի տակ պարտւողը հայ զինւորն ու զօրավարը չէին միայն, այլ բովանդակ հայութիւնը, հայ ժողովրդի՝ իր ամբողջութեան մէջ անմարտունակ, անարի, անմշակ հոգին: Ահա՛ ճշմարտութիւնը, հա՛յ երիտասարդ…»:
Այս առումներով՝ հոկտեմբերի 30-ի տարելիցը գալիս է վերստին ահազանգ հնչեցնելու հայոց սերունդներին, թէ որեւէ պարագայում չպէտք է կրկնւի Կարսի անկման ողբերգութեամբ պարզւած ազգային դասալքութեան երեւոյթը, որպէսզի Հայաստանի եւ հայութեան դէմ նիւթւած մեծապետական կամ թշնամական որեւէ դաւադրութիւն կարողանանք ազգովի եւ ըստ արժանւոյն դիմագրաւել, կանխել եւ վիժեցնել:
Պատմական դառն ու դաժան իրողութիւնն այն է, որ հոկտեմբերի 31-ի օրը, 1920 թւականին, Հայաստանի Հանրապետութեան դէմ առանց պատերազմի յայտարարութեան ընդհանուր յարձակում ձեռնարկած քեմալական զօրքը արդէն հասել էր Կարսի մատոյցներին, իսկ բերդաքաղաքի պաշտպանութեան կոչւած հայկական զօրքի երիտասարդ հրամանատարը՝ գնդապետ Մազմանեանը, հակագրոհի հրահանգ էր տւել իր զինւորներին, որոնք սակայն մերժեցին ենթարկւել իրենց հրամանատարին ու… դասալքութեան դիմեցին:
Պարզւած ամօթալի դասալքութեան դէմ-յանդիման, գնդապետ Մազմանեանը սեփական ատրճանակով ինքնասպան եղաւ իր զինւորների աչքի առջեւ…
Գնդապետ Մազմանեանի ինքնասպանութիւնը միայն ողբերգութեան սկիզբն էր, որ ահագնացաւ հեղձուցիչ արագութեամբ:
Թուրքական զօրքի ընդհանուր հրամանատար Քեազիմ Քարաբեքրի յուշերի համաձայն՝ քեմալական զինւորները եւ նրանց միացած թուրք, քուրդ, մահմեդական եւ հայ բոլշեւիկ(!) ապստամբները երեք ժամւայ մէջ գրաւեցին ամբողջ քաղաքը, Հայկական Բանակի բազմահարիւր սպաներ ու զինւորներ ռազմագերի վերցրին, հսկայական քանակութեամբ ռազմամթերքի (թնդանօթ, ռումբ, զէնք ու փամփուշտ) տիրացան եւ տասնեակ հազարներով անզէն բնակչութիւն «թուրքավարի» կոտորեցին:
Թէեւ Հայկական Բանակը այլուր, նոյն օրերին մղւող Սուրմալուի ճակատի կռիւներին, հերոսական դիմադրութիւն ցոյց տւեց եւ յետ մղեց քեմալական գրոհները, բայց Կարսի անկումով գրեթէ աւարտւած էր Լենին-Քեմալ զինակցութեամբ մշակւած Հայաստանի անկախութիւնը եւ Հանրապետական վարչակարգը կործանելու դաւադիր ծրագրի իրագործման ռազմական փուլը:
Կարսի անկումից յետոյ, մէկ ամսւայ ընթացքում, քեմալական զօրքը մօտեցաւ Ալեքսանդրապոլին, իսկ Կարմիր Բանակը հիւսիսից մտաւ Հայաստան եւ հասաւ մինչեւ Իջեւան: Հայաստանի հարաւ-արեւելեան դարպասները, յատկապէս Զանգեզուրը եղաւ միակ ամրոցը, ուր հայկական զօրքերը, Նժդեհի հրամանատարութեամբ, յետ մղեցին թշնամու զօրքերը:
Ազատ ու Անկախ Հայաստանի Հանրապետութիւնը կործանւեց Լենին-Քեմալ դաւադրութեան հարւածների տակ: Մի կողմից հայ բոլշեւիկների հակապետական քարոզչական խռովութիւնները, իսկ միւս կողմից թուրք եւ մահմեդական բնակչութեան զինեալ ապստամբութիւնները բարոյա-հոգեբանական ծանր հարւածի տակ դրեցին այլապէս մարտունակ եւ լաւապէս զինւած հայկական բանակին:
Թուրքական բանակի դէմ 1918 թւականին կենաց-մահու կռիւ մղած եւ յաղթանակած հայ ժողովուրդն ու ազգային զօրքը որեւէ պատճառ չունէին դասալքութեան մատնւելու միեւնոյն թուրքական գրոհներին դէմ-յանդիման:
Բայց, 1920 թւականի աշնանը կատարւեց ռազմա-քաղաքական հիմնական մի փոփոխութիւն տարածաշրջանում: Ռուսաստանը վերադարձաւ Անդրկովկաս՝ Կարմիր համազգեստով ու Հայաստանի Հանրապետութեանը վերջ տալու, խորհրդային իր լուծը պարտադրելու քաղաքական նպատակով:
Աւելի՛ն. Կարմիր Ռուսաստանը ձեռնամուխ էր եղել Քեմալական Թուրքիայի հետ ռազմավարական մի նոր զինակցութեան, որի ամրապնդման իր խնդիրը հայկական հողերի հաշւին պատրաստ էր թուրքերին «կաշառք» տալու:
Իսկ հայ ժողովուրդն ու նրա ռազմական ներուժը մարմնաւորող Հայկական Բանակը պատրաստ չէին զէնք բարձրացնելու ռուսական Մուրճի դէմ, հակառակ որ այդ մուրճը թուրքական սալի վրայ մահացու հարւածի տակ էր առել Հայաստանի ու հայութեան Ազատ ու Անկախ ապրելու սրբազան իրաւունքը:
Այս աստիճան ամօթալի մի ողբերգութիւն եղաւ Կարսի անկումը հայոց նորագոյն պատմութեան մէջ:

«arfd.am»

Յարակից լուրեր

  • «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»
    «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»

    «Հրապարակ»-ը գրում է. «Իշխանութիւններին հեշտ ժամանակներ չեն սպասւում. բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրեակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկւելու-որոշւելու է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը։

  • Խաղաղութեան գինը
    Խաղաղութեան գինը

    Խաղաղասիրութիւնը քաղաքակրթութեան նւաճումներից է: Հայ ժողովուրդը, անմասն չլինելով քաղաքակրթական նւաճումներից, մեծագոյն հաւատ եւ փափագ ունի խաղաղութեան հաստատման ու պահպանման հարցում: Մենք խաղաղասէր ժողովուրդ ենք, հազարամեակներ շարունակ մասնակցելով պատերազմների շատ քիչ են դէպքերը, երբ մենք ենք այն սկսել: Ընդ որում՝ խաղաղասէր ենք եղել ոչ միայն թոյլ եղած ժամանակ, այլեւ՝ ուժեղ պետականութեան հանգրւաններում:

  • ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»
    ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»

    Մենք յստակ որոշել ենք մեր դիրքորոշումը, այսինքն` սա մեզ համար չափազանց զգայուն հարց է, քանի որ Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է, որի հետ մենք ունենք լաւ կարգաւորւած երկկողմ օրակարգ, եւ այն չափազանց կարեւոր է տարածաշրջանի ներկայիս իրողութիւնների համատեքստում:

  • Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան
    Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան

    ԱՄՆ պետքարտուղարութեան եւ գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երեւանում էր՝ հայաստանեան կառավարութեան ու բիզնեսի գործընկերների հետ քննութեան առնելու Իրանի դէմ ուղղւած պատժամիջոցների քաղաքականութիւնը:

  • «Կոմերսանտ». «Մինսկը եւ Երեւանը իրենց վէճը հրապարակային են դարձրել»
    «Կոմերսանտ». «Մինսկը եւ Երեւանը իրենց վէճը հրապարակային են դարձրել»

    Ռուսական «Կոմերսանտ»-ն անդրադարձել է ՀԱՊԿ-ի շուրջ վերջին զարգացումներին: 

    Թերթը գրում է, որ Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկօն օրերս Բելառուսիայում Ադրբեջանի դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։