Հա

Ազգային

17/11/2016

ՆՒԻՐԵԱԼ ԱՆՁԻՆՔ - Պայքարի ու ծառայութեան նւիրեալներ (Շար. 1)

Արտաշէս Ադամի Բաբալեան՝ բժիշկ, հասարակական-քաղաքական գործիչ, Հ. Յ. Դաշնակցութեան նւիրեալներից, ով մասնակից լինելով հայ ազատագրական պայքարին, եղել է Հայոց պետականութեան եւ Առաջին Հանրապետութեան կերտման ակունքներում, իսկ Իրանում գործուն դերակատարութիւն է ունեցել Թեհրանի ազգային-հասարակական կեանքի կազմաւորման ու ընթացքի վրայ:

Դոկտ. Արտաշէս Բաբալեանի ծննդեան 130-ամեակի առիթով

ԱԼԲԵՐՏ ԱՃԵՄԵԱՆ


Հայ երախտաւոր դէմքերի ցանկում, որոնց յոբելեանական տարին է 2016 թւականը, հանդիպեցի ականաւոր մի հայորդու անւանը, որի ծննդեան 130-ամեակն է այս տարի: Արտաշէս Ադամի Բաբալեան՝ բժիշկ, հասարակական-քաղաքական գործիչ, Հ. Յ. Դաշնակցութեան նւիրեալներից, ով մասնակից լինելով հայ ազատագրական պայքարին, եղել է Հայոց պետականութեան եւ Առաջին Հանրապետութեան կերտման ակունքներում, իսկ Իրանում գործուն դերակատարութիւն է ունեցել Թեհրանի ազգային-հասարակական կեանքի կազմաւորման ու ընթացքի վրայ:
Շուրջ վեց տասնեակ տարիներ մեզանից հեռացած մեծանուն այդ հայորդու կենսագրութեանը անդրադառնալու այս առիթը պատեհ համարւեց միաժամանակ վեր հանել նաեւ չորս այլ երախտաւոր անձանց կեանքն ու գործունէութիւնը, որոնք ընթացել են համարեա միեւնոյն ուղիով՝ մասնակցութիւն քսաներորդ դարասկզբի հայ ազատագրական պայքարին ու Հայաստանի Առաջին Հանրապետութեան պետականակերտ գործունէութեանը, ապա գործուն դերակատարութիւն իրանահայ ազգային-հասարակական ու կրթամշակութային կեանքում:

Անշուշտ առանձնացնելով այդ անձանց հարիւրաւոր գաղափարական, մարտական ու մտաւորական այն հոյլից, որոնք պարտադրաբար հեռացան երկրից ու ապաստան գտան հիւրընկալ Իրան, նւազագոյն իսկ չափով չի նսեմացնում այդ փաղանգի ազգային ու հայրենանւէր պայքարի ու գործունէութեան մեծ աւանդը՝ ազատագրական շարժման, թէ մտաւոր-գաղափարական ասպարէզում կամ որոշապէս նաեւ նրանց դերը իրանահայ հասարակական, կրթական-մշակութային կեանքում:
Ամփոփ գծերի մէջ բերւած այս կենսագրական շարանը, առանց յաւելեալ մեկնաբանութիւնների ոչ այնքան միտւած է այդ երախտաւորների մեծարմանը, քան այդ գաղափարական նւիրեալների օրինակելի կերպարն ու ուսանելի կտրած ուղին ներկայացնել ընթերցողին, մասնաւորաբար նոր սերնդին:
Ա- Արտաշէս Բաբալեանը ծնւել է 1886 թ. նոյեմբերի 17-ին՝ Շուշի քաղաքում, համեստ առեւտրականի նահապետական յարկի տակ: Ունեցել է 5 եղբայր եւ 3 քոյր: Շուշւայ իդէալական դպրոցում ստանալով ռուսական կրթութիւն, սակայն իր մօրեղբայրների յորդորով հետեւում է հայերէնի դասընթացներին, պարապում ընթերցանութեամբ եւ ժամանակի ընթացքում հմտանում մայրենի լեզւի մէջ:
Դեռեւս պատանի, բուռն հետաքրքրութեամբ մասնակցում է Հ. Յ. Դաշնակցութեան աշակերտական խմբերին: Ընտրւում է կոմիտէ, ապա Կենտրոնական կոմիտէի անդամ՝ շատ երիտասարդ տարիքում:
Հայ-թաթարական ընդհարումների շրջանում իր մասնակցութիւնն է բերում Ղարաբաղի ինքնապաշտպանութեան գործին, զինամթերքի հայթայթման աշխատանքների մէջ, անմիջականօրէն գործակցելով նոյն շրջանի ինքնապաշտպանութեան ղեկավար Վարդանին (Խանասորի արշաւանքի ղեկավարներից):
1907 թւականին շնորհիւ իր հօրեղբօր նիւթական աջակցութեան, մեկնում է Շւէյցարիա եւ ուսանում Ժնեւի բժշկական համալսարանում:
Ուսման շրջանը բոլորում է յաջողութեամբ:
Ժնեւում իր բուռն մասնակցութիւնն է բերում Հ. Յ. Դաշնակցութեան Ուսանողական միութեան աշխատանքներին, ուսանողական համագումարներին եւ մասնակցում է «Ուսանող» ամսաթերթի խմբագրական կազմին:
Իր աջակցութիւնն է բերում նաեւ «Դրօշակ»-ի հրատարակութեան աշխատանքներին, գործակցելով Միքայէլ Վարանդեանին, որը շատ մեծ ազդեցութիւն է ունենում երիտասարդ Բաբալեանի կուսակցական դաստիարակութեան վրայ: Նոյն շրջանում մօտիկ շփում է ունենում նաեւ Յովնան Դաւթեանի, Ակնունու, Սարգիս Արարատեանի, Սիամանթոյի եւ այլ ընկերների հետ:
1912 թւականին աւարտում է համալսարանական կրթութիւնը՝ գնահատելի առաջադիմութեամբ եւ դոկտորի տիտղոսով վերադառնում է ծննդավայր՝ Շուշի, ապա անցնում Պետերբուրգ, ուր աշխատում է Օբախովի հիւանդանոցում, իբրեւ ներքին հիւանդութիւնների բժիշկ:
1913 թ. ՀՅԴ Ռուսաստանի Ուսանողական միութեան կողմից ընտրւում է ՀՅԴ Ընդհանուր ժողովի պատգամաւոր, եւ ընկերակցելով Ռուսաստանի եւ Կովկասի տարբեր շրջանների պատգամաւորներին (Ն. Աղբալեան, Արշակ Ջամալեան, Սիրաք Գրիգորեան, Վ. Քրմոյեան եւ այլն) անցնում է Կարին, ուր տեղի է ունենում ՀՅԴ 7-րդ Ընդհանուր ժողովը:
Ընդհանուր ժողովի աշխատանքները աւարտւելուց յետոյ, Բաբալեանը մի քանի ընկերների հետ, հետիոտն շրջագայում է Արեւմտեան Հայաստանի պատմական վայրերը:
Այնուհետեւ մեկնում է Բաքու, ուր նշանակւում է նաւթային շրջանի հիւանդանոցի մէկ բաժնի վարիչ:
Սակայն, վրայ է հասնում Համաշխարհային Առաջին պատերազմը: Կազմակերպւում են հայ կամաւորական գնդերը, մեր ժողովրդի ազատագրութեան վառ յոյսերի օրերն են: Բաբալեանը հրաժարւում է լաւ ապագայ խոստացող պաշտօնից, ներկայանում է Վարդանին եւ մտնում նրա կամաւորական գնդի մէջ, իբրեւ մարտիկ-բժիշկ:
1915 թ. կամաւորական գնդերը շարժւում են դէպի Վան: Բաբալեանը մասնակցում է այդ արշաւանքին, իբրեւ կամաւորական գնդի գլխաւոր բժիշկ:
Վանի ինքնապաշտպանութեան յաղթանակից յետոյ նւիրւում է հիւանդանոցներ հիմնելու աշխատանքին, գործակցում է Վանի ժամանակաւոր կառավարութեան հետ եւ նշանակւում է առողջապահական բաժնի պետ ու քաղաքապետութեան անդամ: Վանի աղէտաւոր նահանջին՝ ի գին մեծ զոհողութիւնների, աննկարագրելի դժւարութիւններով, դոկտ. Բաբալեանը կարողանում է բոլոր հիւանդներին դուրս բերել վտանգի գծից եւ հասցնել Իգդիր, մինչդեռ ռուսական հիւանդանոցներում գտնւող հիւանդ զինւորները մնում են լքւած վիճակում ու հետագայում կոտորւում թուրքերի ձեռքով:
Դոկտ. Բաբալեանը պարգեւատրւում է Գէորգեան խաչով եւ մեդալով, իր խնամքին յանձնւած հիւանդների եւ վիրաւորների փոխադրութեան գործը այդքան բարեխղճութեամբ եւ անձնազոհութեամբ կատարած լինելու համար:
Այնուհետեւ, կարճ ժամանակով անցնում է Շուշի եւ Բաքու, ապա վերադառնում Էջմիածին, ուր նւիրւում է գաղթականների խնամատարութեան աշխատանքներին, ղեկավարութեամբ բժիշկ Համօ Օհանջանեանի:
1916 թ. սկզբին Քաղաքների միութեան կողմից ուղարկւում է Վան, իբրեւ լիազօր ներկայացուցիչ, ղեկավարելու Վան վերադարձած ժողովրդի խնամատարութեան գործը:
1917 թ. ծագում է Ռուսական յեղափոխութիւնը: Դոկտ. Բաբալեանը ամբողջ էութեամբ նւիրւում է քաղաքական գործունէութեան: Իբրեւ դաշնակցական ներկայացուցիչներից մէկը մասնակցում է Ազգային ժողովներին, Կովկասեան Ռայոնական ժողովին, հայոց Ազգային համագումարին, ուր եւ ընտրւում է Ազգային խորհրդի անդամ, միաժամանակ շարունակելով իր ստանձնաց պարտականութիւնը Քաղաքների միութեան մէջ:
Կազմւում է Սէյմը, Բաբալեանը բուռն թափով մասնակցում է ընտրապայքարին, իբրեւ Ընտրական կենտրոնական յանձնաժողովի անդամ:
Շուտով սկսւում են տագնապի օրերը, Ռուսական բանակը լքում է Կովկասեան ճակատը, եւ թուրքական զօրքը առաջանում է դէպի Անդրկովկաս: Հայ ժողովուրդը օղակւում է ամէն կողմից եւ թողնւում իր բախտին:
Տեղի է ունենում Ղարաքիլիսէի, Սարդարապատի եւ Բաշ Ապարանի գոյամարտերը եւ հիմք է դրւում Հայաստանի Հանրապետութեան: Թիֆլիսում կազմւում է Հայաստանի անդրանիկ կառավարութիւնը Քաջազնունու գլխաւորութեամբ: Ազգային խորհրդի անդամները, որոնց թւում նաեւ դոկտ. Բաբալեանը մեկնում են Երեւան, ուր եւ քիչ յետոյ նա ընտրւում է Հայաստանի խորհրդարանի անդամ:
1918 թւականի աշնան սկզբներին, Հայաստանի կառավարութեան յանձնարարութեամբ դոկտ. Բաբալեանը մեկնում է Պոլիս, իբրեւ խորհրդական Հայաստանի կառավարութեան պատւիրակութեան: Մէկ ամիս յետոյ վերադառնալով Երեւան, նշանակւում է խնամատարութեան եւ աշխատանքի նախարար, Ալեքսանդր Խատիսեանի կառավարութեան մէջ: Մի առ ժամանակ վարում է նաեւ Գիւղատնտեսական նախարարութեան գործերը:
1920 թւականի Մայիսեան ապստամբութեան օրերին գտնւում է Ղարաքիլիսէում, ուր գործօն մասնակցութիւն է ունենում Բոլշեւիկեան ապստամբութեան ճնշման գործին: Նոյն թւականի աշնանը սկսում է հայ-թուրքական պատերազմը: Բաբալեանը, ընկ. Սիմոն Վրացեանի հետ ուղարկւում է Կարս, իբրեւ կառավարութեան լիազօր: Բոլշեւիկեան սադրանքների հետեւանքով Հայկական Բանակը բարոյալքւելով, տեղի է ունենում Կարսի անկումը, եւ հոկտեմբերի 30-ին Բաբալեանը գերի է ընկնում թուրքերի ձեռքը, մէկ ամբողջ տարի արգելափակւած մնալով Կարսում եւ Կարինում:
1921 թւականի հոկտեմբերին ազատւելով գերութիւնից, Բաբալեանը մեկնում է Իրան, որովհետեւ ամիսներ առաջ Հայաստանը խորհրդայնացւած էր եւ հոծ թւով տարագիրներ անցել էին Թաւրիզ: Բաբալեանը եւս հաստատւում է Թաւրիզ, ուր հետագայում նաեւ փոխադրւում են իր կինն ու երեխան:
Թաւրիզում դոկտ. Բաբալեանը նւիրւում է հանրային եռանդուն աշխատանքի: Ընտրւում է Ատրպատականի Կարմիր Խաչի նախագահ եւ Ատրպատականի Թեմական Կենտրոնական դպրոցի հոգաբարձութեան անդամ:
Սակայն, երեք տարի յետոյ նա թողնում է Թաւրիզը եւ անցնում Զանջան եւ 1928-ին Թեհրան, ուր նշանակւում է «Փահլաւի» զինւորական հիւանդանոցի մի բաժանմունքի վարիչ, մինչեւ 1938 թ. մնալով այդ պաշտօնին:
1931-ին դժբախտութիւն է ունենում, կորցնում է իր կրտսեր որդուն՝ Ռենոյին, իսկ 1939-ին՝ անդրանիկ որդուն Վիգէնին, որը շուտով պիտի աւարտէր Թեհրանի Բժշկական համալսարանը:
Այս ծանր կորուստները մեծ հարւած էին Բաբալեանի համար:
Իր հոգեկան մխիթարութիւնը գտնում է միայն հանրային ու կուսակցական աշխատանքների մէջ, որոնցից կտրւած էր տարիներից ի վեր՝ զինւորական պաշտօնի բերումով: 1942-ին Երկրորդ Աշխարհամարտի ծանր օրերին, Բաբալեանը ստանձնում է կուսակցական պատասխանատու պարտականութիններ: 1943 թւականի սեպտեմբերի 18-ին, անակնկալ կերպով ձերբակալւում է, անշուշտ Իրան ներխուժած Խորհրդային ուժերի պահանջով, արգելափակւում է նախ Թեհրան, ապա Արաք, եւ Ռաշտ քաղաքներում, միշտ ենթակայ Խորհրդային Ռուսաստան տարւելու ահաւոր վտանգին:
Ազատւում է 1945 թ. յունիսի 4-ին եւ կրկին հաստատւում Թեհրան, ուր նւիրւում է իր մասնագիտական աշխատանքներին, միաժամանակ պաշտօնավարելով պետական «Սեփահ» դրամատան բժշկական բաժնում:
Շուրջ երկու տարւայ բանտարկութիւնը չէր ընկճել Բաբալեանին, դժգոհ էր, անիրաււած, տնտեսապէս տուժած, բայց չէր կորցրել իր հոգեկան կորովն ու յեղափոխական արի կեցւածքը:
Եւ իրօք, կարճ ժամանակ յետոյ նրան տեսնում ենք հրապարակի վրայ՝ պատասխանատու պարտականութիւնների մէջ.-նախագահ Թեհրան գործակալական ժողովի եւ Եկեղեցական վարչութեան, փոխնախագահ՝ Իրանի Սահմանադիր ժողովի հայկական Ընտրական յանձնախմբի, անդամ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ փոխնախագահ Թեմական խորհրդի, «Ալիք»-ի արտօնատէր՝ 1957-ից 1959-ը, միաժամանակ ստանձնում է կուսակցական պատասխանատու պարտականութիւններ՝ Բարձրագոյն մարմինների անդամ, ինչպէս նաեւ մասնակցում է Հ. Յ. Դաշնակցութեան 15-րդ եւ 16-րդ Ընդհ. ժողովներին երկու անգամ յաջորդաբար:
1959-ին հրատարակել է «Յուշերի գիրք»-ը:
Չնայած իր բազմազբաղ վիճակին եւ առաջացած տարիքին, նա կարողանում է հասնել այդ պարտականութիւնների բերումով իրեն վիճակւած բոլոր աշխատանքներին՝ ամենայն բարեխղճութեամբ եւ անթերի պարտաճանաչութեամբ, մոռացած ամէն ինչ եւ հանգիստ եւ գոյապրուստ եւ առողջութիւն:
1959 թւականի օգոստոսի 1-ին սրտի հիւանդութեան պատճառով 73 տարեկան հասակում առյաւէտ հեռացաւ կեանքից սիրելի Բաբալեանը:
«Ալիք»-ը մահւան 40-օրեակի առթիւ իր խմբագրականի եզրափակիչ տողերում գրում է. «Դաժան, ծանր եղաւ իր տարագիր մարդու անհատական կեանքը, սակայն աննկուն մնաց գաղափարական նւիրեալի իր հուժկու կամքը:
Դիմացաւ ամէն ինչի, մենակ սգաց իր անձնական վշտերն ու թանկագին կորուստները, մի վայրկեան անգամ չլքեց իր դիրքերը՝ հանրային պարտականութեանց մարզում, մխիթարւեց ծառայելով իր սիրելի ժողովրդին եւ կազմակերպութեանը եւ յուսադրւեց լաւ օրերի հեռանկարով»:

(Շար. 1)

Յարակից լուրեր

  • Գիլ Թրոյ. «Քաջազնունին մոռացւած է ոչ միայն դրսում, այլեւ Հայաստանում»
    Գիլ Թրոյ. «Քաջազնունին մոռացւած է ոչ միայն դրսում, այլեւ Հայաստանում»

    Ամերիկացի պատմաբան, Սիմոն Ռոքոուէր մրցանակի դափնեկիր, Գիլ Թրոյը վերջերս «Daily Beast» պարբերականում «Հայաստանի առաջին վարչապետի ողբերգութիւնը. չափազանց բորբոքւած եւ այժմ մոռացւած» յօդւած էր գրել Հայաստանի առաջին Հանրապետութեան վարչապետ Յովհաննէս Քաջազնունու մասին:

  • Մեր ճշմարիտ յաղթանակը
    Մեր ճշմարիտ յաղթանակը

    Չմոռնանք, որ Դաշնակցութիւնը մուտք գործեց կառավարական դաշինքէն (կոալիցիա) ներս ԻՐ ԻՆՔՆՈՒՐՈՅՆ ՊԼԱՏՖՈՐՄՈՎ, որ կը ցոլացնէր ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն ժողովներու որոշումները։ Դժբախտաբար այս շատ կարեւոր հանգամանքը ցարդ լիարժէք եւ տեսանելի կիրառում չէ ստացած իրական կեանքի մէջ։ Պատճառը մասամբ այն է, որ կառավարական դաշինքը գործի երկար փորձ չէ ունեցած տակաւին եւ շատ բան կը մնայ քննարկելի։ Այնուամենայնիւ պէտք է ընդունիլ, որ կարելի չէ ասով միայն բացատրել դաշինքի գործունէութեան մէջ գոյութիւն ունեցող այս շատ կարեւոր բացը։

  • Առաջին Հանրապետութեան կին պատգամաւորները
    Առաջին Հանրապետութեան կին պատգամաւորները

    Նրանք առաջինն էին… 1918-ին, Եւրոպայի երկրների կէսից աւելիում կանայք ընտրական իրաւունքներ չունէին: Իսկ 1919-ին կայացած ընտրութիւններին հայոց Առաջին Հանրապետութեան խորհրդարան են ընտրւում երեք կին պատգամաւորներ: Ցաւօք, այսօր քչերը գիտեն նրանց անունները, է՛լ աւելի քիչ են յայտնի նրանց դժուարին, բայց բոլոր իմաստներով արժանավայել կենսագրութեան ժլատ փաստերը: Չեն պահպանուել նոյնիսկ նրանց բոլորի լուսանկարները: Ու այդ ամէնը խիստ անարդարացի է, քանզի նրանք իսկական առաջամարտիկներ ու անձնուէր հայրենասէրներ էին…

  • Ալբերտ Աճեմեանի այցն Ազգային առաջնորդարան
    Ալբերտ Աճեմեանի այցն Ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի, փետրւարի 21-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց պրն. Ալբերտ Աճեմեանին:

  • Հայկական ազատամարտի վերջին դրուագը եւ անկախութեան սերունդը
    Հայկական ազատամարտի վերջին դրուագը եւ անկախութեան սերունդը

    Պայթեցաւ փետրուարեան ապստամբութիւնը:

    Այդ շարժումը եկաւ վերջնական կաղապարում տալու քաղաքական համոզումներուն եւ սպասելիքներուն: Փետրուարի 18-ը դարձաւ սոյն քաղաքական շրջակետը, որ որոշակի ցցուեցաւ երկու իրարամերժ քաղաքական հոսանքներու միջեւ եւ եղաւ հիմնական ելակէտը Դաշնակցութեան քաղաքական գործունէութեան:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։