Հա

Ազգային

24/11/2016 - 10:00

ՆՒԻՐԵԱԼ ԱՆՁԻՆՔ - Պայքարի ու ծառայութեան նւիրեալներ (Շար. 2)

Յակոբ Տէր-Յակոբեանը ծնւել է 1881 թւականին Գողթան գաւառի վերին Ազա գիւղում, իր կրթութիւնը ստացել է ծննդավայրում եւ ապա Էջմիածնի «Գէորգեան» ճեմարանում:
Ճեմարանի դասընթացն աւարտելուց յետոյ նւիրւել է ուսուցչական ասպարէզին, միաժամանակ ստանձնելով ազգային եւ կուսակցական պատասխանատու պարտականութիւններ՝ Կովկասում եւ Իրանում:

Յակոբ Տէր-Յակոբեան
Բ

ԱԼԲԵՐՏ ԱՃԵՄԵԱՆ


Յակոբ Տէր-Յակոբեանը ծնւել է 1881 թւականին Գողթան գաւառի վերին Ազա գիւղում, իր կրթութիւնը ստացել է ծննդավայրում եւ ապա Էջմիածնի «Գէորգեան» ճեմարանում:
Ճեմարանի դասընթացն աւարտելուց յետոյ նւիրւել է ուսուցչական ասպարէզին, միաժամանակ ստանձնելով ազգային եւ կուսակցական պատասխանատու պարտականութիւններ՝ Կովկասում եւ Իրանում:

Առաջին Համաշխարհային պատերազմին, 1916-17 թթ. պաշտօնավարում է Սալմաստում, իբրեւ շրջանային տեսուչ Գաղթականների օգնութեան կոմիտէի (Տատիանեան կոմիտէ) հովանաւորած դպրոցների, որի կենտրոնատեղին էր Ղալասար գիւղը, ուր հաստատւած էր նաեւ ազգային յեղափոխական ականաւոր գործիչ՝ Սամսոն Թադէոսեանը: Սակայն, Յակոբը դպրոցական աշխատանքներից բացի, իր գործօն մասնակցութիւնն է բերում գաղթականական բոլոր հաստատութիւններին եւ Մելիք-Թանգեան Սրբազանին, որը Կովկասի Հայոց բարեգործական ընկերութեան մասնաճիւղի պատւոյ նախագահն էր եւ 1916 թւականին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդութեան փոխանորդական կենտրոնը փոխադրել էր Հաֆթւան գիւղը, գաղթականների օգնութեան գործը ղեկավարելու համար:
Յակոբ Տէր-Յակոբեանը Սալմաստում ամբողջ օրը շարժման մէջ է մտնում, պատրաստ իր ունեցած հնարաւորութիւնների առաւելագոյնը տրամադրելու գաղթականների օգնութեան գործին:
Քանիցս յանձն է առնում այցելել Աղբակ ծանօթանալու համար Խանասորի դաշտում հիմնւած սննդակայանի ու Ս. Բարթուղիմէոս վանքին կից հաստատւած հիւանդանոցի աշխատանքներին, միաժամանակ չխնայելով իր ամբողջական աջակցութիւնը Մեծ Եղեռնից յետոյ իրենց գիւղերը վերադարձող գաղթականներին:
Ռուսաստանի Փետրւարեան յեղափոխութիւնից յետոյ 1917-ին վերադառնալով Կովկաս, Յակոբը լծւում է կուսակցական, կրթական եւ պետական-հասարակական աշխատանքների, մասնակցելով Երեւանի, Ալեքսանդրապոլի (Գիւմրի) ու Անդրկովկասի գիւղացիական համագումարներին եւ Հայաստանում տեղի ունեցած հետագայ բոլոր շարժումներին:
Ընտրւում է Երեւանի ՀՅԴ Կենտրոնական կոմիտէի եւ հայոց Ազգային խորհրդի անդամ, միաժամանակ աշխատում է համագործակցական (կօօպերատիւ) շարժման մէջ, ժողովրդականացնելով եւ տարածելով այդ շարժումը իր գրութիւններով եւ գործնական մասնակցութեամբ: Ընտրւում է Հայաստանի Հանրապետութեան անդրանիկ խորհրդարանի անդամ եւ իբրեւ առաջին քարտուղար ձեռնահասութեամբ տանում է այդ աշխատանքը:
Հայաստանի ազատազրկութեան օրերին, Յակոբը մնում է Երեւան, բախտը կապելով ժողովրդի ճակատագրին: Շուտով նա կրկին աշխատանքի է լծւում որպէս փետրւարեան ապստամբութեան առաջնորդներից մէկը եւ փետրւար 18-ին ապստամբ ուժերի հետ Կոտայքից Երեւան իջնում:
Փրկութեան կոմիտէի կառավարութեան մէջ ստանձնում է պարէնաւորման նախարարի պաշտօնը, սակայն ամբողջ ժամանակ գտնւում է Ղամարլուի ճակատում, որպէս հսկող ու ղեկավարող եւ թեւ ու թիկունք՝ կռւող ժողովրդական ուժերին:
Փակւելով Հայաստանի առաջին Անկախ Հանրապետութեան պատմութեան էջը, ժողովրդական ուժերը հետապնդւած Կարմիր Բանակից անցնում են Պարսկաստան: Յակոբ Տէր-Յակոբեանը Արաքսը անցնողներից վերջինը եղաւ:
Թաւրիզում մեծ դեր է կատարում որպէս Հայաստանի վերջին կառավարութեան ներկայացուցիչ, տեղաւորում, կերակրում եւ մաս-մաս հայրենիք է վերադարձնում շուրջ 10.000-ի հասնող տարագիրներին:
Ապա նա ձեռք է զարկում իր սիրած ուսուցչութեան եւ երկար տարիներ ղեկավարում տարրական եւ միջնակարգ դպրոցներ՝ Իրանի մի քանի քաղաքներում, դառնալով ժողովրդի եւ աշակերտութեան սիրոյ առարկան:
Սկիզբը պաշտօնավարում է Ատրպատականի թեմական Կենտրոնական միջնակարգ դպրոցում եւ հայոց գիմնազիայում:
1930 թ. ստանձնելով Նոր Ջուղայի ազգային տարրական ու միջնակարգ դպրոցների տեսչութիւնը, պաշտօնավարում է մինչեւ 1934 թւականը, ուր Նոր Ջուղայի դպրոցները նրա տեսչութեան օրօք բոլորում են վերելքի մի նոր շրջան:
Երբ հայկական դպրոցների դէմ սկսւած հալածանքները հասնում են իրենց գագաթնակէտին, Յակոբ Տէր-Յակոբեանը հարկադրւում է հեռանալ Նոր Ջուղայից եւ հաստատւել Թեհրան:
Իր քառամեայ պաշտօնավարութեան շրջանում Նոր Ջուղայում նա հնարաւորութիւն է ստանում օգտւել այնտեղի ազգային մատենադարանների ընձեռած դիւրութիւններից եւ միաժամանակ կազմել հին հրատարակութիւնների անձնական մի գրադարան, որը հետագայում մեծապէս նպաստում է իր գրական եւ մատենագիտական աշխատանքներին:
1946-ին ստանձնում է Բաղդադի ազգային դպրոցների տեսչի պաշտօնը եւ այնտեղ մնում է մինչեւ 1950 թւականը, երբ հակառակորդների կողմից նիւթւած մի դաւադրութեան պատճառով ստիպւած է լինում վերադառնալ Թեհրան:
Կեանքի վերջին երկու ուսումնական տարեշրջաններում պաշտօնավարում է Աբադանում:
Գրական մարզում իբրեւ բանասէր Յակոբ Տէր-Յակոբեանը թողել է մեծ ժառանգութիւն, ունի բազմաթիւ ուսումնասիրութիւններ տպագրւած Կովկասի եւ Սփիւռքի հայ մամուլում:
Աշխատակցել է «Յուսաբեր»-ին, զոյգ «Հայրենիք»-ներին, «Վէմ»-ին, «Այգ»-ին, «Ալիք»-ին, «Նաւասարդ»-ին եւ «Լոյս» հանդէսներին եւ այլ թերթերին ու պարբերականներին, Յ. Իրազէկ գրական անւամբ:
Իբրեւ ամբողջական գործ աշխատասիրել է Հայոց ազգագրական պատմութեան, հայ տպագրութեան եւ գրականութեան նւիրւած մի շարք արժէքաւոր եւ ստւարածաւալ երկեր:
1953 թւականին ամառային արձակուրդով Աբադանից Թեհրան ժամանած օրերին, յունիսի 19-ին սրտի կաթւածով յանկարծամահ է լինում Հ. Յ. Դաշնակցութեան վետերան ընկերը, 72 տարեկան հասակում:
Եւ իրօք, ինչպէս ընկերոջ մահւան առիթով գրող-բանաստեղծ հայորդին (Գէորգ Աւետիսեան) է ասում՝
«...զոհաբերութեան, աշխատանքի, ինքնամոռացումի եւ այլասիրութեան որքան դասեր ունի սովորելիք ներկայ երիտասարդութիւնը, նման մեծութիւններից, որոնք մեր շքեղ պատմութիւնը կերտեցին իրենց մտքի, հոգու, գրչի ու բազուկի գեղեցկութիւններով եւ մեր ցաւոտ կեանքը զարդարեցին իրենց բարոյական մեծութեամբ»:

(Շար. 2)

Յարակից լուրեր

  • Մեր ճշմարիտ յաղթանակը
    Մեր ճշմարիտ յաղթանակը

    Չմոռնանք, որ Դաշնակցութիւնը մուտք գործեց կառավարական դաշինքէն (կոալիցիա) ներս ԻՐ ԻՆՔՆՈՒՐՈՅՆ ՊԼԱՏՖՈՐՄՈՎ, որ կը ցոլացնէր ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն ժողովներու որոշումները։ Դժբախտաբար այս շատ կարեւոր հանգամանքը ցարդ լիարժէք եւ տեսանելի կիրառում չէ ստացած իրական կեանքի մէջ։ Պատճառը մասամբ այն է, որ կառավարական դաշինքը գործի երկար փորձ չէ ունեցած տակաւին եւ շատ բան կը մնայ քննարկելի։ Այնուամենայնիւ պէտք է ընդունիլ, որ կարելի չէ ասով միայն բացատրել դաշինքի գործունէութեան մէջ գոյութիւն ունեցող այս շատ կարեւոր բացը։

  • Ալբերտ Աճեմեանի այցն Ազգային առաջնորդարան
    Ալբերտ Աճեմեանի այցն Ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի, փետրւարի 21-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց պրն. Ալբերտ Աճեմեանին:

  • Հայկական ազատամարտի վերջին դրուագը եւ անկախութեան սերունդը
    Հայկական ազատամարտի վերջին դրուագը եւ անկախութեան սերունդը

    Պայթեցաւ փետրուարեան ապստամբութիւնը:

    Այդ շարժումը եկաւ վերջնական կաղապարում տալու քաղաքական համոզումներուն եւ սպասելիքներուն: Փետրուարի 18-ը դարձաւ սոյն քաղաքական շրջակետը, որ որոշակի ցցուեցաւ երկու իրարամերժ քաղաքական հոսանքներու միջեւ եւ եղաւ հիմնական ելակէտը Դաշնակցութեան քաղաքական գործունէութեան:

  • Ռոստոմ (Ստեփան Զօրեան, 1867-1919). Հայ ժողովուրդի տանջահար սիրտին յեղափոխական ժայթքը. Հայոց Լեռներու անսասան հզօրութեամբ Կամքի մարմնաւորումը
    Ռոստոմ (Ստեփան Զօրեան, 1867-1919). Հայ ժողովուրդի տանջահար սիրտին յեղափոխական ժայթքը. Հայոց Լեռներու անսասան հզօրութեամբ Կամքի մարմնաւորումը

    Յունուար 18-ի այս օրը մեր ժողովուրդը կը նշէ ծննդեան տարեդարձը հայ յեղափոխականի եւ դաշնակցական ղեկավարի լուսապսակ այն դէմքին, որ իր խօսքով եւ գործքով անմահացաւ ՌՈՍՏՈՄ անունով՝ հայոց սերունդներուն կտակելով Ազգի եւ Հայրենիքի ամբողջական ազատագրութեան ու Հայ Մարդու լիիրաւ ինքնահաստատման եւ զարգացման համապարփակ տեսլականը։

  • Լեւոն Թադէոսեան (Պապաշա, 1865-1935). Հայ յեղափոխական շարժման «Հայրիկ»-ը. Դաշնակցական ղեկավար գործիչի բարոյական հեղինակութեան աւանդը
    Լեւոն Թադէոսեան (Պապաշա, 1865-1935). Հայ յեղափոխական շարժման «Հայրիկ»-ը. Դաշնակցական ղեկավար գործիչի բարոյական հեղինակութեան աւանդը

    Դեկտեմբեր 19-ին կ’ոգեկոչենք յիշատակը մեր ժողովուրդի եզակի ծնունդներէն Լեւոն Թադէոսեանի, որ իր անձով ու գործով արժանաւորապէս մարմնաւորեց հայ ղեկավար գործիչի բարոյական հեղինակութեան աւանդը։

    1935-ի այս օրը, Փարիզի մէջ, 70 տարեկան հասակին աչքերը առյաւէտ փակեց հայ յեղափոխականի ու քաղաքական-պետական ազգային գործիչի ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ նուիրեալ մը՝ Լեւոն Թադէոսեան, որ իր գաղափարական առաքինութեան եւ անձնդիր ծառայութեան համար արժանացաւ Պապաշա (ռուսերէն՝ հայրիկ) անուանումին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։