Հա

Ազգային

Հինգշաբթի, 08 Դեկտեմբերի 2016 10:40

ՆՒԻՐԵԱԼ ԱՆՁԻՆՔ - Պայքարի ու ծառայութեան նւիրեալներ (Շար. 3)

Հայրենիքի եւ հայ ժողովրդի համակ նւիրեալ, կրթական մշակ եւ դաստիարակ, կարգապահ ու անանձնական մի անհատականութիւն:
Թադէոս Թադէոսեանը ծնւել է 1881 թւականի հոկտեմբերի 4-ին՝ Քանաքեռ գիւղում:

Թադէոս Թադէոսեան

Գ

ԱԼԲԵՐՏ ԱՃԵՄԵԱՆ


Հայրենիքի եւ հայ ժողովրդի համակ նւիրեալ, կրթական մշակ եւ դաստիարակ, կարգապահ ու անանձնական մի անհատականութիւն:
Թադէոս Թադէոսեանը ծնւել է 1881 թւականի հոկտեմբերի 4-ին՝ Քանաքեռ գիւղում:
Նախնական կրթութիւնը ստացել է Քանաքեռի ծխական դպրոցում, միջնակարգը Երեւանի Թեմական դպրոցում եւ բարձրագոյնը Պետերբուրգի Գիւղատնտեսական ճեմարանում, որը սակայն չի աւարտել համաշխարհային պատերազմի հետեւանքով: Հետագայում աւարտել է Ն. Աբրահամեանի հաշւապահական կուրսերը Թիֆլիսում, եւ Հ. Յ. Դաշնակցութեան Թաւրիզի Պրոպագանդայի դպրոցը՝ 1923 թւականին:
Դաշնակցութեան շարքերն է անցել 1900 թւականին, երբ սկբզնական շրջանում մասնակցում է եկեղեցական կալւածների գրաւման դէմ Երեւանի հակապետական ցոյցերի կազմակերպմանը: Յաջողութեամբ նոյն աշխատանքով է զբաղւում նաեւ Կոտայքում:
1905-1906 թթ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Նիկոլ Դումանի յանձնարարութեամբ կատարում է զինման եւ ինքնապաշտպանութեան աշխատանքներ, միեւնոյն ժամանակ ղեկավարելով Երեւան, Դարալագեազ եւ Զանգեզուր զէնքի փոխադրութեան գործը:
1906-1913 թթ. Քանաքեռի Աբովեան երկդասեան դպրոցում վարում է աւագ ուսուցչի պաշտօնը:
1908-1913 թւականներին անդամակցում է Երեւանի «Մրգաստան»-ի Կենտրոնական կոմիտէութեանը, այդ տարիներում գլխաւորաբար զբաղւելով հողային խնդիրների լուծմամբ՝ կալւածատիրական հողերը գիւղացիութեան բաժանելու համար: Իսկ 1911 թւականին ընտրւում է ՀՅԴ «Մրգաստան»-ի Կենտրոնական կոմիտէի անդամ:
Եղել է Կոտայքի պատգամաւորը Երեւանի Թեմական Պատգամաւորական ժողովում:
Այդ շրջանում աչքի ընկող, ներդրում է ունեցել դպրոցների որակաւորման գործում, հիմնելով նաեւ նոր դպրոցներ:
Յանուն «Մրգաստան»-ի Կենտրոնական կոմտէի՝ մասնակցել է Կովկասի Ռայոնա կան ժողովներին՝ 1912 թ. Ղարաքիլիսայում եւ 1913 թ.՝ Դիլիջանում:
1914 թ. վերջերին, երբ պայթում է ռուս-թուրքական պատերազմը, Պետերբուրգի հայ ուսանողներից 60 հոգի, որոնց թւում նաեւ Թադէոս Թադէոսեանը կամաւոր են արձանագրւում՝ կամաւորական շարժմանը:
Թիֆլիս վերադարձին ՀՅԴ Արեւելեան Բիւրօն յանձնարարում է նրան անցնել Երեւան, կազմակերպելու «Մրգաստան»-ի Կենտրոնական կոմիտէութեան շրջանի զինումն ու ինքնապաշտպանութիւնը:
Այդ աշխատանքը կատարելուց յետոյ, նախ մտնում է Իշխանի, ապա Դրոյի կամաւորական գունդ եւ 1915 թ.-ին մեկնում է ճակատ, հասնելով մինչեւ Մուշ:
Երբ 1916 թւականին կամաւորական գնդերը լուծարքի են ենթարկւում, դարձեալ Բիւրոյի յանձնարարութեամբ ստանձնում է կամաւորական գնդերից իրենց ձեռքն անցած ռազմամթերքի գաղտնի պահեստների հսկողութիւնն ու պատասխանատւութիւնը:
1917 թ. Թիֆլիում գումարւած Կովկասի Ռայոնական ժողովին մասնակցում է որպէս պատգամաւոր: Նոյն թւականին ընտրւում եւ նախագահում է Քանաքեռի հասարակական Գործադիր կոմիտէն:
Այնուհետեւ ընտրւում է Երեւանի առաջին գաւառամասի կոմիսար (1917-1920 թ.) եւ միեւնոյն ժամանակ Արամ Մանուկեանի յանձարարութեամբ Կոտայքի ինքնապաշտպանութեան խմբերի լիազօր ղեկավար եւ իր մասնակցութիւնն է բերում Սարդարապատի եւ Բաշ Ապարանի ճակատամարտերին՝ Կոտայքի գաւառից կազմւած երկու ջոկատներ ուղարկելով ռազմաճակատ:
1920 թւականին ընտրւում է Երեւանի Գաւառային ինքնավարութեան վարչութեան անդամ եւ ղեկավարում Երեւանի Գաւառի միլիցիայի եւ ադմինիստրացիայի, հաղորդակցութեան եւ շինարարական բաժինները մինչեւ Հայաստանի խորհրդայնացումը:
Մասնակցում է 1920 թւականին հայ-թուրքական պատերազմին, որպէս Կոտայքի կամաւորական գումարտակի հրամանատար՝ Գայլի Դրուք ճակատում:
Մասնակցում է 1921 թ. Փետրւարեան ապստամբութեան, որպէս Կոտայքի Փրկութեան կոմիտէի նախագահ, մինչեւ իրենց նահանջը Երեւանից 1921 թ. ապրիլի 2-ը:
Անցնելով Պարսկաստան, Թաւրիզում եղել է տարագիրների «Նայիրի» կոմիտէի անդամ, ապա 1927 թւականին հաստատւում է Նախավկայի վանքում՝ Ձորագիւղ (Արաքսի աջ ափում) եւ ղեկավարում ԵՐԿՐԻ հետ ունեցած կապի գործը մինչեւ 1930 թւականի մայիսը, երբ Ձորագիւղի կայանի աշխատանքը դադարում է ժամանակաւորապէս:
Ուսուցչական պաշտօնով 1931 թւականին անցնում է Նոր Ջուղա եւ պաշտօնավարում հայոց ազգային երկսեռ դպրոցներում, մինչեւ 1935 թւականի ուսումնական տարւայ վերջը, երբ փակւում են հայոց ազգային դպրոցները:
Երկար տարիներ ծառայում է կուսակցական գործունէութեանը, որպէս շրջանի բարձրագոյն մարմնի ներկայացուցիչ, մասնակցելով Իրանի կազմակերպութեան բոլոր խորհրդաժողովներին եւ Հ. Յ. Դաշնակցութեան 13, 14, 15, 16 եւ 17-րդ Ընդհանուր ժողովներին:
1933 թւականին կազմում է անկուսակցական «Հայորդի» պատանեկան միութիւնը, որի նպատակն էր պատանեկութեանը տալ հայեցի դաստիարակութիւն եւ պատրաստել ՀՅԴ շարքերը անցնելու համար:
Ազգային դպրոցները փակւելուց յետոյ՝ 1935 թ. «Հայորդի» պատանեկան միութիւնը դարձնում է ՀՅԴ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹԻՒՆ թէ՛ երիտասարդներին կազմակերպելու, եւ թէ՛ նրանց միջոցով գիւղական շրջաններում միութիւն ստեղծելու նպատակով:
Տասնամեակներ շարունակ եղել է «ԱԼԻՔ» եւ «ՅՈՒՍԱԲԵՐ» օրաթերթերի եւ «Համազգային» ընկերութեան հրատարակչականների ներկայացուցիչը, տարածելով նրանց հրատարակութիւնները:
Դպրոցները պետականացւելուց յետոյ էլ կրօնի եւ հայոց լեզւի դասաւանդութեան համար, պարապմունքներ է ունենում տղայոց եւ աղջիկների դպրոցներում, իսկ 1952-1956 թւականներին՝ չորս տարի տեւողութեամբ դասաւանդում է հոգաբարձութեան ջանքերով բացւած երեկոյեան դասընթացներում:
Դասաւանդման գրքերի եւ նիւթերի չգոյութեան պատճառով Թադէոսեանը յատկապէս կազմում է հայոց պատմութեան դասագրքեր՝ որոնք դասաւանդւում էին երկար ժամանակ:
1955 թւականին հայոց ազգային դպրոցները վերաբացւելուց յետոյ եւս շուրջ վեց տարի շարունակում է պաշտօնավարել հայոց դպրոցներում:
1961 թւականին, երբ Իրանի ժամանակի կառավարութեան որոշումով, Սպահանի համալսարանի գրականութեան բաժնում հիմնւում է Հայագիտական ամբիոն, Թադէոս Թադէոսեանը հրաւիրւում է որպէս հայոց գրականութեան եւ պատմութեան դասախօս, որը 1963 թւականին հրաժարւում է իր պաշտօնից՝ հիւանդութեան պատճառով:
Խորը ծերութեան տարիքում, երկարատեւ հիւանդութիւնից յետոյ, 1975 թ. ապրիլի 7-ին Նոր Ջողայում իր մահկանացուն է կնքում վետերան ընկեր՝ Թադէոս Թադէոսեանը:
Նւիրեալ գործիչ, որ ստեղծեց հմայք իր անձի շուրջ, յարգանքի ու փայփայանքի արժանացաւ՝ թէ՛ իր աշակերտների, թէ՛ ընկերների, եւ թէ՛ հասարակութեան բոլոր խաւերի կողմից:
Մտաւ ժողովրդի մէջ, ճգնեց ու իր գաղափարներով տոգորեց շատերին...

(Շար. 3)

 

Վրիպակ

Սոյն յօդւածաշարում լոյս տեսած Յակոբ Տէր-Յակոբեանի կենսագրականում (տպագրւած «Ալիք» օրաթերթ, նոյ. 24 համարի Գ էջում) նկատւել է վրիպում՝ Տատիանեան կոմիտէն սխալմամբ տպագրւել է Մատինեան կոմիտէ:
Ի միջի այլոց՝ Տատիանեան կոմիտէն ցարի օրօք Նիկոլայ ցարի դստեր անւան հետ է կապւած եղել:

Related items

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։