Հա

Ազգային

Հինգշաբթի, 15 Դեկտեմբերի 2016 10:10

3,860,000 դոլար Հայ Դատի աշխատանքների համար

Դեկտեմբերի 10-ին, երբ ողջ աշխարհում նշւում է մարդու հիմնարար ազատութիւնների, ժողովուրդների իրաւունքների ու ինքնորոշման իրաւունքի օրը, ՀՅԴ Բիւրոյի նախաձեռնութեամբ, հաւաքւել էին հոգեւոր, պետական, քաղաքական, կուսակցական այրեր, միասնաբար մասնակցելու Հայ Դատի աշխատանքների հզօրացման ու աջակցութեան համար կազմակերպւած դրամահաւաք ճաշկերոյթին:

«arfd.am» - Դեկտեմբերի 10-ին, երբ ողջ աշխարհում նշւում է մարդու հիմնարար ազատութիւնների, ժողովուրդների իրաւունքների ու ինքնորոշման իրաւունքի օրը, Փարիզի կենտրոնում, «Էլիզէ» պալատի հարեւանութեամբ «Cercle de l’Union Interalliee» դահլիճում, ՀՅԴ Բիւրոյի նախաձեռնութեամբ, հաւաքւել էին հոգեւոր, պետական, քաղաքական, կուսակցական այրեր, միասնաբար մասնակցելու Հայ Դատի աշխատանքների հզօրացման ու աջակցութեան համար կազմակերպւած դրամահաւաք ճաշկերոյթին:
Պատւոյ սեղանի շուրջ էին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա Վեհափառը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդւարդ Նալբանդեանը, Վատիկանում եւ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպաններ Միքայէլ Մինասեանն ու Վիգէն Չիթեչեանը, «Փիւնիկ» հիմնադրամի նախագահ Լեւոն Սարգսեանն ու պատւոյ նախագահ Գաբրիէլ Չեմբերջին, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպս. Յովհաննիսեանը, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը, Լիբանանի խորհրդարանի պատգամաւոր, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունին:
Ողջունելով ներկաներին եւ Հայ Դատին հանգանակութեան մասնակցած բոլոր բարերարներին, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանն անդրադարձաւ Հայ Դատի յանձնախմբերի գործունէութեանն ու նրանց վարած աշխատանքի քաղաքական ու ռազմավարական կարեւորութեանը: «Հայ Դատի պայքարը անցեալի համար չէ: Հայաստանի Հանրապետութեան, այսօրւայ Հայաստանի անվտանգութեան պայքար է»,- շեշտեց նա:
Բանախօսը յատուկ կարեւորեց հանգամանքը, որ Հայ Դատի համար աշխատանքները հիմնւած են տեսլականի վրայ՝ յանուն Հայաստանի եւ հայութեան: «Եթէ մենք դադարենք նպատակ ունեցող ազգ լինել, մենք կոչնչանանք, կը կորչի մեր էութիւնը: Պայքարն է, որ հայութեան զարգացման պայմանն է հանդիսանում»,- շեշտեց Հրանտ Մարգարեանն ու մանրամասնեց, որ յանուն Հայ Դատի պայքարը կուսակցական հարց չէ: Նա ցաւով արձանագրեց, որ այս բնագաւառում աշխատող շատ քիչ թւով կազմակերպութիւններ կան, այդ իսկ պատճառով՝ ճակատագրով այդ գործը վիճակւած է Հ. Յ. Դաշնակցութեանը: Եթէ շատերը լինէին այդ պայքարում, ապա կը լինէր առողջ մրցակցութիւն, ու արդիւնքներն էլ աւելին կը լինէին: Թէեւ Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների մղած պայքարն ունի ահռելի արդիւնքներ անգամ հիմա, շեշտեց Հրանտ Մարգարեանն ու յիշեցրեց վերջին թարմ օրինակը, երբ Ադրբեջանը բողոքում է այն փաստի դէմ, որ Ֆրանիսայի նորանշանակ ներքին գործերի նախարարը նրանց սեւ ցուցակում է յայտնւել, քանի որ ՀՅԴ Հայ Դատի նախաձեռնութեամբ այցելել է Արցախ: Դրամահաւաքով առաւել հզօրացած Հայ Դատի յանձնախմբերը շատ աւելի քաղաքական գործիչների կարող են բերել Արցախ, շատ աւելի գործ կարող են անել, ամփոփեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը:
Արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը ողջոյնի իր խօսքում յիշեցրեց դեռ 10 տարի առաջ, նոյն Փարիզում «Pro Armenia» խորագրով կայացած համաժողովը, երբ դեռ դեսպան էր Ֆրանիսայում: Դրանից անցել են երկար տարիներ, արձանագրւել են բազում ձեռքբերումներ: «Ոչ բոլոր ժողովուրդներն ունեն իրենց անունով դատ, երազում ենք գայ մի օր, որ այդ դատը լուծւի»,- շեշտեց նա: Նա յաջողութիւն մաղթեց Հայ Դատի աշխատանքներին ու մաղթեց, որ ձեռքբերումները ուղեկցեն այդ դատի սպասաւորներին:
Պայքարի սպասաւորութեանն ու կամաւորութեանն անդրադարձաւ նաեւ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը: «Եթէ չլինէր նւիրումը, յանձնառութիւնը, արդիւնքն էլ չէր լինի: Մենք հարուստ չենք, բայց նւիրումով, փոքր գումարով հսկայ գործ է կատարւում: Մենք պէտք է կարողանանք միախմբւել» արձանագրեց Վեհափառ Հայրը: Նա խօսեց հայութեան իրաւունքների պաշտպանութեան, Դատի հետապնդման մասին, յիշեցնելով, որ օրերս Սիսի կաթողիկոսանիստի վերադարձի պահանջով դիմել են Եւրոդատարանին:
Վեհափառ Հայրապետը աւելի ուշ լրագրողների հետ զրոյցում յատուկ կարեւորեց ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի հաշւետւողականութիւնը: Այն գումարները, որ հանգանակւում են, յետոյ նաեւ դրանց շուրջ մանրամասն հաշւետւութիւն են ներկայացւում: Դրա համար էլ այն վստահելի է ու արժանանում է աջակցութեան:
Հաշւետւութիւնը ներկայացրեց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Հայ Դատի Կենտրոնական խորհրդի ատենապետ Յակոբ Տէր-Խաչատրեանը, յատուկ պատրաստւած ցուցասալիկներով: Նա ներկայացրեց յանձնախմբերի եւ գրասենեակների կատարած գործը, ապա մանրակրկիտ թւական հաշւետւութիւն ներկայացրեց հանրութեանը: Հաւաքի ընթացքում ցուցադրւեց Հայ Դատի յանձնախմբերի անցած մի քանի տարւայ ուղին ներկայացնող տեսանիւթ:
Ողջ հաւաքի ընթացքում օրւայ հանդիսավար Ստեփան Տէր-Պետրոսեանը պարբերաբար յայտարարում էր այն նւիրատւութիւնների մասին, որոնք կատարւում էին դահլիճում, ու մինչ այդ արդէն կատարւել էին անցնող շաբաթների ընթացքում: Եւրոպայում, Մերձաւոր Արեւելքում, Հայաստանում (Կենտրոնական գրասենեակ) եւ միջազգային կազմակերպութիւններում Հայ Դատի աշխատանքների համար, հազար դոլարից ու եւրոյից մինչեւ մի քանի տասնեակ հազարանոց նւիրատւութիւններ, որ կատարւում էին Եւրոպայի, Մերձաւոր ու Միջին Արեւելքի երկրներից, Ռուսաստանից ու յատկապէս՝ Հայաստանից: Աւարտին արդէն հրապարկւեցին նաեւ մի քանի խոշորածաւալ նւիրատւութիւնների մասին: 250 հազարական դոլարի նւիրատւութիւններ էին կատարել Գագիկ Ծառուկեանն ու Սամուէլ եւ Կարէն Կարապետեանները, 150 հազար՝ Սամուէլ Ալեքսանեանը, 100 հազարական դոլարի՝ Միքայէլ Վարդանեանը, Կարէն Վարդանեանը, «Փիւնիկ» հիմնադրամը, Մայքըլ Սարեանը: Արդիւնքում հրապարակւեց վերջնական հանգանակւած թիւը՝ 3 միլիոն 860 հազար դոլար, որը կարող է նաեւ աւելանալ առաջիկայ օրերին:
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը աւարտին գոհունակութիւն յայտնեց դրամահաւաքի արդիւնքների առիթով, շնորհակալութիւն յայտնեց բոլոր նւիրատուներին, եւ վստահեցրեց, որ այն ծառայելու է մեր ժողովրդի իրաւունքների, Հայաստանի Հանրապետութեան ու Արցախի Հանրապետութեան անվտանգութեան բարձրացման եւ ամրապնդման գործին:
Ճաշկերոյթն աւարտւեց ուշ գիշերին: Իսկ ահա վաղ առաւօտեան Հայ Դատի տարածաշրջանային յանձնախմբերի պատասխանատուներն ու ՀՅԴ Բիւրոյի հայ Դատի Կենտրոնական խորհրդի անդամները գործնական աշխատանքի մէջ էին:
Օգտւելով հանգամանքից, որ այդ օրերն Փարիզում կայացել էր Եւրոպայի տարածքի Հայաստանի դեսպանների հաւաքը, նրանք ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանի եւ եւրոպական միջազգային կառոյցներում ՀՀ մշտական ներկայացուցիչների հետ, մօտ չորս ժամանոց խորհրդակցութիւնում քննարկեցին բազում հարցեր (լրատւութիւնն՝ առանձին): Փակագծերը չբացեցին: Բայց վստահեցնում են՝ համատեղ աշխատանքի արդիւնքները տեսանելի կը լինեն:

Յարակից Հրապարակումներ

  • Նալբանդեան-Մամեդեարով յաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Նիւ Եօրքում՝ սեպտեմբերի երկրորդ կէսին
    Նալբանդեան-Մամեդեարով յաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Նիւ Եօրքում՝ սեպտեմբերի երկրորդ կէսին

    այաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին առայժմ որոշակի տեղեկատւութիւն չկայ։ Յաջորդ հանդիպումը տեղի է ունենալու երկու երկրների արտգործնախարարների միջեւ՝ Նիւ Եօրքում, սեպտեմբերի երկրորդ կէսին

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միաբանութեան երէց անդամներից գերշ. Տ. Նորայր Ս. Արք. Աշըգեանի վախճանման տխուր առիթով, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը յանուն մեր Ազգային իշխանութեան, ժողովականութեան եւ ժողովրդին հետեւեալ ցաւակցական նամակ է յղել Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Վեհափառ Հայրապետին: 

  • ՀՀ ԱԳ նախարարը եւ Արցախի նախագահը հանգամնալից քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգաւորման ԱՀ, ՀՀ եւ ԵԱՀԿ ՄԽ ջանքերը
    ՀՀ ԱԳ նախարարը եւ Արցախի նախագահը հանգամնալից քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգաւորման ԱՀ, ՀՀ եւ ԵԱՀԿ ՄԽ ջանքերը

    Նախագահ Սահակեանն ու նախարար Նալբանդեանը հանգամանալից զրոյց են ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգաւորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղութեամբ Արցախի, Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկւող ջանքերի շուրջ:

  • ՀՅԴ Բիւրոյի եւ Հայաստանի Գերագոյն մարմնի համատեղ նիստի յայտարարութիւնը
    ՀՅԴ Բիւրոյի եւ Հայաստանի Գերագոյն մարմնի համատեղ նիստի յայտարարութիւնը

    Հայաստանում հրաւիրւած ՀՅԴ Բիւրոյի լիագումար նիստից յետոյ, յուլիսի 17-ին, տեղի է ունեցել ՀՅԴ Բիւրոյի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ համատեղ ընդլայնւած նիստ, որին մասնակցել են Դաշնակցութեան մարզային կոմիտէների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւորներ, ինչպէս նաեւ Հայաստանի գործադիր իշխանութեան Դաշնակցութեան բարձրաստիճան պաշտօնեաներ: Ընդունւել է համատեղ յայտարարութիւն, որը ներկայացնում ենք ստորեւ.

  • Հրանտ Մարգարեան. «Դաշնակցութեան մասնակցութիւնը կոալիցիային ինքնանպատակ չէ»
    Հրանտ Մարգարեան. «Դաշնակցութեան մասնակցութիւնը կոալիցիային ինքնանպատակ չէ»

    Հայատանում հրաւիրւած ՀՅԴ Բիւրոյի լիագումար նիստից յետոյ տեղի է ունեցել ՀՅԴ Բիւրոյի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ համատեղ ընդլայնւած նիստ, որին մասնակցել է Դաշնակցութեան Հայաստանի մարզային կոմիտէների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւորներ, ինչպէս նաեւ Հայաստանի գործադիր մարմնի Դաշնակցութեան բարձրաստիճան պաշտօնեաներ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։