Հա

Ազգային

Հինգշաբթի, 22 Դեկտեմբերի 2016 09:50

ՆՒԻՐԵԱԼ ԱՆՁԻՆՔ - Համբարձում Տէրտէրեան (Շար. 4)

Ճշմարտապէս գաղափարական եւ իր բովանդակ էութեամբ հայ ժողովրդին ու Հայ Դատին նւիրւած, իրաւ մտաւորական մի դէմք:
Ծնւել է Նոր Նախիջեւանի Թոփտի գիւղում 1884 թւականին, նախնական կրթութիւնը ստացել է նախ ծննդավայրում, ապա փոխադրւել է Չալթը գիւղի դպրոցը, ուր 1896 թւականին աւարտում է ու նոյն տարում ընդունւում է Նոր Նախիջեւանի Թեմական դպրոցը:

Պայքարի ու ծառայութեան նւիրեալներ
Դ

ԱԼԲԵՐՏ ԱՃԵՄԵԱՆ


Ճշմարտապէս գաղափարական եւ իր բովանդակ էութեամբ հայ ժողովրդին ու Հայ Դատին նւիրւած, իրաւ մտաւորական մի դէմք:
Ծնւել է Նոր Նախիջեւանի Թոփտի գիւղում 1884 թւականին, նախնական կրթութիւնը ստացել է նախ ծննդավայրում, ապա փոխադրւել է Չալթը գիւղի դպրոցը, ուր 1896 թւականին աւարտում է ու նոյն տարում ընդունւում է Նոր Նախիջեւանի Թեմական դպրոցը:
Թեմական դպրոցը աւարտելուց յետոյ ընդունւում է Վլադիկաւկազի պետական գիմնազիոնը:
1903 թւականին մտնում է Հ. Յ. Դաշնակցութեան շարքերը, գործօն մասնակցութիւն բերելով Վլադիկաւկազում կուսակցական աշխատանքների մէջ՝ դառնալով աշակերտական միութեան ղեկավար մարմնի անդամ: Միաժամանակ Ալ. Միասնիկեանի հետ հրատարակում են «Աղաւնի» անունով առաջին խմորատիպ կուսակցական շաբաթաթերթը:
1904 թւականին աշակերտութեան կողմից մասնակցում է Բաքւում գումարւած Կովկասի հայ աշակերտութեան Ընդհանուր համագումարին:
Համագումարից յետոյ իր հայրենակից երկու մասնակիցների ընկերակցութեամբ շրջում են Հայաստանի որոշ շրջաններ: Այդ շրջագայութիւնը իր ասութեամբ «խոր ազդեցութիւն է ունենում իր վրայ եւ է՛լ աւելի է կապում նրան պապենական հողին ու ջրին եւ կրկնապատկւած եռանդով փարւում է Հայաստանի եւ հայ ժողովրդի ազատագրութեան գործին»:
Առաջին առիթով իր մասնակցութիւնն է բերում Նոր Նախիջեւանի «Նալբանդ» Կենտր. կոմիտէի կողմից կազմակերպւած հայ եկեղեցական կալւածների գրաւման դէմ համաժողովրդական բողոքի ցոյցերի աշխատանքներին:
Այնուհետեւ հայ-թաթարական ընդհարումների նախօրէին ինքնապաշտպանութեան գործի համար դէպի Կովկաս զէնքի փոխադրութեան աշխատանքին իր մասնակցութիւնն է բերում:
1905 թւականին ընդունւում է Պետերբուրգի համալսարանի իրաւաբանական ճիւղը:
«Նալբանդ»-ի Կենտ. կոմիտէի յանձնարարութեամբ ստանձնում է շրջանի գործերի ու քարոզիչի պարտականութիւնները: Շրջանի քաղաքները այցելելուց յետոյ վերադառնում է Ռոստով, ուր Սիմոն Վրացեանի հետ ձեռնարկում են քաղաքների ու գիւղական շրջանների համար հերթական դասախօսութիւնների կազմակերպումը:
1906 թւականին իր մի սոցիալիստ-յեղափոխական ուսանող-ընկերոջ մատնութեամբ ձերբակալւում է Ռոստովում:
Դատավարութեան արդիւնքում հինգ տարի ժամանակով աքսորւում է Դոնիի սահմաններից դուրս՝ Մայկոպ քաղաքը, ոստիկանական հսկողութեան տակ:
Մայկոպում սկսում է կուսակցական բեղմնաւոր գործունէութիւն՝ հերթական դասախօսութիւններ, հաւաքներ ու ձեռնարկներ կազմակերպելով:
Իննը ամիս յետոյ փախուստ է տալիս Մայկոպից անվտանգ հասնելով Ռոստով, ուր յաջողում է օգտւելով կրկնակ ազգանւան հանգամանքից Տէր-Միքայէլեան ազգանունով անցնել Պետերբուրգ՝ իր կիսատ մնացած համալսարանական ուսումը շարունակելու համար:
Գործօն մասնակցութիւն բերելով համալսարանի ՀՅԴ Ուսանողական միութեան ղեկավարութեան մէջ, աշխատակցում է նաեւ «Նոր կեանք» պարբերաթերթին:
1909 թւականին համալսարանական պարապմունքը կիսատ թողնելով, ստիպւած ընդունում է գործուղւել Բաքու, տեղում հատ ու կենտ մնացած ընկերների հետ շրջանը կուսակցականօրէն կազմակերպելու համար:
Կարճ ժամանակում, վերակազմում է շրջանների քայքայւած բոլոր նախկին միաւորները: Ապա քաղաքում նաեւ մեծ դժւարութիւններով հանդերձ վերակազմակերպում եւ ընտրում է ղեկավար մարմին: Եւ վերջապէս շրջանից որպէս ներկայացուցիչ մասնակցում է Երեւանում կայացած Ռայոնական ժողովին:
Ժողովը փակւելուց յետոյ վերադառնում է Պետերբուրգ եւ տարեվերջին յաջողութեամբ աւարտում համալսարանական ուսումը՝ իրաւագիտական ճիւղում:
Այնուհետեւ մինչեւ 1910-ի վերջը զբաղւում է Ցարական բռնութիւնների պատճառով Անդրկովկասի զանազան բանտերից Ռոստովի բանտ փոխադրւած բանտարկեալների հետ կապի ու նրանց խնդիրներին վերահասութիւն տալու բարդ ու յաճախ վտանգաւոր աշխատանքներին:
Անցնելով Նոր Նախիջեւան պարապում է փաստաբանութեամբ, լինելով նոյն քաղաքի «Գաղութ» թերթի իրական խմբագիրը՝ քանի որ իրաւունք չէր տրւած նրան թերթ հրատարակելու:
Եղել է Հ. Յ. Դաշնակցութեան «Նալբանդ»-ի Կենտրոնական կոմիտէի նախագահ:
1914-1917 թթ. եղել է Նոր Նախիջեւանի Թեմական դպրոցի հոգաբարձու եւ նոյն քաղաքի Համայնական խորհրդի անդամ եւ փոխնախագահ:
Կամաւորական շարժման ընթացքում եղել է Նոր Նախիջեւանի Ազգային կոմիտէի անդամ եւ փոխնախագահ, իսկ 1918-19 թթ. Նոր Նախիջեւանում ստեղծւած Կովկասեան ֆրոնտի Պաշտպանութեան կոմիտէի նախագահ:
Այնուհետեւ ընտրւում է Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանի անդամ, որով սկսւում է իր քաղաքական կեանքի պետականակերտ գործունէութեան հանգրւանը:
1919 թւականին Երեւանում մասնակցում է ՀՅԴ իններորդ Ընդհանուր ժողովին:
Մաս է կազմում Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան կողմից նշանակւած Լեւոն Շանթի գլխաւորութեամբ եռանդամ պատւիրակութեանը, որը պաշտօնական բանակցութիւններ է վարում Խորհրդային Ռուսաստանի իշխանութեան ներկայացուցիչ՝ արտաքին գործերի կոմիսար Չիչերինի եւ Կարախանի հետ Մոսկւայում, եւ հետագայում Լեգրանի պատւիրակութեան հետ Երեւանում:
1920 թւականի սեպտեմբերին, երբ սկիզբ է առնում Հայաստանի դէմ Թուրքիայի պատերազմական գործողութիւնները, Հայաստանի կառավարութեան որոշումով շրջաններ են գործուղւում հեղինակաւոր ներկայացուցիչներ՝ դէպի ռազմաճակատ եւ գաւառներ, այդ շարքում խորհրդարանի անդամներ, որոնց մէջ է գտնւում նաեւ Համբարձում Տէրտէրեանը:
Նոյն թւականի նոյեմբերին Սիմոն Վրացեանի վարչապետութեան կառավարութեան կազմում ընդգրկւում է, որպէս ֆինանսների նախարար միաժամանակ ժամանակաւորապէս ստանձնելով նաեւ խնամատարութեան նախարարի պաշտօնը:
Մաս է կազմում Դրօ-Լեգրան բանակցութիւններին, որը յանգում է 2 դեկտ. 1920 թւականին կնքւած Հայաստանի խորհրդայնացման համաձայնութեան՝ մի կողմից Ռ.Ս.Ֆ.Ս.Հ. լիազօր ներկայացուցիչ Լեգրանի եւ միւս կողմից Դրոյի եւ Հ. Տէրտէրեանի, ի դիմաց Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան:
1921 թ. Փետրւարի 18-ի ժողովրդական ապստամբութեամբ կեանքի կոչւած ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹԵԱՆ ԿՈՄԻՏԷԻ կազմում, որը գլխաւորում էր Սիմոն Վրացեանը, նշանակւում է, որպէս ելեւմտական գործերի վարիչ:
1921 թւականի ապրիլին Կարմիր բանակի ներխուժումով Հայաստան, փակւում է Հայաստանի Առաջին Անկախ Հանրապետութեան պատմութեան վերջին էջը: Վերջ է գտնում իր քաղաքական գործունէութիւնը:
Արաքսը ճեղքող հազարաւոր տարագիրների շարքում նաեւ Հ. Տէրտէրեանն է անցնում Պարսկաստան, ուր սկիզբ է դրւում նրա կեանքի ու գործունէութեան երրորդ եւ վերջին հանգրւանը Իրանում՝ Թաւրիզ, Ռաշտ, Համադան եւ ի վերջոյ Թեհրան:
Թաւրիզում երկամեայ իր կեցութեան ժամանակ որպէս դասախօս պաշտօնավարում է Նիկոլ Աղբալեանի միջոցով ու նախագահութեամբ կազմակերպւած ՀՅԴ Պրոպագանդայի դպրոցում:
1923 թւականին Համբարձում Տէրտէրեանը որպէս դպրոցի տեսուչ գործուղւում է Ռաշտ, որի պաշտօնավարութեան տարիներին Ռաշտի հայոց ազգային դպրոցը բոլորում է փայլուն մի շրջան:
Դասարանները տարէցտարի աւելանալով հասնում է մինչեւ 8-րդ բաժանմունք, զուգահեռաբար կազմւում է պատանեկան եւ երիտասարդական միութիւններ, սկսւում է լոյս տեսնել աշակերտական «Փարոս» թերթը, կազմակերպւում են դասախօսութիւններ, համերգներ, ներկայացումներ, ազգային տօներ, ու բազմաթիւ գրական երեկոներ: Այս բոլորի համար ղեկավար ունենալով Տէրտէրեանի պէս մի կարող ուժ:
Իրանում ունեցած իր գործունէութեան երկրորդ հանգրւանում՝ Համադանում, ուր մնաց ամբողջ քսան տարի՝ 1928-ից 1948-ը, ի գին ամէն զոհողութեան, կարողացաւ կեանքի կոչել ազգային կենտրոնական մի մարմին, որին իրենց մասնակցութիւնը բերեցին մի քանի տասնամեակ առաջ բուռն հակամարտութեան հետեւանքով խիստ պառակտւած լուսաւորչական եւ բողոքական համայնքները, ազգային ու կրթական ճակատում միատեղ աշխատելու եւ հասարակական ընդհանուր շահերը միասնաբար պաշտպանելու առաջադրութեամբ: Նրա ճիգերն արդիւնաւորւեցին եւ դպրոցի ու հանրային միւս հաստատութիւնների շուրջ համախմբւեցին համայնքի բոլոր սրտցաւ տարրերը:
Իր տեսչութեան շրջանում էլ աւելի նպաստաւոր պայմաների մէջ դրւեց համայնքի կրթական գործը:
Հետագայում Համբարձում Տէրտէրեանի ղեկավարութեամբ եւ ազգային մարմինների ջանքերի շնորհիւ վերակառուցւեցին համայնքի եկեղեցին ու դպրոցը: Համայնքի բոլոր խաւերի անվերապահ աջակցութիւնը առաւելաբար արդիւնք էր Տէրտէրեանի հետեւողական գործունէութեան եւ վայելած մեծ ժողովրդականութեան:
Իրանահայ դպրոցների փակման շրջանում, բախտորոշ դեր ունեցաւ Հ. Տէրտէրեանը Համադանի ազգային դպրոցի պահպանման գործում, կարեւոր է արձանագրել այն փաստը, որ բովանդակ Իրանում, Համադանի ազգային դպրոցը հայկական միակ կրթական հաստատութիւնն եղաւ, որ կարողացաւ պաշտօնապէս շարունակել իր գոյութիւնը, շնորհիւ Հ. Տէրտէրեանի կորովի ղեկավարութեամբ:
1948-ին հաստատւելով Թեհրանում ընտրւեց Թեմական Պատգամաւորական ժողովի նախագահ, ուր պայքարի նոյն ոգով նա հանդէս եկաւ համայնքի հանրային կեանքը փոթորկելու յաւակնութիւն ունեցող տարրերի դէմ եւ կարողացաւ իր բարձրութեան վրայ պահել ազգային մարմինների հեղինակութիւնն ու վարկը:
Այդ տարիներում միաժամանակ նա վարել է նաեւ «Ալիք»-ի հրատարակչական բաժինը: Աշխատակցել է «Հայրենիք» ամսագրի հետ: 1955-ին նա Հ. Յ. Դաշնակցութեան գաղափարաբանութեան եւ դաւանանքի մասին իր խոկումները ամփոփել է «Ինչ պիտի գիտնայ երիտասարդ դաշնակցականը» խորագրով գրքոյկում, որ իբր ուղեցոյց նւիրել է նոր սերնդին:
1955 թ. դեկտեմբերի 30-ին կեանքից հեռացաւ Համբարձում Տէրտէրեանը՝ ՀՅԴ այդ սերնդի գաղափարապաշտ ներկայացուցիչներից մէկը, որը իբրեւ յեղափոխական քարոզիչ եւ հասարակական գործիչ իր բովանդակ կեանքում նւիրւեց Հայ Դատի պայքարին ու ծառայեց ժողովրդին, միշտ ՝հաւատարիմ մնալով «Ժողովրդով ժողովրդի համար» իր դաւանած սկզբունքին:

(Շար. 4)

Յարակից Հրապարակումներ

  • Սիմոն Վրացեանի յօդւածը՝ Ակսէլ Բակունցի մասին
    Սիմոն Վրացեանի յօդւածը՝ Ակսէլ Բակունցի մասին

    Ակսէլ Բակունցի մասին Հայաստանի Առաջին Հանրապետութեան վերջին վարչապետ Սիմոն Վրացեանի սոյն յօդւածը տպագրւել է «ԱԼԻՔ»-ի 30.10.1959, թիւ 240(6459) համարում:

  • Խաթարման եւ խորթացման վտանգաւոր ուղին
    Խաթարման եւ խորթացման վտանգաւոր ուղին

    Դաշնակցութիւնը երբեք կարիքը չէ ունեցած եւ չէ փնտռած իր անուան փառաբանումը։ Սակայն, Դաշնակցութիւնը նախանձախնդիր եւ պահանջատէր եղած է ու է՛, որպէսզի անխաթար եւ վառ պահուին մեր ազգային արժէքները։

  • Երբ թիրախը հայ քաղաքական միտքն է
    Երբ թիրախը հայ քաղաքական միտքն է

    Այս օրերուն, երբ հայութիւնը ազգովին կը նորոգէ իր պահանջատիրական ուխտը, աշխարհին ցոյց կու տայ, որ ինք տէրն է իր անժամանցելի իրաւունքներուն, անդին կը գտնուին «լրագրողներ» կամ «լրատուամիջոցներ», որոնք նսեմացնելով հայ քաղաքական միտքին դերակատարութիւնը, կը նսեմացնեն նոյնինքն հայ ժողովուրդը եւ անոր արդար դատը։

  • Ընտրակաշառքի եւ գաղափարի միջեւ կռիւն է հիմա
    Ընտրակաշառքի եւ գաղափարի միջեւ կռիւն է հիմա

    Աչքի առջեւ ունենալով Հայաստանի խորհրդարանական ընտրութիւնները, պարզ աչքով իսկ տեսանելի է այն «տիեզերական» ճշմարտութիւնը, որ միայն Հ.Յ.Դաշնակցութիւնն է, որուն մշակած առաջադրանքները ունին գաղափարական հենք։ Միայն Դաշնակցութիւնն է, որ ունի գաղափարներ։ Ինչպէս մեր նախորդ յօդուածով ըսած էինք, Հ.Յ.Դաշնակցութեան մշակած ու հանրութեան ներկայացուցած ընտրական ծրագիրին մէջ (Փլաթֆորմ) խոստումներ չկան, մանաւանդ՝ չակերտաւոր «խոստում» (այսինքն, մաքուր հայերէնով՝ կեղծիք), բան մը որ առատօրէն կարելի է գտնել իր մրցակիցներու պարագային։

  • Ստանալով «Կարօ Սասունիի սերունդ» անունը` 52 նորագիրներ անցան Հ. Յ. Դաշնակցութեան շարքերը
    Ստանալով «Կարօ Սասունիի սերունդ» անունը` 52 նորագիրներ անցան Հ. Յ. Դաշնակցութեան շարքերը

    Կարօ Սասունիի մահուան 40-ամեակին առիթով Լիբանանի Կեդրոնական կոմիտէն նպատակայարմար գտած էր մեծանուն գործիչին յիշատակը յարգելու համար երդման արարողութիւնը կայացնել պանթէոնին դիմաց, ուր հանգչած է նաեւ Սասունի: Այսօր, ՀՅԴ «Քրիստափոր» կոմիտէն կազմակերպած է Սասունիի նուիրուած հանդիսութիւն մը, որուն ընթացքին նորահաս սերունդը առիթ պիտի ունենայ ծանօթանալու անոր գործին ու վաստակին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։