Հա

Ազգային

Կիրակի, 25 Դեկտեմբերի 2016 10:50

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Ռէս Յովհաննէս Խլոյեան (Յիշելի դէմքեր)

Հարուստ ու նահապետական մեծ ընտանիք էր Թիմար գաւառի Գոմս գիւղի Ռէս Յովհաննէս (Օխօ) Խլոյեանի բազմանդամ գերդաստանը: Ռէս Յովհաննէսը սիրւած ու յարգւած էր բոլորի կողմից, եւ մեծ ժողովրդականութիւն էր վայելում Թիմարի, շրջանում: Օսմանցի պետական պաշտօնեաներն անգամ խորը յարգանք ունէին Ռէսի հանդէպ:

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒ. ՔՀՆՅ. ՏԷՐ-ՄԵՍՐՈՊԵԱՆ


Հարուստ ու նահապետական մեծ ընտանիք էր Թիմար գաւառի Գոմս գիւղի Ռէս Յովհաննէս (Օխօ) Խլոյեանի բազմանդամ գերդաստանը: Ռէս Յովհաննէսը սիրւած ու յարգւած էր բոլորի կողմից, եւ մեծ ժողովրդականութիւն էր վայելում Թիմարի, շրջանում: Օսմանցի պետական պաշտօնեաներն անգամ խորը յարգանք ունէին Ռէսի հանդէպ: Բազմաթիւ քուրդ ցեղապետեր եւ բէգեր, իրենց զինւած ղոլամներով, հեռու եւ մօտիկ գիւղերից, այցելում էին Ռէս Յովհաննէսին, վայելում էին նրա ճոխ եւ նահապետական սեղանի բարիքները, եւ գոհունակ սրտով հեռանում էին:
Վան քաղաքից, պետական պաշտօնեաներ երբեմն գալիս եւ իջեւանում էին հայկական այդ հարազատ յարկի տակ:
Վանի հռչակաւոր ու բարեհամբաւ տոհմերից՝ Մարութեան ընտանիքի փոքր եղբայր՝ Մարութ Մարութեանը, որը վերահսկիչն էր Թիմարի շրջանում գտնւող իրենց սեփական՝ Խդեր գիւղի, Ռէս Յովհաննէսի փոքր եղբօր՝ Սեթոյի ամուսնութեանը խաչքաւոր կանգնեց, որով էլ աւելի ամրապնդւեց նահապետական այդ երկու ընտանիքների բարեկամական կապերը: Ռէս Յովհաննէսը տասնեակ տարիներ վարեց իր պաշտօնը, ամենայն բարեխղճութեամբ:
Խլոյեան ընտանիքի յարկը նաեւ պատսպարան էր բազմաթիւ հայ յեղափոխականների, զինւորական եւ մարտական խմբերի համար: Անձնուրաց ֆեդայիներ-զինւած, ու յեղափոխական սրբազան գաղափարներով տոգորւած- գալիս էին մեր գիւղը, իջեւանում՝ Ռէս Յովհաննէսի բնակարանը ուր եւ տեղի էին ունենում կարեւոր ժողովներ, խորհրդակցութիւններ, դասախօսութիւններ եւ այլն:
Ռէս Յովհաննէսը, եւ իր եղբայրներ՝ Պետրոսն ու Սեդրակը, հէնց առաջին օրերից նւիրւելով յեղափոխութեան սուրբ գործին, ընդառաջելով ղեկավարների կոչին, զինւեցին «Մոսին» հրացաններով եւ «Մաուզեր» ատրճանակներով:
1918 թ.-ի մարտի 22-28-ը Վանի օրհասական եւ ճակատագրական կռիւներին, Խլոյեան երեք եղբայրները մասնակցեցին անձնւիրաբար, որտեղ եւ սպանւեց մեծ եղբայրը Պետօն:
Կութուրի Գեալու ահաւոր կռւին, հերոսաբար սպանւեց նաեւ փոքր եղբայրը՝ Սեթօն: Իսկ Պետոյի անդրանիկ որդին նահատակւեց Սուրմալու՝ Կողբի կռւի ընթացքում:
Եղբայրների կորուստը խորը վիշտ պատճառեց Ռէս Յովհաննէսին: Այդ ահաւոր ցաւին աւելացաւ նաեւ նահանջի տաժանելի վիշտը, որով եւ խաթարւեց նրա առողջութիւնը: Մաշւած ու գունատւած, հիւանդ Ռէս Յովհաննէսը հաւաքեց իր բազմանդամ ընտանիքի կենդանի մնացած անդամներին, թողեց հայրենական տունը ու հազարների հետ միատեղ բռնեց գաղթի ճամբան: Թափառական, յոգնած ու նւաղած Ռէս Յովհաննէսը գաղթի ճամբին թաղեց նաեւ մի տասնեակի չափ հարազատներ ու որպէս թեւաթափ թռչուն հազարաւոր վասպուրականցի գաղթականների հետ հասաւ Միջագետքի անապատները ուր եւ վախճանւեց ու թաղւեց Պագուպա վրանաբնակ քաղաքին կից՝ Դիալա գետի ափին, կարօտ հայրենի հողին, առանց խունկի ու կնդրուկի:
Յաւիտենակա՜ն հանգիստը բոլոր Ռէս Յովհաննէսներին, որոնք մարտնչեցին ի սէր Հայրենիքի ազատութեան, եւ ի սէր պատւի...

Ղազւին
5 յուլիսի 1972 թ.

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։