Հա

Ազգային

30/03/2017

Ստեղծւում է Ռուսաստան-Իրան տանդեմ. ի՞նչ է շահում եւ կորցնում Հայաստանը

Ռոհանիի մոսկովեան այցը հնարաւորութիւններ է բացում Երեւանի առջեւ: Եւ վերջինիս նախաձեռնողականութիւնից կախւած կը լինի, թէ ինչպէս կօգտւի դրանից, ինչքանով կը հակակշռի հիւսիսի եւ հարաւի միջեւ տարածաշրջանային «պրովայդերի» վերածւելու Ադրբեջանի ագրեսիւ ձեռնարկումներին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մարտի 28-ին պաշտօնական երկօրեայ այցով մեկնել էր Մոսկւա: Այս այցը կարելի է ինչ-որ առումով պատմական համարել, քանի որ դրանով ամրագրւեց երկկողմ յարաբերութիւնները ռազմավարական մակարդակի հասցնելու կողմերի ձգտումը: Մինչ այս Վլադիմիր Պուտինը եւ Հասան Ռոհանին ամենատարբեր ձեւաչափերով հանդիպել էին 8 անգամ, սակայն դրանցից ոչ մէկի արդիւնքների հետ կապւած կողմերն այնպիսի գոհունակութիւն չեն արտայայտել, ինչպէս այս անգամ: Նախագահներն ընդունել են համատեղ յայտարարութիւն, որով իրենց միասնական դիրքորոշումներն են արտայայտել Սիրիայի հիմնահարցի, այլ տարածաշրջաններում առկայ կոնֆլիկտների կարգաւորման, միջազգային ահաբեկութեան, ծայրայեղականութեան դէմ համատեղ պայքարի, ինչպէս նաեւ երկկողմ առեւտրատնտեսական, էներգետիկ, կոմունիկացիոն համագործակցութեան շրջանակի ընդլայնման վերաբերեալ: Բացի դրանից՝ Մոսկւայում ստորագրւել են երկու տասնեակի հասնող փաստաթղթեր: Չնայած դրանք խոշորածաւալ նախագծերի չեն վերաբերում, սակայն մատնանշում են գործակցութեան խորացման տեսակէտից հեռանկարային կոնկրետ ոլորտներ՝ երկաթուղային կոմունիկացիաների, նաւթագազային, ատոմային, էլեկտրական, էներգետիկա:

Ռոհանիի այս այցն ուղղակի թէ անուղղակի շոշափում էր նաեւ Հայաստանի շահերը՝ ընդ որում թէ՛ բացաասական, եւ թէ՛ դրական կողմերով: Մասնաւորապէս Պուտին-Ռոհանի համատեղ յայտարարութեամբ կողմերը նշում են, որ «շարունակելու են գործնական քայլերը միջազգային տրանսպորտային «Հիւսիս-Հարաւ» միջանցքի իրագործման ուղղութեամբ, ինչպէս նաեւ ընդգծել են այդ միջանցքին Ղազւին-Ռեշտ-Աստարա երկաթգծային հատւածը հնարաւորինս արագ միացնելու կարեւորութիւնը»: Ինչպէս յայտնի է, այս միջանցքի առանցքային դերակատարներից է Ադրբեջանը: Անցած տարի  Իլհամ Ալիեւի նախաձեռնութեամբ Բաքւում կայացաւ Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում, որի նպատակն էր ձեւաւորել եռակողմ համագործակցութեան ֆորմատ՝ հիմնւած «Հիւսիս-Հարաւ» միջանցքի գաղափարի վրայ: Դրա շրջանակներում Բաքուն եւ Թեհրանը նոր թափ հաղորդեցին երկու երկրների երկաթգծային ցանցերն իրար միացնող վերոնշեալ հատւածի շինարարութեանը: Մոսկովեան յայտարարութեան մէջ այդ կապակցութեամբ առկայ ձեւակերպումներն, իհարկէ, թոյլ են տալիս ասելու, որ գործնականում այստեղ դեռ լուրջ առաջընթաց չկայ: Սակայն ինքնին փաստը, որ Ռուսաստանի եւ Իրանի նախագահների մակարդակով շեշտւում է այս նախագծերի իրականացումը, վկայում է թէ որքան են նրանք մօտենում եռակողմ այդ ձեւաչափին: Չի բացառւում, որ հէնց Ռոհանիի ռուսաստանեան այցի արդիւնքներից ելնելով առաջիկայում Պուտին-Ալիեւ-Ռոհանի նոր հանդիպում տեղի կունենայ: Իրանի նախագահը այն Թեհրանում կազմակերպելու ցանկութիւնը դեռ անցած տարի է յայտնել: Սա Հայաստանի համար բացասական է նրանով, որ դուրս է մնում «Հիւսիս-Հարաւ» տրանսպորտային միջանցքից:

Փոխարէնը, կարծես թէ որոշակիանում է ԵԱՀՄ-ին Իրանի ինտեգրման հեռնակարը: Իրենց համատեղ յայտարարութեան մէջ Պուտինն ու Ռոհանին այս կապակցութեամբ ընդգծել են. «Կողմերը ողջունել են ազատ տնտեսական գօտու ստեղծմանը միտւած ԵԱՏՄ անդամ երկրների եւ Իրանի միջեւ ժամանակաւոր համաձայնագրի ստոարգրման նախապատրաստական աշխատանքների շուտափոյթ ամփոփումը»: Ինչպէս յայտնի է՝ ժամանակաւոր համաձայնագրի ստորագրման խնդիրը ԵԱՏՄ-ում առաջ է մղում Հայաստանը: Այս հարցը քննարկւել էր Ռոհանիի՝ անցած տարւայ դեկտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ, որից յետոյ խնդիրը նախագահ Սերժ Սարգսեանը բարձրացրեց նաեւ Եւրասիական տնտեսական բարձրագոյն խորհրդի դեկտեմբերեան նիստում: Նա միաժամանակ շեշտել էր Իրանի հետ տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցւածքները զարգացնելու եւ Հայաստանի միջոցով Սեւ ծովը Պարսից ծոցին միացնող առեւտրային-տրանսպորտային միջանցք ձեւաւորելու ուղղութեամբ Երեւանի կողմից գործընթաց նախաձեռնելու մասին: Այս իմաստով Ռուսաստանի եւ Իրանի նախագահների՝ Մոսկւայում կատարած արձանագրումը կարող է նպաստաւոր պայմաններ ստեղծել եւ, մասնաւորապէս հնարաւոր դարձնել շատ մօտ ապագայում Մեղրիում ազատ տնտեսական գօտու ստեղծման գաղափարի իրականացումը:

Պէտք է ենթադրել, որ Հայաստանին է վերաբերում նաեւ Ռոհանիի Մոսկւա կատարած այցի ընթացքում ռուսական «Գազպրոմ» ընկերութեան եւ «Իրանի ազգային նաւթային ընկերութեան միջեւ համագործակցութեան յուշագրի ստորագրումը: Թէեւ դրա մանրամասները դեռ չեն հրապարակւել, սակայն այն կարող է վերաբերել Հայաստանի եւ Իրանի միջեւ գազ-էլեկտրաէներգիայի դիմաց բարտերային փոխանակման գործարքի ընդլայնմանը: Խնդիրն այն է, որ երկու շաբաթ առաջ  Կրեմլում հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցութիւնների շրջանակում «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսէյ Միլլէրը տեղեկացրել էր, որ «Գազպրոմ»-ը նախատեսում է լիարժէք օգտագործել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի ներուժը, որը թոյլ կը տայ արդէն աւարտին մօտեցող Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումից յետոյ 2018 թւականից երեք անգամ աւելացնել Իրանից Հայաստան ներկրւող գազի ու արտահանւող ու Իրան առաքւող էլէներգիայի ծաւալները: Եթէ սա յաջողւի, շատ աւելի հեռանկարային նախագծեր կարող են ի յայտ գալ՝ արդէն Վրաստանի եւ Թուրքմենստանի ներգրաւմամբ:

Անկախ այս ամէնից՝ Իրան-Ռուսաստան յարաբերութիւնների սերտացումը տարածաշրջանային անվտանգութեան տեսանկիւնից, քաղաքական մեծ նշանակութիւն ունի: Երկու երկրներն ամրագրում են, որ այս տարածաշրջանում ոչ թէ մրցակիցների, այլ գործընկերների դերում են հանդէս գալիս: Նման մօտեցումը կարող է նպաստել տարածաշրջանում Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերի բալանսաւորմանը: Սա Ռուսաստանին ընկալունակ է դարձնում Իրանի հետ տնտեսկան-քաղաքական կապերը խորացնելու Հայաստանի ձեռնարկումների հանդէպ, պայմաններ ստեղծում նրան ներգրաււելու Հայաստանի մասնակցութեամբ տարածաշրջանային էներգետիկ նախագծերում՝ դրանք տորպեդահարելու փոխարէն: Ռոհանիի մոսկովեան այցը հնարաւորութիւններ է բացում Երեւանի առջեւ: Եւ վերջինիս նախաձեռնողականութիւնից կախւած կը լինի, թէ ինչպէս կօգտւի դրանից, ինչքանով կը հակակշռի հիւսիսի եւ հարաւի միջեւ տարածաշրջանային «պրովայդերի» վերածւելու Ադրբեջանի ագրեսիւ ձեռնարկումներին:

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ    

«yerkir.am»

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։