Հա

Ազգային

31/03/2017 - 08:58

Աղւան Վարդանեան. «Սա մե´ր երկիրն է»

Մեզ համար կարեւորը ազատ կամքով կատարւած ընտրութիւնն է: Այդպիսի ընտրութեամբ է մե՛ր երկրում, մե՛ր մեջ որակ փոխւելու

«alikonline.ir»- ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Աղւան Վարդանեանի խօսքը 2017 թւականի մարտի 30-ին, Ազատութեան հրապարակում տեղի ունեցած հանրահաւաքի ժամանակ.

 «Սիրելի հայրենակիցներ,

Այսօր Դաշնակցութիւնը ճիշտ իր տեղում է՝ մեր ժողովրդի Ազատութեան հրապարակում: Մեր դրոշին, որ մեր պատիւն է, գրւած է՝ Ազատութիւն: Միայն ազատ քաղաքացին կարող է ուժեղ, ազատ երկիր ունենալ, արժանավայել կեանքով ապրել:

Մենք այստեղ ենք՝ պաշտպանելու իւրաքանչիւր հայ մարդու ազատ ապրելու, ազատ ընտրութիւն կատարելու իրավունքը:

Այդ իրաւունքի վրա բռնացողները, սակարկութեան առարկայ դարձնողները մեր տեսակի, հայ ինքնութեան հետ կապ չունեն: Քաղաքական ուժի չափանիշը փողը կամ իշխանական լծակները չեն: Իրական քաղաքական ուժի յատկանիշը կենսագրութիւնն է,  ինքնուրոյնութիւնը, հաւատարմութիւնը նպատակներին ու սկզբունքներին: Եւ՝ աշխատանքը. հետեւողական՝ իր երկրի ու ժողովրդի ապագայի հանդէպ վստահ-լաւատեսութեամբ աշխատանքը:

Չարութեամբ, ատելութեամբ, յուսահատութեամբ ոչ մի գործ չի արւում: Մենք այստեղ ենք՝ իբրեւ հայ զինւորին, աշխատանքով բարիք ստեղծող հայ մարդուն, հայ մշակոյթը մարմնաւորող կուսակցութիւն: Իբրեւ Դաշնակցութիւն:

Հիմա ընտրութիւն է: Մեզ համար՝ նոր սկզբի, արդար Հայաստանի ընտրութիւն: Արդարութիւնը հիմքերի հիմքն է՝ հայ տեսակի բնոյթը, էութիւնը: Միայն արդարութեամբ խաղաղ, անվտանգ, զարգացող, ուժեղ, բարեկեցիկ, ազատ Հայաստան կունենանք:

Այդպիսի Հայաստան մենք ստեղծելու ենք:

Ստեղծելու ենք՝ հաւատալով հայ մարդուն, հաւատալով Հայաստանին, գործելով պատասխանատւութեամբ: Մե՛ր կամքով, մե՛ր վճռականութեամբ, ծառայութեամբ:

Ազգային-պետական մտածողութիւն ունեցող, մեր այս վիճակով մտահոգ, գիտակից, ինքն իրեն յարգող, երիտասարդ, հոգում հայրենիք ունեցող մեր քաղաքացիներին ապաւինած: Նրանց կողքին կանգնելով:

Սուտ է, թէ նրանք քիչ են: Փողատէրերի, իշխանութեամբ նւաստացնողների, ամբոխավարութեամբ խաբել փորձողների պատկերացումով են նրանք քիչ: Մեզ համար՝ Դաշնակցութեան համար մեր ժողովրդի բացարձակ գերակշիռ մասը հէնց այդպիսին է:

Եւ մեր խնդիրն է այդ հարիւր հազարներին իրենց արժանի իշխանութիւնը տալ՝ նոր որակի, ծառայութեան պատրաստ, երկիրը, հայ մարդուն սիրող իշխանութիւն: Մտածողութեան, հոգեբանութեան փոփոխութիւն է պէտք, որ արդէն սկսել ենք:

Ուրիշներն ասում են՝ գալու ենք փոփոխութիւն անենք, մենք արդէն անում ենք այդ փոփոխութիւնը: Կայ դրւած նպատակ, գծւած են ուղղութիւնները, առաջին արդիւնքները նկատելի են:

Ով կը հաւատայ, կը մասնակցի, մի քար կը դնի, նա կը մօտեցնի իր, իր ընտանիքի, իր երկրի բարեկեցութիւնը, իրականութիւն կը դարձնի համերաշխ հասարակութիւն ունենալու բոլորիս երազանքը:

Ով կը մասնակցի, նա մեր եղբայրն է, ազատ հայ մարդն է, ով իր տեղն ունի հարիւր հազարների այդ հպարտ շարքում:

Սուտ է, թէ հայ մարդը վախկոտ է, ծախւող է, մորթապաշտ: Անարդարօրէն հարստացածների, իշխանութեամբ իրենց ուժեղ կարծողների պատկերացումն է այդ: Կունենա՞նք նոր որակի իշխանութիւն, ազատ, արարող, ազնիւ հասարակութիւն կունենանք: Հիմա ա՛յդ ընտրութիւնն է:

Սուտ է, թէ ընտրողը թացը չորից, կեղծը՝ իրականից, սուտը՝ ճշմարտութիւնից, փողը խելքից չի կարող տարբերել, չի կարող համեմատել մրցապայքարի ինը ուժերին եւ ճիշտ ընտրութիւն կատարել:

Մեզ համար կարեւորը ազատ կամքով կատարւած ընտրութիւնն է: Այդպիսի ընտրութեամբ է մե՛ր երկրում, մե՛ր մեջ որակ փոխւելու:

Մենք Դաշնակցութիւնն ենք: Մեր օրակարգը հայկականութեան օրակարգն է: Այսօր այն դարձրել ենք, դարձնում ենք անկախ պետականութեան օրակարգ:

Ով մեզ հետ է, ով հաւատում է ինքն իրեն, ով իր երեխաների ապագան տեսնում է հայրենիքում, նա ապրելու է ուժեղ, ինքնուրոյն, արդար Հայաստանում:

Միասին մենք այդ անելու ենք: Դաշնակցութեան գաղափարները միեւնոյն է կեանք են դառնալու: Դաշնակցութեան գաղափարները յաղթելու են:

Դաշնակցութիւնը ազգային մշակոյթի, արժանապատիւ մարդու, արժանապատիւ խաղաղութեան, արժանապատիւ աշխատանքի կուսակցութիւն է: Իրական կուսակցութիւն է:

Սիրելի քոյրեր եւ եղբայրներ,

Այսօր Դաշնակցութիւնը՝ մեր ժողովրդի հարազատ զաւակը, Ձեր կուսակցութիւնը ճիշտ իր տեղում է՝ մեր հայրենիքի Ազատութեան հրապարակում: Յանուն արդար Հայաստանի: Սա մե՛ր երկիրն է: Մենք յաղթելու ենք»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։