Հա

Ազգային

Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017 12:50

Հայաստանը կարող է ստանալ փախստականների անվտանգ տարածքի յատուկ կարգավիճակ

Վաշինգտոնում Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանի խօսքով՝ Հայաստանը լաւագոյնս է համապատասխանում անվտանգ տարածքի յատուկ կարգավիճակի չափանիշներին. «Հայաստանի Հանրապետութիւնը ցեղասպանութիւն վերապրած պետութիւն է, հայ ազգը իր պատմութեան ընթացքում փախստական է եղել եւ հէնց այդ համատեքստում կարեւոր է, որ Հայաստանն իր դռները բացել է Մերձաւոր Արեւելքի փախստականների առջեւ»,- նշել է նա:

«alikonline.ir» - Սիրիայից եւ Իրաքից տասնեակ հազարաւոր փախստականներին ժամանակաւոր ապաստան տւած Հայաստանը կարող է անվտանգ տարածքի յատուկ կարգավիճակ ստանալ, որը նշանակում է նաեւ ֆինանսական օգնութիւն միջազգային դոնոր կազմակերպութիւններից: Այս մասին, ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Նման նախաձեռնութեամբ է հանդէս եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի հայ-ամերիկեան բարեկամութեան խումբը եւ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը:

Վաշինգտոնում Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանի խօսքով՝ Հայաստանը լաւագոյնս է համապատասխանում անվտանգ տարածքի յատուկ կարգավիճակի չափանիշներին. «Հայաստանի Հանրապետութիւնը ցեղասպանութիւն վերապրած պետութիւն է, հայ ազգը իր պատմութեան ընթացքում փախստական է եղել եւ հէնց այդ համատեքստում կարեւոր է, որ Հայաստանն իր դռները բացել է Մերձաւոր Արեւելքի փախստականների առջեւ»,- նշել է նա:

Վիգէն արքեպիսկոպոս Այքազեանն «Ամերիկայի Ձայն»-ին պատմեց, որ այդ նախաձեռնութիւնը քննարկել է ԱՄՆ-ի կոնգրեսականների հետ հանդիպումների ընթացքում. «Մենք յիշեցրել ենք, որ օգնութիւն ենք ակնկալում Հայաստանում ապաստան ստացած գաղթականների համար, որոնք եկել են Սիրիայից եւ Իրաքից»,- ասել է արքեպիստոպոսը:

Կոնգրեսի հայ-ամերիկեան բարեկամութեան խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոնի խօսքով՝ ֆինանսական ծանր վիճակում գտնւող Հայաստանը, որը չի խուսափել փախստականներ ընդունել, արժանի է օգնութեան. «Մենք կոչ ենք անում յատկացումների յանձնաժողովին 40 միլիոն դոլար յատկացնել Հայաստանը անվտանգ գօտի դարձնելու համար: Այդ գումարները պէտք է յատկացւեն Հայաստանի կառավարութեանը, փախստականներին օգնելու համար»,- նշել է կոնգրեսականը:

Նրա խօսքով՝ աշխարհի առաջադէմ երկրները պարտաւոր են օգնել Սիրիայի եւ Իրաքի փախստականներին, այդ թւում եւ նրանց ապաստան տւած երկրներին օգնելու միջոցով: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Յովհաննիսեանի խօսքով՝ Հայաստանում այս պահին գտնւում է վերջին տարիներին Մերձաւոր Արեւելքից ժամանած շուրջ 25 հազար փախստական, ինչը դասում է Հայաստանը մէկ շնչի վրայ հաշւարկով ամենամեծ թւով փախստական ընդունած երկրների շարքին. «Հայաստանի առանձնայատկութիւնը նաեւ այն է, որ Հայաստանը պատրաստ է Սիրիայից ժամանած փախստականներին մշտական ինտեգրման հնարաւորութիւն տալ, որը Հայաստանը բացառիկ երկիր է դարձնում»,- ասել է դեսպանը:

Նախաձեռնութեան իրականացման դէպքում, Միացեալ Նահանգները ՄԱԿ-ի միջոցով կարող է Հայաստանին օգնութիւն տրամադրել, որն էլ ուղղւելու է Իրաքից եւ Սիրիայից ժամանած փախստականներին: Ըստ Արամ Համբարեանի՝ ծրագիրը բխում է, թէ՛ փախստականների, թէ՛ Հայաստանի եւ թէ՛ միջազգային հանրութեան շահերից. «Դա խաղաղութեան եւ կայունութեան, ինչպէս նաեւ փախստականների բարեկեցութեան մէջ հսկայական ներդրում է լինելու: Հայաստանում ծախսւած 40 միլիոն դոլարը կրկնակի արդիւնք կը տայ, քանզի նոյն թւով փախստականներ ԱՄՆ-ում կամ Եւրոպայում ընդունելը շատ աւելի ծախսատար կը լինի»,- նշել է Արամ Համբարեանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։